пятница, 31 августа 2018 г.

Ասածիդ պես արա



«...ասածիդ պես արա» (2 Թագ. 7:25):

Բոլոր քրիստոնյաները գիտեն, որ որոշ աղոթքներ դրական պատասխան չեն ստանում, որովհետև Աստծո կամքի համաձայն չեն: Բայց կան աղոթքներ, որոնց մասին համոզված կարող ենք ասել, որ կպատասխանվեն: Դրանք այն աղոթքներն են, որոնցում խնդրում ես այն, ինչ Նա արդեն խոստացել է: Ոչ թե աղոթեմ.  «Արա այն, ինչ ես երազում եմ», «Արա այն, ինչ ասել եմ Քեզ», այլ՝ «Արա այն, ինչ Դու՛ ես ասել»: Եթե Նա ասել է, որ իր մեղքերը խոստովանողի ու զղջացողի մեղքերը կների և կմաքրի նրան ամեն մեղքից, ուրեմն կարող եմ գնալ Նրա մոտ և ասել. «Ասածիդ պես արա»: Եթե Նա ասել է, որ, որ Իրենով հրճվեմ, և Նա կտա ինձ սրտիս փափագները, կարող եմ գնալ Նրա մոտ ստանալո Իր խոստացածը, ասելու. «Ասածիդ պես արա»: Հավատքը չի ասում. «Սա չափազանց անհավանական խոստում է, ես արժանի չեմ այն ստանալու», այլ գնում է Տիրոջ մոտ և ասում. «Ասածիդ պես արա»: Դրա համար կարևոր է իմանալ, թե Նա ինչ է խոստացել, ինչ է ասել: Անհրաժեշտ է սերտել Աստծո Խոսքը, իմանալ Նրա խոստումները: Նրա ասածներն իմանալուց հետո պետք է հավատալ դրանց: Հավատք ունեցողը չի ուզում այն, ինչ խելքին փչի, այլ այն, ինչ Տերը խոստացել է: Հավատքը հիմնված է Աստծո Խոսքի վրա, չի ասում. «Կստանամ, որովհետև շատ եմ ուզում», այլ՝ «Կստանամ, որովհետև իմ հավատարիմ Տերն է խոստացել, Նա միշտ կատարում է Իր խոստումները»: Հավատալուց հետո պետք է խոստումը տանել Տիրոջ մոտ և ստանալ դրա իրականացումը: Խոստումը Տիրոջ մոտ տանելը վստահություն է Տիրոջ հավատարմության հանդեպ, հավատք է Նրա զորության հանդեպ: Ուրեմն Տիրոջս թանկագին խոստումներն իմանալով այդ խոստումներով գնամ Իր շնորհաց գահի մոտ և խնդրեմ. «Ասածիդ պես արա»:
Իմ օրագրից, օգոստոսի 31, 2013

воскресенье, 26 августа 2018 г.

Առաքյալների աղոթքը հալածանքի ժամանակ


«Եվ հիմա, ով Տեր, նայիր նրանց սպառնալիքներին ու շնորհիր Քո ծառաներին, որ նրանք Քո Խոսքը ամենայն համարձակությամբ խոսեն՝ Քո ձեռքը բժշկելու համար մեկնելով, և թող նշաններ ու հրաշքներ կատարվեն Քո Սուրբ Որդու՝ Հիսուսի Անունով» (Գործք 4:29, 30):

Հետաքրքիր է առաքյալների աղոթքը. նրանք հալածվել էին, սպառնալիքներ էին ստացել ու աղոթքի ժամանակ խնդրեցին, որ ավելի շատ ունենան այն, ինչի պատճառով սպառնալիքներ էին ստացել: Նրանք հալածվել էին Հիսուսի Անունով բժշկելու և Հիսուսի մասին խոսելու համար, հիմա խնդրում են համարձակություն, որ շարունակեն խոսել Հիսուսի մասին շարունակեն քարոզել Աստծո Խոսքը: Խնդրեցին բժշկություններ, հրաշքներ, նշաններ, երբ հենց բժշկության պատճառով էին նեղության մեջ հայտնվել:
Որովհետև նրանց նպատակը Աստծո Խոսքը տարածելն էր, նրանք սպառնալիքներից չէին վախենում:
Առաքյալների աղոթքի թեման ինձ համար աղոթքի մշտական թեմա լինի:

Իմ օրագրից, Օգոստոսի 26, 2018

суббота, 25 августа 2018 г.

