среда, 25 марта 2020 г.

Ավետարանի մուտքը Եվրոպա. բաց ճանապարհ, բաց սիրտ, բաց տուն



«Եվ երբ նա այդ տեսիլքը տեսավ, ցանկացանք իսկույն Մակեդոնիա գնալ, վստահ լինելով, որ Տերը մեզ կանչում է, որ ավետարանը քարոզենք նրանց»  (Գործք 16:10):

Ավետարանի մուտքը Եվրոպա եղավ գերբնական փորձառության միջոցով: Սուրբ Հոգին թույլ չտվեց Խոսքը Ասիայում քարոզել, որովհետև եկել էր ժամանակը, երբ Ավետարանը պետք է հասներ Եվրոպա: Աստծո ծրագիրն էր, որ ապաշխարի Լիդիան իր ընտանիքով, բանտապետն՝ իր ընտանիքով: Տեսիլքը կար, Աստծո ծառաների մեջ հնազանդվելու հոժարություն կար, վստահություն կար, որ Մակեդոնիա գնալն Աստծո կամքով էր:
Տերը բացեց ճանապարհը, նաև բացեց առաջին նորադարձի սիրտը, որն անմիջապես ընդունեց Տիրոջը և իր տան դուռը բացեց Աստծո ծառաների համար:
Եղավ հակառակություն, բանտարկեցին Պողոսին և Շիղային, բայց արդյունքում մեղքի բանտարկությունից ազատվեց մի ընտանիք:
Երբ կա հոժարություն Աստծո համար գործելու, Աստված բացում է ճանապարհը, ամեն բան գործակից է դարձնում Իրեն սիրողների բարու համար, Իր կամքի, Իր ծրագրի իրականացման համար:

Իմ օրագրից, մարտի 25, 2019 

суббота, 14 марта 2020 г.

Սպանություն, որը բերեց ուրախություն և խաղաղություն


«Եվ երկրի ամբողջ ժողովուրդն ուրախացավ, և Գոթողիային սրով սպանելուց հետո քաղաքը խաղաղվեց» (2 Մնացորդաց 23:21):

Ահա մի դեպք, երբ մահը դարձավ ուրախության պատճառ, բերեց խաղաղություն: Սպանվեց երկրի ղեկավարը՝ ինքնակոչ թագուհին, ժողովուրդն ուրախացավ, քաղաքը խաղաղվեց:  Քանի դեռ այս մարդասպան, չար կինը թագավորում էր, չէր կարող լինել խաղաղություն և ուրախություն:
Նա սպանել էր թագավորական ողջ սերունդը և չգիտեր, որ իր սրից փրկվել էր թոռնիկը՝ ապագա թագավորը: Չար Աքաաբի և ամբարիշտ Հեզաբելի չար դուստրը շարունակեց ծնողների չար գործերը: Եվ  դաժան մարդասպան լինելով հանդերձ դավաճանություն համարեց այն, որ թագավոր դարձավ  Հովասը:
Նրա կյանքը միայն դժբախտություն ու վիշտ էր բերել բոլորին, բայց մահը բերեց ուրախություն և խաղաղություն: Մեղքը Գոթողիայի նման է, սպանում է Թագավորների Թագավորի զավակների ուրախությունը, խաղաղությունը, սուրբ կյանքը:  Չի կարող քրիստոնյայի կյանքում և հոգում լինել ուրախություն և խաղաղություն, եթե այնտեղ իշխում է ինքնակոչ, մարդասպան թագավորը՝ մեղքը:  Դրա համար մեղքի հետ պետք է վարվել այնպես, ինչպես  Աստվածաշնչում Գոթողիայի հետ վարվեցին, այսինքն՝ սպանել:


Իմ օրագրից, մարտի 14, 2020 թ.