Показаны сообщения с ярлыком Իմ օրագրից. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Իմ օրագրից. Показать все сообщения

среда, 28 июля 2021 г.

Իմաստունների հետ քայլողը իմաստուն կլինի. Առակաց 13:20-ի շուրջ խորհրդածություններս տարբեր տարիներին

 Այսօր կարդում էի անցած 13 տարիների՝ այս ամսաթվի բոլոր խորհդածություններս: Երբ կարդացի 2015 թվականի հուլիսի 28-ի խորհրդածությունը, տեսա, որ նույն համարի շուրջ խորհրդածություններ կան օրագրումս նաև այլ տարիներին: Միշտ հետաքրքիր և հաճելի է կարդալ հին գրառումները: Եթե ուզում եք, եկեք  միասին կարդանք:  

«Իմաստունների հետ քայլողն իմաստուն կլինի, իսկ անմիտներին ընկերացողը կկործանվի» (Առակաց 13:20):


Ահա նորից հաստատվում է, թե ինչքան կարևոր է, թե ում հետ ես հաղորդակցվում, բարեկամություն անում: Ընկերներին պետք է իմաստությամբ ընտրել, եթե ուզում ես իմաստուն լինել: Եթե  բարեկամություն եմ անում Աստծուն սիրողների, սրբությունը գնահատողների հետ, առաջին հերթին դա վկայում է այն մասին, որ ես էլ սիրում եմ Աստծուն և գնահատում եմ սրբությունը, երկրորդ՝ դա ինձ կօգնի էլ ավելի առաջ գնալ սրբացման մեջ: Իմ լավագույն ընկերուհուն երբեք չեմ տեսել, բայց նա Աստծո Խոսքը սիրող, սուրբ կյանքով ապրող, Տիրոջով ուրախացող քույրիկ է, ով ինձ համար օրհնություն է և իր կյանքով ու խոսքերով քաջալերում է ինձ ապրել Տիրոջս համար; Շատ եմ գոհանում Տիրոջից Սառա Աննայի համար:

Եթե սուրբերի հետ բարեկամությունն օգտակար է, որքան ավելի՝ Ամենասուրբի հետ բարեկամությունը, եթե իմաստունների հետ քայլելն իմաստուն է դարձնում, որքան ավելի, երբ քայլում ես Նրա հետ, ով Իմաստությունն է:

Ուրեմն ավելի շատ ժամանակ տրամադրեմ աղոթքին և սուրգրային խորհրդածությանը:

Իմ օրագրից. Փետրվարի 15, 2009 



Հայտնի ասույթը՝ ՙԱսա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու՚, ճիշտ է, որովհետև համապատասխանում է այս սուրբգրային համարին: Նա, ով ուզում է իմաստություն ունենալ, պետք է իմաստուն ընկերներ ունենա: Իմաստուն ընկերը կարող է բարձրագույն կրթություն չունենալ, բայց կրթված է Աստծո Խոսքով: Նա ունի ամենակարևոր բանը՝ Աստծո վախը, որն էլ հեռու է պահում մեղքից:

Իմաստունը խոնարհ է, իմաստուն խրատ տվող և ընդունող, Աստծո Խոսքը սիրող, մեղքն ատող, Աստծո պատվիրաններին հնազանդվող, Աստծո փառքի համար ուրախությամբ ծառայող:

Եթե ունեմ ընկերուհի, որն Աստծո Խոսքի շուրջ է խոսում, իր կյանքով բարի օրինակ է ցույց տալիս, իմաստուն խորհուրդներ է տալիս, ես էլ նրա  նման կլինեմ:

Անվայել բառերով խոսող, քննադատող, ծաղրող ընկերուհի ունեցողը չի սովորի Աստծուն հաճելի ձևով խոսել: Սրբությունը սիրողի հետ ընկերություն անողը ինքն էլ առաջ կգնա սրբացման մեջ:

Հնարավոր չէ հոգևոր կյանքում աճել, եթե քեզ շրջապատում ես աշխարհասեր մարդկանցով: Աստծո Խոսքը պահողը ընկեր է ընտրում Աստծո Խոսքը պահողներին. այդպես էր իր ընկերներին ընտրում իմ սիրած սաղմոսի հեղինակը. ՙԸնկերություն արեցի բոլոր նրանց հետ, ովքեր ակնածում են Քեզնից ու պահում են Քո պատվիրանները՚ (Սաղմոս 119:63): Ուրեմն ընկերուհիներս պետք է լինեն Աստծո աղջիկները:

Անմիտի հետ չպետք է ընկերանալ: Անմիտը Աստծո վախը չունի, խրատ չի ընդունում, լավ օրինակ չի կարող ցույց տալ, իմաստուն խորհուրդ չի տալիս: Այդպիսի մարդու հետ ընկերացողը կկործանվի:

Բացի իմաստուն ընկերներից, ընտրել եմ նաև ամենաիմաստուն Ընկերոջը՝ իմ Տեր Հիսուսին, ում հետ քայլելով իմաստուն կդառնամ:

Իմ օրագրից. Հուլիսի 28, 2015,



Կարևոր հիշեցում այն մասին, թե ինչքան կարևոր է ճիշտ ընտրությունը, երբ ընկերներ ես ընտրում: Եթե իմաստությունն ես ընտրել, իմաստուն ընկերներ կընտրես: Եթե չես ուզում կործանվել, անմիտների հետ չես ընկերանա: Գրված չէ՝ կրթվածների հետ ընկերացողը կրթված կդառնա, գրված չէ՝ կկործանվի կրթություն չունեցողների հետ ընկերացողը:

Իմաստունն ունի Աստծո վախը, խոնարհ է իմաստուն խրատ տվող և ընդունող, սրբություն սիրող, Աստծո Խոսքին հնազանդվող:

Եթե ուզում եմ ավելի լավ աղոթքի կյանք ունենալ, բացի աղոթքի սովորություն ձեռք բերելուց և աղոթքի հոգի խնդրելուց, նաև փնտրեմ աղոթող ընկերուհիներ:

Տիրոջից գոհանում եմ իմ կյանքում ներկա Աստծո դուստրերի համար:

Իմաստունների հետ ընկերությունը Տիրոջից տրված թանկ նվեր է:

Իմ օրագրից. Մարտի 2, 2019



 Եթե քայլում ես մեկի հետ, կհասնես նույն տեղը, ուր նա է  գնում: Հնարավոր չէ, որ երկու հոգի միասին քայլեն, բայց մեկը մի տեղ հասնի, մյուսը՝ այլ տեղ: Անմիտը Աստծո վախը չունեցող, Աստծո Խոսքին չհնազանդվող մարդ է, նա գնում է դեպի կործանում, նրա հետ քայլողը նույնպես կգնա դեպի կործանում: Իմաստունները գնում են դեպի կատարյալ սրբություն, նրանց հետ քայլողը նույնպես այնտեղ կգնա: Ուրախ եմ և Տիրոջից շնորհակալ իմ կյանքում եղած իմաստուն քույրերի համար:

Իմ օրագրից. Հունիսի 29, 2020


Սիրելի Աստծո դուստր, եթե դու փափագում ես պատրաստ լինել Քրիստոսի գալստին, ամեն օր Աստծո Խոսքի գանձերն ես փնտրում, ջանում ես ունենալ ավելի լավ աղոթքի կյանք, փափագում ես առաջ գնալ սրբացման մեջ, ավելի շատ առիթ ունենալ Նրան ծառայելու, և կուզեիր ունենալ ևս մեկ ընկերուհի, որը նույն փափագներն ունի, գրիր մեկնաբանություն կամ նամակ գրիր  իմ էլ. փոստին՝ sisterhripsime@mail.ru 

Ես ուրախ կլինեմ իմ ընկերուհիների մեջ ունենալ ևս մեկ «Մարիամ Բեթանացի» քույրիկ: ☺


вторник, 24 июля 2018 г.

