понедельник, 31 октября 2016 г.

2 Կորնթ.6:14-ը՝ մոռացված

Աստծո աղջիկներ, սիրելի քույրեր,
Մի կառուցեք դուք տունը նրա (Առակաց 14:1),
Ով կենդանի քար չէ մեր Տիրոջ տան մեջ, Նրա տաճարում,
Ինչու՞ եք աղոթում որ դառնաք պսակ դուք մեկի համար (Առակաց 12:4),
Ով մեր Տիրոջից այն փառավոր օրը պսակ չի ստանալու:
Ինչու՞ եք ուզում քայլել մեկի հետ, ով մեր Տիրոջ հետ քայլել չի ուզում.
Կարիք չունեք ծառայելու նրան, ով չի ծառայում մեր Հայր Աստծուն:
Գիտեմ, որ կասեք. «Երկուսը մեկից լավ է» (Ժողովող 4:9).
Աստծո Խոսքն է այդ ասում:
Այո, բայց երբ երկրորդը չի գործում Նրա այգում,
Միայնակ աշխատելը շատ ավելի լավ է:
Ավելի լավ է՝ սովորեք սպասել,
Համբերությամբ սպասել  Տիրոջ ժամանակին,
Ու եթե դա լինի Նրա ծրագրում,
Նա կդարձնի ձեզ պսակ գոհարներից թանկ
Այն մեկի համար, ով ասպարեզում վազելու համար
Ստանալու է պսակն անեղծանելի (1 Կորնթ. 9:25),
Մեր Տիրոջ հայտնությունը սիրելու համար
Արդարության պսակին է լինելու արժանի (2 Տիմ.4:8):
Փորձություններում ընտիր գտնվելով՝
Կենաց պսակն է նա ընդունելու (Հակոբ 1:12)
Ու գուցե Տիրոջ  հոտին խնամք տանելով՝
Փառքի անթառամ պսակն է ստանալու (1 Պետր.5:4):
Աստծո աղջիկներ, սիրելի քույրեր,
Մի կառուցեք դուք տունը նրա,
Ով կենդանի քար չէ մեր Հոր տաճարում:
2009 թ.

Հռիփսիմե Մկրտչյան