вторник, 28 апреля 2009 г.

Իմ մասին չարություն են խորհում, ես կանոններիդ մասին եմ մտածում


(Սաղմոս 119:23,24)

Իշխանները նստում ու չարախոսում են ինձ,
Իսկ ես նստում եմ Քո Խոսքի առջև,
Իմ մասին նրանք չարություն են խորհում,
Կանոններիդ մասին եմ մտածում անվերջ:
Ոչ ոք կողքիս չէ բացի Քեզանից,
Քո կանոններն են ինձ խորհդրատու,
Թեև մոռացված լինեմ ամենից,
Միշտ պիտի հիշեմ Խոսքերդ կենսատու:

Հռիփսիմե Մկրտչյան 

воскресенье, 26 апреля 2009 г.

Առակաց 20:22՝ հիշված պատվերը և մոռացված խոստումը

«Չարութեան փոխարէնը պիտի հատուցանեմ», մի ըսէր, Տէրոջը սպասիր ու Անիկա քեզի պիտի օգնէ» (Առակաց 20:22)

Թեև չեմ ասում, որ չարության փոխարեն պիտի հատուցեմ, այլ միշտ աղոթում եմ ինձ չարությամբ վերաբերվողների համար, այս հիշեցման կարիքը շատ ունեի, երբ Տերս անհատական պաշտամունքի ժամանակ ուշադրությունս հրավիրեց այս համարի վրա: Հատկապես կարիք ունեի հիշելու այս համարի երկրորդ մասը, որովհետև առաջինը չեմ մոռանում, թեև հաճախ շատ ջանքեր են պետք եղել, որ կատարեմ այդ պատվերը: Չարությանը չարությամբ պիտի չպատասխանեմ. սա հիշում եմ, մանավանդ որ Նոր Կտակարանում, հատկապես Լեռան քարոզում ու Պողոսի նամակներում հաճախ է հիշատակվում այդ պատվերը, բայց հաճախ եմ մոռանում խոստումը: Դա զարմանալի է, որովհետև հակված եմ ավելի շատ ուշադրություն դարձնելու խոստումներին ու պատվերները մոռանալու: Գոհանում եմ Տիրոջից, որ իմ տխրության պահին ուշադրությունս դարձրեց խոստումի վրա՝ Նա քեզ պիտի օգնի: Թագավորաց Թագավորը, տիեզերքի Արարիչն ու Տիրակալն է ինձ օգնելու, հոգ չէ, որ սիրելիներից շատերը կամ չեն ուզում օգնել կամ էլ չեն կարող: Իմ Տերը և՛ կարող է, և՛ ուզում է:
Երբ իմ հանդեպ չարություն են անում, ես
1. Մի բան պիտի չանեմ՝ չարությամբ պիտի չպատասխանեմ:
2. Մի բան էլ պիտի անեմ՝ Տիրոջը պիտի սպասեմ:
Ալելուիա, ինչ երջանկություն, որ երրորդ քայլը ես չեմ անելու, այլ Իմ Տերը՝ Նա ինձ օգնելու է: Նա ինձ կօգնի խաղաղությունս վերականգնել, ինձ ատողներին սիրել (իսկ դա հնարավոր չէ առանց Տիրոջ օգնության), կօգնի դիմանալ, կօգնի Իրեն հաճելի կյանքով ապրել և սպասել այն փառավոր օրվան, երբ Նա Ինքն է արցունքներս սրբելու:

суббота, 25 апреля 2009 г.

Կոտրած սրտով


(Սաղմոս 34:18)

Երբեմն կոտրած սրտով մտածում եմ ես,
Որ Դու, Տեր, հեռու ես ինձանից,
Բայց Քո Խոսքը ճիշտ հակառակն է ասում.
«Մոտ է Տերը սրտով կոտրածներին»:
Տեր, ոչ մի սխալ չկա Քո գրած գրքում,
Հավիտյան է մնում այն, ինչ գրված է,
Որքան, որ հաստատ է, որ սիրտս կոտրած է,
Նույնքան հաստատ է, որ ինձ մոտ ես Դու:

Հռիփսիմե Մկրտչյան 

пятница, 24 апреля 2009 г.

Աղոթքի առանձնաշնորհումը


Մի սքանչելի առանձնաշնորհում է ինձ տրված,
Արքային ամեն օր հանդիպելու պատիվ է ինձ շնորհված,
Ինձ երբեք չի ասում. «Զբաղված եմ, հետո արի»,
Երբեք հետ չի ուղարկում, ինձ համար միշտ ժամանակ ունի:
Նրա ընդունարանը բաց է ինձ համար
Շաբաթը յոթ օր, օրը քսանչորս ժամ,
Ուրախությամբ է Նա միշտ սպասում իմ գալուն,
Տիեզերքի Արարիչն ինձանից երբեք չի ձանձրանում:

Հռիփսիմե Մկրտչյան

четверг, 23 апреля 2009 г.

Ուզում եմ մնալ ութերորդ գլխում


(Հռոմ.8:1)

Տեր, ես չեմ ուզում նորից հայտնվել
Հռոմեացիս յոթերորդ գլխում,
Թող այևս երբեք չասեմ.
«Ինչ խղճալի մարդ եմ ես»:
Քանզի օրենքը Քո Հոգու և Կյանքի
Ազատել է ինձ օրենքից մեղքի,
Եվ չկա այլևս դատապարտություն
Նրանց համար, որ Քո Հոգով են քայլում.
Տեր, օգնիր ինձ մնալ ութերորդ գլխում:
Հռիփսիմե Մկրտչյան

среда, 22 апреля 2009 г.

Նորոգիր և բժշկիր


Հիսուս, իմ կյանքում նեղությունները բազում են,
Արցունքները հեղեղի պես են գալիս,
Բայց Քո պարգևած օրհնությունները
Եվ պատճառները, որոնք ժպիտ են բերում
Անհամեմատ ավելի շատ են:
Ատու՞մ են ինձ շատերը,
Այո՛, բայց սիրում ես Դու,
Ոմանք ինձ չեն հասկանում,
Բայց Դու իմ սիրտն ես քննում:
Փշրվել են հույսերս,
Բայց Քո գալստի երանելի հույսը ինձ հետ է միշտ,
Վիրավոր է սիրտս,
Բայց Դու իմ գթասիրտ Բժիշկն ես ընդմիշտ:
Կոտրած սրտիս բեկորները ցրվել են այս ու այն կողմ,
Բայց ոչ մեկը չի կորել:
Օգնիր դրանք հավաքել
Ու ձեռքերիդ մեջ դնել,
Բոլոր կտորները Քո սիրո սոսնձով սոսնձիր,
Խոսքիդ բալասանով սիրտս բժշկիր:

Հռիփսիմե Մկրտչյան 

пятница, 17 апреля 2009 г.

Սաղմոս 37:4-ի պատվիրանն ու խոստումը


Սաղմոս 37:4 համարում
Կա պատվիրան ու նաև խոստում.
Խոստումի մասին շատ եմ մտածում,
Իսկ պատվիրանը` հաճախ մոռանում:
Իմ բաժինը գիտեմ` պատվիրանը կատարելն է,
Իսկ խոստումներդ, Տեր, Դու միշտ ես կատարում:
Քեզնով պիտի ուրախանամ, Քեզնով ապրեմ բերկրանք,
Անուշ Խոսքերիդ մեջ պիտի գտնեմ հրճվանք,
Այնժամ կշնորհես փափագը սրտիս.
Քանզի սրտումս կմնա միայն մեկ փափագ,
Եվ դա կլինես հենց Դու, Հիսուս, իմ Միակ:

Հռիփսիմե Մկրտչյան

Եղբայրասիրության մասին կարիք չկա՞ գրելու... երանի թեսաղոնիկեցիներին

«Բայց եղբայրասիրության մասին հարկ չկա ձեզ որևէ բան գրել. որովհետև դուք ինքներդ Աստծուց սովորել եք միմյանց սիրել» (1 Թես.4:8)

Նախանձելի վիճակ Թեսաղոնիկեի եկեղեցում: Նույնիսկ կարիք չկա եղբայրասիրության մասին գրել. նրանք դա Աստծուց են սովորել: Եվ հաջորդ համարում Պողոսն ասում է, որ նրանք դա ցույց են տալիս բոլորի հանդեպ: Ցավոք, հիմա երբեմն նույն տեղական եկեղեցու անդամները սեր չունեն նույնիսկ իրար հանդեպ, էլ ուր մնաց թե՝ բոլորի, ուրիշ եկեղեցիներում գտնվողների: Բայց Պողոսը նրանց հորդորում է էլ ավելի աճել դրա մեջ: Ուրեմն, երբեք հերիք չէ եղբայրասիրությունը, միշտ էլ աճելու տեղ կա: Տիրոջից գոհանում եմ, որ սիրում եմ Աստծո բոլոր զավակներին, բայց թեսաղոնիկեցիների նման կարիք ունեմ ավելի շատ սիրելու: Թեսաղոնիկեի եկեղեցուն ուղղված հաջորդ նամակում Պողոսն ասում է, որ նրանց հավատքը խիստ աճում է, սերը միմյանց հանդեպ՝ ավելանում 2 Թես. 1:3: Այդպիսին է հոգևոր առաջընթացը: Հավատքն ու սերը իրար հետ կապված եմ, միասին էլ աճում են: Երանի թեսաղոնիկեցիներին. տեսնես՝ ի՞նչն է նրանց արագ հոգևոր աճի գաղտնիքը: Գաղտնիքը չգիտեմ, բայց գիտեմ Նրա անունը, ով գիտի այդ, ճանաչում եմ Նրան, ով անպատասխան չի թողնի իմ աղոթքը, եթե ասեմ. «Տեր, ավելացրու իմ հավատքն ու սերը»:

воскресенье, 12 апреля 2009 г.

Նա այնտեղ չէր, դրա համար այստեղ է հիմա՝ իմ կյանքում


«Նա այստեղ չէ...» (Ղուկաս 24:6)

Երբևէ լսված ամենաբարի լուրը. Նա այստեղ չէ: Դատարկ է գերեզմանը, դրա համար սիրտս լեցուն է ուրախությամբ ու գոհությամբ: Հրեշտակն ասաց. «Նա այստեղ չէ», դրա համար Աստծո Խոսքն ինձ ասում է, որ այնտեղ՝ երկնքում տեղ կա ինձ համար պահված: Նա այնտեղ չէր, դրա համար հիմա այստեղ է՝ իմ սրտում, իմ կյանքում, դրա համար իմ կյանքը պահված է երկնքում: Ինչ ուրախություն, որ դատարկ է գերեզմանը ու կյանքս` լեցուն Իր օրհնությամբ: Սիրելիներ, թող հարուցյալ Քրիստոսը ձեզ կենդանացնի Իր Հոգով, աղոթում եմ, որ հարության զորությունը ճաշակեք ու հաղթող լինեք ամեն ժամանակ:

Երեք ծառ

Այս պատմվածքը կարդացել եմ մի անգլերեն կայքում, հեղինակն անհայտ է: Ինձ շատ դուր եկավ, և որոշեցի թարգմանել: Այն հիշեցնում է մեր Տիրոջ հարության, Նրա բերած փրկության մասին, նաև այստեղ գտա իսկական մխիթարություն: Աստծո ծրագրերը մեր կյանքի համար մեր երազանքներից շատ ավելի լավն են: Սիրելիներ, եթե դուք ճշմարտապես ճանաչում եք մեր Տիրոջը, վստահ եմ, որ գիտեք այն ճշմարտությունը, որ շեշտվում է այս պատմվածքում՝ երբեմն մեր երազանքները չեն իրականանում, շատ աղոթքներ դրական պատասխան չեն ստանում, որովհետև մեր Տերը կամենում է մեզ տալ ավելի լավը, քան խնդրում ենք կամ պատկերացնում: Մաղթում եմ, որ պատմվածքի ընթերցումը ձեզ օրհնություն բերի:
Քրիստոսի սիրով՝ Հռիփսիմե
Մի ժամանակ սարի գագաթին կանգնել էին երեք փոքրիկ ծառեր և երազում էին, թե ինչ պիտի դառնան, երբ մեծանան:
Առաջին ծառը նայեց իրենց վերևում ադամանդի պես փայլող աստղերին:
---- Ես ուզում եմ իմ մեջ գանձ պահել, --- ասաց նա,--- ուզում եմ ծածկվել ոսկով և լցվել թանկարժեք քարերով: Ես կլինեմ աշխարհի ամենագեղեցիկ զարդատուփը:
Երկրորդ ծառը նայեց դեպի օվկիանոս հոսող գետակին.
--- Ես ուզում եմ մեծ առագաստանավ դառնալ,--- ասաց նա,--- ես ուզում եմ ճամփորդել հզոր ջրերով և տանել հզոր թագավորներին: Ես կլինեմ աշխարհի ամենահզոր նավը:
Երրորդ ծառը նայեց ցած՝ դեպի հովիտ, որւր զբաղված տղամարդիկ ու կանայք աշխատում էին զբաղված քաղաքում:
--- Ես բոլորովին էլ չեմ ուզում հեռանալ այս սարի գագաթից,--- ասաց նա,--- ես ուզում եմ այնքան բարձր դառնալ, որ երբ մարդիկ կանգ առնեն ինձ նայելու համար, բարձրացնեն իրենց աչքերը դեպի երկինք և մտածեն Աստծո մասին: Ես կլինեմ աշխարհի ամենաբարձր ծառը:
Անցան տարիներ: Անձրևներ եկան, արևը փայլեց, և փոքրիկ ծառերը մեծացան: Մի օր փայտահատները բարձրացան սարը: Առաջին փայտահատը նայեց առաջին ծառին և ասաց.
--- Այս ծառը գեղեցիկ է, սա հենց իմ ուզածն է: Նրա փայլուն կացնի հարվածով առաջին ծառն ընկավ: «Այժմ ես կդառնամ մի գեղեցիկ զարդատուփ»,--- մտածում էր առաջին ծառը,--- ես հրաշալի գանձ կպահեմ իմ մեջ»:
Երկրորդ փայտահատը նայեց երկրորդ ծառին և ասաց.
---- Այս ծառը հզոր է,--- սա հենց իմ ուզածն է: Նրա փայլուն կացնի հարվածով երկրորդ ծառն ընկավ: «Այժմ ես կնավարկեմ հզոր ջրերով,--- մտածում էր երկրորդ ծառը, --- ես հզոր նավ կլինեմ թագավորների համար»:
Երրորդ ծառի սիրտը դողաց, երբ երրորդ փայտահատը նայեց իր կողմը, նա կանգնել էր ուղիղ և բարձր և ցույց էր տալիս երկինքը: Բայց փայտահատը նույնիսկ վերև չնայեց:
--- Ցանկացած ծառ հարմար է ինձ համար, --- քթի տակ ասաց նա,--- Նրա փայլուն կացնի հարվածով երրորդ ծառն ընկավ:
Առաջին ծառն ուրախացավ, երբ փայտահատն իրեն բերեց հյուսնի արհեստանոցը, բայց զբաղված հյուսնը չէր մտածում զարդատուփերի մասին: Դրա փոխարեն նրա՝ աշխատանքից հոգնած ձեռքերը ծառը դարձրին անասունների համար կերաման: Երբեմնի գեղեցիկ ծառը չծածկվեց ոսկով ու չլցվեց գանձով: Այն ծածկվեց թեփով և լցվեց ծղոտով՝ քաղցած անասուններին կերակրելու համար:
Երկրորդ ծառն ուրախացավ, երբ փայտահատը տարավ իրեն նավաշինարան, բայց հզոր առագաստանավեր չպատրաստվեցին այդ օրը: Դրա փոխարեն երբեմնի հզոր ծառին մուրճով հարվածեցին, սղոցեցին և դարձրին մի փոքրիկ ձկնորսական նավակ: Նա շատ փոքր ու թույլ էր, որպեսզի կարողանար անցնել օվկիանոսով կամ նույնիսկ գետով. նրան տարան մի փոքր լճակ: Ամեն օր նա բերում էր ձկներով բեռներ: Երրորդ ծառը շփոթվեց, երբ փայտահատը նրան կտրատեց, դարձրեց գերաններ և թողեց նրան փայտերի պահեստում:
---- Ի՞նչ պատահեց,--- զարմանում էր երբեմնի բարձրահասակ ծառը,--- ես միայն ուզում էի մնալ սարի գագաթին և ցույց տալ Աստծուն:
Շատ օրեր և գիշերներ անցան: Երեք ծառերը գրեթե մոռացան իրենց երազանքները: Բայց մի գիշեր աստղերի ոսկեփայլ լույսն ընկավ առաջին ծառի վրա, երբ մի երիտասարդ կին իր նորածին մանկանը դրեց կերամանի մեջ:
---- Ես կուզենայի օրորոց պատրաստել նրա համար,--- շշնջաց նրա ամուսինը:
Մայրը սեղմեց նրա ձեռքը և ժպտաց, երբ աստղերի լույսը փայլեց հարթ, դիմացկուն փայտի վրա:
---- Այս մսուրը գեղեցիկ է,--- ասաց նա: Եվ հանկարծ առաջին ծառն իմացավ, որ ինքը պահում էր աշխարհի ամենամեծ գանձը:
Մի երեկո մի հոգնած ճամփորդ և իր բարեկամները լցվեցին հին ձկնորսական նավակը: Ճամփորդը քնեց, երբ երկրորդ ծառը հանդարտ սահում էր լճակի վրայով: Հանկարծ սարսափելի փոթորիկ սկսվեց: Փոքրիկ ծառը դողաց: Նա գիտեր, որ չունի զորություն այդքան շատ ուղևորների ապահովությամբ տանելու փոթորկի և անձրևի միջով: Հոգնած մարդն արթնացավ: Նա կանգնեց, պարզեց իր ձեռքը և ասաց. «Հանդարտվիր»: Փոթորիկը դադարեց նույնքան արագ, որքան արագ որ սկսվել էր: Եվ հանկարծ երկրորդ ծառն իմացավ, որ տանում էր երկնքի և երկրի Թագավորին:
Մի առավոտ երրորդ ծառը վախից ցնցվեց, երբ իր գերանները հանեցին մոռացված փայտերի կույտից: Նա ցնցվեց, երբ իրեն տանում էին գազազած, ծաղրող բազմության միջով: Նա դողաց, երբ զինվորները մի մարդու ձեռքերը մեխեցին իր վրա: Նա զգում էր, որ ինքը տգեղ է, կոպիտ, դաժան: Բայց մի կիրակի առավոտյան, երբ արևը փայլեց, և իր ներքևում երկիրը ցնցվեց ուրախությունից, երրրոդ ծառն իմացավ, որ Աստծո սերն ամեն բան փոխել է: Ծառը վկայում էր Հիսուս Քրիստոսի հարության մասին: Եվ ամեն անգամ, երբ մարդիկ նայում են ծառին կամ խաչին, մտածում են Տիրոջ մասին:

                                                                                   Անգլերենից թարգմանեց Հռիփսիմե Մկրտչյանը

вторник, 7 апреля 2009 г.

Ամենակարճ համարը, ամենամեծ սերը

(Հովհ.11:35)
Ամեն անգամ, երբ կարդում եմ
Ամենակարճ համարը Սուրբ Գրքի,
Զմայլվում եմ Քո զարմանալի սիրով,
Քո աննման կարեկցությամբ եմ հիանում:
Դու, որ խոստացել ես արցունքներս սրբել,
Պատրաստ ես նաև ինձ հետ արտասվել,
Եթե նույնիսկ կանգնած ես հիմա
Մեռած հույսերիս գերեզմանի մոտ`
Պատրաստվելով հարություն տալ Քո զորեղ Խոսքով,
Արցունքներիս նայում ես հուզմունքով,
Վշտերիս հանդեպ անտարբեր չես Դու:
Ինձ հետ արցունք թափող,
Աննման սիրով ինձ կարեկցող,
Իմ Ուրախությունն ես Դու,
Ամենաբարձր և ամենախոր սերն եմ ես տեսնում
Այդ երկու բառում,
Սուրբ Գրքի ամենակարճ համարում:

Հռիփսիմե Մկրտչյան

пятница, 3 апреля 2009 г.

Վերջին արթնությունը, նոր «Գործք առաքելոցը»


Տեր, ամեն անգամ, երբ կարդում եմ «Գործք առաքելոցը»,
Հիշում եմ, որ Քո փառավոր գալստից առաջ
Լինելու է մի նոր «Գործք առաքելոց»,
Որը գրված է ոչ թե թղթի վրա,
Այլ Քո իմաստուն, փառավոր ծրագրում:
Ուզում եմ լինել նոր «Գործք առաքելոցի» ոչ թե ընթերցող,
Այլ... գործող հերոսուհի:
Շնորհիր ինձ լինել Վերնատանը հավաքված,
Քեզ սպասող աղոթքի զինվորներից մեկը,
Օգնիր ինձ դառնալ գթասիրտ ու օգնելու պատրաստ մի Այծեմնիկ,
Ուզում եմ լինել սրտանց Քեզ ծառայող,
Տունը եկեղեցու վերածած,
Մարդկանց Ճշմարտության ճամփան ցույց տվող անձնվեր Պրիսկիղա,
Ուզում եմ լինել հյուրընկալ Լիդիա,
Խոսքիդ տարածմանը ծառայող Մարիամ և Պերսիդե:
Երբ Հոգուդ կրակը նորից կտարածվի աշխարհով մեկ,
Օգնիր ինձ դառնալ այդ սուրբ հրդեհի պատճառներից մեկը,
Երբ կուղարկես արթնությունը վերջին,
Թող առաջինը աչքերս բացեմ,
Վերջին անձրևի կաթիլներն առաջին,
Այնքան եմ ուզում, որ ինձ վրա թափվեն:

Հռիփսիմե Մկրտչյան

четверг, 2 апреля 2009 г.

Զրույց Առակաց 31-ի հերոսուհու հետ



Հռիփսիմե: Բարև, քույրիկ, հաճախ եմ քո մասին կարդում,
Երբեմն կարդալիս շատ եմ ես տխրում:
Առաքինի կին: Ինչու՞, Տիրոջով ուրախ պիտի լինես ամեն ժամանակ,
Չէ՞ որ այդ մասին գրված է Աստծո սուրբ Խոսքում:
Հռիփսիմե: Այո, բայց քեզ նմանվել ես շատ եմ ուզում,
Մինչդեռ դա ինձ անհնար է թվում.
Տնային գործերն անել միշտ հասցնում ես,
Նաև մեր բառերով ասած՝ գործարար կին ես.
Արտ ես գնում, հացդ հեռու տեղից ես բերում,
Այգի ես տնկում, ծածկոց պատրաստում,
Կտավ ես գործում ու վաճառում:
Երբեք չեմ կարող այդ ամենն անել:
Առաքինի կին: Իսկ դու շարունակիր պարզապես անել այն,
Ինչ, որ Տեր Հիսուսն է քեզ հանձնարարել.
Կտավ գործել քեզ մոտ չի՞ ստացվում.
Բայց ձեռքերդ թող Տիրոջ համար գործեն,
Այգի տնկել չե՞ս կարողանում,
Բայց կարող ես աշխատել քո Տիրոջ այգում:
Հռիփսիմե: Գուցե հասցնում ես այդքան գործեր անել,
Որովհետև դու աղախիննե՞ր ունես:
Առաքինի կին: Աղախիններ ունեմ, ճիշտ է,
Բայց գաղտնիքը բնավ դրա մեջ չէ:
Հռիփսիմե: Գուցե պատճառն այն գեղեցիկ հաճոյախոսությու՞նն է,
Որ դու լսել ես կյանքիդ մեջ բոլոր.
Այդ մասին կարդացել եմ 29-րդ համարում.
Ես այդ խոսքերը երբեք չեմ լսել ու չեմ լսելու:
Առաքինի կին: Իսկ հաջորդ համարը մի՞թե չես հիշում:
Հռիփսիմե: Գիտեմ, հմայքը սուտ է, ունայն՝ գեղեցկությունը,
Երկուսն էլ չունեմ:
Առաքինի կին: Իսկ շարունակությու՞նը.
Չէ՞ որ Տիրոջ վախը դու անշուշտ, ունես,
Իսկ ես մաղթում եմ, որ դու միշտ լինես,
Գթասիրտ ու իմաստուն,
Աստծո սիրով միշտ լեցուն: 

Հռիփսիմե Մկրտչյան

Երբ ուզում ես միայն Նրան հնազանդվել

Եթե ընդունում ես Աստծո Խոսքն այնպես, ինչպես գրված է.
Չես ավելացնում ո՛չ «բայց», ո՛չ «եթե»,
Մի զարմացիր, երբ մարդիկ քեզ անվանեն «ֆանատիկ».
Այդ պիտակը շատ սրբեր են կրել:

Եթե ուզում ես միշտ հնազանդվել Նրան,
Ով եկավ օրենքը կատարելու, ոչ թե քանդելու,
«Օրինապաշտ»-ի պիտակից չես խուսափելու,
Բայց դու շարունակիր Տիրոջ Խոսքը պահել:

Եթե ուզում ես սուրբ լինել հոգով ու մարմնով,
Աստծո Խոսքը երբեք չես համարում հնացած,
Նրանք, անշուշտ, քեզ կանվանեն «հետամնաց»,
Բայց Նրա զորությամբ շարժվիր դու առաջ:

Եթե դուրս ես եկել կրոնական Բաբելոնից,
Լսել ես Հոգու Խոսքը Եկեղեցուն ուղղված.
Չես կարող խուսափել հալածանքներից,
Բայց հիշիր, թե ինչ է քեզ համար պահված:

Հռիփսիմե Մկրտչյան

Ուզում եմ դառնալ Բեթանիա... իմ Տիրոջ սիրած բնակավայրը

«Եվ նրանց թողնելով գնաց քաղաքից դուրս դեպի Բեթանիա ու այնտեղ գիշերեց» (Մատթ.21:17):

Բեթանիան մեր Տիրոջ սիրած վայրն էր երկրի վրա: Նա հաճախ էր հյուրընկալվում այդ փոքրիկ գյուղում (Մարկ.14:3, Հովհ.12:1,2 Մատթ.21:17, Մարկ.11:11): Այնտեղ ապրում էին երեք սիրելի մարդիկ՝ Ղազարոսը իր երկու քույրերի հետ: Այնտեղ էր Նա ճշմարիտ երկրպագություն ստանում: Այնտեղ Նա օծվեց թանկագին յուղով՝ ստանալով այն, ինչ Մարիամի ամենաթանկագին ունեցվածքն էր, այնտեղ Նրա համար հատուկ ընթրիք էին պատրաստում (Հովհ. 12:2, ), այնտեղ Մարթան սպասավորություն էր անում (Հովհ.12:2, Ղուկաս 10:40), այնտեղ էր Մարթան ծարավով լսում Նրա Խոսքերը (Ղուկաս 10:39): Այնտեղ Հիսուսին մատուցվում էր լավագույնը: Նա այնտեղ ցանկալի Հյուր էր և սիրում էր այնտեղ հանգստանալ: Ես ուզում եմ, որ իմ սիրտը Բեթանիա դառնա, ուր Տերս կսիրի բնակվել: Ուրեմն թող սրտիս մեջ լինի այն երկրպագությունն ու Խոսքի հանդեպ ծարավը, որն ուներ բեթանացի Մարիամը, այն սերը, որը Հիսուսին նախապատիվ է անում բոլորից, այն ծառայելու հոժարությունը, որն ունեին Ղազարոսն ու Մարթան: Ուզում եմ ունենալ հոժարությունը կոտրելու իմ ալաբաստրե շիշը Նրա ոտքերի մոտ:
Հիսու՛ս, ուզում եմ Բեթանիա լինել՝ Քո սիրած բնակավայրը:

Ամեն բան բարու գործակից է


Տեր, հիշեցրու, որ ամեն բան
Քեզ սիրողներին բարու գործակից է (Հռոմ.8:28) :
Հենց դրա համար ստրկության վաճառվածը
Մի օր կարողացավ ժողովուրդներ կերակրել (Ծննդոց 50:20),
Բանտարկյալը դարձավ կառավարիչ (Ծննդոց 41:40):
Դրա համար ճանապարհը փակող ծովը
Դարձավ միջոց թշնամուց ազատվելու (Ելից 14:28),
Եվս մեկ առիթ Քո փառքը տեսնելու:
Դրա համար հալածանքն ու Քո ժողովրդի ցրվելը
Պատճառ դարձավ Խոսքդ տարածվելու (Գործք 8:1,4):
Դրա համար է, որ իմ կյանքում հանդիպած ամեն դժվարություն
Ւնձ ավելի է Քեզ մոտեցնում:
Հռիփսիմե Մկրտչյան 

«Նոր զգեստապահարան»



ՙ... Հանեք ձեր վրայից հին մարդուն իր գործերով հանդերձ և նորը հագեք, որ գիտությամբ նորոգված է ըստ իր Արարչի պատկերի... Ուրեմն ինչպես Աստծո ընտրյալներ՝ սրբեր ու սիրելիներ, հագեք գութ, ողորմություն,  քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն... Եվ այս բոլորի վրա հագեք սերը, որը կատարելության կապն է՚ (Կողոս. 3:9, 10, 12-14):

Ես մեկընդմիշտ հրաժարվել եմ իմ հին հագուստներից: Առաջ հագնում էի «հին մարդ» կոչվող հավաքածուի անճոռնի հագուստները, բայց երբ տեղափոխվեցի Թագավորաց Թագավորի Թագավորություն, նվեր ստացա «նոր մարդ» կոչվող գեղեցիկ հանդերձների մի հավաքածու, որի մեջ մտնում են գութը, ողորմությունը,  քաղցրությունը, խոնարհությունը, հեզությունը, համբերատարությունը և ամենագեղեցիկ հագուստը՝ սերը (Կողոս. 3:9,12-14): Ես ուրախությամբ ու հաճույքով եմ հագնում այս սքանչելի հանդերձները, որովհետև գիտեմ, որ Թագավորաց Թագավորի դուստրերին միայն այդպիսի հագուստներ են սազում:

Իմ օրագրից, հոկտեմբերի 16, 2008

среда, 1 апреля 2009 г.

Զարմանալի է, չէ՞...

Զարմանալի չէ՞, թե ինչքան շատ է թվում 100 $-ը. երբ տանում ես եկեղեցի, և ինչքան՝ քիչ, երբ տանում ես զբոսավայր:
Զարմանալի չէ՞, թե ինչքան երկար է թվում Աստծուն մեկ ժամ ծառայելը, և ինչքան արագ է թիմը բասկետբոլ խաղում 60 րոպեում:
Զարմանալի չէ՞, թե ինչքան երկար է թվում եկեղեցում անցկացրած երկու ժամը, բայց ինչքան կարճ է այդ երկու ժամը կինոնկար դիտելիս:
Զարմանալի չէ՞, որ աղոթելիս ասելու բան չենք ունենում, բայց ընկերոջ հետ խոսելիս այդ դժվարությունը չունենք:
Զարմանալի չէ՞, թե ինչքան ենք ուրախանում, երբ բեյսբոլի խաղը լրացուցիչ նետումներ է ունենում, բայց տրտնջում ենք, երբ քարոզը սովորականից երկար է լինում:
Զարմանալի չէ՞, թե ինչքան դժվար է Աստվածաշնչից մեկ գլուխ կարդալը, և ինչքան հեշտ՝ գնայուն վեպից 100 էջ կարդալը:
Զարմանալի չէ՞, թե ինչպես են մարդիկ ուզում համերգի կամ խաղի ժամանակ առաջին շարքում նստել, բայց կռվում են եկեղեցական հավաքույթի ժամանակ վերջին շարքում տեղ ունենալու համար:
Զարմանալի չէ՞, որ մեզ 2-3 շաբաթ է պետք լինում եկեղեցում կատարվող որևէ իրադարձություն ծրագրելու համար, բայց ցանկացած այլ իրադարձություն կարողանում ենք ծրագրել վերջին վայրկյանին:
Զարմանալի չէ՞, թե ինչքան դժվար է որոշ մարդկանց համար Ավետարանի Ճշմարտությունը սովորելը և ուրիշներին հաղորդելը, բայց ինչքան հեշտ է նույն մարդկանց համար բամբասանքը հիշելը ու կրկնելը:
Զարմանալի չէ՞, թե ինչպես ենք հավատում լրագրում գրվածին, բայց կասկածում ենք Աստվածաշնչում գրվածին:
Զարմանալի չէ՞, որ բոլորը ուզում են երկինք գնալ առանց հավատալու, առանց մտածելու, առանց որևէ բան ասելու ու անելու:
Հեղինակն անհայտ է
 Անգլերենից թարգմանեց Հռիփսիմե Մկրտչյանը

