среда, 9 января 2013 г.

Բեհնամ եղբոր նամակը. «Սերն իր օգուտը չի փնտրում»



Աստված սեր է: Նա Իր օգուտը չի փնտրում:  Նա երբեք չի փնտրել ու չի  փնտրի Իր օգուտը: Նա այդ ապացուցեց Հիսուս Քրիստոսով հայտնությամբ և Իր սերը ցույց տվեց խաչի վրա անտանելի մահվամբ:
Սերն իրենը չի փնտրում, որովհետև սիրո ճշմարիտ հասկացության մեջ սիրողը ցածրանում է, որ սիրելին բարձրանա: Սիրողը մահանում է, որ սիրելին ապրի: Ինչ հրաշալի հասկացավ այդ Հովհաննես Մկրտիչը,  երբ ասաց. «Ես պետք է օրեցօր փոքրանամ, որ նա մեծանա»:
Աստծո Խոսքը զգուշացնում է, որ վերջին ժամանակներում շատերի սերը պիտի սառչի: Դա ամենավտանգավոր վիճակներից մեկն է, ու եթե դա պատահի, թեև զգացվում է, որ դրա  չարագուշակ ստվերը տարածվում է, այն  կվերածվի երկրային կազմակերպության, որը բարենպաստ է սատանայի համար, ուստի դառնում է մի չեզոք էակ, որը հագել է  աշխարհի անտեսանելի տարազը:  Եկեղեցին այլևս տարօրինակ չի համարի անհավատների արժեքները, ավելի շուտ փոխզիջման կգնա քան կհակառակվի:
Երբ ես մտածում եմ հավատքիս անցած տարիների մասին և վերանայում իմ անձնական կյանքում և հավատացյալների հետ հարաբերություններում սիրո որակը, հաստատապես կարող եմ վկայել, որ սերը պակասել է:
Երբեք չեմ մոռանում, թե ինչը իմ մեջ ծարավ առաջացրեց այս հավատքը ճանաչելու հանդեպ և դրա մասին մտածելու մղեց:  Դա սերն էր, որ ես ստացա և տեսա այդ ժամանակաշրջանի հավատացյալների կյանքում:  Երանի ունենայինք մեր կյանքի ամենակարևոր բաղադրիչի՝ սիրո վիճակագրական աղյուսակ:  Դա մեզ համար ողբալի կլիներ ու կասեինք. «Տեր, այս ինչ պատուհաս է եկել եկեղեցու և մեզանից յուրաքանչյուրի վրա»:
Որևէ տղամարդ կամ կին երբեք չի դավաճանում իր սերը: Որևէ տղամարդ կամ կին չի կարող միաժամանակ երկու հոգու սիրել: Դա մեծ սուտ է համեմատած ճշմարիտ սիրո հետ, որովհետև փնտրել է իր օգուտը:
Անձամբ ես այդ եզակի բաղադրիչի՝ սիրո մասին խոսել եմ անդադար, ինչպես նաև միլիոնավոր սպասավորներ ու հավատացյալներ այս երկու հազարամյակների ընթացքում, բայց զարմանալի է, որ հենց այդ նույնը բանը  խիստ նվազում է եկեղեցում օրեցօր, նվազում է աստվածաշնչային հատկությունը այն  սիրո, որը դրվել է մեր սրտերում Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի և Սուրբ Հոգու գործի միջոցով:
Այստեղ՝ բանտում, բանտարկյալների մեծ մասը շատ  թմրադեղերից կախվածության մեջ են, հատկապես բյուրեղյա մեթամֆետամինից: Ես նկատել եմ, որ այդ թմրադեղը այնպիսի վիճակ է առաջացնում, որը կոչվում է պատրանք: Այդ վիճակում մարդիկ անիրականն ընդունում են իրականի տեղ: Ինչ-որ տեղ բանտարկյալների մեջ կատարվող մարդասպանությունները բյուրեղյա մեթամֆետամինի չարաշահման արդյունք են: Դժբախտաբար, թվում է, որ եկեղեցին  սիրո վերաբերյալ պատրանքի մեջ է, և այս անգիտության մեջ ավելի ու ավելի է հեռանում Հիսուսի սիրո ճշմարտությունից:
Վերջին ժամանակների նշաններից մեկը, որի մասին գրված է 2 Տիմ.3:5 համարում, սա է՝ «Աստվածապաշտության կերպարանքն ունեն, բայց դրա զորությունն ուրացել են»:  Տեսնում ենք, որ եկեղեցին էլ բացառություն չէ, հատկապես երկնային սիրո ոլորտում. այն մշտապես խոցելի վիճակում է: Երեմիա 2:2 համարում Աստված ասում է Իր ժողովրդին. «Հիշեցի քեզ համար քո երիտասարդության քաղցրությունը,  քո հարսնության սերը, քո իմ ետևից գալը անապատի մեջ այն չսերմված երկրում»:
Եթե նայենք եկեղեցու հիմնական միտումներին, կտեսնենք, որ եկեղեցու առաջին  շրջաններում սերն ավելի խորն  էր քան վերջին: Վաղ քրիստոնյաները իրենց հալածողների և նրանց ընտանիքների համար կարող էին աղոթել. «Հայր, այդ մեղքը մի համարիր նրանց»:  Նրանք պատրաստ էին իրենց կյանքը զոհաբերել իրենց սիրելիների համար: Նրանք ամեն բան անարժեք էին համարում որ ստանան երկնային սերը: Նրանք ողջ այրվեցին կրակի վրա, բայց երբեք չուրացան իրենց Տեր Աստծուն:
Նրանք մտան  այն երկիրը, որն արժանի չէր իրենց, բայց չուրացան Քրիստոսի սերը՝ հավատարիմ մնալով իրենց հավատքի սկզբունքներին: Անապատի միջով, անտանելի փորձությունների մեջ նրանց սերը ոչ միայն չնվազեց, այլև ավելի շատացավ: Աստծո գործելակերպն ու կամքը միշտ նրանց կյանքում ամեն բանից առաջնահերթ է եղել: Հիմա ի՞նչ պատահեց, որ  մեր գործելակերպը, հետաքրքրությունը, կամքը փոխարինել են Աստծո կամքին, ձևավորվել մեր հոգևոր ճաշակով: Փոխանակ փոխվենք ու ապրենք հոգևոր կյանքով, հոգևոր կյանքը փոխում ենք մեր կամքի համաձայն: Այդպե՞ս էր մեզ գրավել Հիսուսի սերը:
1 Հովհ.. 2:5 համարում ասվում է. «Բայց ով պահում է Նրա Խոսքը, իսկապես նրա մեջ կատարյալ է Աստծո սերը, ու սրանով ենք իմանում, որ Նրա մեջ ենք»:  Այս համարը լավ չափանիշ է հավատացյալի գնահատման համար: Եթե ուզում ենք վստահ լինել, որ Քրիստոսի մեջ ենք, պետք է ուշադրություն դարձնենք մեր մեջ Աստծո սիրո որակին, և որպեսզի վստահ լինենք մեր մեջ եղած այդ բաղադրիչի որակի վերաբերյալ, պետք է տեսնենք, թե ինչ եռանդով ենք հնազանդվում Աստծո Խոսքին անպայմանական ձևով:  Որքանո՞վ ենք պատրաստ վերցնելու լուծը, եթե նույնիսկ մեր սրտի փափագներին չի համապատասխանում, որքանո՞վ ենք ջանում մեր սրտի փափագներն ու կամքը համապատասխանեցնել Աստծո Խոսքին:
Կարող եմ ասել, որ Աստծո սերը իմ մեջ է միայն այն դեպքում, երբ հնազանդվում եմ Աստծո Խոսքի պատվիրաններին  հագնվելու, բարոյականության, վարքի, խոսքի վերաբերյալ, ընտանիքի և ամուսնության մեջ, և ընդհանրապես հավատացյալի համար սահմանված կենսակերպում, որովհետև այդ սիրո արդյունքում միայն կարող եմ կատարել Սուրբ Գրքում գրվածը, և դրանով վստահ լինել, որ Քրիստոսն իմ մեջ է:
Վերոհիշյալ համարը վերացնում է սիրո ողջ պատրանքը և օգնում է մեզ ճիշտ հասկանալ մեր կարգավիճակն ու Հիսուս Քրիստոսի հետ մեր հարաբերությունը:  Մեր մեծ  Տերն ասել է Լեռան քարոզում. «Եվ ինչու՞ եղբորդ աչքի միջի շյուղը տեսնում ես, բայց քո աչքի միջի գերանը չես նկատում: Կամ ինչպե՞ս կարող ես եղբորդ ասել. «Թող աչքիցդ շյուղը հանեմ»  և ահա քո աչքի մեջ գերան կա: Կեղծավոր, նախ քո աչքի միջի գերանը հանիր, և հետո հստակ կտեսնես՝ եղբորդ աչքից շյուղը հանելու համար»:
Եթե անկեղծ ենք, կընդունենք, որ սերը ծածկում է տկարություններն ու թերությունները: Ոչ թե այն իմաստով, որ անտեսում ենք դրանք, այլ բացահայտում է, որ տեսնենք: Մենք գիտենք, որ Քրիստոսի սերը չի դատապարտում տկարություն ունեցողներին, այլ հնարավորություն է տալիս նրանց, դրա համար վերոհիշյալ համարներից առաջ Նա ասում է. «Մի դատեք, որ չդատվեք» (Մատթ. 7:1): Տերունական աղոթքում կարդում ենք. «Ներիր մեր մեղքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին»:  Աստված ասում է՝ եթե մենք Հիսուսի սիրո կարիքն ունենք մեր ներման համար, մենք էլ այդ հնարավորությունը պետք է տանք ուրիշներին: Եթե Նա բռնում է մեր ձեռքը, որ հավատքի ճանապարհի վայրիվերումներում չընկնենք, մենք էլ պետք է օգնենք տկարներին, սիրով ծածկենք մեր եղբայրների և քույրերի տկարությունները: Հակառակ դեպքում մեր սխալ դատողությունը  կկանգնեցնի նրանց աճը: Դա կպատահի, եթե Աստծո սերը չի բնակվում մեր մեջ:
Այն հավատացյալները, որոնք հոգնում են իրարից, համբերատար չեն իրար հանդեպ, չեն ներում, միմյանց մասին անարդար են խոսում, ուրիշներին հնարավորություն չեն տալիս, մարդիկ են, որոնք մոռացել են՝ եթե Տերը  նրանց չհանդուրժեր, հարյուրավոր անգամներ կկործանվեին: Աստծո սերն այնքան խորն է, որ չի ուզում ամբարիշտի մահը, այլ նրա դարձի գալն ու ապաշխարությունը:
Այսօր մենք տկարների հանդեպ համբերություն չունենք, ընկնողներին չենք հանդուրժում,  մոլորվածների համար լաց չենք լինում, եթե մեկը հեռանում  է եկեղեցուց, փակում ենք նրա գործը՝ ասելով. «Նա Հիսուսի սիրուն արժանի չէր»: Ի՞նչ է պատահել մեզ:
1 Հովհ. 2:6-ում ասվում է. «Նա, ով ասում է, թե Նրա մեջ է բնակվում, պետք է քայլի այնպես, ինչպես Նա էր քայլում»: 1 Հովհ. 2:9-10 համարներում գրված է. «Նա, ով ասում է, որ լույսի մեջ է և ատում է իր եղբորը,  նա դեռևս խավարի մեջ է: Նա ով սիրում է իր եղբորը, լույսի մեջ է բնակվում և նրա մեջ գայթակղության պատճառ չկա»: Ինչու՞ ենք ավելի քիչ մտածում այս օրերի փաստի մասին: Խնդրում եմ այն եղբայրներին և քույրերին, ովքեր Հիսուս Քրիստոսի մահվան և արյան շնորհիվ քաղցր հաղորդակցություն են ստացել Աստծո հետ, որ չփնտրեն իրենց օգուտը: Մի սպասեք, որ ուրիշները սկսեն, որովհետև եթե այդպես անեք, կկորցնեք ձեր առջև եղած հնարավորությունները՝ ժամանակ վատնելով: Սկսիր քեզանից: Թող մի նոր շարժում վերցնի հոգևոր անկարգությունն ու ծուլությունը, որը մինչև հիմա պատել  է մեզանից շատերին: Ինչքան էլ մութ լինի քո շուրջը, կարևոր է, որ դու շարունակես փայլել և քո սիրո լույսը առատաձեռնորեն նվիրել հավատացյալներին: Վստահ եղիր, որ ոչինչ չի կարող Աստծուն կանգնեցնել և Նա միշտ ունի մարդիկ, ովքեր իրենց օգուտը չեն փնտրում: Ինչու՞ դու չլինես նրանցից մեկը:
Բանտում նոր փորձառություններ ձեռք բերեցի սիրո վերաբերյալ, հասկացա, որ չեմ օգտվել Քրիստոսի սիրուց ու դատարկ եմ:  Այստեղ՝ բանտում, նույն  խցում ապրում եմ այնպիսի մարդկանց հետ, որոնց կյանքում ու բնավորության մեջ հազիվ կարելի է մի դրական բան տեսնել: Ո՛չ Աստված, ո՛չ հասարակության սովորական արժեքները տեղ չունեն նրանց կյանքերում ու մտքերում: Նրանք ոչ մի բանի մասին  չեն մտածում բացի բացասական արժեքներից, նողկալի գործերից, նոր բաներ են սովորում ոճրագործություններից ու պիղծ գրականությունից: Ես նայում եմ նրանց ու ինքս ինձ ասում. «Արդյո՞ք նրանք արժանի են որ  իրենց համար աղոթեն ու բարեխոսեն»: Անմիջապես հիշում եմ, որ Հիսուս Քրիստոսը զոհ է դարձել նաև նրանց մեղքերի համար: «Նա մեր մեղքերի քավությունն է. ու ոչ միայն  մեր, այլ նաև ամբողջ աշխարհի» (1 Հովհ. 2:2): 
Ես կոտրվում եմ սիրո այս մակարդակում: Հոգնել եմ ինքս ինձնից, որ այդպիսի սեր արտացոլել չեմ կարողանում ինձ շրջապատող խավարի հանդեպ:
Ես երբեք ոչ ոքի չեմ դատապարտում: Եթե այդ անեմ, ես ավելի արժանի եմ դատապարտության: Ես միայն զգուշացնում եմ. «Ով եկեղեցի, արթնացիր: Հիշիր քո հարսնության սերը, այն սերը, որ ազատ էր եսասիրությունից: Փայլիր այս մոլորակի վրա և մի թույլ տուր, որ Հիսուսի սերը դադարի փայլել քո միջից: Դու սկսիր: Թույլ մի տուր, որ չարության ծովերը քեզ ահաբեկեն: Դու կարող ես սիրո օվկիանոս դառնալ, եթե Հիսուսը բնակվի քո մեջ: Մի մոռացիր, ամեն բան հնարավոր է հավատացողի համար, որովհետև ամեն բան հնարավոր է Հիսուսի համար»:

Բեհնամ Իրանի
Հոկտեմբերի 17 2012
Քարաջի կենտրոնական բանտ

 Անգլերենից թարգմանեց Հռիփսիմե Մկրտչյանը