воскресенье, 29 марта 2009 г.

Երբ աչքերդ բացվեն



(Հովհ. 6:42,38, Ղուկաս 2:47, Հովհ.1:14, Մատթ.16:14-19, Մատթ.14:26, Հովհ.4:10, Հովհ.20:15-16, Ղուկաս 24:13-32, Հովհ.18:36, Հովհ. 21:4,11, Գործք 9:15, 22:8)
Եթե մի օր աչքերդ բացվեն,
Դու կտեսնես, որ մանուկը մսուրում պառկած
Որդին չէ հյուսնի,
Այլ երկնից իջած Արքան ողջ երկրի:
Եթե մի օր աչքերդ բացվեն,
Դու կտեսնես, որ տաճարում խոսող պատանին
Ոչ թե գիտակ է Աստծո Խոսքի,
Այլ Աստծո Խոսքն Ինքն է,
Որ մարմին դարձավ, մեր մեջ բնակվեց:
Եթե մի օր աչքերդ բացվեն,
Դու կտեսնես, որ ամենուր հրաշքներ գործողը
Մարգարե չէ միայն,
Այլ կենդանի Աստծո Որդին,
Ով քեզ հանձնել է երկնի բանալին:
Եթե մի օր աչքերդ բացվեն,
Դու կտեսնես, որ ալիքների վրայով Քեզ մոտ եկողը
Ուրվական չէ, այլ Արքան տիեզերքի,
Ում հնազանդվում են ծովն ու հովերը:
Եթե մի օր աչքերդ բացվեն,
Դու կտեսնես, որ ջրհորի մոտ նստածը
Կարիք չունի քո տված ջրի,
Այլ ուզում է քեզ պարգևել ջուրը Կյանքի,
Որը խմողը էլ չի ծարավի:
Եթե մի օր աչքերդ բացվեն,
Դու կտեսնես, որ խաչի վրա գամվածը
Անզոր չէ բնավ ու կարոտ չէ օգնության,
Այլ դու Իր կարիքն ունես ամեն ժամ:
Եթե մի օր աչքերդ բացվեն,
Դու կտեսնես, որ գերեզմանի մոտ կանգնած է
Ոչ թե պարտիզպանը,
Այլ հարուցյալ Արքան ու Փրկիչը քո,
Ում առաջ նահանջում են մահն ու դժոխքը:
Եթե մի օր աչքերդ բացվեն,
Դու կտեսնես, որ Էմմաուսի ճանապարհով
Քայլում է ոչ թե ճամփորդ պատահական,
Այլ հարուցյալ Արքան, այնքան սպասված Մեսիան,
Ում Թագավորությունը այս աշխարհից չէ:
Եթե մի օր աչքերդ բացվեն,
Դու կտեսնես, որ ծովեզերքին կանգնածը
Անծանոթ չէ քեզ, այլ Բարեկամն է քո հարազատ,
Որ հոգում է կարիքներդ Իր փառավոր ճոխության համեմատ:
Եթե մի օր աչքերդ բացվեն,
Դու կտեսնես, որ Նազովրեցին, ում հալածում ես
Մեռած չէ, ապրում է հավիտյան
Եվ ուզում է, որ Դու լինես Իր վկան,
Իր Անվան զորությունը հայտնես
Բոլոր ազգերին, նրանք արքաներին:
Եթե մի օր աչքերդ բացվեն,
Դու կտեսնես, որ դեռ չես տեսել
Հրաշքները Իր Խոսքի,
Երբ աչքերդ բացվեն,
Կտեսնես փառքը Իր սքանչելի
Ու Իր գահի առջև ընկած
Կերկրպագես Արքային: 

Հռիփսիմե Մկրտչյան

четверг, 26 марта 2009 г.

Օտար կրակ, չպատվիրված զոհաբերություն, իզուր պաշտամունք


(Ղեւտ. 10:1, 1Թագ. 13:14, Մարկ.7:6-8)
Տե՛ր, թող երբեք չպատահի,
Որ օտար կրակ մատուցեմ Քո առջև,
Չեմ ուզում Ահարոնի որդիների պես
Քո շնորհած սքանչելի կյանքը կորցնել:
Տե՛ր, թող երբեք չպատահի,
Որ բերեմ զոհաբերություն, որ չես պատվիրել,
Չեմ ուզում, որ մի օր ինձ համար էլ հնչի
Սավուղին տրված դատավճիռն ահեղ:
Տե՛ր, թող երբեք չպատահի,
Որ երկրպագությունս իզուր լինի,
Չեմ ուզում, որ այն օրը Դու ինձ ասես.
«Հեռացիր, բնավ չեմ ճանաչել քեզ»:
Թող որ Քեզ բերեմ ոչ թե կրակ օտար,
Այլ այրվեմ Սուրբ Հոգուդ հրով սրբարար,
Թող չպատվիրված զոհեր չմատուցեմ,
Այլ Քեզ հաճելի պատարագը՝
Կոտրած սիրտս բերեմ,
Թող երկրպագությունս չլինի ապարդյուն,
Այլ երկրպագեմ Քեզ Հոգով ու Ճշմարտությամբ:
Թող չլինեն երբեք իմ կյանքում
Կրակ օտար,
Զոհեր չպատվիրված,
Երկրպագություն իզուր:

Հռիփսիմե Մկրտչյան

Փառաբանությունը ազատություն է բերում

«Մեծարվիր, ով Աստված, երկինքներից բարձր ու Քո փառքը թող ամբողջ երկրի վրա լինի, որպեսզի նրանք, ում սիրում ես, ազատվեն» (Սաղմոս 108:5,6)

Նորից տեսնում եմ, որ փառաբանության մեջ է ազատագրումը: Տերը պիտի մեծարվի, որ ազատվեն նրանք, ում Նա սիրում է: Ես ուզում եմ, որ Նրա և իմ սիրելիները ազատվեն. ոմանք կարիք ունեն ազատվելու մեղքից, ոմանք՝ հպարտությունից, ոմանք՝ աշխարհասիրությունից, ոմանք՝ իրենց խնդիրներից, ես ինքս կարիք ունեմ ազատվելու հոգեկան ընկճվածությունից: Տխրելու փոխարեն պետք է Տիրոջը փառաբանեմ: Բանտում եղած ժամանակ Պողոսն ու Շիղան փառաբանություն էին երգում, և բանտի դռները բացվեցին: Փառաբանությունը ազատում է, փակ դռներ է բացում: Իմ կյանքում հիմա շատ փակ դռներ կան՝ փակ է ինձ եկեղեցի տանող դուռը, փակ են սրտերը ինձ հասկանալու համար, փակ են ճանապարհները՝ ստանալու համար սրտիս փափագները, բայց եթե սիրտս բաց լինի Աստծո Խոսքի համար և բերանս բացվի Տիրոջս փառաբանելու համար, Տերը կբացի փակ դռներն իմ կյանքում: Հիմա ի՞նչ անեմ փակ դռների առաջ կանգնած: Շնորհակալ եմ Տիրոջը, որ հայտնեց, թե ինչ անեմ: Ասեմ Դավթի պես. «Մեծարվիր, ով Աստված, երկինքներից բարձր»: Կազատվե՞ն Նրա և իմ սիրելիները: Այո, քանի որ Նա է խոստացել:

Տիրոջը զարմացնող երկու բաները

(Մարկ.6:6, Ղուկաս 7:9)
Տե՛ր, ես շատ բաների վրա եմ զարմանում,
Իսկ Քեզ միայն երկու բան զարմացրեց.
Անհավատությունը Քո ժողովրդի,
Երբ Դու բազում հրաշքներ էիր գործում
Եվ հավատքը մի հեթանոսի,

Որ Խոսքիդ զորությանն էր սրտանց հավատում:
Ցավում եմ, որ այնքան հաճախ եմ
Առաջինների նման զարմացրել Քեզ,
Օգնիր ինձ հիմա Քեզ զարմացնել
Հավատքով լեցուն հեթանոսի պես,
Ասա միայն Խոսքդ ամենակարող,
Եվ հոգիս կբժշկվի անմիջապես:

Հռիփսիմե Մկրտչյան

среда, 25 марта 2009 г.

