воскресенье, 29 августа 2010 г.

«Ոչ մի պատճառաբանություն կիրակի օրը»

Նվիրվում է եկեղեցու բացակայող անդամներին

Որպեսզի հաջորդ կիրակի եկեղեցու բոլոր անդամները հաճախեն եկեղեցի, մենք մշակել ենք հատուկ ծրագիր, որը կկոչվի «Ոչ մի պատճառաբանություն կիրակի օրը»:

1. Կբերվեն շարժական մահճակալներ նրանց համար, ովքեր ասում են, որ կիրակին միակ օրն է, երբ իրենք կարողանում են քնել:
2. Կլինի հատուկ բաժին, որտեղ կդրվեն փափուկ աթոռներ նրանց համար, ովքեր ասում են, որ նստարանները չափազանց չոր են:
3. Լսողական ապարատներ կտանք նրանց, ովքեր չեն կարողանում լսել քարոզչին, և բամբակ՝ նրանց, ովքեր կարողանում են:
4. Աչքի կաթիլներ կտրամադրվեն նրանց, ում աչքերը հոգնել են շաբաթ գիշերը հեռուստացույց դիտելուց:
5. Վերմակներ կտրվեն նրանց, ովքեր կարծում են, որ եկեղեցում շատ ցուրտ է, և հովանոցներ՝ նրանց, ովքեր կարծում են, որ շատ շոգ է:
6. Հաշվիչներ կտրվեն նրանց, ովքեր ուզում են իմանալ ներկա եղող կեղծավորների թիվը:
7. Մի հատվածը կտրամադրվի խոտերին և ծառերին նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն բնության մեջ փնտրել:
8. Բժիշկներ և բուժքույրեր կլինեն նրանց տրամադրության տակ, ովքեր որոշել են կիրակի օրը հիվանդ լինել:
9. Եկեղեցին զարդարված կլինի այնպես, ինչպես Ծննդյան և Հարության տոների ժամանակ, նրանց համար, ովքեր եկեղեցին առանց այդ զարդարանքների չեն տեսել:


 Անգլերենից թարգմանեց Հռիփսիմե Մկրտչյանը

четверг, 19 августа 2010 г.

Սատանայի համաժողովը

Մի օր սատանան հրավիրեց համաշխարհային համաժողով և իր բացման խոսքով դիմեց իր չար հրեշտակներին.
----- Մենք չենք կարող ետ պահել քրիստոնյաներին եկեղեցու հավաքույթներին մասնակցելուց: Չենք կարող ետ պահել նրանց Աստվածաշունչը կարդալուց և ճշմարտությունը իմանալուց: Բայց կարող ենք այնպես անել, որ նրանք մտերիմ, հարատև հաղորդակցություն չունենան Քրիստոսի հետ: Սա մեզ համար ամենակարևորն է, որովհետև եթե նրանք մշտական հաղորդակցության մեջ լինեն Քրիստոսի հետ, մենք այլևս նրանց վրա իշխանություն չենք ունենա: Այդ պատճառով, իմ չար ընկերներ, առաջարկում եմ շեղել նրանց ուշադրությունը երկնային բաներից:
----- Բայց ինչպե՞ս կարող ենք անել այդ, ---- բացականչեց դևերից մեկը:
----- Նրանց զբաղված պահենք կյանքի ոչ կարևոր բաներով: Հնարեք անթիվ ծրագրեր նրանց մտքերը զբաղեցնելու համար: Ստիպեք նրանց աշխատել շաբաթը 7 օր, օրական 10-12 ժամ՝ իրենց համար շքեղ ապրելակերպ ստեղծելու համար: Այնպես արեք, որ իրենց երեխաների հետ ժամանակ չանցկացնեն: Թող CD-ները, տեսաերիզները, համակարգչային խաղերը զբաղեցնեն իրենց երեխաներին: Այս ռազմավարությամբ կկարողանանք քանդել ընտանիքները: Լցրեք նրանց միտքը զվարճություններով, որպեսզի չկարողանան լսել մեր ամենամեծ թշնամու՝ Սուրբ Հոգու ձայնը: Նրանց մղեք նայելու այնպիսի հաղորդումներ և լսելու երգեր (նույնիսկ կրոնական), որոնք կլցնեն նրանց մտքերը մեր փիլիսոփայությամբ: Նրանք դյուրահավատ են այդպիսի ռազմավարությունների հանդեպ, քանի որ «դրանց մեջ վատ բան չկա»: Օրական 24 ժամ նրանց մտքերը ողողեք նորություններով, եղանակի տեսություններով: Ամեն տեսակ զվարճություններով լցրեք նրանց մտքերը: Այդպիսով, իմ խավար բարեկամներ, մենք կգրավենք նրանց մտքերը և ետ կպահենք նրանց Քրիստոսի հետ հաղորդակցվելուց:
Լցրեք եկեղեցական գրաֆիկը տարբեր սպորտային և ժամանցային ծրագրերով: Այնպես ուժասպառ արեք նրանց, որ չկարողանան լրջորեն սերտել Սուրբ Գիրքը և աղոթել: Այնպես արեք, որ քրիստոնեական հյուրընկալության համար ժամանակ չունենան: Այնպես արեք, որ սիրտ չունենան կորսվածներին փրկության բերելու համար: Ով չարեր, մեր ծրագիրը կմոռացնի նրանց, որ կորսվածները կորսված են: Մղեք նրանց գնալու զվարճանքի վայրեր, համերգների, կինո, թատրոն, ծանրաբեռնեք նրանց այս աշխարհի հոգսերով: Եվ երբ նրանք կհանդիպեն իրար, հոգևոր հաղորդակցության փոխարեն մղեք նրանց բամբասանքի և խաղաթղթերով խաղալու: Եվ մի մոռացեք լցնել նրանց կյանքը այնպիսի իրադարձություններով, որոնք «լավ և ընդունելի են»: Նորից ու նորից մեր ռազմավարությունն է այնպես անել, որ իրենց հոգին սնելու ժամանակ չունենան: Սրանով զորություն չեն ունենա հաղթելու փորձություններին, վատ սովորույթներին: Այդպիսով նրանք գնալով ավելի ու ավելի քիչ կզանազանեն ճիշտը սխալից, չարը բարուց: Նրանք նույնիսկ չեն կասկածի մեզ:
Ինչպես տեսաք, սա իսկապես համաժողով էր: Եվ դևերը հոժարությամբ անցան իրենց գործին:
Ի՞նչ եք կարծում, հաջողություն ունեցա՞վ այդ համաժողովը: Այո: Պարզապես անկեղծորեն պատասխանեք այս հարցին. ճանաչու՞մ եք զբաղված, ուժասպառ քրիստոնյաների, որոնք միշտ այս ու այն կողմ են վազում և շատ բաների համար են հոգում, բայց ժամանակ չունեն Քրիստոսի ոտքերի մոտ նստելու, որոնք շատ արագ կորցնում են իրենց խաղաղությունը, սերը, սրբությունը, ներողամտությունը, որոնք ավելի ու ավելի քիչ ժամանակ ունեն հավիտենական բաների և ուրիշների հոգիների համար (նույնիսկ սեփական երեխաների) միայն այն պատճառով, որ շատ են զբաղված աշխարհի հոգսերով:

Անգլերենից թարգմանեց Հռիփսիմե Մկրտչյանը

пятница, 6 августа 2010 г.

Նվերներ Թագավորի համար

Իմ աշխատասենյակում կա մի պատ, որի վրա դուստրերս փակցնում են իրենց նկարները: Դա մի ամբողջ պատկերասրահ է, որտեղ կան նկարներ հսկայական մանուշակագույն ծաղիկներով և վառ գույնի ծիածաններով: Նկարների մեջ կան նաև թերթիկներ, որոնց վրա ոտանավորներ են գրված: Ահա իմ սիրելի ոտանավորներից մեկը.«Հայրիկ, դու այնքան լավն ես, շատ եմ սիրում քեզ, իսկ խոզուկը մեծ է»: Հավանաբար Ռոբերտ Ֆրոսթը ավելի լավ չէր ասի: Գիտե՞ք, այդ գանձերի մեջ ամենից շատ ինչն է ինձ դուր գալիս: Ոչ թե նվերն ինքը, այլ երեխայի զգացմունքները, որ թաքնված են դրա մեջ: Ճիշտ այդպես էլ երկնային Հայրն է նվերներ ընդունում Իր զավակներից:
Շատ վաղուց, ձեր երկրին շատ նման մի երկրում, կար մի փոքրիկ քաղաք: Այդ քաղաքում ապրում էին 5 որբ երեխաներ: Այդ միայնակ երեխաները, մնալով առանց հոր, համախմբվել էին՝ ձգտելով իրենց գոյությունը պաշտպանել: Մի օր թագավորն իմացավ նրանց դժբախտության մասին և որոշեց որդեգրել նրանց: Ասաց, որ նրանց համար հայր կլինի և շուտով գալու է նրանց տանելու: «Ինչի՞ համար են նրանք պետք թագավորին»,--- հարցնում էին մարդիկ: Բայց թագավորն ուներ իր պատճառները: Գյուղում ապրող մարդիկ ասում էին երեխաներին.«Դուք պետք է լավ տպավորություն թողնեք թագավորի վրա: Միայն մեծ տաղանդներ ունեցողները կարող են ապրել պալատում»: Դրա համար երեխաները սկսեցին ջանասիրաբար աշխատել՝ պատրաստելով իրենց նվերները: Մի տղա, որ զբաղվում էր փայտի վրա փորագրմամբ, որոշեց թագավորի համար մի հրաշալի իր պատրաստել փայտից: Նրա քույրը ջանում էր երկնքի գեղեցկությունը պատկերել մի նկարում, որը կարելի էր կախել պալատի պատերից մեկին: Մյուս քույրը սովորեց գեղեցիկ երգել և մանդոլին նվագել: Մյուս տղան ցանկացավ թագավորին զարմացնել իր անսովոր խելքով: Նա մինչև ուշ գիշեր նստում էր ճրագի մոտ և շատ գրքեր կարդում: Բայց մի փոքրիկ աղջիկ ոչինչ չէր կարող տալ թագավորին: Նա չէր կարողանում դանակով աշխատել: Մատները չէին հնազանդվում իրեն, երբ ձեռքն էր վերցնում վրձինը: Նա փորձեց երգել, բայց ձայնը խռպոտ էր: Նա նույնիսկ չէր կարողանում կարդալ: Նա տաղանդներ չուներ: Նա կարող էր մարդկանց տալ միայն իր անկեղծ բարությունը: Նա բարի սիրտ ուներ: Նա իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր քաղաքի դարպասների մոտ՝ նայելով ելումուտ անող մարդկանց: Նա գրոշներ էր վաստակում՝ օգնելով ճամփորդներին մաքրել և կերակրել իրենց ձիերին: Ուրիշ ոչինչ նա չէր կարող անել: Բայց նա բարի սիրտ ուներ: Մի օր, այդ փոքրիկ քաղաքին մոտեցավ առևտրականի շորերով մի տղամարդ.
-----Չէի՞ր կարող կերակրել իմ իշուկին,---- հարցրեց աղջկան:
----- Դա ես կարող եմ,--- ուրախությամբ պատասխանեց աղջիկը և կենդանուն տարավ կերամանի մոտ:
----- Մի անհանգստացեք ձեր իշուկի համար: Երբ վերադառնաք, նա մաքուր և կուշտ կլինի:
Մինչ իշուկը ջուր էր խմում, աղջիկը հարցրեց ճամփորդին.
----- Ասացեք ինձ, դուք եկել եք ընդմի՞շտ:
----- Ոչ, կարճ ժամանակով:
----- Հավանաբար հոգնած եք երկար ճանապարհից հետո:
----- Այո, այդպես է:
----- Չե՞ք ցանկանում նստել, հանգստանալ,--- առաջարկեց աղջիկը՝ ցույց տալով պատի տակ դրված նստարանը: Ինձ թվում է, դուք լավ մարդ եք, հաճելի է ձեզ հետ լինել:
Մարդը ժպտաց՝ շոյելով իր մորուքը:
----- Դու խելացի աղջիկ ես, երբ վերադառնամ, ավելի շատ կզրուցենք:
Նա շատ շուտ վերադարձավ:
----- Դուք գտա՞ք նրան, ում փնտրում էիք,--- հարցրեց աղջիկը:
------ Ես գտա նրանց, բայց նրանք ինձ համար ժամանակ չունեին: Մեկը փայտի վրա փորագրմամբ էր զբաղված և շատ էր շտապում, որ աշխատանքը ժամանակին վերջացնի: Երկրորդը նկարում էր և չէր ուզում, որ իրեն խանգարեն: Երրորդը զբաղվում էր երաժշտությամբ: Երբ ցանկացա նրա հետ խոսել, ասաց, որ ժամանակ չունի: Մի տղա էլ, որին փնտրում էի, մեկնել էր մեծ քաղաք և ընդունվել լավ դպրոց:
Աղջկա աչքերը լայն բացվեցին:
----- Բայց դուք բոլորովին նման չեք թագավորին,--- զարմացած ասաց նա:
----- Ես փորձում եմ սովորական մարդկանց պես լինել,--- բացատրեց նա,--- երբեմն ինձ միայնակ եմ զգում: Հաճախ ուզում եմ պարզապես լինել իմ ժողովրդի մեջ: Երբեմն ուզում եմ զգալ, որ իրենց հայրն եմ:
----- Դրա՞ համար որոշեցիք մեզ՝ երեխաներիս տանել ձեզ մոտ:
----- Այո, դրա համար: Երեխաները սիրում են զրուցել: Մեծերը կարծում են, թե պետք է ինձ վրա լավ տպավորություն թողնեն, իսկ երեխաները հասարակ են:
----- Ուրեմն, եղբայրներս և քույրերս շա՞տ զբաղված էին:
----- Այո, բայց ես մի անգամ էլ կգամ նրանց ետևից: Գուցե մյուս անգամ ինձ համար ժամանակ գտնեն:
Ստացվեց այնպես, որ շատ տաղանդներ ունեցող երեխաները չկարողացան հանդիպել թագավորի հետ, բայց աղջնակը, որ միայն մեկ պարգև ուներ՝ իր ազատ ժամանակը և զրուցելու ցանկությունը, դարձավ թագավորի աղջիկը:
Աստծուն հաճելի լինելու համար կարիք չունես նկարիչ կամ բանաստեղծ լինելու: Հիշեք, Աստված մարդու նման չի նայում: Մարդը նայում է արտաքինին, իսկ Աստված՝ սրտին: (Ա Թագավորաց 16:7)

Մաքս Լուկադու

 Անգլերենից թարգմանեց Հռիփսիմե Մկրտչյանը

четверг, 5 августа 2010 г.

Փոքրիկ աղջկա աղոթքը


Մի գիշեր ես շատ տանջվեցի՝ օգնելով ծննդաբերական բաժանմունքում գտնվող մի կնոջ: Չնայած մեր բոլոր ջանքերին նա մահացավ՝ թողնելով վաղաժամ ծնված մանկիկին և երկու տարեկան դստերը, որն անընդհատ լաց էր լինում:
ՄԵզ համար շատ դժվար էր պահպանել փոքրիկի կյանքը, քանի որ չունեինք ակվարիում (չունեինք էլեկտրականություն այն աշխատեցնելու համար) և կերակրելու հարմարանքներ:
Թեև ապրում էինք հասարակածի վրա, գիշերները հաճախ ցուրտ էին միջանցուկ քամիների պատճառով: Մի ուսանող մանկաբարձուհի գնաց բերելու մի արկղիկ, որն օգտագործում էինք այդպիսի մանկիկների համար և հնդավոր բամբակ, որի մեջ պետք է փաթաթեինք փոքրիկին: Մեկ ուրիշը գնաց կրակ վառելու և լցնելու ռետինե ջեռակը: Քիչ անց նա վերադարձավ և հուսահատությամբ ասաց, որ ջուրը լցնելիս ջեռակը պայթել է: Արևադարձային կլիմայի պայմաններում ռետինը հեշտությամբ է փչանում:
---- Իսկ դա մեր վերջին ջեռակն էր, ---- բացականչեց նա:
---- Շատ լավ,--- ասացի ես,---- որքան հնարավոր է մանկիկին կրակին մոտ պահեք, քնեք դռան և մանկիկի մեջտեղում՝ նրան միջանցուկ քամուց պաշտպանելու համար: Ձեզանից պահանջվում է փոքրիկին տաք պահել:
Հաջորդ օրը կեսօրին, իմ սովորության համաձայն գնացի աղոթելու որբանոցի երեխաների հետ: Երեխաներին առաջարկեցի աղոթքի տարբեր թեմաներ և պատմեցի մանկիկի մասին: Ասացի, թե ինչքան դժվար է նրան տաք պահել և պատմեցի ջեռակի մասին: Փոքրիկը հեշտությամբ կարող է մահանալ, եթե մրսի: Պատմեցի նաև նրա երկու տարեկան քույրիկի մասին, որը լաց էր լինում, որովհետև մայրը մահացել էր: Աղոթքի ժամանակ մի տասնամյա աղջնակ՝ Հռութը, աղոթեց աֆրիկացի երեխաներին հատուկ պարզությամբ. «Խնդրում եմ, Տեր, ուղարկիր մեզ մի ջեռակ: Վաղը ուշ կլինի, որովհետև փոքրիկը կարող է մահանալ: Ուրեմն ուղարկիր հենց այսօր»: Մինչ ես ներքուստ հառաչում էի՝ լսելով այս համարձակ աղոթքը, նա վերջում ավելացրեց. «Խնդրում եմ, Տեր, կուղարկե՞ս նաև մի տիկնիկ փոքրիկ աղջկա համար, որ նա իմանա, որ Դու իրոք սիրում ես իրեն»:
Ինչպես հաճախ է պատահում երեխաների աղոթքներից հետո, ես հանկարծակիի էի եկել: Կարո՞ղ էի անկեղծորեն ասել «ամեն»: Ես պարզապես չէի հավատում, որ Աստված կարող է այդ անել: Այո, ես գիտեի, որ Աստված կարող է ամեն ինչ անել: Այդպես է ասում Աստվածաշունչը: Բայց մի՞թե սահմանափակումներ չկան: Միակ միջոցը, որով Աստված կարող է պատասխանել այս առանձնահատուկ աղոթքին, կլինի այն, եթե ինձ ծանրոց ուղարկեն իմ հայրենիքից: Չորս տարի էր, որ Աֆրիկայում էի և երբեք, երբեք ծանրոց չէի ստացել տանից: Եթե նույնիսկ մեկը ինձ ծանրոց ուղարկեր, մի՞թե ջեռակ կդներ: Չէ՞ որ ես հասարակածում էի ապրում:
Կեսօրից հետո, երբ ես դասավանդում էի բուժքույրական դպրոցում, ինձ հայտնեցին, որ իմ տան դիմաց մի մեքենա է կանգնած: Մինչև տուն հասա, մեքենան արդեն գնացել էր, բայց պատշգամբում դրված էր մի մեծ ծանրոց: Արցունքները ողողեցին աչքերս: Ես մենակ չէի կարող բացել ծանրոցը, ուստի կանչել տվեցի որբանոցի երեխաներին: Միասին հանեցինք թելերը՝ խնամքով քանդելով ամեն հանգույց: Հուզմունքը գնալով աճում էր: 30-40 զույգ աչքեր ուղղված էին ստվարաթղթե տուփին:
Նախ հանեցի գունավոր, գործած ժակետներ: Բոլորի աչքերը փայլեցին, երբ ես հանեցի դրանք: Կային գործած վիրակապեր բորոտությամբ վարակված հիվանդների համար, և երեխաները մի քիչ ձանձրույթով էին նայում: Հետո գտանք չամիչով և քիշմիշով լեցուն մի տուփ: Հետո, երբ նորից ձեռքս մտցրեցի տուփի մեջ, զգացի, որ … մի՞թե հնարավոր է… այո, բոլորովին նոր, ռետինե ջեռակ: Ես լաց եղա. ես չէի խնդրել Աստծուն ուղարկել այն, նույնիսկ չէի հավատացել, որ Նա կարող է այդ անել:
Հռութը երեխաների առաջին շարքում էր: Նա առաջ վազեց՝ բացականչելով.«Եթե Աստված ուղարկել է ջեռակը, պետք է, որ տիկնիկն էլ ուղարկած լինի»: Տակնուվրա անելով տուփը՝ նա հանեց գեղեցիկ զգեստներով մի փոքրիկ տիկնիկ: Նրա աչքերը փայլում էին. նա երբեք չէր կասկածել: Նայելով ինձ՝ նա ասաց.
----Կարո՞ղ եմ գալ քեզ հետ և տալ այս տիկնիկը այդ փոքրիկ աղջկան,որ նա իմանա, որ Հիսուսն իրոք շատ է սիրում իրեն:
Ծանրոցը ուղարկվել էր 5 ամիս առաջ: Այն փաթեթավորել էին կիրակնօրյա դպրոցի իմ նախկին աշակերտները, որոնց առաջնորդը լսել և հնազանդվել էր Աստծո պատվերին՝ հասարակած ուղարկել մի ջեռակ: Եվ աղջիկներից մեկը տիկնիկ էր դրել որևէ աֆրիկացի երեխայի համար… հինգ ամիս առաջ, որպես պատասխան փոքրիկ աղջկա հավատքով լեցուն աղոթքին, ով խնդրում էր ուղարկել դրանք ՙհենց այսօր՚:
«Անոնք դեռ չկանչած՝ պատասխան պիտի տամ, մինչ կը խօսին՝ պիտի լսեմ» (Ես.65:24):

 Անգլերենից թարգմանեց Հռիփսիմե Մկրտչյանը