Ինչո՞ւ պահել հոգևոր օրագիր



Հաճախ հարազատներս, մտերիմներս հարցնում են, թե ինչ իմաստ ունի  սուրբգրային խորհրդածություններ գրելը, ինչու եմ հոգևոր օրագիր պահում:  Ոմանք դա անիմաստ են համարում, ոմանք էլ հավանություն են տալիս այդ սովորությանս, բայց ասում են, որ իրենք չեն կարող այդ անել: Ուզում եմ ասել այն պատճառները, որոնց համար ամեն օր Սուրբ Գիրքը կարդալիս գրում եմ օրվա խորհրդածություններս: 
1.    Օրագիր պահելը ինձ հնարավորություն է տալիս տեսնել հոգևոր կյանքումս եղած փոփոխությունները: Օրինակ, կարդում եմ անցած տարիների գրածներս և տեսնում, որ այն ժամանակ պայքարում էի ինչ-որ փորձության դեմ, իսկ հիմա հաղթություն ունեմ: Դա պատճառ է Տիրոջից գոհանալու, ուրախանալու, նաև ամրացնում է հավատքս. եթե այս տկարությունից, մեղքից  ազատվել եմ, ուրեմն վստահ եմ, որ Տերը մյուսներից էլ կազատի: Կամ հակառակը, կարդում եմ ու տեսնում, որ նույն խնդիրը, որի մասին գրել եմ անցած տարի, հիմա էլ դեռ կա: Այդպես հիշում եմ, որ այդ թեմայով էլի աղոթելու անհրաժեշտություն կա,  և Սուրբ Գրքում փնտրում եմ լուծումը: Դա մղում է անհոգ չլինելու, զգուշանալու: Երբեմն կարդում եմ տասը տարի առաջ գրածներս ու չեմ հավատում, որ ես եմ դրանք գրել: Դա ինձ հիշեցնում է հոգևոր կյանքումս դրական փոփոխությունների մասին:
2.    Տեսնում եմ, թե ինչ թեմայի շուրջ եմ աղոթել ու հիմա դա պատասխանված աղոթք է: Նորից պատճառ է  Աստծուն փառաբանելու և  մյուս խնդիրներս էլ Նրան հանձնելու:
3.    Հաճախ երբ հին գրառումներս կարդում եմ, զարմանում եմ, որ շատ օրհնաբեր բաներ էի գտել ընթերցանության ժամանակ ու մոռացել էի:  Աստված անպայման ինչ-որ նոր բան է սովորեցնում ամեն անգամ Իր Խոսքը կարդալիս, բայց հաճախ մոռանում եմ սովորածս: Օրագիրը հնարավորություն է տալիս նորից տեսնելու Աստծո Խոսքում գտած հրաշքները:
4.    Աստծո Խոսքը պատվիրում է ոչ միայն կարդալ Աստվածաշունչը, այլև խորհրդածել կարդացածի մասին: Իսկ ինձ համար հեշտ է խորհրդածել գրելով:
5.    Բացի այդ, ինձ համար շատ հաճելի զբաղմունք է անցած տարիների խորհրդածությունները կարդալը: Ինձ համար հետաքրքիր է, թե օրինակ ութ տարի առաջ հենց այս օրը ինչ եմ կարդացել Սուրբ Գրքում, ինչ եմ սովորել, ինչի համար եմ հանդիմանություն ստացել Աստծո Խոսքում, ինչ խոսքեր են ինձ քաջալերել ու հավատքս ամրացրել:
Նաև հարցնում են, թե ինչ եմ գրում օրագրում, երբ Սուրբ Գրքում ամեն բան գրված է: Գրում եմ, թե ինչ թաքնված մեղքեր կամ տկարություններ  հայտնաբերեցի իմ մեջ, որոնք մինչ այդ չէի տեսել,  ինչ սովորություններ ունեմ, որոնցից պետք է հրաժարվել, գրում եմ, թե ինչ նոր հրաշալիք գտա, որը մինչ այդ չէի նկատել, գրում եմ, թե ինչի վերաբերյալ աղոթելու կարիք կա: Գրում եմ, թե ինչ խոստում գտա, որը դեռ  չեմ ստացել, գրում եմ, թե որ խոսքերն ինձ քաջալերեցին, հանդիմանեցին և այլն: Նաև ամեն ամսվա առաջին շաբաթը տրամադրում եմ թեմատիկ սերտողությանը: Ընտրում եմ թեմա և նախ դուրս եմ գրում այդ թեմայի վերաբերյալ բոլոր իմ գտած սուրբգրային համարները և ամեն օր տեսնում եմ, թե ինչ է այդ թեմայի վերաբերյալ սովորեցնում Սուրբ Գիրքը: Եթե նույնպես ցանկանում եք թեմատիկ սերտողություններ անել և իմ օրինակը կարող է ձեզ քաջալերել, ներշնչել, նշեմ իմ սերտած թեմաներից մի քանիսը՝ ՙՀիսուսի ոտքերի մոտ՚, ՙՃամփորդություն 119-րդ սաղմոսում՚, ՙԱռակաց գրքի երկու հակապատկեր կանայք՚, ՙԳոհունակության դասընթացներ՚,  ՙԱստծո կամքը՚, ՙՊատասխանված աղոթքները Սուրբ Գրքում՚,  ՙԿարևոր գնում՝ ժամանակ՚, ՙԱմեն զգուշությամբ սիրտդ պահիր՚,  ՙՏերն ատում է՚, ՙՏիրոջը հաճելի է՚,  ՙԶգուշացեք փարիսեցիների խմորից՚, ՙՉգիտե՞ք՚,  ՙՀայտնի 3:16-ները Սուրբ Գրքում՚,  ՙԲայց Աստված...՚., ՙՄեղքասպանները՚, ՙԱստծո ուշացումները՚, ՙՍաղմոսերգուի ուրախությունը՚, ՙՍաղմոսերգուի որոշումները՚... բոլորը չեմ կարող թվարկել, հարյուրից շատ են:

Հիմա բացեմ հին տետրերս, և եթե ուզում եք, միասին կարդանք, թե անցած  տասը տարիներին հենց  այս օրը ինչ գրառումներ եմ արել:

Հուլիսի 24, 2008

ՙԴու հրամայեցիր, որ զգուշությամբ Քո պատվիրանները պահենք՚ (Սաղմոս 119:4):

Քանի որ սիրում եմ այս սաղմոսն արտասանել ֆրանսերեն, այս համարը միշտ ուշադրությունս գրավել էր: Այդ թարգմանության մեջ այն բառերը, որոնք հայերենում թարգմանված են ՙհրամայել՚ և ՙպատվիրան՚, բազմիմաստ են: ՙOrdonnance՚ բառը բացի ՙհրաման՚, ՙհրահանգ՚ նշանակելուց  նաև նշանակում է ՙդեղատոմս՚, իսկ ՙprescrire՚ բայը ոչ միայն ՙհրամայել՚ է նշանակում, այլև ՙնշանակում անել՚:  Ուրեմն, ֆրանսերենից կարելի է թարգմանել նաև այսպես. ՙԴու նշանակել ես Քո դեղատոմսերը, որ խնամքով դրանց հետևենք՚: Ի՛նչ զարմանալի է և գեղեցիկ: Տիրոջ Խոսքը դեղատոմս է մեր հոգու համար, որը պետք է ճշտությամբ պահենք: Արդյունքը կլինի հոգևոր առողջությունը՝ կմտածենք Տիրոջ կանոնների մասին, կուրախանանք Նրա Խոսքերով, կպահենք դրանք մեր սրտում, կսիրենք Աստծո Խոսքը ամեն բանից ավելի: Ես որոշել եմ ճշտորեն հետևել Տիրոջ դեղատոմսին:

Հուլիսի 24, 2009

ՙ... լսելով քո սիրո և հավատքի մասին, որ ունես Տեր Հիսուսի և բոլոր սրբերի հանդեպ՚ (Փիլիմոն հ. 5):

Մեկ շաբաթվա ընթացքում հինգ անգամ նկատեցի, թե ինչքան կարևոր է հավատքը Տեր Հիսուսի և սերը բոլոր սրբերի հանդեպ: Այս անգամ Պողոսը գոհանում է Փիլիմոնի հավատքի  և սիրո համար: Ու նորից շեշտվում է սերը բոլոր սրբերի հանդեպ: Ցավալի է, երբ քրիստոնյաները սիրում են միայն իրենց եկեղեցու անդամներին, ոչ թե Աստծո բոլոր զավակներին: Տեր, պատահական չէ, որ շաբաթվա մեջ հինգ անգամ ինձ հիշեցնում ես հավատքի և սիրո կարևորության մասին, ուրեմն իմ մեջ պակասություն կա: Զորացրու իմ հավատքը և ավելացրու սերը:

Հուլիսի 24, 2010

ՙԾույլ մարդու արտի կողքով ու անհասկացող մարդու այգու կողքով անցա: Ամենուրեք փշեր էին բուսել, դրա մակերեսը եղինջներն էին ծածկել, և նրա քարե պատը փլված էր՚ (Առակաց 24: 30, 31):

Թեև անցած ամիս ՙԾուլություն և ջանք՚ թեմայով սերտողություն արեցի, այս համարին ուշադրություն չէի դարձրել: Նախ նկատեցի, որ ծույլն ու անհասկացողը նույնն են: Եթե կարևոր գործերը հետաձգում եմ ավելի հարմար ժամանակի համար, ուրեմն ծույլ եմ, հետևաբար նաև անհասկացող: Ծույլի այգում մոլոխոտերի ու փշերի առատություն է, ուրեմն պտուղների առատություն չի կարող լինել: Ցանկապատն էլ քանդված է. այգին պաշտպանված չէ: Եթե ծուլություն անեմ ու սրտիս այգում քաղհան չանեմ, Հոգու պտուղը չեմ տեսնի: Մոլախոտն արագ աճում է, առանց խնամքի, բայց Հոգու պտուղն աճելու համար պետք է զղջման և խոստովանության միջոցով քաղհան անել, Աստծո Խոսքով ջրել և աղոթքով հսկել: Չեմ ուզում, որ սիրտս ծույլ և անհասկացող մարդու այգու նման լինի:



Հուլիսի 24, 2011

ՙՄի՞թե ժողովուրդն իր Աստծուն չպետք է հարցնի՚ (Եսայի 8:19):

Այս հարցն ինձ հիշեցրեց  ամեն բանի համար Տիրոջից խորհուրդ և առաջնորդություն խնդրելու կարևորության մասին: Ճիշտ է, համատեքսում խոսքն ուղղված է նրանց, ովքեր մարդկանց առաջարկում են իրենց հարցերով դիմել վհուկներին: Մենք, բնականաբար, երբեք չենք դիմի վհուկներին, բայց երբեմն մոռանում ենք, որ կա Մեկը, որին կարող ենք ամեն բան հարցնել մտահոգվելու փոխարեն:
Մտքիս մեջ շատ հարցեր կան. դրանք այնտեղից պետք է հանել և Տիրոջ մոտ տանել: Մի՞թե ժողովուրդն իր Աստծուն չպետք է հարցնի. Տերը պատվիրեց այս հարցը տալ նրանց, ովքեր առաջարկում էին վհուկներին դիմել: Այսօր այս հարցն ինձ էլ է տրվում: Այս հարցը իմ հարցերի պատասխանն է: Երբ նեղություններն ու մտահոգությունները շրջապատում են ինձ, և սատանան փորձում է համոզել, որ չեմ գտնի հարցերին պատասխանները, ասեմ. ՙՄի՞թե Հռիփսիմեն  իր Աստծուն չպետք է հարցնի՚: Այո՜, միայն Նրան պետք է հարցնեմ:

Հուլիսի 24, 2012

ՙԵզեկիան նամակը վերցրեց  դեսպանների ձեռքից, այն կարդաց. և Եզեկիան Տիրոջ Տունը գնաց ու Տիրոջ առաջ փռեց այն՚ (4 Թագավորաց 19:14):

