суббота, 28 февраля 2009 г.

Ընթրիք, ոչ թե «ֆուրշետ»


«Ահա ես դռան առաջ կանգնած եմ ու բախում եմ. եթե մեկն իմ ձայնը լսի և դուռը բացի, նրա մոտ կմտնեմ ու նրա հետ կընթրեմ, նա էլ` Ինձ հետ» Հայտն. 3:20

Ինչ պատիվ, ինչ առանձնաշնորհում, որ Տերն ուզում է ինձ հետ ընթրիք անել: Պետք է հիշեմ, որ Տերն ուզում է ինձ հետ ընթրիք անել, ոչ թե «ֆուրշետ»: Շատ ընտանիքներում միասին չեն հավաքվում ճաշելու և միմյանց հետ հաղորդակցվելու, այլ ամեն մեկն իր համար ոտքի վրա արագ-արագ ինչ-որ բան է ուտում: Ես չեմ ուզում «ֆուրշետի» նման հոգևոր խնջույք ունենալ: Ես ուզում եմ հանդարտությամբ նստել Տիրոջ սեղանի շուրջը, և Իր քաղցր Խոսքերը ճաշակել` Նրա հետ զրուցելով և Նրա ներկայությունը վայելելով: Հապշտապ մի քանի գլուխ կարդալը և արագ աղոթելը «ֆուրշետի» նման է: Իսկ ես հոգևոր ճոխ խնջույք եմ ուզում:

Երկրային հարսանիքը՝ որպես երկնայինի հիշեցում



Գրել եմ քրոջս՝ Հայարփիի հարսանիքի առթիվ


Պաշտելի Հիսուս, ամեն անգամ, երբ ներկա եմ լինում
Հարսանիքի երկրային,
Մտածում եմ Քո խոստացած հարսանյաց խնջույքի մասին,
Որը շատ շուտով երկնքում է լինելու:
Երբ տեսնում եմ ճերմակ զգեստով զարդարված հարսին,
Հիշում եմ, որ ինձ մաքուր և լուսափայլ բեհեզ ես խոստացել:
Երբ փեսան գալիս է տանելու հարսին,
Նորից հիշում եմ այն օրվա մասին,
Երբ մեկը վերցվելու է, մյուսը՝ թողնվելու:
Երբ հովիվը Հովհաննու երկրորդ գլուխն է կարդում՝
Հիշատակելով ևս մեկ անգամ Քո կատարած առաջին հրաշքի մասին,
Ես Հայտնության 19-րդ գլուխն եմ հիշում,
Ամենափառավոր հարսանիքի մասին եմ մտածում:
Երբ խորանի առաջ նորապսակները
Երջանկությամբ լեցուն «այո» են շշնջում,
Ես հիշում եմ, որ Քո մեջ միշտ «այո» ու «ամեն» են
Այն թանկագին խոստումները, որոնց ամեն օր եմ սպասում:
Հիմա, այս գեղեցիկ հարսանիքի ժամանակ
Քո գալստի երջանիկ հույսն է սիրտս պարուրում,
Ինչ քաղցր է մտածել, որ գալիս ես շուտով.
«Ամեն, եկ, Տեր Հիսուս». կանչում եմ ողջ սրտով:

Հռիփսիմե Մկրտչյան

Երեկոյան պաշտամունք


Երբ արևը մայր է մտնում,
Նորից Քո Գիրքն եմ բացում,
Զմայլվում Խոսքիդ լույսով,
Լցվում Քո տված հույսով:
Աշխարհի աղմուկից հեռացած
Քո քաղցր ձայնն եմ լսում,
Ակնածանքով խոնարհված
Քո սուրբ անունն եմ օրհնում:
Օրվա ընթացքում ինձ տված
Օրհնություններդ եմ հաշվում,
Բոլոր գործերս կատարած
Խոսքիդ քննությանն եմ հանձնում:
Սրտիս մեջ հնչած անուշ մեղեդին
Շուրթերիս է հնչում մութ գիշերին,
Կյանքիս գիշերվա ու մենության մեջ էլ
Ցնծության երգ ես ինձ պարգևում:
Քնելուց առաջ մի քաղցր միտք է սիրտս պարուրում,
Որ Դու, Պահապանն Իսրայելի,
Երբեք չես քնում, բնավ չես նիրհում:
Պաշտելի իմ Տեր, իմ անգին Հիսուս,
Նորից ասում եմ իմ ամբողջ սրտով.
Ինչ քաղցր է Քեզ հետ անցկացրած այդ ժամը
Մայրամուտից հետո...

Հռիփսիմե Մկրտչյան

Առավոտյան պաշտամունք


Առավոտյան, երբ զնգում է զարթուցիչս,
Բացում եմ երեք բան.
Աչքերս,
Սուրբ Գիրքս,
Սիրտս:

Անջատում եմ երեք բան.
Հեռախոսս,
Մտքերիս ձայները,
Աշխարհի աղմուկը:

Միացնում եմ երեք բան.
Գրասեղանիս լամպը,
Խոսքիդ հանդեպ փափագը,
Աղոթքի կրակը:

Խնդրում եմ երեք բան.
Ներկայությունդ,
Ողորմությունդ,
Խոսքիդ գանձերը:

Քեզ հետ անցկացրած այդ քաղցր ժամին,
Պաշտելի Հիսուս,
Նորոգվում է միտքս,
Բժշկվում` հոգիս,
Լցվում է սիրտս: 

Հռիփսիմե Մկրտչյան

пятница, 27 февраля 2009 г.

Բարի բաժինը


Հիսուս, այնպես կուզեի լսել Քեզանից.
Հռիփսիմեն ընտրել է բաժինը բարի,
Որն իրենից երբեք չի վերցվի:

Ուզում եմ նստել ոտքերիդ մոտ հանդարտությամբ,
Լսել Խոսքերդ քաղցր հրճվանքով,
Զրուցել Քեզ հետ անուշ մտերմությամբ,
Վայելել ներկայությունդ սուրբ ակնածանքով:
Ինչ քաղցր է մտածել, որ չի վերցվի ինձնից այս երանությունը,
Ինչ սփոփանք է բերում իմ հոգուն Քո ներկայությունը:
Մոռանում եմ հոգսերս, երբ հիշեցնում ես, թե ինչն է իմ կարիքը միակ,
Փարատվում է թախիծս, երբ վստահեցնում ես, որ կմնաս ինձ մոտ, չես թողնի մենակ:

Բեթանացի Մարիամը բարի բաժինն էր ընտրել,
Հրազդանցի Հռիփսիմեն էլ...

Հռիփսիմե Մկրտչյան