четверг, 15 декабря 2011 г.

Ու՞մ հարցնեմ


«Ժողովուրդը իր Աստուծոյն պիտի չհարցնէ՞» (Ես. 8:19)

Ճարտասանական  այս հարցը ինձ հիշեցրեց ամեն բանի համար Տիրոջից խորհուրդ և առաջնորդություն խնդրելու կարևորության մասին: Ճիշտ է, համատեքստում հարցը ուղղված է նրանց, ովքեր մարդկանց առաջարկում են իրենց հարցերով դիմել վհուկներին: Մենք, բնականաբար, երբեք չենք դիմի վհուկներին, բայց երբեմն մոռանում ենք, որ կա Մեկը, ում կարող ենք ամեն բան հարցնել մտահոգվելու փոխարեն:  Մտքիս մեջ շատ հարցեր կան, դրանք այնտեղից պետք է հանել և տանել Տիրոջ մոտ:  Ժողովուրդը իր Աստծուն պիտի չհարցնի՞.  Տերը  պատվիրեց այս հարցը տալ նրանց, ովքեր առաջարկում էին վհուկներին դիմել: Այսօր այս հարցը ինձ համար էլ է հնչում: Այս հարցը իմ հարցերի պատասխանն է: Երբ նեղություններն ու մտահոգությունները ամեն կողմից շրջապատում են ինձ և սատանան փորձում է  համոզել, որ չեմ գտնի ինձ հուզող հարցերի պատասխանները, ասեմ. «Հռիփսիմեն իր Աստծուն  պիտի չհարցնի՞»: Այո, հենց Նրան պիտի հարցնեմ:

четверг, 22 сентября 2011 г.

Հարմար պահեստ ամենաթանկ գանձիս համար

«Իր Աստծո օրենքն իր սրտի մեջ է, և նրա քայլերը չեն սայթաքելու» (Սաղմոս 37:31):