Հրաշալի է Եզեկիայի արձագանքը Ասորեստանի թագավորի՝ Սենեքերիմի սպառնալից ու ծաղրական նամակին: Նա պատասխան նամակ չուղարկեց, այլ նամակը տարավ Տիրոջ մոտ կարդալու:
Նամակը նրան վշտացրել էր, որովհետև անհարգալից էր Իսրայելի Աստծո հանդեպ: Նա պարզությամբ ու անկեղծությամբ քննարկեց նամակի բովանդակությունը Տիրոջ հետ: Սենեքերիմը  նամակում հիշատակել էր Ասորեստանի բազում հաղթանակների մասին, այն ազգերի մասին, որոնց ինքը ոչնչացրել էր, ու մեծամտորեն հայտարարել էր, որ նույնն անելու է Իսրայելի հետ: Բայց նա հաշվի չէր առել, որ իր հաղթած ազգերի աստվածները սուտ աստվածներ էին, իսկ Իսրայելի Աստվածը միակ ճշմարիտ Աստվածն է: Եզեկիան դա գիտեր, ուստի չսասանվեց  թշնամու սպառնալիքներից, այլ Տիրոջն ապավինեց: Ասորեստանը կարող էր հաղթել  շատերին, բայց ոչ Իսրայելի Աստծուն: Եզեկիան աղոթեց Իսրայելի ազատության համար, որ բոլորն իմանան, որ Տերն է միակ ճշմարիտ Աստվածը:
Երբ իմ հոգու թշնամին  սպառնալից ՙնամակներ՚ է ուղարկում՝ ասելով, որ շատերին է հոգևոր անկման տարել, պատմում է իր նախկին հաղթանակների մասին, չպետք է վախենամ, այլ արհամարհանքով լռեմ ու ամեն բան Աստծուն հանձնեմ, վստահ  լինեմ, որ Տերն ինձ կազատի թշնամուց, որ բոլորն իմանան, որ իմ Աստվածը միակ ճշմարիտ Աստվածն է: Ամեն խնդիր, մտահոգություն, վախ տանեմ, Տիրոջս առաջ բացեմ:

Հուլիսի 24, 2013

ՙՈ՜վ Տեր, առավոտյան կլսես իմ ձայնը, առավոտյան աղոթքս Քեզ կուղղեմ ու դեպի վեր կնայեմ՚ (Սաղմոս 5:3):

Այս համարի մասին շատ եմ խորհրդածել, բայց, ցավոք, բոլոր առավոտներս նման չեն սաղմոսերգուի առավոտին:
Անմտություն է իմանալ առավոտյան պաշտամունքի օրհնությունը և այն չդարձնել ամեն օրվա առաջնահերթություն: Երբ Տերն առաջինն  է լսում ձայնս  ամեն առավոտ, օրվա ընթացքում  թշնամու բանակից եկող ձայները չեն հասնում ինձ, երբ Տերն առաջինն  է լսում ձայնս, ավելի հեշտությամբ եմ լսում Նրա ձայնը Խոսքը կարդալիս և ամենօրյա գործերում:
Երբ Տերն առաջինն  է լսում ձայնս, մյուսները, որոնք Նրանից  հետո ձայնս կլսեն, կստանան շինություն, օրհնություն, մխիթարություն:
Վաղ առավոտը զրույցի ժամ է, Հիսուսի՜ հետ զրույցի:

Հուլիսի 24, 2014

ՙ... ամեն մեկը թող լսելու մեջ արագաշարժ, իսկ խոսելու կամ բարկանալու մեջ ծանրաշարժ լինի՚ (Հակոբ 1:19):

Տխուր է, որ թեև այսքան շատ եմ սերտողություններ արել լեզվական մեղքերի  վերաբերյալ, հատկապես Առակաց  գրքից, որոնցում ասվում է, թե ինչպիսին է Աստծուն հաճելի խոսելաձևը, բայց դեռ խախտում եմ այս համարում գրվածը, անում եմ հակառակը՝ դանդաղ եմ լսելու մեջ,  արագ՝ խոսելու և բարկանալու:
Այս թեմայի վերաբերյալ Աստծո Խոսքը շատ բան է սովորեցրել ինձ ու շատ անգամ է հանդիմանել խոսելաձևիս համար: Եթե սովորածս կիրառած լինեի, հիմա կլինեի կատարյալ, այսինքն՝ լեզվով չմեղանչող: Բայց ուզում եմ հիշել այն ամենը, ինչ Աստծո Խոսքից սովորել եմ, և աղոթել, որ կարողանամ կիրառել: Դանդաղաշարժությունը խոսքի մեջ իմաստության նշան է, ու ոչ բոլորն են ընդունակ դրան: Ես շատ քչերին եմ ճանաչում, որ այս համարում գրվածը կատարում են: Ու ցավոք, ես այդ քչերի մեջ չկամ: Որպեսզի սովորեմ խոսելու մեջ դանդաղ լինել, հիշեմ, որ խոսքերի մեջ շտապողը հիմարից վատ է (Առակաց 29:20), շատ խոսքերի մեջ հանցանք պակաս չէ (Առակաց 10:19), արդարի սիրտը մտածում է տրվելիք պատասխանի վրա (Առակաց 15:28):
Երանի մի օր այս համարը կարդալիս ուրախանամ, որ սովորել եմ դանդաղախոսությունը:

Հուլիսի 24, 2015

ՙԻմ բարկության ուժգնությունը չեմ գործադրի,  կրկին չեմ կործանի Եփրեմին, քանի որ ես Աստված եմ, ոչ թե մարդ...՚ (Ովսե 11:9):

Թեև Իսրայելը (ինչպես և բոլորս) արժանի էր Աստծո բարկությանը, բայց Նա որոշեց Իր բարկությունը չգործադրել ուժգնությամբ և ասաց դրա պատճառը. ՙՔանի որ ես Աստված եմ, ոչ թե մարդ՚: Եթե Նա մարդ լիներ, հնարավորություն չէր տա մեղքերի համար զղջալու, չէր հեռացնի մեր մեղքերն այնպես, ինչպես արևելքն է արևմուտքից  հեռու, չէր ների մեր անթիվ մեղքերը, չէր օգնի հաղթել դրանց: Եթե Նա մարդու նման վարվեր, երբեք փրկություն չէի ունենա:
Բայց Նա Աստված է, դրա համար անսահման համբերատար է:
Նա Աստված է, դրա համար զարմանալի ու աննկարագրելի է Նրա գթությունը:
Նա Աստված է, դրա համար Իր մոտ գնացող, զղջացող մեղավորին դուրս չի հանում:
Նա Աստված է, դրա համար սիրում է ողոմություն անել, ներել:
Նա Աստված է, դրա համար հավատարիմ է Իր խոստումներին:
Նա Աստված է, դրա համար չի լքում նրանց, ովքեր լքում են իրենց մեղքերը:
Նա Աստված է, դրա համար հավիտյան չի բարկանում ու ոխ չի պահում:
Նա Աստված է, դրա համար ես պետք է գնահատեմ Նրա մեծ ողորմությունը, պետք է պաշտեմ Նրան, հնազանդվեմ Նրա Խոսքին, չպետք է վշտացնեմ Նրան, չպետք է հոգևոր պատերազմում հուսահատվեմ, այլ Նրան ապավինելով շարունակեմ պատերազմել մեղքի դեմ, և Նրանից ուժ ստացած՝ հաղթեմ :

Հուլիսի 24, 2016

ՙ... որովհետեւ բոլոր մեղքերս մեջքիդ ետևը գցեցիր՚ (Եսայի 38:17):

Եզեկիայի ասած այս խոսքերը հնարավոր չէ անտարբերությամբ կարդալ: Եթե մարդը մեղքեր ունի, պիտի փափագի այս համարում գրվածը, իսկ եթե ազատվել է մեղքերից, հեռացել է դրանցից, զղջացել է ու խոստովանել Տիրոջը, ուրեմն պիտի ուրախանա, պիտի փառաբանի Տիրոջը, պիտի պատերազմի ամեն տեսակ մեղքի դեմ, որ չլինի թե նորից մեղանչի:
Թոմաս Բրուքսը գրել է. ՙԵթե մարդու մեղքերը միշտ իր առաջ են, Աստված նրա մեղքերը Իր մեջքի ետևը կնետի՚:
Դա իմ մտքին անհասանելի, անբացատրելի հրաշք է: Անբացատրելի է, բայց իրական: Եթե ունես մեղքերի թողություն, ավելի լավ բան ուզել չես կարող, որովհետև չկա ավելի լավ բան:

Հուլիսի 24, 2017

ՙՄարդու սիրտն է ծրագրում իր ճամփան, բայց Տերն ուղղում է նրա քայլերը՚ (Առակաց 16:9):

