четверг, 11 декабря 2014 г.

Բեհնամ եղբոր նոր նամակը բանտից


Ես հովիվ Բեհնամն եմ Իրանից:  Ես կրում եմ իմ վեց տարվա բանտարկությունը Հիսուս Քրիստոսին հավատալու և Աստծո Թագավորության մասին  ավետարանելու մեղադրանքով:
Իմ բանտակիցներից շատերը հարցնում են, թե ինչու եմ այդքան մեծ գին վճարում Հիսուս Քրիստոսի հանդեպ իմ հավատքի համար: Հարցնում են, թե ինչու պարզապես չեմ ուրանում իմ հավատքը և վերադանում կնոջս ու երեխաներիս մոտ: Ես հարցնում եմ ինքս ինձ. «Ի՞նչ գին վճարեց Տերը ինձ փրկելու և խավարի թագավորությունից ինձ լույսի թագավորություն տեղափոխելու համար:  Հիսուս Քրիստոսի մա՛հը խաչի վրա, Աստծո Գառան արյու՛նը»:  Այո՛, դա մեծ գին է: Ուրեմն ես էլ կարող եմ գերադասել բանտը ազատությունից: Հիսուսն ասել է. «Եթե  ձեր կյանքն Ինձանից շատ եք սիրում, Ինձ արժանի չեք»:
Ես քաջալերում եմ ձեզ հասկանալու ձեր հավատքի արժեքը: Մենք փրկությունը ձրի ենք ստացել, բայց հիշեք, այն ձրի չէր: Աստված վճարե՛ց դրա համար: Նա զոհաբերեց Իր սիրելի Որդուն՝ Հիսուս Քրիստոսին:  Հիշեք, Աստծո մոտ տանող միայն մեկ ճանապարհ կա, և Հիսուսը մեզ ասել է այդ մասին.  «Ես եմ Ճանապարհը,Ճշմարտությունը և Կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի  գա, եթե ոչ  Ինձանով» (Հովհ. 14:6):
Թող Հիսուսն իշխի ձեր կյանքի բոլոր ոլորտներում, և թույլ տվեք Նրան լինել ձեր կյանքի Տերը:  Ջանացեք նմանվել Աստծո Որդուն՝ Հիսուս Քրիստոսին և մտածել ու գործել Նրա նման:
«Ես Քրիստոսի հետ խաչը ելա: Այսուհետև ոչ թե ես եմ ապրում, այլ Քրիստոսն է, որ ապրում է իմ մեջ: Եվ այն կյանքը, որ այժմ ապրում եմ մարմնով, Աստծո Որդու հավատով եմ ապրում, որ ինձ սիրեց և Իրեն ինձ համար տվեց» (Գաղատ. 2:20):
Աստված  օրհնի ձեզ: Ամեն:
Հովիվ Բեհնամ Իրանի 


                                                                                                     Անգլերենից թարգմանեց Հռիփսիմե Մկրտչյանը


понедельник, 30 июня 2014 г.

Հովել 2:25-ի խոստումը

Շնորհակալ եմ, Տեր
Այս խոստումիդ համար`
Վերականգնել ծառը,
Որ ավերել էին
Խառնիճը, մորեխը,
Ջորյակն ու գրվիճը:
Նախ խառնիճը եկավ,
Այդ օրհնյալ ծառի պտուղները կերավ,
Մորեխը շարունակեց նրա գործը չար,
Զրկեց ծառը ուժից  կենարար`
Տերևները կերավ:
Նրա թողածն էլ ջորյակն էր կերել`
Կեղևը կրծել,
Գրվիճն ավարտեց գործն այդ ավերիչ`
Զրկեց ծառը  իր կենսահյութից:
Բայց ուրախացնում է սիրտս
Պատգամն այս ցնծալից.
Դու  խոստացել ես մեզ տալ նորից
Այն պտուղները, որոնք կերել էին
Խառնիճը, մորեխը,
 Ջորյակն ու գրվիճը:
Ու նորից տեսնելու եմ Ծառը`
Քո Հոգու պտուղներով լեցուն,
«Գործք առաքելոցի »  Եկեղեցին Քո Հոգով օծուն,
Հենց այնպիսին, ինչպիսին եղել է սկզբում:
Ու թեև հիմա չենք տեսնում դեռ
Այն Հարսին, որ սուրբ է ու անարատ,
Չենք տեսնում ծառը պտուղներով առատ
Գիտեմ, որ խոստումներդ ուժի մեջ են հավիտյան
Հովել 2:25-ում գրվածն էլ կկատարվի անպայման:

Հռիփսիմե Մկրտչյան

воскресенье, 20 апреля 2014 г.

Մեծ է Նրա ողորմությունը


Մեծ է Նրա ողորմությունը

«Քանի որ մեծ էր Քո ողորմությունն իմ հանդեպ, Դու փրկեցիր իմ անձը ամենախորը դժոխքից» (Սաղմոս 86:13):

Ամեն մարդ, ով գիտի, որ ինքն արժանի էր ամենախորը դժոխքին, բայց փրկվել է դրանից, կարող է վկայել Դավթի պես.  «Մեծ է Քո ողորմությունն իմ հանդեպ»:
Մեծ է Նրա ողորմությունը, դրա համար ազատվեցի մեծ գերությունից, մեծ դատապարտությունից, մեծ կործանումից:
Մեծ է Նրա ողորմությունը, դրա համար մեծ  է իմ ուրախությունը, խաղաղությունը, մխիթարությունը:
Մեծ է Նրա ողորմությունը, դրա համար մեծ  է գոհությունը սրտիս մեջ Նրա զարմանալի  գթության համար:
Մեծ է Նրա ողորմությունը, դրա համար մեծ  է փափագս այդ ողորմության մեջ մնալու, այդ ողորմության մասին պատմելու, երգելու:
Մեծ է Նրա ողորմությունը, դրա համար  մեծ  է պատրաստակամությունս իմ կյանքով փառք բերելու ողորմություն շնորհողին:
Այսօր մեծ տոն ենք նշում՝ մեր Փրկչի հարությունը, որովհետև հավիտյան մեծ է Նրա ողորմությունը:
20.04.2014

суббота, 1 марта 2014 г.

Գարուն Եկեղեցու համար



Գարնան առաջին օրը օրագիրս թերթելով գտա  այս տարվա հունվարի 4-ի գրառումս: Նորից ուրախացա և գոհացա՝  հիշելով  Աստծո Խոսքում խոստացված արթնության, Իր Եկեղեցու  վերականգնման ու վերջին անձրևի մասին:  


«Քանի որ ահա ձմեռն անցավ, անձրևներն անցան ու գնացին: Գետնին ծաղիկներ են երևում, թռչունների երգի ժամանակն է հասել, ու մեր երկրի վրա տատրակի ձայնն է լսվում» ( Երգ երգոց  2:11, 12):


Ձմռան այս ցուրտ օրը ուշադրությունս գրավեց գարնան գեղեցիկ նկարագրությամբ այս համարը:

Գարունը հարության ժամանակ է, վերականգնման ժամանակ, լույսի և ջերմության,  գեղեցկության, երգի, աշխատանքի ժամանակ:

Հոգևոր արթնությունները միշտ հաջորդել են հոգևոր սառնության և անտարբերության ժամանակին: Ինչքան էլ մռայլ ու ցուրտ լինի ձմեռը,  հավիտենական չի, վերջանալու է, ու անպայման գարուն է գալու: Ինչքան էլ երկար տևի ձմեռը Քրիստոսի Եկեղեցու համար, հոգևոր գարունը գալու է անպայման:  Արդարության Արեգակի լույսը փայլելու է,  ջերմությունը հալեցնելու է սառած սրտերը, Սուրբ Հոգու պտուղների այգին ծաղկելու է, գալու է երգի ժամանակը, լինելու է կատարյալ գեղեցկություն, արթնություն Քրիստոսի Եկեղեցու համար: 

Իմ օրագրից

04.01.2014