Նրա քայլերը չեն սայթաքելու. խոստումը նրանց համար է, ովքեր Աստծո Խոսքը դրել են ճիշտ տեղում` սրտի մեջ: Աստծո Խոսքի համար լավագույն պահեստը սիրտն է: Հայտնի` Սաղմոս 119:11 համարն ասում է, որ Աստծո Խոսքը սրտում պահողը չի մեղանչում: Նույն սաղմոսում տեսա, որ Աստծո օրենքը սիրողները խաղաղություն ունեն: «Քո օրենքը սիրողները մեծ խաղաղություն ունեն և ոչ մի բան չի գայթակղեցնելու նրանց» (Սաղմոս 119:163): Իսկ Սաղմոս 40:8 համարում տեսնում եմ, որ Աստծո օրենքը սրտի մեջ պահողի համար Աստծո կամքը կատարելը հաճույք է և բերկանք. «Քո կամքը կատարելը իմ բերկրանքն է, ով իմ Աստված, այո, Քո օրենքն իմ սրտում է»: Եթե Աստծո Խոսքը սրտիս մեջ է, Նրա կամքը կկատարեմ հրճվանքով, ուրախությամբ, ոչ թե դժկամությամբ: Եսայի 51:7 համարում Տերը դիմում է նրանց, ովքեր Իր օրենքը պահում են իրենց սրտում. «Լսեցեք ինձ, ով արդարություն ճանաչողներ, ով ազգ որ Իմ օրենքն ունես սրտումդ, մի վախենաք մարդկանց նախատինքից ու նրանց բամբասանքից մի զարհուրեք»:
Այս համարները կարդալով հասկացա, որ նա ով Աստծո Խոսքը պահում է ճիշտ տեղում` սրտի մեջ,
1. Նրա քայլերը ճիշտ են` չի սայթաքում:
2. Նրա գործերը ճիշտ են` չի մեղանչում:
3. Նրա հոգեվիճակը ճիշտ է` խաղաղություն ունի:
4. Նրա վերաբերմունքը Աստծո կամքը կատարելու հանդեպ ճիշտ է` հաճույք է ստանում դրանից:
5. Նրա արձագանքը բամբասանքի առարկա դառնալիս ճիշտ է` չի վախենում:
Եվ նրանք, ովքեր գիտեն այս ճշմարտությունը, ճիշտ որոշում կընդունեն` պահել Աստծո Խոսքը սրտի մեջ: Եվ դրա համար լավ է սուրբգրային համարներն անգիր սովորելը, խորհրդածել դրանց շուրջ, աղոթել դրանց վերաբերյալ: Դա ինձ քաջալերում է կանոնավորապես մենիկ պահեր ունենալ Տիրոջ Խոսքի շուրջ խորհրդածությամբ ու աղոթքով: Ու դրա համար լավագույն ժամանակը առավոտն է: «Լուսաբացից առաջ արթնացա ու Քեզ կանչեցի, ես Քո Խոսքին հուսացի» (Սաղմոս 119:147): «Տեր, առավոտյան լսիր իմ ձայնը, առավոտյան պատրաստ կլինեմ Քեզ համար ու կսպասեմ» (Սաղմոս 5:3): Առավոտյան պաշտամունքի համար պետք է պատրաստ լինել: Պետք է պատրաստ լինեմ Տիրոջը ամեն առավոտ հանդիպելու: Բավական չէ ունենալ միայն պատրաստ գրասեղան` Աստվածաշունչ, համաբարբառ, խաչաձև հղումներ, աղոթքի օրագիր, երգարան, նոթատետրեր, գրիչներ և այլն: Պետք է ավելի խորը պատրաստություն.
1. Սրտի պատրաստություն. պետք է սիրտս պատրաստ լինի ընդունելու Աստծո Խոսքը, լցված լինի գոհությամբ, սրտանց զղջամ այն ամենի համար, ինչ Տիրոջը հաճելի չի:
2. Մտքի պատրաստություն. թող միտքս կենտրոնացած լինի Աստծո Խոսքի վրա, ազատ լինեմ թափառող մտքերից:
3. Կամքի պատրաստություն. հոժար լինեմ կամքս Տիրոջ կամքին ենթարկելու, թողնեմ իմ սեփական փափագներն ու ձգտումները:
Քանի որ ճաշակել եմ ամեն առավոտ Տիրոջը հանդիպելու օրհնությունները, երբեք բաց չթողնեմ առավոտյան պաշտամունքներս: Իսկ եթե այնքան զբաղված եմ, որ ժամանակ չե՞մ գտնում դրա համար… Աստծո Խոսքը չի պատվիրում ժամանակ գտնել, այլ ժամանակ… գնել: Աստված յուրաքանչյուրիս օրական 24 ժամ է տվել, և ոչ ոք չի կարող գանգատվել ժամանակի պակասից: Եթե սաղմոս սովորելու փոխարեն ժամանակս վատնում եմ ֆոտոշոփում, եթե զարթուցիչն անջատում եմ ու շարունակում քնել մինչև ժամը յոթը, եթե թանկագին րոպեներ եմ կորցնում սոցիալական ցանցերում, չպետք է գանգատվեմ ժամանակի պակասից: Պետք է ետ գնեմ այն թանկագին ժամանակը, որ վատնել եմ: Ժամանակը պարգև է Աստծուց և երբ ժամանակս տալիս եմ Աստծուն, տալիս եմ միայն Իր տվածը: Ամեն օր Տիրոջս հետ անցկացրած ժամանակը պետք է լինի առաջնահերթություն: Ուզում եմ կրկնել սաղմոսերգուի հետ. «Որքան եմ սիրում Քո օրենքը, սա է իմ մտածմունքը ամեն օր» (Սաղմոս 119:97) և աղոթել. «Ով Աստված, Դու ես իմ Աստվածը, վաղ առավոտից ես Քեզ եմ փնտրելու…» (Սաղմոս 63:1): Նրա Խոսքը իմ ամենաթանկ գանձն է և ես ուզում եմ այդ գանձը պահել ամենահարմար պահեստում` սրտիս մեջ:

четверг, 14 июля 2011 г.

Խորհրդածություն և կրակ




«Մինչ մտորում էի, կրակ բռնկվեց, այն ժամանակ խոսեցի լեզվովս»: (Սաղմոս 39:3):
Այս համարը բազմիցս տեսել եմ իմ կյանքում. երբ մտորել, խորհրդածել եմ Աստծո Խոսքի շուրջ, Նրա ողորմության և գործերի մասին, կրակ է բռնկվել սրտիս մեջ, ու բացվել է լեզուս` Նրան փառաբանելու: Հոգևոր խորհրդածությունը սիրտը պատրաստում է աղոթքի համար: Աղոթքս կլինի միայն բառերի շարան, եթե սիրտս չխորհրդածի Աստծո Խոսքի գեղեցկության, իմաստության, խորության, Նրա սիրո անսահմանության, աննման սրբության մասին: Դավիթը սկսեց աղոթել, երբ մտորելու ժամանակ կրակ բռնկվեց սրտում: Երբ մտածում եմ Աստծո Խոսքի մասին, աղոթքը լինում է ինքնաբուխ, հաղթական կյանքը` հեշտ, նեղության մեջ մխիթարություն եմ ստանում:
Հոգևոր խորհրդածությանը խանգարում է ոչ միայն ծուլությունը, այլև չափազանց զբաղվածությունը: Մարդը կարող է այնքան զբաղված լինել հոգևոր ծառայությամբ, որ ժամանակ չգտնի Տիրոջ ներկայության մեջ լուռ խորհրդածելու: Անթիվ օրհնություններ է բերում խորհրդածությունը: Եթե մշտապես մտածեմ Աստծո հավիտենական սիրո մասին, չեմ տխրի, երբ մարդկանց սերն այնքան փոփոխվող է, եթե մտածեմ մեղքի վտանգների մասին, այն մասին, որ դա խզում է Տիրոջս հետ հաղորդակցությունը, կկարողանամ հաղթել մեղքին, եթե մտածեմ ժամանակի կարճության մասին,  ժամանակս չեմ վատնի, եթե խորհրդածեմ դժոխքի և երկնքի մասին, գոհությամբ կլցվի սիրտս, որ Տերն ինձ ազատել է առաջինից ու դարձրել երկրորդի քաղաքացի, եթե խորհրդածեմ կարդացածս սուրբգրային հատվածների մասին, Աստծո Խոսքը սրտիս մեջ կբնակվի ու կնորոգի միտքս, եթե խորհրդածեմ Աստծո իմաստության մասին, ապագայիս համար չեմ անհանգստանա, եթե խորհրդածեմ Աստծո զորության մասին, խնդիրներս ինձ չեն մտահոգի ու ապահով կզգամ, եթե խորհրդածեմ Աստծո սրբության մասին, սուրբ լինելու փափագս կենդանի կմնա: Եթե միտքս զբաղված լինի այսպիսի խորհրդածություններով, սխալ մտքերի համար ժամանակ և տեղ չի մնա: Ուրեմն ողջ օրը առօրյա գործերիս ժամանակ միտքս լցնեմ հոգևոր խորհրդածություններով, նաև ամեն առավոտ և երեկո լուռ վայրում Տիրոջ ներկայության մեջ խորհրդածելու ժամանակ գտնեմ: Այնժամ կրակ կբռնկվի սրտումս ու կբացվի լեզուս` Նրան փառաբանելու:

пятница, 25 марта 2011 г.

Աղոթքի մասին

Ամեն բան` լինի ցավալի թե հաճելի, մեզ պետք է տանի մեր երկնային Հոր մոտ: Նա սիրում է լսել մեր անվարժ աղոթքները: Նա երբեք չի նախատում չափազանց շատ այցելելու համար և չի մերժում մեզ լսել: Երջանիկ զավակ ես, եթե այդպիսի Հայր ունես: Եվ իմաստուն է այն երեխան, ով ամեն բան տանում է Հոր մոտ, ամեն բան ասում է Նրան` ոչինչ չթաքցնելով: Երբ մեր հոգսերն ու նեղությունները տանում ենք Նրա մոտ, Նա ասում է. «Թող դրանք Ինձ մոտ, Ես կկարգավորեմ»:
Հիմա վազիր Հորդ մոտ, պատմիր Նրան այն ամենը, ինչ վշտացրել ու վիրավորել է քեզ: Վստահիր Հորդ ղեկավարելու Քո բոլոր գործերը, պատվիր Նրան` բոլոր հարցերում Նրանից խորհուրդ հարցնելով և Նրա գրավոր Խոսքը քեզ համար ամենօրյա կանոն դարձնելով: «Արդարները աղաղակում են, Տերը լսում է և ազատում նրանց իրենց նեղություններից»: Մանկական պարզությամբ, որդիական վստահությամբ և անկեղծ սրտով նրանք գնում են և պատմում իրենց Հորը:

Ջեյմս Սմիթ
 Անգլերենից թարգմանեց Հռիփսիմե Մկրտչյանը

пятница, 11 февраля 2011 г.

Իմ ներսում եղող երգչախումբ, օրհնիր Տիրոջ անունը



«Օրհնիր Տիրոջը, ով իմ անձ, և այն ամենը, որ իմ ներսում է` Նրա սուրբ անունը » (Սաղմոս 103:1):
Այս հայտնի սաղմոսի ամենահայտնի համարի հիման վրա ինչքան երգեր են գրվել ու երգվել դարերի ընթացքում: Այս անգամ կարդալիս նկատեցի որ մինչև հիմա ուշադրություն չեմ դարձրել մի բառի`ամենը:
Տիրոջ անունը պիտի փառաբանի իմ մեջ եղած ամեն բան: Իմ ներսում հնչող փառաբանության երգը չպետք է լինի մեներգ կամ զուգերգ, այլ խմբերգ: Պետք է իմ մեջ երգչախումբ լինի, որի մեջ պետք է ներգրավված լինեն ձայնս, սիրտս, միտքս, կամքս, զգացմունքներս, կյանքս, գործերս, եռանդս, փափագներս: Ու որպեսզի երգը հնչի կատարյալ ներդաշնակությամբ, պետք է լինի դիրիժոր ու բոլոր երգողները պետք է նրան հետևեն: Այդ դիրիժորը, որը ղեկավարում է Աստծուն ուղղված փառաբանության երգը, Աստծո Խոսքն է: Եթե փափագներս Աստծո Խոսքի համաձայն են ու գործերս համապատասխանում են Աստծո Խոսքին, սիրտս և միտքս լցված են Աստծո Խոսքով ու զգացմունքներս Աստծո Խոսքով են կենդանի, ուրեմն երգը կհնչի մաքուր և ներդաշնակ:
Իմ ներսում եղող երգչախումբ, օրհնիր Տիրոջ սուրբ Անունը:

четверг, 20 января 2011 г.

Հարց, որ չի կարելի տալ

«Մի՞թե Աստված կարող է» (Սաղմոս 78:19):
Ահա մի հարց, որը երբեք չի կարելի տալ: Իսրայելը տեսել էր Աստծո հրաշալի գործերը՝ Աստված բացել էր Կարմիր ծովը, ցերեկն առաջնորդել ամպի սյունով, գիշերը՝ կրակի սյունով, վեմից ջուր էր տվել (Սաղմոս 78:11-18): Բայց նրանք իրենց անհավատությամբ վշտացրին նրան՝ տալով այս հարցը. մի՞թե Աստված կարող է: Մենք էլ տեսել ենք Աստծո հրաշալի գործերը, ամենամեծ հրաշքը՝ վերստին ծնունդը, մեր մեղքերի թողությունը, փրկությունը… Ուրեմն ինչպե՞ս կարող ենք ասել՝ մի՞թե Աստված կարող է: Մի՞թե Տերը կարող է այս պայքարում հաղթություն տալ, կարո՞ղ է այս նեղությունից հանել, կարո՞ղ է այս խնդիրը լուծել… Եթե Իսրայելը չմոռանար Աստծո հրաշքները, չէր ասի. «Մի՞թե Աստված կարող է»: Եթե ես էլ չմոռանամ Նրա հրաշքները, այդ հարցը չեմ տա:
«Աստված կարո՞ղ է…»: Ահա թե ինչ պետք է անել այս նախադասության հետ. հարցական նշանը փոխարինել շեշտով:
«Աստված կարո՛ղ է»: