понедельник, 29 июня 2020 г.

Մեծ գործով եմ զբաղված, թշնամու առաջարկը կմերժեմ ամեն անգամ


«Բայց նրանք այս նույն բանով ինձ մոտ ուղարկեցին, և ես նրանց նույն ձևով պատասխանեցի» (Նեեմիա 6:4):

Սանաբաղատն ու Գեսամը հանդիպման առաջարկ ուղարկեցին Նեեմիային, որ խանգարեն նրան ավարտելու պարսպի շինարարությունը: Նեեմիան հասկացավ նրանց խորամանկությունն ու  մերժեց. «Ես մեծ գործով եմ զբաղված և չեմ կարող իջնել. ինչո՞ւ դադարեցվի աշխատանքը, երբ այն թողնեմ ու իջնեմ ձեզ մոտ» (Նեեմիա 6:3):
Բայց նրանք մերժումը ստանալուց հետո շարունակեցին նույն առաջարկն ուղարկել, իսկ Նեեմիան ամեն անգամ մերժեց: Այս պատմությունն ինձ հիշեցրեց, որ մեր թշնամու՝ սատանայի առաջարկը պետք է մերժենք ոչ թե մեկ-երկու անգամ, այլ ամեն անգամ, երբ առաջարկ ուղարկի, մեր պատասխանն ամեն անգամ պետք է բացասական լինի:
Գիտեմ, որ սատանան չի ալարում, նույն մեղքի փորձությունը կարող է բազմիցս ուղարկել, բայց իմ պատասխանը պետք է լինի հաստատուն «ոչ»:
Իմ օրագրից.  օգոստոսի 24, 2017

Եթե նույնիսկ չեմ հասկանում Քո կամքը բարի է


                             (Հովհ.13:7, Եբր.11:8, Հռոմ.12:2, Գործք 16:7,10, Մատթ.11:26)

Ուզում եմ Խոսքիդ ես հնազանդվել,

Թեև չգիտեմ, թե ինչ ես անում,

Պատրաստ եմ Քո հետևից քայլել`

Առանց իմանալու, թե ուր ես տանում:

Քո կամքը բարի է, սուրբ ու կատարյալ,

Որոշումներդ իմաստուն են միշտ,

Եթե արգելում ես Բյութանիա գնալ,

Բայց ուղարկում ես Մակեդոնիա ինձ:

Քո ամեն որոշմանը ես կասեմ  «ամեն»,

Ու ինչ էլ որ իմ կյանքում պատահի

Գոհությամբ կասեմ. «Այո, ով իմ Հայր,

Քանզի Քեզ այսպես եղավ հաճելի»:


Հռիփսիմե Մկրտչյան 

пятница, 26 июня 2020 г.

Ճշմարտության քարոզչություն, որոնում, հաղթանակ


(Գործք 13:6-12)
Այստեղ հանդիպեցի  Պողոս անունով երկու մարդու. մեկը՝ ճշմարտությունը քարոզող՝ Պողոս առաքյալը, մյուսը՝ ճշմարտությունը փնտրող՝ փոխհյուպատոս  Սերգիոս Պողոսը: Բայց այնտեղ որտեղ ճշմարտությունն է քարոզվում և փնտրվում, այնտեղ կլինի անպայման մի մարդ, որը կխանգարի ճշմարտության քարոզչությանը:  Եղիմաս մոգը փորձեց խանգարել Պողոս առաքյալին  և հավատքից շեղել փոխհյուպատոսին, բայց չկարողացավ: Պողոսը նրան ասաց Աստծո Խոսքը, և նա կուրացավ: Եղիմասը կուրացավ, արդյունքում բացվեցին փոխհյուպատոսի աչքերը՝ հավատալու Աստծո Խոսքին: Ուրեմն այս օրինակը հիշելով՝ չվախենամ խանգարողներից, վստահ լինեմ, որ եղիմասները չեն կարող խանգարել, որ ճշմարտությունը քարոզվի և ամեն ճշմարտություն փնտրող անպայման գտնելու է:
Իմ օրագրից. նոյեմբերի 13, 2019

среда, 24 июня 2020 г.

Երկու հրավեր


«Ով միամիտ է, թող այստեղ դառնա»: Պակասամիտին էլ ասում  է.... (Առակաց  9:4, 16):

Առակաց 9-րդ գլխում ուշադրությունս գրավեց այն, որ նույն բառերով նույն հրավերն ուղարկում են Իմաստությունը և իմաստությունից զուրկ, հիմար կինը:  Երկուսն էլ տուն ունեն, երկուսն էլ քաղաքի բարձր տեղերից կանչում են, երկուսն էլ ճաշի են հրավիրում նույն  բառերով:  Բայց Իմաստության հրավերն ընդունողները կյանք են ստանում՝ քայլելով խոհեմության ճանապարհի մեջ (Առակաց  9:6),  իսկ անմիտ կնոջ հրավերին արձագանքողները դժոխքի ճանապարհի վրա են (Առակաց  9:18):

Իմաստությունը հրավիրում է ճաշակելու Աստծո Խոսքի սեղանից, իսկ հիմար կինը  հյուրասիրում է գողացած կերակուրով  (Առակաց  9:17):

Երկու օր առաջ տեսա, որ Աստծո Խոսքը պատվիրում է  Իմաստությանը քույր անվանել: Այս հրաշալի քույրը հեռու է պահում մեղքից,սովորեցնում է Աստծո վախի մեջ լինել, Աստծո պատվիրանները պահել: Այսօրվա կարդացածս հատվածում նա իր հրավերի մեջ ասում է.  «Թողեք հիմարությունը, որպեսզի ապրեք ու խոհեմության ճանապարհով ընթացեք» (Առակաց  9:6):  Քույր Իմաստությունը հրավիրում է ճաշակել Աստծո Խոսքը, իսկ իմաստությունից զուրկ կինը գովազդում է գողացած հացն ու ջուրը՝ հավատացնելով, որ համեղ են:

Երանի Իմաստության հրավերն ընդունողներին. նրանք կյանք ունեն:

 

Իմ օրագրից. օգոստոսի 3, 2012

пятница, 19 июня 2020 г.

Աստված սիրում է բոլորի՞ն, ատում է մեղքը, սիրում է մեղավորի՞ն


«Նրա անձն ատում է ամբարիշտին ու անիրավություն սիրողին» (Սաղմոս 11:5):
Նրանք, ովքեր միշտ լսել են ու ասել. ՙԱստված ատում է մեղքը, բայց սիրում է մեղավորին: Աստված բոլորին սիրում է, ոչ ոքի չի ատում՚, կզարմանան, երբ կարդան այս համարը: Էլ ավելի կզարմանան, եթե իմանան, որ կան մարդիկ, որոնցից Աստված զզվում է:
Իսկ ես այդպես էլ չգտա մի սուրբգրային համար, որն ասում է, թե Աստված սիրում է բոլորին, սիրում է մեղքը սիրողներին:  
 «Քանի որ այլասերված մարդը Տիրոջ առաջ նողկանք է...՚ (Առակաց 3:32):
«Տերը զզվում է ամբարիշտի ճանապարհից, բայց սիրում է նրան, ով արդարության հետևից է գնում՚ (Առակաց 15:9):
«Ծուռ սիրտն ունեցողները Տիրոջ առջև գարշելի են, բայց շիտակ ճամփով ընթացողները Նրա հաճույքն են՚ (Առակաց 11:20):
ՙԲոլոր հպարտ սիրտ ունեցողները Տիրոջ առաջ զզվելի են, ու եթե անգամ  ձեռք ձեռքի տան, անմեղ չեն համարվելու՚ (Առակաց 16:5):
«Ամբարիշտին արդարացնողը և արդարին դատապարտողը՝ երկուսն էլ Տիրոջ առաջ գարշելի են՚ (Առակաց 17:15):
 ՙԱնմիտները Քո աչքերի առջև չեն մնալու, բոլոր անօրենություն գործողներին Դու ատում ես՚  (Սաղմոս 5:5):
ՙՍուտ խոսողներին կործանում ես: Տերը զզվում է արյունահեղ ու նենգ մարդուց՚: (Սաղմոս 5:6):
Ինչպես գրված է. ՙՀակոբին սիրեցի, բայց Եսավին ատեցի՚ (Հռոմ. 9:13):
Իսկ  Տիրոջ համար ատելի բաների ցուցակում նշված են ոչ միայն մեղքերը, այլև մեղքը գործողը, ոչ միայն սուտը, ստախոս լեզուն, այլև սուտ խոսող անիրավ վկան (Առակաց 6:16-19): Եթե ճիշտ լինեին այս խոսքերը՝  ՙԱստված ատում է մեղքը, բայց սիրում է մեղավորին՚, այս համարում պիտի գրված լիներ. ՙԱստված ատում է սուտը, բայց սիրում է ստախոսին՚: Մինչդեռ գրված է, որ ստախոսին նույնպես ատում է:
Եվ Աստծո Խոսքն ասում է, թե ում է Աստված սիրում. ՙՈվ Իմ պատվիրաններն ունի և պահում է դրանք, նա է Ինձ սիրողը, և նա, ով Ինձ սիրում է, պիտի սիրվի Իմ Հոր կողմից, և Ես պիտի սիրեմ նրան և Ինձ պիտի հայտնեմ Նրան՚ (Հովհ. 14:21):
Այս համարները պարզ ցույց են տալիս, որ Աստված սիրում է ոչ թե բոլորին այլ Իր պատվիրանները պահողներին,  և  կան մարդիկ, որոնց  Տերն ատում է: Աստծո համար ատելի մարդիկ  զղջացող մեղավորները չեն, որոնք մաքսավորի նման ասում են. ՙՈ՜վ Աստված, ողորմիր ինձ՝ մեղավորիս՚ (Ղուկաս 18:13): Դրանք մեղքի դեմ պայքարողները չեն, որոնք ասում են. ՙԻ՛նչ խղճալի մարդ եմ ես, ո՞վ կազատի ինձ այս մահվան մարմնից՚ (Հռոմ. 7:24):  Այլ Աստված ատում է ամբարիշտներին, որոնք սիրում են մեղքը, անիրավությունը, դիտմամբ մեղք են գործում ու չեն զղջում: Եթե մարդը չի ատում մեղքը, նրան ատում է սուրբ Տերը: Մեղքն ատողին Աստված սիրում է:
Ուզում եմ լինել մեղքն ատող, սրբությունը սիրող ու Տիրոջ համար սիրելի:
Իմ օրագրից.  փետրվարի 21, հունիսի 18, 2015

