Показаны сообщения с ярлыком Իմ բանաստեղծությունները (ապրիլ). Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Իմ բանաստեղծությունները (ապրիլ). Показать все сообщения

суббота, 25 апреля 2009 г.

Կոտրած սրտով


(Սաղմոս 34:18)

Երբեմն կոտրած սրտով մտածում եմ ես,
Որ Դու, Տեր, հեռու ես ինձանից,
Բայց Քո Խոսքը ճիշտ հակառակն է ասում.
«Մոտ է Տերը սրտով կոտրածներին»:
Տեր, ոչ մի սխալ չկա Քո գրած գրքում,
Հավիտյան է մնում այն, ինչ գրված է,
Որքան, որ հաստատ է, որ սիրտս կոտրած է,
Նույնքան հաստատ է, որ ինձ մոտ ես Դու:

Հռիփսիմե Մկրտչյան 

пятница, 24 апреля 2009 г.

Աղոթքի առանձնաշնորհումը


Մի սքանչելի առանձնաշնորհում է ինձ տրված,
Արքային ամեն օր հանդիպելու պատիվ է ինձ շնորհված,
Ինձ երբեք չի ասում. «Զբաղված եմ, հետո արի»,
Երբեք հետ չի ուղարկում, ինձ համար միշտ ժամանակ ունի:
Նրա ընդունարանը բաց է ինձ համար
Շաբաթը յոթ օր, օրը քսանչորս ժամ,
Ուրախությամբ է Նա միշտ սպասում իմ գալուն,
Տիեզերքի Արարիչն ինձանից երբեք չի ձանձրանում:

Հռիփսիմե Մկրտչյան

четверг, 23 апреля 2009 г.

Ուզում եմ մնալ ութերորդ գլխում


(Հռոմ.8:1)

Տեր, ես չեմ ուզում նորից հայտնվել
Հռոմեացիս յոթերորդ գլխում,
Թող այևս երբեք չասեմ.
«Ինչ խղճալի մարդ եմ ես»:
Քանզի օրենքը Քո Հոգու և Կյանքի
Ազատել է ինձ օրենքից մեղքի,
Եվ չկա այլևս դատապարտություն
Նրանց համար, որ Քո Հոգով են քայլում.
Տեր, օգնիր ինձ մնալ ութերորդ գլխում:
Հռիփսիմե Մկրտչյան

среда, 22 апреля 2009 г.

Նորոգիր և բժշկիր


Հիսուս, իմ կյանքում նեղությունները բազում են,
Արցունքները հեղեղի պես են գալիս,
Բայց Քո պարգևած օրհնությունները
Եվ պատճառները, որոնք ժպիտ են բերում
Անհամեմատ ավելի շատ են:
Ատու՞մ են ինձ շատերը,
Այո՛, բայց սիրում ես Դու,
Ոմանք ինձ չեն հասկանում,
Բայց Դու իմ սիրտն ես քննում:
Փշրվել են հույսերս,
Բայց Քո գալստի երանելի հույսը ինձ հետ է միշտ,
Վիրավոր է սիրտս,
Բայց Դու իմ գթասիրտ Բժիշկն ես ընդմիշտ:
Կոտրած սրտիս բեկորները ցրվել են այս ու այն կողմ,
Բայց ոչ մեկը չի կորել:
Օգնիր դրանք հավաքել
Ու ձեռքերիդ մեջ դնել,
Բոլոր կտորները Քո սիրո սոսնձով սոսնձիր,
Խոսքիդ բալասանով սիրտս բժշկիր:

Հռիփսիմե Մկրտչյան 

пятница, 17 апреля 2009 г.

Սաղմոս 37:4-ի պատվիրանն ու խոստումը


Սաղմոս 37:4 համարում
Կա պատվիրան ու նաև խոստում.
Խոստումի մասին շատ եմ մտածում,
Իսկ պատվիրանը` հաճախ մոռանում:
Իմ բաժինը գիտեմ` պատվիրանը կատարելն է,
Իսկ խոստումներդ, Տեր, Դու միշտ ես կատարում:
Քեզնով պիտի ուրախանամ, Քեզնով ապրեմ բերկրանք,
Անուշ Խոսքերիդ մեջ պիտի գտնեմ հրճվանք,
Այնժամ կշնորհես փափագը սրտիս.
Քանզի սրտումս կմնա միայն մեկ փափագ,
Եվ դա կլինես հենց Դու, Հիսուս, իմ Միակ:

Հռիփսիմե Մկրտչյան

вторник, 7 апреля 2009 г.

Ամենակարճ համարը, ամենամեծ սերը

(Հովհ.11:35)
Ամեն անգամ, երբ կարդում եմ
Ամենակարճ համարը Սուրբ Գրքի,
Զմայլվում եմ Քո զարմանալի սիրով,
Քո աննման կարեկցությամբ եմ հիանում:
Դու, որ խոստացել ես արցունքներս սրբել,
Պատրաստ ես նաև ինձ հետ արտասվել,
Եթե նույնիսկ կանգնած ես հիմա
Մեռած հույսերիս գերեզմանի մոտ`
Պատրաստվելով հարություն տալ Քո զորեղ Խոսքով,
Արցունքներիս նայում ես հուզմունքով,
Վշտերիս հանդեպ անտարբեր չես Դու:
Ինձ հետ արցունք թափող,
Աննման սիրով ինձ կարեկցող,
Իմ Ուրախությունն ես Դու,
Ամենաբարձր և ամենախոր սերն եմ ես տեսնում
Այդ երկու բառում,
Սուրբ Գրքի ամենակարճ համարում:

Հռիփսիմե Մկրտչյան

пятница, 3 апреля 2009 г.

Վերջին արթնությունը, նոր «Գործք առաքելոցը»


Տեր, ամեն անգամ, երբ կարդում եմ «Գործք առաքելոցը»,
Հիշում եմ, որ Քո փառավոր գալստից առաջ
Լինելու է մի նոր «Գործք առաքելոց»,
Որը գրված է ոչ թե թղթի վրա,
Այլ Քո իմաստուն, փառավոր ծրագրում:
Ուզում եմ լինել նոր «Գործք առաքելոցի» ոչ թե ընթերցող,
Այլ... գործող հերոսուհի:
Շնորհիր ինձ լինել Վերնատանը հավաքված,
Քեզ սպասող աղոթքի զինվորներից մեկը,
Օգնիր ինձ դառնալ գթասիրտ ու օգնելու պատրաստ մի Այծեմնիկ,
Ուզում եմ լինել սրտանց Քեզ ծառայող,
Տունը եկեղեցու վերածած,
Մարդկանց Ճշմարտության ճամփան ցույց տվող անձնվեր Պրիսկիղա,
Ուզում եմ լինել հյուրընկալ Լիդիա,
Խոսքիդ տարածմանը ծառայող Մարիամ և Պերսիդե:
Երբ Հոգուդ կրակը նորից կտարածվի աշխարհով մեկ,
Օգնիր ինձ դառնալ այդ սուրբ հրդեհի պատճառներից մեկը,
Երբ կուղարկես արթնությունը վերջին,
Թող առաջինը աչքերս բացեմ,
Վերջին անձրևի կաթիլներն առաջին,
Այնքան եմ ուզում, որ ինձ վրա թափվեն:

Հռիփսիմե Մկրտչյան

четверг, 2 апреля 2009 г.

Զրույց Առակաց 31-ի հերոսուհու հետ



Հռիփսիմե: Բարև, քույրիկ, հաճախ եմ քո մասին կարդում,
Երբեմն կարդալիս շատ եմ ես տխրում:
Առաքինի կին: Ինչու՞, Տիրոջով ուրախ պիտի լինես ամեն ժամանակ,
Չէ՞ որ այդ մասին գրված է Աստծո սուրբ Խոսքում:
Հռիփսիմե: Այո, բայց քեզ նմանվել ես շատ եմ ուզում,
Մինչդեռ դա ինձ անհնար է թվում.
Տնային գործերն անել միշտ հասցնում ես,
Նաև մեր բառերով ասած՝ գործարար կին ես.
Արտ ես գնում, հացդ հեռու տեղից ես բերում,
Այգի ես տնկում, ծածկոց պատրաստում,
Կտավ ես գործում ու վաճառում:
Երբեք չեմ կարող այդ ամենն անել:
Առաքինի կին: Իսկ դու շարունակիր պարզապես անել այն,
Ինչ, որ Տեր Հիսուսն է քեզ հանձնարարել.
Կտավ գործել քեզ մոտ չի՞ ստացվում.
Բայց ձեռքերդ թող Տիրոջ համար գործեն,
Այգի տնկել չե՞ս կարողանում,
Բայց կարող ես աշխատել քո Տիրոջ այգում:
Հռիփսիմե: Գուցե հասցնում ես այդքան գործեր անել,
Որովհետև դու աղախիննե՞ր ունես:
Առաքինի կին: Աղախիններ ունեմ, ճիշտ է,
Բայց գաղտնիքը բնավ դրա մեջ չէ:
Հռիփսիմե: Գուցե պատճառն այն գեղեցիկ հաճոյախոսությու՞նն է,
Որ դու լսել ես կյանքիդ մեջ բոլոր.
Այդ մասին կարդացել եմ 29-րդ համարում.
Ես այդ խոսքերը երբեք չեմ լսել ու չեմ լսելու:
Առաքինի կին: Իսկ հաջորդ համարը մի՞թե չես հիշում:
Հռիփսիմե: Գիտեմ, հմայքը սուտ է, ունայն՝ գեղեցկությունը,
Երկուսն էլ չունեմ:
Առաքինի կին: Իսկ շարունակությու՞նը.
Չէ՞ որ Տիրոջ վախը դու անշուշտ, ունես,
Իսկ ես մաղթում եմ, որ դու միշտ լինես,
Գթասիրտ ու իմաստուն,
Աստծո սիրով միշտ լեցուն: 

Հռիփսիմե Մկրտչյան

Երբ ուզում ես միայն Նրան հնազանդվել

Եթե ընդունում ես Աստծո Խոսքն այնպես, ինչպես գրված է.
Չես ավելացնում ո՛չ «բայց», ո՛չ «եթե»,
Մի զարմացիր, երբ մարդիկ քեզ անվանեն «ֆանատիկ».
Այդ պիտակը շատ սրբեր են կրել:

Եթե ուզում ես միշտ հնազանդվել Նրան,
Ով եկավ օրենքը կատարելու, ոչ թե քանդելու,
«Օրինապաշտ»-ի պիտակից չես խուսափելու,
Բայց դու շարունակիր Տիրոջ Խոսքը պահել:

Եթե ուզում ես սուրբ լինել հոգով ու մարմնով,
Աստծո Խոսքը երբեք չես համարում հնացած,
Նրանք, անշուշտ, քեզ կանվանեն «հետամնաց»,
Բայց Նրա զորությամբ շարժվիր դու առաջ:

Եթե դուրս ես եկել կրոնական Բաբելոնից,
Լսել ես Հոգու Խոսքը Եկեղեցուն ուղղված.
Չես կարող խուսափել հալածանքներից,
Բայց հիշիր, թե ինչ է քեզ համար պահված:

Հռիփսիմե Մկրտչյան

Ամեն բան բարու գործակից է


Տեր, հիշեցրու, որ ամեն բան
Քեզ սիրողներին բարու գործակից է (Հռոմ.8:28) :
Հենց դրա համար ստրկության վաճառվածը
Մի օր կարողացավ ժողովուրդներ կերակրել (Ծննդոց 50:20),
Բանտարկյալը դարձավ կառավարիչ (Ծննդոց 41:40):
Դրա համար ճանապարհը փակող ծովը
Դարձավ միջոց թշնամուց ազատվելու (Ելից 14:28),
Եվս մեկ առիթ Քո փառքը տեսնելու:
Դրա համար հալածանքն ու Քո ժողովրդի ցրվելը
Պատճառ դարձավ Խոսքդ տարածվելու (Գործք 8:1,4):
Դրա համար է, որ իմ կյանքում հանդիպած ամեն դժվարություն
Ւնձ ավելի է Քեզ մոտեցնում:
Հռիփսիմե Մկրտչյան 

среда, 1 апреля 2009 г.

Ամեն ժամանակ պետք է աղոթեմ


Ամեն ժամանակ պետք է աղոթեմ,
Եթե նույնիսկ իմ դեմ դավեր նյութեն
Հրամանատարներն ու կուսակալները բոլոր,
Առյուծների գուբից չեմ վախենալու,
Դանիելի պես հավատարիմ եմ լինելու,
Հաստատ որոշել եմ.
Ամեն ժամանակ պետք է աղոթեմ:

Ամեն ժամանակ պետք է աղոթեմ,
Եթե նույնիսկ վեց անգամ պատասխան չգտնեմ,
Յոթերորդ անգամին միայն փոքրիկ ամպ տեսնեմ,
Դարձյալ հույսս չեմ կորցնելու,
Եղիայի նման անձրևին եմ սպասելու,
Հաստատ որոշել եմ.
Ամեն ժամանակ պետք է աղոթեմ:

Ամեն ժամանակ պետք է աղոթեմ,
Եթե նույնիսկ Աստծո զավակը դեռ բանտում է,
Օր ու գիշեր Աստծուն եմ աղաղակելու,
Եվ մի օր Տիրոջ համար կապվածը դուռն է թակելու,
Առաջին եկեղեցու նման աղոթքով եմ սպասելու,
Հաստատ որոշել եմ.
Ամեն ժամանակ պետք է աղոթեմ:

Ամեն ժամանակ պետք է աղոթեմ,
Եթե նույնիսկ նեղության բանտում եմ,
Տիրոջը օրհնություն եմ ես երգելու,
Ու բանտի դռներն են բացվելու,
Պողոսի ու Շիղայի նման Նրան եմ օրհնելու,
Հաստատ որոշել եմ.
Ամեն ժամանակ պետք է աղոթեմ:

Ամեն ժամանակ պետք է աղոթեմ,
Եթե նույնիսկ ամենքն ինձ խանգարեն,
Եթե ասեն. «Տերը քեզ չի լսի»,
Առավոտը, կեսօրին ու երեկոյան
Պիտի հառաչեմ, գանգատներս Հիսուսին պատմեմ,
Նա ինձ կլսի, իսկ ես
Ամեն ժամանակ պետք է աղոթեմ:

    Հռիփսիմե Մկրտչյան