Մերժիր խնդրանքս, երբ սխալ բան եմ ուզում



(1 Թագ. 8:5-22)
Զգույշ եղիր աղոթելիս.
Աղոթքդ կարող է պատասխանվել,
Մտածիր ցանկությունդ ասելիս.
Աստված կարող է այն կատարել:
Ցանկությունդ կկատարվի,
Բայց կունենա անցանկալի հետևանք,
Որովհետև Նրա Խոսքի հանդեպ
Դու չունեցար ակնածանք:
Երբ Նա զգուշացրել է, բայց դու «ոչ» ես ասել Նրա Խոսքին,
Հնարավոր է, որ Նա «այո»  ասի քո աղոթքին,
Բայց աղոթքիդ պատասխանը քեզ չի ուրախացնի,
Որովհետև ստացել ես այն, ինչ Նրա կամքով չի:
Իսրայելն ասաց. «Թագավոր եմ ուզում»,
Երբ Թագավորաց Թագավորն էր նրանց վրա իշխում,
Աստված զգուշացրեց, թե ինչ կլինի,
Երբ Իրենից բացի այլ թագավոր լինի:
Բայց Իր ժողովուրդը զգուշացումն անտեսեց,
«Ոչ, թագավոր ենք ուզում»,- համառորեն կրկնեց:
Նրանք չասացին. «Թող Քո կամքը լինի»,
Տերն ասաց. «Թող ձեր ուզածով լինի»:
Իրենց ուզած թագավորը նրանց ծառա դարձրեց,
Որովհետև Իսրայելն իր Թագավորին մերժեց:
Տեր, մերժիր խնդրանքս, երբ սխալ բան եմ ուզում,
Թող ստանամ միայն այն, ինչ Դու ես կամենում:
Օգոստոսի 25, 2018

Հռիփսիմե Մկրտչյան

среда, 22 августа 2018 г.

Մեղավոր մեղադրողներ և մեղադրյալ, Արդար Դատավոր ու Դատապաշտպան



ՙՆա, ով առանց մեղքի է ձեր մեջ, թող առաջինը քար գցի նրա վրա՚ (Հովհ. 8:7):

Այս պատմությունը ծանոթ է ամեն քրիստնյայի. այստեղ կա մեղադրյալ, որը մեղավոր է, մեղադրողներ, որոնք նույնպես մեղավոր են, Արդար Դատավոր ու Դատապաշտպան, որը  կատարյալ սուրբ է: Մեղադրողները ցանկություն ունեին կնոջը քարկոծելու, բայց չունեին իրավունք, Հիսուսն իրավունք ուներ նրան մեղադրելու, բայց չուներ ցանկություն: Կինն արժանի էր պատժի, բայց լսեց ամենաերանելի խոսքերը. ՙՈչ էլ Ես եմ քեզ դատապարտում՚, և ամենակարևոր պատվիրանը. ՙԳնա և այլևս մեղք մի գործիր՚:
Ֆրանկ եղբայրը քիչ առաջ հավաքույթի ժամանակ ասաց. ՙՈրքան որ հաստատ է, որ Քրիստոսը մեռավ մեր մեղքերի համար, նույնքան հաստատ է, որ մեր մեղքերը ներված են: Սատանան կարող է քեզ մեղադրող խոսքեր ասել, բայց ապացույց չունի, որով կարող է մեղադրել: Մեզ մեղադրող փաստաթուղթը պատռված է՚:
Մեղքերի թողության վստահությունը հզոր մեղքասպան է, ուրախության իսկական պատճառ, ճշմարիտ երանություն: Մեղքն ամենավատ բանն է, մեղքից ազատ լինելը՝ ամենամեծ երջանկությունը:
Իմ օրագրից, Սեպտեմբերի 3, 2016

понедельник, 20 августа 2018 г.

Ինչո՞ւ մտահոգվեմ



Հոգսեր ունեմ  բայց հոգսերս վերցնող էլ ունեմ,
Բեռներս չեմ կարող տանել, բայց տանելու տեղ ունեմ:
Հարցերիս պատասխանը չեմ գտնում, բայց պատասխանն իմացող կա,
Չգիտեմ, թե ինչ մտածեմ,  բայց իմ մասին մտածող կա:
Իմ հոգսերով զբաղվողն Ամենագետ է,
Անհնարին բաների Մասնագետ է:
Ագռավին դարձրեց սննդի առաքիչ,
Ձկանը՝ դրամապանակ, կետին՝ փոխադրամիջոց,
Հովվին գահին նստեցրեց, բանտարկյալին վարչապետ դարձրեց:
Ճնճղուկին չի մոռանում, դաշտի խոտին շքեղ զգեստ է հագցնում,
Ուրեմն ինչու՞ էլ մտահոգվեմ,
Իմ մասին ամեն վայրկյան  Նա հոգ է տանում:

Հռիփսիմե Մկրտչյան