пятница, 6 ноября 2009 г.

Զարմանալի արթնություն

«Այն օրը նրանց երեք հազար հոգի ավելացավ» (Գործք 2:41).

Մեկ օրում, մեկ քարոզից հետո 3000 նորադարձ: Եվ նրանք իրոք դարձի եկան, մկրտվեցին Տեր Հիսուսի անունով Պետրոսի պատվերի համաձայն, սկսեցին իսկապես ապրել հոգևոր կյանքը, ոչ թե առաջ գնացին, քարոզիչից հետո կրկնեցին »մեղավորի աղոթքը» և շարունակեցին նախկին կյանքով ապրել: Այդպիսի արթնությունը առայժմ միայն երազանք է: Ի՞նչն էր այդ զարմանալի արթնության գաղտնիքը: Զվարճալի ծրագրերը, հզոր տեխնիկական սարքերը չէին, աշխարհիկներին նմանվող քրիստոնյաները չէին: Պետրոսը չասաց. «Եկեք համերգ կազմակերպենք, ժամանակակից երաժշտությամբ կգրավենք երիտասարդներին»: Գաղտնիքը Սուրբ Հոգու զորության մեջ էր, որով քարոզում էր առաքյալը: Իսկ Սուրբ Հոգին եկավ տասնօրյա աղոթաժողովներից հետո: Ուրեմն չպետք է մոռանամ անդադար աղոթքի կարևորության մասին: Ուզում եմ մեծ արթնություն տեսնել, բայց դրա համար ոչ թե պետք է երազել, այլ աղոթել և ամեն առիթ օգտագործել Հիսուսի մասին վկայելու համար: Ես ուզում եմ Տիրոջս մասին վկայել թե կյանքով, թե խոսքով: