пятница, 27 июля 2012 г.

Ուրախ սիրտ



(Առակաց 17:22)

«Ուրախ սիրտ» դեղի մասին մի օր լսեցի,
Ուրեմն գնամ դեղատունն Աստծո Խոսքի,
Գնեմ այդ դեղը, որը ինձ կօգնի
Պայքարել հոգեկան ընկճվածության դեմ,
Եվ կազատի ինձ հուսահատությունից:
Դեղատանն իմացա, որ պատրաստելու համար դեղը այդ հրաշք
Պետք է միացնել բաղադրիչներն իսկական ուրախության,
Որոնք պատճառներն են ուրախ լինելու:
Նախ գտա բաղադրիչն առաջին.
Կոչվում էր 1Մնացորդաց 16:10 և Սաղմոս 40:16.
«Տերը խնդրողների սիրտը թող ուրախ լինի,
Ամեն Նրան փնտրող թող ցնծա և ուրախանա»:
Ես ամեն ժամանակ Տիրոջն եմ փնտրում,
Ուրեմն բաղադրիչն առաջին պատրաստ է:
Այժմ երկրորդը գտնեմ.
Կոչվում է Սաղմոս 5:11.
«Բոլոր քեզ հուսացողները թող ցնծան հավիտյան,
Անունդ սիրողները Քեզնով թող զվարճանան»:
Նրա Անունն եմ սիրում, Նրան եմ հուսացել,
Ուրեմն երկրորդ բաղադրիչն էլ ունեմ:
Հիմա պետք է երրորդը գտնեմ.
Ահա և այն. կոչվում է Սաղմոս 122:1.
«Ուրախանում էի, երբ ինձ ասում էին.
«Տիրոջ տունը գնանք միասին»»:
Երրորդ բաղադրիչն էլ եմ գտել,
Քանզի Տիրոջ տանը միշտ եմ փափագել:
Բայց պետք է գտնեմ ամենակարևոր բաղադրիչը`
Ամենամեծ պատճառը ուրախանալու.
Ղուկասի 10:20 է կոչվում.
«Ուրախացեք, քանզի անուններդ գրված են երկնքում»:
Ավելացրի նաև այդ բաղադրիչը,
Համեմեցի սիրտն ուրախացնող Տիրոջ կանոնների հետ,
Եվ «ուրախ սիրտ» դեղը ահա պատրաստ է.
Երբ հարցրի. «Այս հրաշք դեղի համար ի՞նչ վճարեմ»:
Պատասխան լսեցի` «Հիսուսը վճարել է քո փոխարեն»:
 Հռիփսիմե Մկրտչյան

воскресенье, 22 июля 2012 г.

Սողոմոնից մեծ Մեկը




(3 Թագ. 10:2, 3, Մատթ.12:42)
Հարավի թագուհին Սողոմոնին պատմեց իր սրտում ողջ եղածը,
Սողոմոնից մեծ Մեկը կա իմ կյանքում,
Թագավորին տվեց նա շատ դժվար հարցեր,
Յուրաքանչյուրի համար ստացավ ճիշտ բացատրություն:
Թագավորաց Թագավորին ամեն բան հարցնեմ,
Չկա մի բան, որ չկարողանա Նա ինձ բացատրել,
Սրտումս ողջ եղածը Նրան ես պատմեմ,
Ամեն բան կարող եմ Նրան վստահել:
Նեղություններս Նրան կպատմեմ,
Անմիջական օգնություն է Նա նեղության ժամին,
Տխրությանս ամեն պատճառ Նրան կհայտնեմ,
Մխիթարում  է  ինձ Նրա Սուրբ Հոգին:
Ատելի մեղքերս Նրան  կպատմեմ,
Նա է  տալիս դրանց հաղթելու  զորություն,
Տանջող կասկածներս Նրան կհայտնեմ,
Հավատքս զորացնում է Խոսքով Իր իմաստուն:
Սրտիս փափագները Նրան  ես պատմեմ,
Նա կշնորհի դրանք, եթե Իրենով եմ հրճվում,
Ծրագրերիս մասին Իր հետ զրուցեմ,
Կիրականացնի դրանք, եթե Իրեն եմ հանձնում:
Մտահոգություններս Հիսուսին պատմեմ,
Գիտեմ, որ Նա հոգում է իմ մասին,
Վախերս Նրանից երբեք չթաքցնեմ,
Խաղաղություն է շնորհում իմ սրտին:
Բոլոր իմ հարցերով Նրա մոտ գնամ,
«Ինչու»-ն, «ինչպես»-ն ու «երբ»-ը միայն Նա գիտի,
Իր  Խոսքի գաղտնիքները հարցնեմ  Նրան
Խնդրեմ, որ Նա իմ աչքերը բացի:
Երկար ճամփորդություն արեց հարավի թագուհին,
Որ Սողոմոնի իմաստությունը լսի,
Իսկ ես  կարող եմ մոտենալ Նրա շնորհաց գահին,
Սողոմոնից մեծ Մեկն ինձ ուրախությամբ կընդունի:
Չկա մի բան, որ չկարողանա Նա ինձ բացատրել,
Սրտիս մեջ եղած ամեն բան սիրով կլսի,
Անվերջ ուզում եմ  Նրա հետ զրուցել,
Իմ տված հարցերից երբեք չի հոգնի:
Սողոմոնի իմաստությունը կարդացել եմ Սուրբ Գրքում,
Բայց Սողոմոնից մեծ Մեկն է իշխում իմ կյանքում:
Հռիփսիմե Մկրտչյան

Հուլիս 1, 2012