Մենք չենք կարող կատարյալ ծրագրեր կազմել, չգիտենք ապագան, չգիտենք, թե ինչ դժվարություններ կլինեն ծրագիրն իրականացնելիս: Բայց դա չի նշանակում, որ ոչինչ չպետք է ծրագրենք: Այլ պետք է մեր ծրագրերը հանձնենք կատարյալ Աստծուն: Հռութը ծրագրեց արտում հասկեր հավաքել, իսկ Աստված  նրա քայլերն ուղղեց դեպի ապագա ամուսնու արտը: Հովսեփի եղբայրները ծրագրեցին նրանից ազատվել, իսկ Աստված նրան դարձրեց ամենահարուստ երկրի վարչապետը:  Աստված չար ծրագրերը կխափանի, բարի ծրագրերը, որոնք Իր կամքի համապատասխան են, կիրականացնի:
Ես ծրագրեցի ֆրանսերեն սովորել,  Աստված առաջնորդեց, որ դա Իր ծառայության համար պետք գա:
Ուրեմն բոլոր ծրագրերս Իրեն հանձնեմ:

Եվ վերջապես, ահա թե որ խոսքերն այսօր ինձ քաջալերեցին Սուրբ Գիրքը կարդալիս:

Հուլիսի 24, 2018

ՙՈւ Հեսուն ասաց. ՙՍրանով կիմանաք, որ կենդանի Աստվածը ձեր մեջ է ու ձեր առջևից անկասկած վտարելու է քանանացիներին, քետացիներին, խևացիներին, փերեզացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին և հեբուսացիներին՚ (Հեսու 3:10):

Հորդանանը ցամաքով անցնելու հրաշքն ապացույց էր լինելու, որ Աստված Իր ժողովրդի հետ է և ուրիշ խոչընդոտներ էլ է վերցնելու նրանց ճանապարհից՝ վտարելու է թշնամիներին՝ Քանանի յոթ ազգերին: Այդ հրաշքն օգնելու էր հավատալ, որ նոր հաղթանակներ են լինելու: Հեսուն Աստծո ժողովրդին պատվիրում է լսել Աստծո Խոսքը և հրաշքից քաջալերվել: Նրանց հայրերը Կարմիր ծովն անցել էին ցամաքով, բայց էլի կասկածել էին ու հարցրել. ՙԱրդյո՞ք Տերը մեր մեջ է՚ (Ելից 17:7): Իսկ նրանք պետք է վստահ լինեին, որ Տերն իրենց մեջ է, ներկա է: Նրանք պիտի վստահ լինեին, որ Տերը հեռացնելու է թշնամի յոթ ազգերին: Կարմիր ծովը տեսավ ու փախավ, Հորդանանը հետ դարձավ (Սաղմոս 114:3): Ուրեմն թշնամիները չե՞ն փախչի, հետ չե՞ն դառնա: Անկասկած, կփախչեն, որովհետև կենդանի Աստված է գնում Իր ժողովրդի առջևից:
Աստված Իր գործը կիսատ չի թողնում, Նա ավարտելու է այն բարի գործը, որը սկսել է մեր մեջ (Փիլիպեցիս 1:6):
Եթե կյանքումս գոնե մեկ անգամ տեսել եմ Աստծո հրաշքները, տեսել եմ, թե ինչպես է  խոչընդոտները վերցնում իմ ճանապարհից, ուրեմն երբեք չկասկածեմ ու չհարցնեմ. ՙԱրդյո՞ք Տերն ինձ հետ է՚: Գիտեմ, որ էլի թշնամիներ են լինելու ճանապարհիս, բայց Տերը բոլորին վտարելու է:

Եթե դուք էլ եք պահում հոգևոր օրագիր, Սուրբ Գիրքը կարդալիս նշումներ եք անում կամ սովորածի շուրջ խորհրդածություններ գրում, կամ էլ նոր եք որոշել սկսել,  գրեք այդ մասին մեկնաբանության մեջ: Ես կուզեի այդ իմանալ:

Հիսուսի սիրով՝
Հռիփսիմե