Դու շուտով կգաս


Քանի որ միայն մի քիչ էլ,
Եվ Դու, որ խոստացել ես գալ,
Կգաս ու չես ուշանա:
Քո գալստի հույսը , պաշտելի Հիսուս,
Օգնում է դիմանալ և համբերել,
Սրբության մեջ հարատևել և հանդարտվել,
Արցունքներս սրբել ու վերև նայել:
Թող Քո գալուստը լինի մեծագույն ուրախությունս,
Գալստիդ պատրաստվելը` մեծագույն գործս,
Գալստիդ ժամանակ մեկնելը` մեծագույն փափագս,
Իսկ Դու, շուտով վերադարձող Արքա,
Եղիր միակ Սերս:

Հռիփսիմե Մկրտչյան

Քո սահմանած հերթականությունը

Հաճախ Քո սահմանած հերթականությունը
Մոռանում եմ, Տեր.
Ուզում եմ նախ տեսնել, հետո` հավատալ,
Ուզում եմ նախ սրտիս փափագները ստանալ,
Հետո` Քեզնով ցնծալ, ուրախանալ:
Դու ուզում ես, որ ամենից առաջ Խոսքիդ հավատամ,
Հավատալուց հետո միայն Քո փառքը տեսնեմ,
Դու ուզում ես, որ սրտիս փափագները ստանամ,
Եթե բերկրանք գտնեմ Քո մեջ ու Քեզնով երջանիկ լինեմ:
Հիշեցրու, որ առանց աղաղակելու պարիսպները չեն քանդվի,
Առանց փնտրելու չեմ կարող գտնել,
Առանց թակելու չպետք է սպասեմ, որ դուռը բացվի,
Օգնիր Քո սահմանած հերթականությունը երբեք չշփոթել:

Հռիփսիմե Մկրտչյան

Խոսքդ սրտիս մեջ եմ պահում, Խոսքդ մեղքից է իմ սիրտը պահում



(Սաղմոս 119:9-16)

Սուրբ Խոսքդ պահում եմ սրտիս մեջ`
Հավատալով, որ այն սիրտս կպահի մեղքից,
Իմ ամբողջ սրտով ես փնտրում եմ Քեզ,
Թող չշեղվեմ երբեք Քո պատվիրաններից:
Քաղցր Խոսքերդ երբեք չեմ մոռանա,
Դրանց մեջ եմ միշտ ես բերկրանք գտնում,
Քո կանոններից ես չեմ հեռանա,
Անընդհատ դրանց մասին եմ խորհում:

Հռիփսիմե Մկրտչյան

вторник, 24 марта 2009 г.

Քննիր մտքերս

Տեր, ուզում եմ, որ սիրտս ու մտքերս քննես,
Ամեն օր ուզում եմ քննություն հանձնել
Եվ երբ վերջին քննությանն ինձ կանչես,

Ուզում եմ «գերազանց» ես գնահատվել:
Հաճախ մտքերը թշնամու բանակից
Քողարկված ու ծպտված են գալիս,
Ուստի դժվարանում եմ դրանք ճանաչել.
Նրանց դու քողազերծիր ու հետ ուղարկիր,
Միտքս լիովին վերանորոգիր,
Իմ մտքի վրա ցուցանակ Դու դիր.
«Սուրբ Գրքին օտար մտքերի մուտքը արգելվում է խստիվ»:

Հռիփսիմե Մկրտչյան

Չաղոթելու մեղքը

«Բայց ես քավ լիցի, որ Տիրոջ դեմ մեղք գործեմ ` ձեզ համար աղոթք անելուց դադարելով»: (1 Թագ.12:23):

Դադարել Աստծո ժողովրդի համար աղոթելուց. ի՞նչ է սա. տկարությու՞ն, թերացու՞մ, ժամանակի պակա՞ս. ո՛չ, Աստծո Խոսքը դա անվանում է մեղք: Հաճախ թերանում եմ աղոթելու բոլոր նախատեսված թեմաների համար: Երբեմն ջանքեր են պահանջվում եկեղեցու բոլոր անդամների համար անխտիր աղոթելու համար: Բավական չէ անունները գրել աղոթքի օրագրում, պետք է Տերը նրանց անունները գրի սրտումս. որ որևէ մեկին չմոռանամ, անհոգ չլինեմ, այլ Աստծո ամեն զավակի համար աղոթեմ քրոջական հոգատարությամբ և իմ Տիրոջ ուղարկած սիրով: Պետք է սթափվեմ. աղոթքի պակասությունը մեղք է: Եթե միշտ հիշեմ, որ դա մեղք է, ավելի արդյունավետ աղոթքի կյանք կունենամ:

Ճանապարհդ Տիրոջը հանձնիր

«Տէրոջը յանձնէ քու ճամփադ ու Անոր յուսա. եւ Անիկա պիտի կատարէ» (Սաղմոս 37:5):

Տիրոջը հանձնել ճանապարհը նշանակում է անվերապահորեն վստահել Նրան, չփորձել միջամտել, Տիրոջը «օգնել»: Երբ Տիրոջն եմ հանձնում ճանապարհս, պետք է մի բան անեմ` լիովին վստահեմ Նրան և հավատամ, որ Նա անպայման կգտնի լավագույն լուծումը: Հիշեցի եղբայրներիցս մեկի քարոզը, նա ասում էր` մի փորձիր ղեկը վերցնել վարորդի ձեռքից, վթար կլինի: Պատահել է, որ երբ նայել եմ, թե ինչպես է Տերը «վարում մեքենան» կյանքիս ճանապարհին, միջամտել եմ կամ խորհուրդներ տվել: Այլևս երբեք չպետք է ասեմ. «Հիսուս, ինչու՞ կանգնեցիր, մի քիչ արագ գնա», որովհետև Նա ինձանից լավ գիտի կյանքիս ճանապարհի «երթևեկության կանոնները»: Նա գիտի, թե երբ է պետք արագացնել, երբ` դանդաղեցնել, երբ է պետք կանգ առնել: Ես պետք է վստահ լինեմ, որ Նա ինձ ապահովությամբ ու ժամանակին տեղ կհասցնի:

воскресенье, 15 марта 2009 г.

Միայն Քեզ եմ փափագում


Սիրում եմ այն տունը, ուր ներկա ես Դու,
Այն վայրը, ուր Քո փառքն է բնակվում,
Արդ, միայն մեկ բան եմ Քեզանից խնդրում,
Մեկ բան եմ միայն սրտանց փափագում.
Կուզեմ բնակվել Քո սրահներում
Իմ կյանքի բոլոր, բոլոր օրերում:
Խորանիդ մեջ կապրեմ հավիտյան,
Թևերիդ հովանու տակ ես պիտի ցնծամ,
Քաղցր է մեկ օրը Քո սրահներում
Քան հազար օրերն ուրիշ վայրերում,
Միակն ես Դու ինձ համար երկնքում,
Երկրի վրա էլ միայն Քեզ եմ փափագում,
Իմ սիրտն ու մարմինը թեև մաշեն,
«Սրտիս զորությունն ես, Տեր» պիտի երգեմ:

Հռիփսիմե Մկրտչյան

Ես շատ տարիներ առաջ եմ գրել այս բանաստեղծությունը և միշտ ցանկացել եմ, որ այն դառնա գեղեցիկ երկրպագության երգ: Շնորհակալ եմ Տիրոջից և Սառա քույրիկիցս, ով գեղեցիկ մեղեդի գրեց այս բանաստեղծության համար:

четверг, 12 марта 2009 г.