понедельник, 15 июня 2020 г.

Շշալցված են երկնքում


«Արցունքներս դիր քո շշի մեջ, մի՞թե դրանք քո գրքում չեն»: Սաղմոս 56:8

Դավիթը գիտեր, որ Աստված չի անտեսում Իր ժողովրդի վիշտը, տառապանքները, արցունքները:  Զարմանալի է, բայց մեր Տերը հավաքածու ունի՝ Իր ժողովրդի արցունքները: Նա հավաքում է արցունքները, որոնք թափվում  են մեղքերի համար զղջումից, մեղքի դեմ պայքարից  (Ի՜նչ խղճալի մարդ եմ ես. ո՞վ ինձ կազատի այս մահկանացու մարմնից) և ուրիշների մեղքերը տեսնելիս:
Մեր Տերը օրագիր ունի, որտեղ գրում է Իր զավակների վշտերի, արցունքների մասին: Աստծո զավակների արցունքները մոռացված չեն. դրանք շշալցված են երկնքում, գրված են Աստծո գրքում:

Իմ օրագրից, մարտի 11, 2015

Իրենց անձերը Քրիստոսի համար վտանգի ենթարկածները ձեր հոգիները վտանգի մեջ չեն թողնի


«Մարդիկ, որոնք իրենց անձերը վտանգի են ենթարկել մեր Տեր Հիսուս Քրիստոսի Անվան համար» (Գործք 15:26): 

Ավելի կարևոր բան չէր կարող ասվել Պողոսի և Բառնաբասի մասին՝ ցույց տալու համար Անտիոքի նորադարձ քրիստոնյաներին, որ կարելի է նրանց վստահել այն հարցում, որն իրենց մտահոգում էր:
Առաքյալներն ու երեցները նամակում չգրեցին, որ Պողոսն ու Բառնաբասը գիտուն են, կրթված, ճանաչված: Նույնիսկ նրանց հոգևոր պարգևները չնշեցին,  այլ ասացին ամենակարևորը՝  այս մարդիկ իրենց անձերը վտանգի են ենթարկել մեր Տեր Հիսուս Քրիստոսի Անվան համար: Մի՞թե այդպիսի մարդիկ ճշմարտությունից բացի այլ բան կսովորեցնեն, մի՞թե անտարբեր կլինեն ձեր մտահոգության հանդեպ: Իրենց  անձերը վտանգի են ենթարկել մեր Տեր Հիսուս Քրիստոսի Անվան համար, Քրիստոսի փրկածների հոգին կեղծ ուսմունքի վտանգի մեջ չեն թողնի: 

                                                                                                                      
Իմ օրագրից, հունիսի 14, 2020