понедельник, 31 декабря 2012 г.

Բեհնամ եղբոր նամակը




Այս նամակը Բեհնամ եղբայրը գրել է բանտում անցած տարվա Սուրբ Ծննդից առաջ: Անգլերեն թարգմանությունը վերջերս գտա  ու որոշեցի հայերեն թարգմանել, որ Աստծո զավակները քաջալերվեն՝ տեսնելով որ մեծ նեղություններ կրող, բանտի ծանր պայմաններում  գտնվող   ու առողջությունը կորցրած մեր  եղբոր հավատքը չի տկարացել մեր Տիրոջ Շնորհքով:
Հ.Մ.


Անսահման գոհություն Տիրոջ սրբությանը, որ մեզ  պատասխանատու դարձրեց  և կարողություն տվեց ծառայելու Նրան:  Դա մեզ առավելություն տվեց շատ չնչին կերպով մասնակցելու  Գողգոթայի խաչի  վրա  կրած Իր չարչարանքներին: 
Չնայած բանտի ճնշմանն ու դժվարություններին՝  երջանիկ եմ ձեզ հետ  բաժնեկցելու  աղբյուրի նմանվող իմ քրիստոնեական ուրախությունը գալիք Սուրբ Ծննդյան օրերում:  Եվ գիտեմ, որ դուք՝ սուրբերդ և Աստծո հոգևոր զավակներդ, ծանոթ եք այդ ուրախությանը: Որպես Աստծո ծառայող՝ ես ինձ թույլ եմ տալիս ձեզ պատվիրելու երջանիկ լինել:  Իմացեք, որ երկրի վրա ունեցած մեր ողջ երջանկությունը  երկնքում մեզ համար պահված մեծ ուրախության երախայրին է:
Ոհ, սիրելիներս, դուք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ցավերի պտուղն եք, դուք ծնվել եք Նրանից: Ես ձեզ կոչ եմ անում սիրել իրար այն սիրով, որը Տեր Հիսուսն է դրել մեր սրտերում:
Այս ճգնաժամային օրերին մի թույլ տվեք, որ սատանան ազդի  Աստծո և հավատացյալների հետ ունեցած ձեր հարաբերություններին: Հիշեք, որ Աստծո Խոսքի համաձայն մենք մի Հայր ունենք, ուրեմն գնահատեք իրար որպես իսկական ընտանիքի:
Հիմա, որ ձեզանից հեռու եմ,  երբ մտածում եմ ձեզանից յուրաքանչյուրի մասին, նկատում եմ, թե ինչ առատ սեր կա իմ սրտում բոլորիդ հանդեպ:
Եղբայրներս, քույրերս, ես բոլորիդ սիրում եմ: Քրիստոսն  է ինձ ձեզ տվել Գողգոթայում: Եթե ես դատապարտված լինեի ճաղերի հետևում անցկացնել շատ երկար տարիներ ձեզանից մեկի փրկության համար, ոչ մի տրտունջ չէր հնչի:
Դուք այնքան թանկագին եք, որ Աստված Ինքը մահվան գնաց ձեզ համար խաչի վրա: Մի՞թե ես կամ մյուս սպասավորները չեն կարող բանտարկություն կրել ձեզ համար:
Երանի դուք իրար սիրեք գոնե այնքան, ինչքան ես եմ ձեզ սիրում:
Վաղ թե ուշ մեր երկնային բնակությունը կավարտվի և մենք կթողնենք այս աշխարհը իր հրապուրանքներով:  Խնդրում եմ, թույլ մի տվեք, որ որևէ երկրային հրապուրանք ձեզ հեռացնի քաղցր քրիստոնեական հարաբերություններից:
Ինչպես Քրիստոսի առաքյալները վերցրին հացը և բաժանեցին մարդկանց, այնպես էլ սպասավորները պետք է ստանան հոգևոր կերակուրը և բաժանեն Աստծո ժողովրդին:
Սամարուհու պատմության մեջ, Հովհաննեսի ավետարանի չորրորդ գլխում, սպասավորների համար մեծ գաղտնիք կա թաքնված: Երբ Քրիստոսը հանդիպեց սամարուհուն, նա հայտնություն ստացավ Նրա իսկական ինքնության մասին:  Աստվածաշունչն ասում է. «Կինը իր կուժը թողեց, գնաց քաղաք…»: Նա գնաց վկայելու, պատմելու Հիսուս Քրիստոսի հայտնությունը և թե ինչ արեց Նա իր համար: Այդ կուժը կարող է խորհրդանշել աշխարհի խոչընդոտները  և սպասավորների անձնական  խնդիրները, ինչպիսիք են զբաղմունքը, ֆինանսական խնդիրները, անձնական փոխադրամիջոցների ու հարմարությունների պակասությունը և իրենց ընտանիքների ամենօրյա կարիքները:  Խնդիրն ավելի կծանրանա, եթե ավելացնենք սոցիալական ու իրավական հարցերը որպես խոչընդոտ  Աստծուն ծառայելու:  
Սամարուհին մինչև հայտնություն ստանալը խորապես ներգրավված էր աշխարհի խնդիրների մեջ: Երբ Հիսուսը խոսեց կենդանի ջրի մասին, նա ասաց. «Տեր, տուր ինձ այդ  ջուրը, որ չծարավեմ ու չգամ այստեղ ջուր հանելու»: Բայց երբ Հիսուսն ասաց, որ կարող է իրեն կենդանի ջուրը տալ ասաց. «Ինչպե՞ս…  դու ջուր քաշելու համար ոչ մի բան չունես»:
Նա կարող էր վստահել միայն իր տեսածին, բայց Եբրայեցիս թղթում գրված է. «Հավատքը հուսացած բաների հաստատությունն է, չերևացող բաների ապացույցը»:  Հակառակ դեպքում  հավատքը իմաստ չունի:  Հավատքը զորությանը հավատալն է: Այդ զորությունը պոտենցիալ է, դեռևս չստացած, բայց անպայման կիրականանա իր ժամանակին: Հավատքը նայում է հոգևոր աչքերով:  Հավատքը հուսացած բաների հաստատությունն է, ու չերևացող բաների ապացույցը, որովհետև Աստված է ասել:
Հաճախ մենք՝             քրիստոնյաներս, հատկապես սպասավորները, վարվում ենք սամարուհու նման:  Մեր հավատքը հիմնված է մեր շուրջը գտնվող տեսանելի բաների վրա: Նա միայն տեսնում էր ջրհորը և ջուրը, հետևաբար չասաց. «Որտեղի՞ց ջուր կբերես», այլ «Ջուր քաշելու համար ոչինչ չունես, և ջրհորը խորն է»: Նա չէր հավատում ջրհորի մոտ կանգնածի կարողություններին:  Վերոհիշյալ հարցը բավականաչափ գիտություն չունենալու արդյունք էր: Իսկ ի՞նչ կասենք մեր մասին: Հաճախ, երբ խոսում ենք ծառայության մասին, ասում ենք. «Մեր խնդիրների ջրհորը շատ խորն է, երբ չկա աջակցություն, երբ քաշելու համար ոչինչ չունենք, ինչպե՞ս կարող ենք ծառայել»: Անկեղծ ասած, սա սամարուհու մտածելակերպ է: Մենք բոլորս տկարություններ ունենք, քիչ թե շատ: Ջրհորի խորությունը և հարմարությունների բացակայությունը  կանգնեցնում են մեզ և երկյուղ ներշնչում ապագայի հանդեպ: Գաղտնի վախ է համակում մեզ: Ապագայի վերաբերյալ ապահով չենք զգում, հետևաբար փորձում ենք ուժեղացնել մեր անվտանգությունը: Մենք սկսում ենք միջամտել Աստծո գործերին, և հենց այդտեղ էլ ձախողվում ենք մեր հոգևոր կյանքում կամ ծառայության մեջ: Որովհետև աստվածային մտքերը փոխարինվում են մարդկային մտքերով, և դա խանգարում  է Աստծուն գործել:  Հուսով եմ, նախորդ նախադասությունը չենք անտեսի անպատասխանատու կերպով:
Եղել են ժամանակներ, երբ ես փորձվել եմ, ու իմ ծառայության ընթացքում Աստծո սպասավոր լինելով  ավելի շատ ուշադրություն եմ դարձրել իմ ապագային, ու այս համարները կարմիր լույսի նման կանգնեցրել են ինձ, թեև երբեմն տուգանվել եմ կարմիր լույսով անցնելու պատճառով: »Ուրեմն հոգ մի արեք, ասելով՝ ի՞նչ պիտի ուտենք, կամ ի՞նչ պիտի խմենք, կամ ի՞նչ պիտի հագնենք: Քանի որ հեթանոսներն են այդ ամենը խնդրում, իսկ ձեր երկնավոր Հայրը գիտի, որ այդ բոլոր բաները ձեզ պետք են: Բայց դուք նախ խնդրեցեք Աստծո թագավորությունը և Նրա արդարությունը, և այս բոլոր բաները պիտի ավելացվեն ձեզ: Ուրեմն վաղվա մասին հոգ մի արեք, որովհետև վաղվա օրը ինքն իր մասին կհոգա: Օրվա համար իր նեղությունն էլ հերիք է»: (Մատթ. 6:31-34)
Այս օրերում, որոնք իրոք չար են, ես ձեզ քաջալերում եմ արթուն մնալ: Մի վախեցեք ներկա տնտեսական ճգնաժամից, որը գրավել է աշխարհի մեծ մասը, հատկապես Իրանը: Աճող գները դժվարացրել են ապրելակերպը: Հիմա երբ գրում եմ, արտարժույթի գինը կրկնապատկվել է. հարյուր տոկոսանոց աճ, որը  կտրուկ կբարձրացնի ապրանքների գները, ներառյալ ներկրված ապրանքների: Իսկապես, մեր օրերում մենք կախված ենք օտարերկրյա ապրանքներից, և դրանք գնելը պահանջում է ավելի շատ եկամուտ, իսկ ավելի շատ եկամուտը՝ ավելի շատ աշխատանք:
Դա մտահոգություններ կբերի հավատացյալներին, և սպասավորներին կգցի սարսափելի ծուղակի մեջ: Դուք՝ սպասավորներդ, նոր պատճառաբանություններ կգտնեք նվազեցնելու ձեր ծառայության արդյունավետությունը և կրճատելու ծառայությանը տրամադրված ժամանակը, և աշխարհիկ գործերում ավելի շատ սուզվելով՝ կհասնեք այն վիճակին, երբ  չափազանց ուշ է:
Դուք կհասկանաք, որ ամիսներով Աստծուց այցելություն չեք ստացել, աղոթելը դժվարացել է, ձեր պատգամները ազդեցություն չունեն ունկնդիրների վրա, որովհետև դրանք ծնունդ են առել ձեր պերճախոսության հմտություններից, ոչ թե աստվածային հայտնությունից: Այլևս չեք կարողանա եկեղեցում եղած խնդիրները լուծել երկնային իմաստությամբ և կզարմանաք, թե ինչու հավատացյալները ձեզ չեն լսում:  Դուք կմոռանաք,  որ հոգևոր գործերը բացահայտվում են երկնային իմաստությամբ, որը ձեռք է բերվում Աստծուց այցելությամբ ու Նրանից նոր պատգամներ ստանալով:
Ես վստահեցնում եմ ձեզ Աստծո Խոսքի բացարձակ վկայությամբ, որ Աստված կօրհնի ձեր եկամուտը, եթե հավատարիմ մնաք և չնվազեցնեք ձեր հոգևոր կյանքի որակը, ինչպես նա օրհնեց այրի կնոջ յուղն ու ալյուրը և փրկեց նրան սովից:
Մի վախեցեք սովից: Եթե վախը ձեզ համակի, կփորձվեք փախչելու Եգիպտոս, ինչպես Աբրահամը Խառանի սովի ժամանակ: Ուրեմն սովորեք փրկության պատմության մարդկանցից, հետևեք այն տղամարդկանց ու կանանց օրինակին, ովքեր ամեն իրավիճակում հավատացին Աստծո խոստումներին և ժառանգեցին Աստծո խոստումները:
Ոհ, եղբայրներս և քույրերս, և Իրանի եկեղեցում սփռված սպասավորներ, արցունք եմ թափում ձեզ համար: Սրբում եմ, որ չնկատեն: Դրանք ձեր հանդեպ իմ սիրո ցավից են: Հիմա ինչքան լավ եմ հասկանում Պողոս առաքյալին, ով ասեց եկեղեցուն. <Խրատեցի ձեզ արցունքով>:
Ուշադրություն դարձրեք, թե ինչ է ասում Աստված Մատթ. 6:26 համարում. «Նայեցեք երկնքի թռչուններին, որոնք ոչ ցանում են, ոչ հնձում, ոչ էլ ամբարների մեջ հավաքում, բայց ձեր երկնավոր Հայրը կերակրում է նրանց: Մի՞թե դուք դրանցից ավելի լավ չեք»:
Զորացրեք տկար ծնկները հավատքի ճանապարհում: Ջերմեռանդությամբ բարձրացրեք ձեռքերը, որ չընկնեն, որպեսզի Աստծո ներկայությունը լցնի տագնապահար սրտերը և խաղաղեցնի, ինչպես մեր Տեր Հիսուսը խաղաղեցրեց փոթորիկը մեկ հրամանով:  
Լսել եմ, որ Իրանի եկեղեցու որոշ սպասավորներ ու անդամներ գաղթել են օտար երկրներ: Ժամանակը ցույց կտա՝ ճիշտ էր այս շարժումը թե ոչ, բայց մենք պետք է իմանանք, որ նրանց քայլը այս պահին լավագույն  ընտրությունն էր, և մենք պետք է հարգենք նրանց որոշումը:
Գուցե մի օր, մենք, որ հիմա Իրանում ենք, կգաղթենք և նրանք կվերադառնան: Կարևորն այն է, որ չլքենք Աստծո թագավորությունը, մոլորակի որ մասում էլ լինենք: Հավատացյալները պետք է լիովին համագործակցեն սպասավորների հետ և օգնեն նրանց ճնշման և դժվարությունների ժամանակ: Նրանց հնարավոր սխալները  տարեք քրիստոնեաական սիրով և մի  բարձրաձայնեք դրանք: Հարգեք այն   օծությունը, որ Աստված տվել է նրանց, և իմացեք, որ անհարգալից վերաբերմունքը նրանց ծառայության և օծության հանդեպ, անհարգալից է Սուրբ Հոգու հանդեպ: Նորից շնորհավորում եմ բոլոր սուրբերին Սուրբ Ծննդյան և գալիք՝ 2012 թվականի առթիվ:

Բեհնամ Իրանի
 

 Անգլերենից թարգմանեց Հռիփսիմե Մկրտչյանը

среда, 12 декабря 2012 г.

Բերիայի հավատացյալների պես





«Ամեն օր քննում էին Գրքերը, թե իրո՞ք սա այսպես է» (Գործք 17:11):

Միշտ մտածել եմ, որ եթե ամեն քրիստոնյա, ամեն քարոզիչ վարվեր Բերիայի հավատացյալների նման, հարանվանություններ չէին լինի, քրիստոնյաների միջև տարաձայնություններ չէին լինի:
Փառք Աստծուն, որ այսօր էլ կան Աստծո զավակներ, որոնք վարվում են Բերիայի հավատացյալների նման՝ ամեն օր քննում են Սուրբ Գիրքը, ամեն բան ստուգում են Աստծո Խոսքով, ու ես ուզում եմ մինչև վերջ մնալ նրանց շարքում:
Սուրբ Գրքով պիտի քննեմ ոչ միայն իմ լսած ամեն քարոզ, իմ կարդացած ամեն գիրք, այլև իմ ասած ամեն խոսքը, իմ կատարած ամեն գործ, իմ բոլոր մտածմունքները: Ամեն  բան պիտի քննեմ, տեսնեմ՝ համապատասխանում է Աստծո Խոսքին: Բերիայի հավատացյալները չունեին Նոր Կտակարանը, չունեին համաբարբառ, խաչաձև հղումներ, սուրբգրային համարների և բառերի որոնման ծրագրեր, բայց սերտում էին Աստծո Խոսքը ջանասիրությամբ, ոչ թե շաբաթը 1-2 անգամ, այլ ամեն օր: Այդ ամենն ունենալը լավ է, բայց ամենակարևորն է ունենալ այն, ինչ Բերիայի հավատացյալներն ունեին՝ սեր Աստծո Խոսքի հանդեպ. Աստծո Խոսքը իմանալու ու կատարելու փափագ:
22.12.12

вторник, 11 декабря 2012 г.

Աստծո Խոսքի մասին




Ես կորած եմ համարել այն օրը, երբ Աստծո Խոսքին պատշաճ ժամանակ չեմ տրամադրել:
Ջորջ Մյուլլեր

Ինչու՞ ես ձայն ուզում, երբ սուրբգրային համար ունես:
Ջիմ  Էլիոթ
Երանի նրանց, ովքեր մշտապես հաճույք են գտնում Աստվածաշնչի շքեղությունների մեջ: Նրանք հաղորդակցվում են Աստծո մտքի հետ, լսում են երկնային ձայնը, վայելում են ամենամաքուր լույսի շողերը, կերակրվում են նորոգության արոտներում: Նրանք չեն վախենում մոլորության մոլախոտերից, ոչ մի ծուռ ճանապարհ չի շեղի նրանց քայլերը: Վերին իմաստությունն է քաղցրությամբ առաջնորդում նրանց: Սուրբ Հոգին՝ մեծագույն Ուսուցիչն է սովորեցնում Աստծո Խոսքի ուսանողներին: Նրանք առաջ են գնում ապահով, երջանիկ, գնում են շնորհքից շնորհք:
Հենրի Լո

Զգուշացիր, եթե կորցրել ես Աստծո Խոսքի համար ախորժակդ. Դա լուրջ հիվանդության ախտանիշ է:
Չարլզ  Սպըրջըն

Ես հաճախ պատմություն եմ պատմում փոքրիկ արծվիկի վերաբերյալ: Մի ագարակատեր հավին թուխս էր նստեցնում: Նրան մի ձու էր պակասում թուխս դնելու համար: Չեմ կարծում, որ այստեղ որևէ մեկը գիտի, թե քանի ձու է պետք թուխս դնելու համար, բայց համենայն դեպս նրան մի ձու էր պակասում: Եվ նա գողացավ արծվի բնից: Բնում երկու ձու կար, և նա մեկը դրեց թխսի տակ: Երբ արծվիկը ձվից դուրս եկավ, մյուս ճուտիկների մեջ նա տարօրինակ թռչուն էր: Նա չէր հասկանում հավի կչկչոցը: Նա չէր խոսում այնպես, ինչպես ինքը կուզենար: Երբ նա հավանոցում քջուջ էր անում ուտելիք գտնելու համար, այդ  ուտելիքը նրան դուր չէր գալիս: Նա «անճոռնի ճուտիկ» էր մյուս ճուտիկների համար: Հավը կռթկռթում էր, իսկ ինքը չէր հասկանում: Հետո մի օր նրա իսկական մայրիկը, որը գիտեր, որ երկու ձու է դրել, նկատում է, որ  միայն մեկը ունի: Այդ ժամանակ սկսեց փնտրել մյուս ձուն: Նա սկսեց թռչել գյուղով մեկ: Երբ թռչում էր հավանոցի բակի վրայով, նկատեց մի արծվիկի, որը հետևում էր ծեր հավին: Նա կանչեց. «Փոքրիկս, դու  ճուտիկ չես, դու արծվիկ ես»: Արծվիկը ճանաչեց նրա ձայնը: Ինչու՞: Որովհետև նա արծիվ էր: Երբ մարդը սահմանված է Աստծո որդի լինելու համար, եթե նույնիսկ դրված է եղել հավատամքների և ձևապաշտական հին կրոնների մեջ, երբ նա լսում է զորությամբ քարոզված Աստծո Խոսքը և տեսնում է, որ Աստված հաստատում է այն, կվազի այդ Խոսքի մոտ. դա նույնքան հաստատ է, որքան, որ երկու անգամ երկու չորս է: Նա չի կարող այդ չանել, որովհետև նրա էությունը սիրում է Աստծո Խոսքը: Նրա համար կարևոր չէ, թե ուրիշներն ինչ են ասում: Երբ նա տեսնում է Աստծո Խոսքի բացահայտումը, թռչում է դեպի այդ Խոսքը, որովհետև նա արծվիկ է:
Ուիլյամ Բրանհամ
 Անգլերենից թարգմանեց Հռիփսիմե Մկրտչյանը