Զգուշացեք փարիսեցիների խմորից


«Նայեցեք, զգույշ եղեք փարիսեցիների ու սադուկեցիների խմորից» (Մատթ. 16:6)
Հիսուս, Քո աշակերտներին Դու զգուշացրիր
Հեռու մնալ խմորից փարիսեցիների,
Ուրեմն, այդ վտանգը կա, ու դրանից զերծ չեն
Նույնիսկ ճշմարիտ աշակերտները Քո:
Տեր, որոշել եմ ես էլ զգուշանալ.
Փարիսեցիության նշանները ցույց տուր Դու իմ մեջ,
Ուզում եմ անհետ ջնջես դրանք ու ոչնչացնես,
Չեմ ուզում այն սարսափազդու «Վայ քեզ»-ն ինձ ասես:
Թող երբեք չլինի որ մի բան ասեմ ու անեմ այլ բան,
Ուզում եմ, որ բոլոր խոսքերիս ու գործերիս միջև
Միշտ լինի միայն հավասարման նշան:
Աղոթելիս հրապարակների անկյունը չեմ ընտրի,
Այլ գաղտնի վայրում Քեզ կհանդիպեմ,
Աղքատներին տալիս փող չեմ հնչեցնի,
Ծոմ պահելիս զվարթ տեսք կընդունեմ:
Ինձ տիտղոսներ ու գովեստներ պետք չեն,
Ուզում եմ Քո շուրթերից «ապրես»-ը լսել,
Պատվավոր տեղերում նստել չեմ ուզում,
Ոտքերիդ մոտ նստած երջանիկ կլինեմ:
Տե՛ր, թեև սիրում եմ մժղուկը քամել,
Թույլ չտաս երբեք, որ ուղտը կուլ տամ,
Հիշեցրու ամանի ներսը միշտ սրբել,
Որ դուրսն էլ փայլի այդ նույն մաքրությամբ:
Աչքիս մեջ գերան ունենալով՝
Ինձ ակնաբույժի տեղ երբեք չեմ դնի,
Քո տված փրկության մեջ մնալու համար
Իմ գործերին չեմ ապավինի:
Ինձ մաքսավորի հետ չեմ համեմատի,
Այլ նրա պես ուզում եմ ես աղաղակել,
«Տե՛ր, ողորմիր ինձ, որ մեղավոր եմ»,
Քո շնորհած ներումը պիտի վայելեմ:
Տե՛ր. քննիր ինձ միշտ ու հայտնաբերիր
Բոլոր ախտանիշները փարիսեցիության,
Այս սարսափելի ախտից պետք է զգուշանամ,
Որ չտանի ինձ հոգևոր մահվան:

Հռիփսիմե Մկրտչյան

среда, 11 марта 2009 г.

Նեղության քննությունը և համբերության դպրոցի վկայականը

Մի օր Սուրբ Գիրք կոչվող տեղեկատուից իմացա Սուրբգրային Ճշմարտության քաղաքում գտնվող Համբերության դպրոցի մասին: Այն ինձ հետաքրքրեց, և ես որոշեցի ավելի շատ տեղեկություններ իմանալ դրա վերաբերյալ: Իմացա, որ այնտեղ սովորելը շատ դժվար է, բայց ավարտելուց հետո տրվում է «համբերողի» վկայականը: Իսկ այդ վկայականը հնարավորություն է տալիս ժառանգելու Աստծո խոստումները (Եբր.6:12,10:36): Այն անհրաժեշտ է հավատքի ասպարեզում վազելու համար (Եբր.12:1): Նաև իմացա, որ պետք է շատ դժվար քննություն հանձնել «նեղություն» կոչվող մասնագիտական առարկայից (Հռոմ. 5:3): Առանց այդ քննությունը հանձնելու հնարավոր չէ ստանալ համբերողի վկայականը: Բայց պարզվեց, որ բոլոր ուսանողները կարող են օգտվել օգնականների ծառայությունից: Օգնականներն են Աղոթքը (Հակոբ 5:13), Ներողամտությունը (Կողոս.3:13), Տիրոջ գալստյան հույսը (Հակոբ 5:8) և գլխավոր Օգնականը` Սուրբ Հոգին (Հռոմ. 8:26): Այդպիսի օգնականներ ունենալով ամեն ուսանող կարող է հեշտությամբ հանձնել նեղության քննությունը: Նաև իմացա, որ Համբերության դպրոցն ավարտելուց հետո կարող եմ ուսումս շարունակել Աստվածապաշտության դպրոցում, հետո` Եղբայրասիրության դպրոցում և ընդունվել Սիրո համալսարան(2 Պետր. 1:6,7): Գերազանցությամբ ավարտած ուսանողներին տրվում է «Հոբի համբերություն» կոչումը, որի միջոցով կստանան աննկարագրելի օրհնություններ և իրենց կորցրածի կրկնապատիկը(Հոբ 42:10):
Ես որոշել եմ անպայման ընդունվել Համբերության դպրոցը և ամեն ջանք անել գերազանցիկ ուսանողուհի լինելու համար: Ինձ քաջալերում են այդ դպրոցի շրջանավարտ Պողոսի խոսքերը. «Եթե համբերենք, հետն էլ կթագավորենք» (2 Տիմ. 2:12):

Հռիփսիմե Մկրտչյան

Կարմիր ծովը

Մի տղա նստել էր նստարանին և Աստվածաշունչ էր կարդում: Նա բարձրաձայն փառաբանում էր Աստծուն. «Ալելուիա, ալելուիա, ինչ մեծ է Աստված»,---- անընդհատ գոռում էր նա` առանց անհանգստանալու, որ կլսեն իրեն:
Քիչ անց եկավ մի մարդ, որը վերջերս էր ավարտել համալսարանը: Իրեն համարելով ճշմարտության ճանապարհներում լուսավորված մարդ և ցանականալով ցույց տալ իր կրթվածությունը` տղային հարցրեց, թե որն է իր ուրախության պատճառը:
---- Էյ,-- իր հերթին հարցրեց տղան ուրախ ծիծաղով,---մի՞թե չգիտեք, թե ինչ կարող է անել Աստված: Ես հենց նոր կարդացի, որ Աստված բաժանեց Կարմիր ծովի ջրերը և Իսրայելին անցկացրեց դրա միջով:
Կրթված մարդը թեթև քմծիծաղ տվեց, նստեց տղայի կողքին և սկսեց նրա աչքերը բացել աստվածաշնչյան հրաշքների «իրականության» վերաբերյալ:
---- Այդ բոլորը շատ հեշտ է բացատրել: Ժամանակակից գիտնականներն ապացուցել են, որ այդ ժամանակ Կարմիր ծովը ընդամենը 25 սանտիմետր խորություն ուներ: Այնպես որ իսրայելացիների համար դժվար չէր այնտեղով անցնել:
Տղան շփոթված էր. նա մեկ նայում էր Աստվածաշնչին, մեկ ` այդ մարդուն: Իսկ մարդը` գոհ այն մտքից, որ լուսավորել է խեղճ, միամիտ երեխային գիտական մտքի մեծ բացահայտումներով, շրջվեց, որ գնա: Հազիվ երկու քայլ էր արել, երբ տղան սկսեց ուրախանալ և ավելի բարձր ձայնով փառաբանել Աստծուն: մարդը շրջվեց` իմանալու համար նրա ուրախության նոր պատճառը:
---Օ,---երջանիկ բացականչեց տղան,-- Աստված ավելի մեծ է, քան ես կարծում էի: Նա խեղդեց եգիպտացիներին 25 սանտիմետր խորությամբ ջրում:


Հեղինակն անհայտ է
 Անգլերենից թարգմանեց Հռիփսիմե Մկրտչյանը

Բեռնակրի գործը հեշտ է ամենամեծ Բեռնակրի օգնությամբ

«Միմյանց բեռը կրեք և այսպիսով կատարեցեք Քրիստոսի օրենքը» (Գաղ.6:2):

Մի անգամ եղբայրներիցս մեկն ինձ մի բան խնդրեց և հետն էլ ավելացրեց. «Գրված չի՞. «Միմյանց բեռները տարեք»: Ես էլ ասացի. «Ես միշտ ուրիշների բեռները տանում եմ, բայց ոչ ոք իմը չի ուզում տանել»: Նա կատակեց. «Քո բեռներն էլ կտանեմ, քեզ էլ կտանեմ. ու՞ր տանեմ»: Ծիծաղեցի, բայց երբեմն տխրում եմ դրա համար: Այո, ես բեռնակրի մասնագիտություն ունեմ Աստծո Թագավորությունում. երբեմն դառնությամբ մտածում եմ, որ իմ բեռները վերցնող չկա, իսկ ես ուրիշների բեռները սիրով և հոժարությամբ եմ վերցնում: Բայց չպետք է մոռանամ, որ կա Մեկը, որ վերցրել է իմ ամենամեծ բեռը` մեղքերս, և կարող է վերցնել մնացած բեռներն էլ` հոգսերս, խնդիրներս, ցավերս: Միայն թե ես մի անհեթեթ սովորություն ունեմ. բեռներս տանում եմ Հիսուսի մոտ, հետո գնում ու հետ եմ վերցնում: Որոշել եմ այլևս չդժգոհել Բեռնակրի մասնագիտությունից, որովհետև ամենամեծ Բեռնակիրն ինձ հետ է:

Հիսուս, առանց Քեզ չե՛մ գնա

«Ես քեզի հետ Եգիպտոս պիտի իջնեմ» (Ծննդ. 46:4)

Ինչ հրաշալի խոստում. քեզ հետ պիտի իջնեմ: Միակ բանը, որն իսկապես անհրաժեշտ է, այն է, որ Տերն ուղեկցի ինձ: Ես ամեն տեղ կարող եմ գնալ, եթե միայն Տերն ինձ ասի. «Ես էլ կգամ քեզ հետ»: Այս համարը այսօր կարդալիս մտածեցի. «Ոչ մի տեղ չեմ գնա, եթե Տերը ինձ հետ չգա»: Ես միշտ կասեմ. «Հիսուս, առանց Քեզ չեմ գնա: Եթե Դու չես գալիս, ես էլ չեմ գնում»:
Ինչ հրաշալի է Նրա ընկերակցությունը:

Կախված է նրանից, թե ում ձեռքում է

Բասկետբոլի գնդակն իմ ձեռքում արժի հինգ հազար դրամ:
Բասկետբոլի գնդակը Մայքլ Ջորդանի ձեռքում արժի 33 միլիոն դոլար:
Կախված է նրանից, թե ում ձեռքում է:

Գավազանը իմ ձեռքում հեռու կպահի վայրի գազանին:
Գավազանը Մովսեսի ձեռքում բացեց Կարմիր ծովը:
Կախված է նրանից, թե ում ձեռքում է:

Պարսատիկն իմ ձեռքում միայն խաղալիք է:
Պարսատիկը Դավթի ձեռքում զենք էր, որով հաղթեց հսկային:
Կախված է նրանից, թե ում ձեռքում է:

5 հացն ու 2 ձուկը իմ ձեռքում մի քանի ձկով սենդվիչ է:
5 հացն ու 2 ձուկը Հիսուսի ձեռքում կերակրեց հազարավորներին:
Կախված է նրանից, թե ում ձեռքում է:

Իմ ձեռքում եղած մեխերը կարող են թռչնի բույն պատրաստել:
Հիսուսի ձեռքում եղած մեխերը փրկություն բերեցին հավատացողներին:
Կախված է նրանից, թե ում ձեռքում է:

Ուրեմն հանձնիր քո բոլոր հույսերն ու երազները, վախերն ու մտահոգությունները, ընտանիքն ու բարեկամներին, ներկան ու ապագան Աստծո ձեռքերում, որովհետև կախված է նրանից, թե ում ձեռքում են:


Հեղինակն անհայտ է
 Անգլերենից թարգմանեց Հռիփսիմե Մկրտչյանը

суббота, 7 марта 2009 г.

Ոչնչացնող կրակը չեմ խնդրում ուրիշների համար, ինձ ուրիշ կրակ ուղարկիր


«Տեր, ուզու՞մ ես, որ ասենք՝ երկնքից կրակ իջնի
Ու նրանց ոչնչացնի» (Ղուկաս 9:56).
Հիսուս, ինչ լավ է, որ Դու մեզ նման չես մտածում,
Ի՞նչ կլիներ, եթե պատժեիր կրակով
Բոլոր նրանց, ովքեր Քեզ չեն ընդունում:
Մինչ մտածում ենք, թե ճիշտ կլիներ,
Եթե երկնքից կրակ իջներ, չարերին ոչնչացներ,
Քո հանդիմանությունը հիշեցնում է մեզ,
Թե ինչ նպատակով ես Դու աշխարհ եկել.
Չես եկել կորստյան մատնելու, այլ փրկելու:
Փոխանակ ցանկանամ, որ երկնքից կրակ իջնի, նրանց ոչնչացնի,
Պետք է խնդրեմ, որ երկնքից ինձ ուղարկես
Կրակը... Քո Հոգու,
Որ ոչնչացնի իմ մեջ ոչնչացնող կրակը խնդրող հոգին,
Որ հասկանամ՝ Քո գործը փրկելն է,
Իմը՝ Քո փրկության մասին պատմելը,
Որ անհանգստանամ կորսվածների փրկության համար
Եվ ճշմարիտ վկա դառնամ Քեզ համար: 

Հռիփսիմե Մկրտչյան

Հրաշքի գինը

Թեսին ութ տարեկան էր, երբ լսեց, որ մայրն ու հայրը խոսում են իր փոքր եղբոր` Անդրեի մասին: Նա գիտեր, որ եղբայրը շատ հիվանդ է, և իրենք բոլորովին դրամ չունեն: Նրանք պատրաստվում էին տեղափոխվել հանրակացարան, որովհետև հայրիկը դրամ չուներ վճարելու թե՛ բժշկին, թե՛ տան վարձը: Միայն մի շատ թանկարժեք վիրահատություն կարող էր փրկել իր եղբորը, բայց չկար մեկը, որ նրանց պարտքով փող տար: Թեսին լսեց, որ հայրն ասում է մորը. «Միայն հրաշքը կարող է փրկել նրան հիմա»: Թեսին գնաց իր ննջարանը և դարակի թաքստոցից հանեց մի ապակյա բանկա: Նա գետնին լցրեց իր ունեցած ողջ մանր դրամը և սկսեց ուշադրությամբ հաշվել: Նա երեք անգամ հաշվեց այն: Խնամքով մանրադրամները նորից լցրեց բաժակի մեջ, փակեց այն և գնաց դեղատուն: Նա համբերությամբ սպասեց, որ դեղագործն իրեն ուշադրություն դարձնի, բայց նա աշխուժորեն զրուցում էր մի մարդու հետ և չէր ուզում ուշադրություն դարձնել ութամյա երեխային: Նա սկսեց ոտքերով դոփել` ուշադրություն գրավելու համար, բայց իզուր: Նա սկսեց հնարավորին չափ մեծ աղմուկով մաքրել կոկորդը, բայց ոչ մի օգուտ: Վերջապես իր բանկայից հանեց 25 ցենտանոց մի մանրադրամ և աղմուկով դրեց վաճառասեղանի վրա: Այս անգամ դա ազդեց:
---- Ի՞նչ ես ուզում,---- ձանձրացած տոնով հարցրեց դեղագործը,--- ես խոսում եմ Չիկագոյից եկած իմ եղբոր հետ, որին դարերով չեմ տեսել,--- ասաց նա` առանց սպասելու երեխայի պատասխանին:
---- Դե, ես էլ ուզում եմ ձեզ հետ խոսել իմ եղբոր մասին,--- պատասխանեց Թեսին նույն ձանձրացած տոնով,--- նա շատ, շատ հիվանդ է, և ես ուզում եմ մի հրաշք գնել:
---- Ի՞նչ, --- ասաց դեղագործը:
---- Նրա անունը Անդրե է, նրա գլխի մեջ ինչ-որ վատ բան է աճում: Հայրիկն ասաց, որ միայն հրաշքը կփրկի նրան: Ես ուզում եմ իմանալ, թե ինչ արժի հրաշքը:
---- Փոքրիկ աղջիկ, մենք այստեղ հրաշքներ չենք վաճառում, ցավում եմ, բայց չեմ կարող օգնել քեզ,--- ասաց նա մի փոքր մեղմանալով:
---- Լսեք, ես փող ունեմ, կարող եմ վճարել: Եթե իմ ունեցածը չհերիքի, կարող եմ էլի ճարել: Ուղղակի ասեք ինձ, թե ինչ արժի հրաշքը:
Դեղագործի եղբայրը կռացավ և հարցրեց աղջնակին.
---- Ինչպիսի՞ հրաշքի կարիք ունի քո եղբայրը:
---- Չգիտեմ,--- պատասխանեց Թեսին արցունքոտ աչքերով,--- ես միայն գիտեմ, որ մայրիկն ասաց, որ նա վիրահատության կարիք ունի, իսկ հայրիկը չի կարող վճարել: Ես էլ որոշեցի օգտագործել իմ դրամը:
---- Ինչքա՞ն փող ունես,--- հարցրեց դեղագործի եղբայրը:
---- Մեկ դոլար և 11 ցենտ,---հազիվ լսելի ձայնով պատասխանեց Թեսին,--- սա իմ ունեցած ամբողջ դրամն է, բայց եթե պետք լինի, էլի կճարեմ:
---- Ինչպիսի զուգադիպություն,--- ժպտաց մարդը,--- 1 դոլար և 11 ցենտ` հենց այդքան էլ արժի փոքրիկ եղբայրների համար նախատեսված հրաշքը:
Հետո նա ասաց.
---- Ինձ տար ձեր տուն: Ես ուզում եմ տեսնել եղբորդ և ծանոթանալ ծնողներիդ հետ: Տեսնենք` ինձ մոտ կգտնվի՞ ձեզ պետք եկած հրաշքը:
Դեղագործի եղբայրը դոկտոր Կարլտոն Արմսթրոնգն էր: Նա ապրում էր Չիկագոյում և նյարդավիրաբուժության մեջ մասնագիտացած վիրաբույժ էր: Վիրահատությունը կատարվեց լիովին անվճար, և կարճ ժամանակ անց Անդրեն տանն էր և լավ էր զգում: Վերջերս մայրն ու հայրը խոսում էին այդ վերջին իրադարձությունների մասին: Մայրն ասաց.
---- Այս վիրահատությունն իսկական հրաշք էր: Տեսնես` ինչքա՞ն կարժենար:
Թեսին ժպտաց: Նա շատ լավ գիտեր, թե ինչ արժի հրաշքը... 1 դոլար և 11 ցենտ:


Հեղինակն անհայտ է
 Անգլերենից թարգմանեց Հռիփսիմե Մկրտչյանը

пятница, 6 марта 2009 г.

Աղոթում եմ, որ ինձ աղոթող դարձնես


Այս երեկո, երբ նորից էի կարդում
Կողոսացիներին ուղղված նամակը Պողոսի,
Կանգ առա վերջին գլխի 12-րդ համարում.
Ինչպես կուզեի Եպափրասի նման եղբայր ունենալ,
Ով կպատերազմեր ինձ համար իր աղոթքներում,
Որ անթերի ու կատարյալ լինեմ ամեն ինչում:
Բայց հետո հասկացա, որ կարող եմ ավելի լավ բան ուզել`
Ոչ թե Եպափրասի նման աղոթող մեկն ունեալ,
Այլ նրա նման աղոթող մեկը լինել:
Տեր, շնորհիր ինձ լինել աղոթքի զինվոր,
Երբ աղոթքիս օրագրում գրում եմ սիրելի անուններ,
Անունները Քո զավակների,
Որպեսզի ոչ մեկի համար աղոթել չմոռանամ,
Այդ անունները գրիր իմ սրտում,
Որ յուրաքանչյուրի համար աղոթեմ
Քրոջական հոգատարությամբ ու սիրով,
Որ ամեն մեկի համար պատերազմեմ աղոթքով:
Տեր , բազում թեմաներ կան նշված աղոթքիս օրագրում,
Բայց որպեսզի բոլորի համար սրտանց աղոթեմ,
Ամենակարևոր աղոթքն եմ հիմա բերում Քեզ.
Աղոթում եմ, որ ինձ աղոթող դարձնես:

Հռիփսիմե Մկրտչյան 

Հանդիպում Հիսուսի հետ


Հիսուս, մինչ փակում եմ դուռն իմ սենյակի
Գաղտնի վայրում հանդիպելու Քեզ,
Խնդրում եմ, որ բացես դուռը իմ սրտի,
Որ այնտեղ պահեմ այն, ինչ ինձ պետք է ասես:

Մինչ փակում եմ աչքերս, որ ոչինչ ինձ չշեղի
Այն ժամանակ, երբ կանչում եմ Քեզ,
Խնդրում եմ, որ հոգուս աչքերը բացես,
Որ տեսնեմ սքանչելիքները Քո անգին Խոսքի:

Մինչ հեռանում եմ ամենքից ու ամեն ինչից,
Խնդրում եմ, պաշտելի Տեր, որ ինձ մոտ լինես,
Երբ անջատում եմ բոլոր ձայները մտքերիս,
Խնդրում եմ, որ Քո մեղմ ձայնով սրտիս հետ խոսես:

Ներիր, որ երբեմն չեմ գալիս հանդիպման,
Իսկ դու շարունակում ես անընդհատ ինձ սպասել,
Ներիր, որ մոռանում եմ Քեզնից խնդրել այն,
Ինչ Դու փափագում ես Քո սիրով ինձ շնորհել:

Ներիր, որ անընդհատ վազքի մեջ եմ եղել
Ու մոռացել եմ ոտքերիդ մոտ նստել,
Հիմա գալիս եմ մեր հանդիպման վայրը,
Էլ չեմ ուզում Քեզ սպասեցնել:

Հռիփսիմե Մկրտչյան

Շնորհակալ եմ անպատասխան աղոթքների համար


Անպատասխան աղոթքներն էլ
Բարու գործակից են,
Որովհետև փափագներս
Կամքիցդ կարևոր չեն,
Որովհետև պատասխաններդ
Խնդրանքներիցս իմաստուն են,
Որովհետև մերժումներդ
Սիրուդ ապացույցն են:
Որովհետև Քո կամքը բարի ու կատարյալ է,
Ու երբ Դու «ոչ» ես ասում,
Բարիքիս համար է:
Ով աղոթքի լսող,
Անպատասխան աղոթքների համար
Շնորհակալ եմ Քեզ,
Իսկ չպատասխանելու պատճառները
Մի օր կհասկանամ ես:

Հռիփսիմե Մկրտչյան 

Ուզում եմ աղոթքներիս պատասխանը լինել


Տեր, աղոթում եմ, որ օրհնես Քո զավակներին,
Ուրեմն նրանց համար ինձ օրհնություն դարձրու,
Աղոթում եմ, որ մխիթարես վշտացածներին,
Ուրեմն մխիթարել ինձ սովորեցրու:
Աղոթում եմ, որ մարդիկ Քո փառքը տեսնեն,
Ուրեմն իմ կյանքով թող Քո փառքը ցույց տամ,
Աղոթում եմ, որ խավարում մարդիկ լույս գտնեն,
Ուրեմն օգնիր, որ ես լույս դառնամ:
Աղոթում եմ, որ մարդիկ Քո սերը ճանաչեն,
Ուրեմն շնորհիր, որ Քո նման սիրեմ,
Քաղցած սրտերը Քո Խոսքը ճաշակեն,
Ուրեմն օգնիր, որ կերակուր բաժանեմ:
Տեր, պատասխանիր իմ աղոթքներին
Եվ շնորհիր, որ աղոթքներիս պատասխանը լինեմ:

Հռիփսիմե Մկրտչյան

четверг, 5 марта 2009 г.

Մեղրախորիսխը բաժանելու եմ, թեկուզ չստանամ

(Առակաց 16:24, Սաղմոս 119:103)

Տեր, գիտես, որ սիրում եմ
Բաժանել զավակներիդ և ոչ միայն նրանց
Այն մեղրախոսրիսխը, որ քաղցր է հոգուն
Եվ բերում է բժշկություն:
«Օրհնվել եմ ձեր քարոզից».
Ինձ համար դժվար չէ խոսքերն այս ասել
Որդիներիդ, որոնք Խոսքդ են քարոզում,
Իսկ դուստրերիդ, որոնք Քեզ երգում են օրհնություն,
Չեմ կարող չասել. «Ինչ գեղեցիկ ես, քույրս , դու երգում»:
Հաճելի խոսքերը սրտիցս են բխում.
«Քեզ համար աղոթում եմ» ,
«Տիրոջ անհուն սիրով քեզ սիրում եմ»,
«Կարոտել եմ քեզ»,
«Ինձ համար դու օրհնություն ես»,
«Քեզ համար Տիրոջից գոհանում եմ ես»:
Հիսուս, ներիր, որ երբեմն տխրում եմ,
Որ մեղրախորիսխը հաճախ եմ բաժանում,
Բայց շատ հազվադեպ եմ ինքս ստանում:
Տեր, Դու ինձ չես պատվիրել ստանալ, այլ... բաժանել,
Որովհետև իմ մեղրախորիսխը ստանում եմ Քեզանից,
Ամենաքաղցր խոսքերը, որ երբևէ լսել եմ
Հնչել են միշտ Քո շուրթերից:
Խոսքերդ ավելի քաղցր են մեղրից,
Քաղցրացնում են կյանքս, բժշկում հոգիս:
Օգնիր ինձ այլևս չտխրել,
Որ հաճելի խոսքեր հաճախ եմ ասում,
Բայց այնքան հազվադեպ լսում:

Հռիփսիմե Մկրտչյան

Քաղցր նորություն Սաղմոս 149:4 համարից


Միշտ ինձ համար քաղցր ու հաճելի է
Քեզ հետ անցկացրած ամեն վայրկյանը,
Քո ներկայությունը այնքան զմայլելի է,
Բերկրություն է ամեն հանդիպումը Քեզ հետ:
Բայց անգին իմ Տեր, սքանչելի Հիսուս,
Սաղմոս 149:4 համարում
Ինձ հայտնեցիր մի քաղցր նորություն՝
Որ Դու էլ հաճույք ես ստանում Քո ժողովրդից.
Ինչ քաղցր է մտածել պաշտելի իմ Տեր,
Որ քաղցր է Քեզ համար հանդիպումն ինձ հետ.
Որ Դու էլ ես սպասում այն հանդարտ պահերին,
Երբ սիրտս բացում եմ Քո Խոսքի առջև,
Որ քեզ համար բերկրանք է ու երջանկություն
Խոսքերիդ լույսը իմ սրտում սփռել,
Իմ սրտում հնչող երգերը լսել,
Իմ Ուրախությունն ես, ես սիրում եմ Քեզ,
Ինչ հրաշք, որ Քո ուրախությունն եմ ես:

Հռիփսիմե Մկրտչյան 

среда, 4 марта 2009 г.

Նմանվել սուրբգրային հերոսուհիներին


Տեր, ինձ Ռեբեկայի ջանասիրությունը տուր
Ու թեև կարիք չկա, որ ջրհորից ջուր հանեմ ուղտերի համար,
Կյանքի ջրի աղբյուրի տեղը պիտի ցույց տամ մարդկանց:

Ինձ Հռութի եռանդն ու խոնարհությունը տուր
Ու թեև կարիք չունեմ  հավաքելոի հասկերը մնացած,
Ուզում եմ խոնարհությամբ Քո արտում գործել:

Ուզում եմ ինձ դարձնես Եսթերի նման,
Թեև թագուհի չեմ, ոչ էլ գեղեցկուհի,
Ուզում եմ նրա նման անձնազոհ լինել:

Ինձ Աբիգիայի պես խորագետ դարձրու
Եվ այնքան դժվար իրավիճակներում
Օգնիր նրա պես խաղաղարար լինել:

Ինձ երկրպագող սիրտ ու Խոսքիդ հանդեպ ծարավ տուր
Ուզում եմ բեթանացի Մարիամի նման ոտքերիդ մոտ նստել,
Ինձ համար ամենաթանկագինը Քեզ ընծայել:

Ինձ դարձրու Այծեմնիկի նման,
Թեև նրա արհեստից ոչինչ չեմ հասկանում,
Ուզում եմ նրա նման միշտ օգնել մարդկանց:

Շատ եմ ուզում Պրիսկիղային նմանվել,
Թեև չկա Ակյուղաս իմ կյանքում,
Ուզում եմ նրա պես Քեզ սրտանց ծառայել:

Տեր, դարձրու ինձ այնպիսին, ինչպիսին ուզում ես, որ լինեմ,
Թեև շատ բան չգիտեմ ու չեմ հասկանում,
Այնքան երջանիկ եմ, որ Քո դուստրն եմ: 

Հռիփսիմե Մկրտչյան

Քո կանոնները՝ երգերիս թեման


(Սաղմոս 119:54,105, 162, 147, 148)

Քո կանոններն են թեմա երգերիս,
Այն տանը, ուր պանդուխտ ու օտար եմ ես,
Քո Խոսքը լույս է, ու ճրագ՝ ոտքերիս,
Ուրախանում եմ գանձ գտնողի պես:
Արշալույսին ելա ու Քեզ կանչեցի
Եվ հուսացի Քո թանկագին Խոսքին,
Աչքերս լուսաբացից առաջ բացվեցին,
Որ մտածեմ ես Խոսքերիդ մասին:

Հռիփսիմե Մկրտչյան

Կարդալով 119 սաղմոսը





(Սաղմոս 119:8, 119:16, 119:97, 119:148, 119:11)
Տե՛ր, մինչ իմ սիրած սաղմոսն եմ կարդում,
Խնդրում եմ, որ իմ աչքերը բացես.
Խոսքիդ հրաշքները տեսնել եմ ուզում,
Եվ բերկրանք գտնել քաղցր Խոսքիդ մեջ:
Ու եթե գտնեմ բերկրանք ու անհուն հրճվանք
Քո զարմանալի կանոնների մեջ,
Կսիրեմ թանկագին Խոսքերդ սրտանց:
Ու եթե սիրեմ, ողջ օրը Խոսքիդ մասին կխորհեմ,
Ու եթե խորհեմ, սուրբ Խոսքդ սրտիս մեջ կպահեմ,
Ու եթե պահեմ, կկարողանամ կատարել նաև
Եվ կլինեմ այն երանելիների շարքում,
Որոնց մասին է Դավիթը պատմում
Իմ այնքան սիրած սաղմոսի սկզբում:

Հռիփսիմե Մկրտչյան 

вторник, 3 марта 2009 г.

Օրհնությունների հաշվապահ


Տեր, ինչ սքանչելի է լինել հաշվապահ Քո օրհնությունների,
Մեկ առ մեկ գրանցել Քո շնորհած բարիքները
Ոչ միայն իմ տետրում, այլև իմ սրտում.
Սիրում եմ երգել Քեզ օրհնություն,
Ինչ բերկրանք է Քեզ միշտ մատուցել գոհություն,
Հաշվել օրհնություններս, ոչ թե նեղություններս,
Մոռանալ վշտերս, հիշելով, որ բազում են ուրախություններս:
Ուզում եմ տրտունջը հեռացնել իմ շուրթերից՝
Հիշելով, որ սրբելու ես արցունքն իմ աչքերից,
Խնդիրներս ձեռքերիդ մեջ եմ հանձնում ես,
Վստահելով դրանց լուծումը միայն Քեզ:
Շատ բան չգիտեմ.
Անցյալում կատարված շատ բաներ չեմ հասկանում,
Հաճախ չգիտեմ նույնիսկ, թե հիմա ինչ ես անում,
Ապագայի անակնկալները հայտնի չեն ինձ,
Բայց այն, ինչ պետք է իմանայի, չես ծածկել ինձնից.
Գիտեմ, որ չես սխալվում,
Ուրեմն գիտես, թե որն է բարի ինձ համար,
Սերդ չի փոխվում,
Ուրեմն կամենում ես բարին ինձ համար,
Զորությունդ չի պակասում,
Ուրեմն կարող ես կատարել իմ կյանքում
Այն, ինչ Քո իմաստությամբ բարի ես համարում,
Այն, ինչ Քո սիրով շնորհել ես կամենում.
Իսկ ես օրհնություններդ թվարկել եմ ուզում.
Այսօրվանից մինչև օրը փառավոր գալստիդ
Թող լինեմ հաշվապահ օրհնություններիդ բազում:

Հռիփսիմե Մկրտչյան 

понедельник, 2 марта 2009 г.

«Տրտնջացող հոգի» հիվանդությունը


Թագավորաց Թագավորի Թագավորության Փառաբանության քաղաքում ապրում էր մի Աստծո զավակ: Մի օր նա սկսում է հաղորդակցություն ունենալ Կրոնի երկրի Դժգոհության քաղաքի, Դառնության փողոցի բնակիչներից մեկի հետ և նրանից վարակվում է մի տարօրինակ հիվանդությամբ: Հիվանդության պատճառով անճանաչելիորեն փոխվում է այն աստիճանի, որ նրան տեսնողները գլխի չէին ընկնում, որ նա Աստծո զավակ է: Հիվանդության ախտանիշները գնալով շատանում են. նախ կորցնում է հիշողությունը՝ մոռանում է աղոթել, մոռանում է փառաբանության երգեր երգել, մոռանում է երկնային Հոր սիրո մասին, տխուր բաները հիշում է, ուրախ բաները՝ ոչ, նեղությունները հիշում է, ստացած օրհնությունների մասին՝ մոռանում: Վատանում է նաև նրա տեսողությունը, արևը չի տեսնում, ամպերը տեսնում է, փոթորիկն ու անձրևը տեսնում է, ծիածանը՝ ոչ, փշերը տեսնում է, վարդերը՝ ոչ: Այնքան անուշադիր է դառնում, որ կորցնում է Թագավորի տված պարգևներից շատերը՝ ուրախությունը, խաղաղությունը, հաղթական կյանքը, հույսը և այլն: Ի վերջո որոշում է դիմել բժշկի: Գնում է «Աստծո Խոսք» անունով Բժշկի մոտ և պատմում հիվանդության ախտանիշների մասին: Հմուտ Բժիշկն անմիջապես տալիս է ախտորոշումը. «Դու հիվանդ ես «տրտնջացող հոգի» հիվանդությամբ: Հիմա սատանան ամենուրեք տարածում է այդ վտանգավոր վիրուսը: Դա շատ լուրջ հիվանդություն է, և չբուժելու դեպքում կարող է հասցնել հոգևոր մահվան»: Բժիշկը նրան պատվիրում է գնալ «Սուրբ Գիրք» կոչվող դեղատունը և վերցնել հետևյալ դեղերը՝ «Հռոմ.8:28», «Սաղմոս 92:1,2», «Սաղմոս 77:11» և այլ «հակագանգատիչներ»: Հիվանդին բացատրում է, թե ինչպես պետք է ընդունել այդ դեղերը:
----- Վերցրու Հռոմ.8:28 կոչվող դեղը: Այս դեղը պետք է ընդունել այսպես. միշտ հիշիր, որ ոչ թե շատ բաներ են բարու գործակից լինում Աստծուն սիրողների համար, այլ ամեն բան: Ինչ էլ կատարվի, Աստված Իր հսկողության տակ է պահում ամեն իրավիճակ, և բոլոր դեպքերը միասին աշխատում են քեզ բարիք բերելու համար: Օգտագործիր անընդհատ «Սաղմոս 92:1,2», «Սաղմոս 77:11» դեղերը: Ամեն առավոտ պատմիր Տիրոջ ողորմության մասին, ամեն գիշեր՝ Նրա հավատարմության մասին: Հիշիր Տիրոջ գործերի, հին օրերի հրաշքների մասին: Այնուհետև պետք է կատարել օգտակար վարժություններ: Ամենալավը «Ամեն բանում գոհացեք» կոչվող վարժությունն է (1 Թես.5:18):
----- Ինչպե՞ս է պետք դա կատարել: Ինչ էլ կատարվի, ինչքան էլ վշտերդ շատ լինեն, ինչքան էլ դժվար իրավիճակներում հայտնվես, պետք է Տիրոջը շնորհակալություն ասես, որովհետև Նրա կամքը միշտ բարի է:
---- Շատ դժվար վարժություն է:
---- Հեշտ կլինի, եթե Հռոմ.8:28 դեղամիջոցը կանոնավոր կերպով օգտագործես և միշտ կատարես նախավարժությունները: Իսկ նախավարժությունները կոչվում են «Միշտ ուրախ եղեք» և «Անդադար աղոթեք» (1 Թես.5:26,17): Եթե այս երկուսը միշտ անես, դեղամիջոցներն էլ միշտ ընդունես, «Ամեն բանում գոհացեք» կոչվող վարժությունը շատ հեշտ կլինի: Եվս մեկ օգտակար վարժություն՝ երգիր փառաբանության երգեր: Ես կառաջարկեմ «Բարի է, բարի է իմ հոգվույս», «Կյանքս ըլլայ, Տեր», «Ոհ, ինչ փառք է Իրեն հետ քայլել» երգերը: Նաև ամեն օր պետք է հաշվես քո օրհնությունները: Դա լիովին սպանում է «տրտնջացող հոգի» կոչվող վիրուսը: Զգույշ եղիր, ոչ մի դեպքում չհաշվես նեղություններդ ու հոգսերդ:
---- Իսկ ի՞նչ անեմ դրանք:
----- Տար Թագավորաց Թագավորի մոտ (1 Պետր.5:7, Սաղմոս 55:22): Երբ դրանք հանձնես Նրան, մտքովդ չանցնի հետ վերցնել:
---- Շատ լավ, մինչև ե՞րբ է պետք շարունակել կատարել վարժությունները և ընդունել դեղերը:
---- Ողջ կյանքում: Բուժվելուց հետո պետք է շարունակես ընդունել այդ դեղերը և կատարես վարժությունները, այլապես հիվանդությունը կարող է կրկնվել: Այդ դեղերը ոչ միայն բուժման համար են, այլև հիվանդությունը կանխելու: Նաև ամեն օր «Սուրբ Գիրք» դեղատան «Սաղմոսաց գիրք» կոչվող դարակից վերցրու «փառաբանության վիտամիններ»:
Աստծո զավակը շատ էր ուզում բժշկվել, դրա համար ճշտությամբ հետևում է բժշկի բոլոր դեղատոմսերին: Մեկը մյուսի հետևից անհետանում են հիվանդության ախտանիշները, և նա լիովին բժշկվում է: Ամեն օր փառաբանության երգեր է երգում, անդադար աղոթում է, միշտ ուրախանում, ինչ էլ կատարվի, ասում է՝ «Ես հիմա չգիտեմ, թե իմ Տերն ինչ է անում, բայց մի օր կիմանամ»: Երբ նորից հանդիպում է Դժգոհության քաղաքի բնակիչներին, այլևս չի վարակվում, այլ խորհուրդ է տալիս նրանց գնալ «Աստծո Խոսք» անունով բժշկի մոտ և օգտվել «Սուրբ Գիրք» կոչվող դեղատնից:
Եթե նկատել ես քո մեջ «տրտնջացող հոգի» հիվանդության ախտանիշներից թեկուզ մեկը, անմիջապես գնա «Աստծո Խոսք» Բժշկի մոտ, եթե ուզում ես հոգևոր առողջություն ունենալ:

Հռիփսիմե Մկրտչյան

Հաշվիր օրհնություններդ

Անցած սեպտեմբեր ամսին շատ տխուր էի: Անընդհատ մռայլ բաների մասին էի մտածում, կարծում էի, որ նեղություններս ու հոգսերս չափազանց շատ են: Վախեցա, որ դա կարող է տրտնջացող հոգի հաստատել իմ մեջ: Հետո հիշեցի հայտնի օրհներգը՝ «Հաշվիր օրհնություններդ»: Որոշեցի, որ տխուր բաների վրա չկենտրոնանալու համար այսուհետ պետք է հաշվեմ օրհնություններս, ամեն օր գրանցեմ դրանք մի տետրում: Այդ ժամանակ հիվանդ էի, և Տիրոջն ասացի. «Հիսուս, որոշել եմ հաշվել Քո տված բարիքներն ու օրհնությունները: Հենց լավանամ, կգնամ գրախանութ, կգնեմ մի նոթատետր հատուկ օրհնությունները գրանցելու համար»: Մինչ այդ մասին մտածում էի, հարսիս քույրը վերադարձավ Ռուսաստանից. նա ինձ համար բերել էր... մի գեղեցիկ նոթատետր: Այն, որ նոթատետր ինձ նվիրեց, ես չզարմացա, բոլոր ինձ ճանաչողները գիտեն, որ սիրում եմ նման բաներ, բայց զարմանալին այն էր, որ կազմի վրա անգլերեն գրված էր. «Յուրաքանչյուր օրվա գեղեցկությունը գալիս է, երբ հաշվում ես օրհնություններդ»: Ես կարդացի, և ուրախությանս չափ չկար: Կարինան անգլերեն չի կարդում և չգիտեր, թե ինչ է գրված կազմին, ինձ էլ ասաց. «Շատ կային սիրուն նոթատետրեր, չգիտեմ, թե ինչու հենց այս մեկն ընտրեցի»: Իսկ ես գիտե՛մ. դա իմ Տիրոջ ընտրությունն էր, ես վստահ եմ, որ դրանով Տերն ինձ ցույց տվեց, որ օրհնություններս հաշվելու իմ որոշումն Իրեն հաճելի էր: Այդ օրվանից ամեն օր գրում եմ այն ամենը, ինչ իմ սքանչելի Տերն է ինձ տալիս, այն ամենը, ինչ ինձ մղում է գոհանալու Նրանից: Այս փորձառությունն էլ ինձ ներշնչեց գրելու «Տրտնջացող հոգի» կոչվող հիվանդությունը» առակը և «Օրհնությունների հաշվապահ» բանաստեղծությունը: Եթե դու էլ ունես շատ նեղություններ ու շատ են տխրելու պատճառներդ, գուցե սկսե՞ս այդ օրհնաբեր թվաբանությունը, գուցե դառնա՞ս օրհնությունների հաշվապահ:

Երեք պաշտամունք


Իմ անգին Հիսուս,
Մեկ օրը Քո տան մեջ, Քո սրահներում
Թանկ է ավելի, քան հազար օրերն ուրիշ վայրերում,
Քեզ հետ անցկացրած մեկ ժամն է երանավետ,
Քաղցր ավելի, քան հազար օրերն ուրիշների հետ:
Նախընտրում եմ հավիտենության մեջ Քեզ հետ լինել,
Քան հարյուր տարի երկրի վրա ապրել:
Սքանչելի է Քո եկեղեցում լինել,
Լսել Խոսքերդ զավակներիդ հետ,
Քո ներկայությունը աղոթքով փնտրել,
Ինչ բերկրություն է Քո փառքը երգել:
Սքանչելի է լինել Քեզ հետ առանձին,
Քո Գիրքը բացել մեծ ակնածությամբ,
Սիրտս Քո առջև բացել անկեղծությամբ,
Անուշ խոսքերիդ մասին խորհրդածել,
Քաղցր մտերմությամբ Քեզ հետ զրուցել:
Սքանչելի կլինի հավիտենության մեջ
Մասնակցել երկրպագությանն անդադար,
Քեզ դեմ առ դեմ տեսնել վերջապես,
‘’Սուրբ ես, Տեր’’ երգել, փառաբանել Քեզ:
Այս երեք պաշտամունքներին շնորհիր մասնակցել`
Ամեն շաբաթ երկրպագել Քեզ
Քո Եկեղեցում,Ամեն օր հանդիպել Քեզ իմ սենյակում,Հավիտենության մեջ պաշտել երկնքում:
Հռիփսիմե Մկրտչյան

Պահանջվում են... Բառնաբասներ

«Որովհետև նա բարի մարդ էր, Սուրբ Հոգով ու հավատքով լեցուն» Գործք 11:24

Եթե հիմա անհրաժեշտ լիներ հայտարարություն գրել, թե ինչ մարդիկ են պետք Աստծո Եկեղեցու համար, ես կգրեի. «Պահանջվում են Բառնաբասներ՝ քաջալերող, մխիթարող, բարի, Սուրբ Հոգով ու հավատքով լեցուն»: Առաջին Եկեղեցու մեծ առաջընթացի մեջ մեծ տեղ են ունեցել այդ չափանիշներին համապատասխանող մարդիկ: Կուզեի, որ այդ հայտարարությանը շատ արձագանքողներ լինեին. բայց ավելի շատ կուզեի, որ ես ինքս լինեի հարմար թեկնածու այդ բարձր «պաշտոնում»: Ուզում եմ լինել «Բառնաբասուհի»՝ «Մխիթարության դուստր Աստծո ամեն զավակի համար»:

воскресенье, 1 марта 2009 г.

Աստծո դստեր աղոթքը


Հիսուս, ոչ միայն ուզում եմ հագնվել
Համաձայն 1Տիմ.2:9-ի,
Այլև ուզում եմ Կողոսացիս 3:12-ի հանդերձները ամեն օր հագնել,
Եվ Քո վերադարձի փառավոր օրը լուսափայլ բեհեզին արժանանալ:
Թող մաքրությամբ փայլի ոչ միայն իմ տունը,
Այլև Քոնը` իմ սիրտը, ուր ուզում եմ միակ Տանտերը լինես:
Ոչ միայն սիրում եմ սպասքը լվանալ,
Այլև սիրում եմ, երբ Դու ես լվանում այն հողե անոթը,
Որը լցնում ես հոգևոր գանձով:
Ոչ միայն ուզում եմ սիրով կերակուր պատրաստել,
Այլև ամեն օր կերակրվել Քո անուշ Խոսքերով:
Ուզում եմ ոչ միայն ճրագս գիշերը չմարի,
Այլև Քո Խոսքը ամեն օր ինձ ճրագ լինի:
Ուզում եմ ունայն գեղեցկության համար չմտահոգվել,
Այլ հեզ ու հանդարտ հոգու անեղծությամբ զարդարվել,
Ուզում եմ ապրել Թագավորի դստերը վայել կերպով
Ու Քեզ փառք բերել իմ ամբողջ կյանքով: 

Հռիփսիմե Մկրտչյան