Ցավալի է լինել ուսուցիչ բայց ոչ աշակերտ

«Իսկ դու, որ ուրիշին սովորեցնում ես, ինքդ քեզ չե՞ս սովորեցնում» (Հռոմ. 2:21):

Հոգևոր կյանքում շատ տխուր է լինել ուսուցիչ բայց միաժամանակ աշակերտ չլինել: Գիտեմ, թե ինչ ավերածություններ են առաջացնում նրանք, ովքեր ուրիշներից պահանջում են այն, ինչ իրենք չեն անում: Երբ տեսնում ես աշխարհասիրության դեմ քարոզող մեկին, ով ժամանակի մեծ մասը հեռուստացույցի մոտ է անցկացնում, հիշում ես Հռոմ.2:21-ի հռետորական հարցը: Բնականաբար ես ուսուցիչ չեմ, որ ուրիշներին սովորեցնեմ, բայց ես էլ պիտի զգուշանամ՝ այն, ինչ խորհուրդ եմ տալիս ուրիշներին, նախ ինքս անեմ: Եթե կարող եմ քույրիկիս խորհուրդ տալ բաց չթողնել անձնական պաշտամունքները, բայց ինքս հապճեպորեն մի քանի գլուխ կարդամ առանց խորհրդածության ու արագ աղոթեմ առանց իսկական զրույց ունենալու Տիրոջս հետ, առաքյալի հանդիմանությունը ինձ է ուղղված: Ես հոգևոր կյանքում ուզում եմ աշակերտուհի լինել՝ սուրբ կյանքի, սիրո, հավատքի, խոնարհության, համբերության հավերժական ուսանողուհի:

Ամեն ժամանակ պետք է աղոթեմ


Ամեն ժամանակ պետք է աղոթեմ,
Եթե նույնիսկ իմ դեմ դավեր նյութեն
Հրամանատարներն ու կուսակալները բոլոր,
Առյուծների գուբից չեմ վախենալու,
Դանիելի պես հավատարիմ եմ լինելու,
Հաստատ որոշել եմ.
Ամեն ժամանակ պետք է աղոթեմ:

Ամեն ժամանակ պետք է աղոթեմ,
Եթե նույնիսկ վեց անգամ պատասխան չգտնեմ,
Յոթերորդ անգամին միայն փոքրիկ ամպ տեսնեմ,
Դարձյալ հույսս չեմ կորցնելու,
Եղիայի նման անձրևին եմ սպասելու,
Հաստատ որոշել եմ.
Ամեն ժամանակ պետք է աղոթեմ:

Ամեն ժամանակ պետք է աղոթեմ,
Եթե նույնիսկ Աստծո զավակը դեռ բանտում է,
Օր ու գիշեր Աստծուն եմ աղաղակելու,
Եվ մի օր Տիրոջ համար կապվածը դուռն է թակելու,
Առաջին եկեղեցու նման աղոթքով եմ սպասելու,
Հաստատ որոշել եմ.
Ամեն ժամանակ պետք է աղոթեմ:

Ամեն ժամանակ պետք է աղոթեմ,
Եթե նույնիսկ նեղության բանտում եմ,
Տիրոջը օրհնություն եմ ես երգելու,
Ու բանտի դռներն են բացվելու,
Պողոսի ու Շիղայի նման Նրան եմ օրհնելու,
Հաստատ որոշել եմ.
Ամեն ժամանակ պետք է աղոթեմ:

Ամեն ժամանակ պետք է աղոթեմ,
Եթե նույնիսկ ամենքն ինձ խանգարեն,
Եթե ասեն. «Տերը քեզ չի լսի»,
Առավոտը, կեսօրին ու երեկոյան
Պիտի հառաչեմ, գանգատներս Հիսուսին պատմեմ,
Նա ինձ կլսի, իսկ ես
Ամեն ժամանակ պետք է աղոթեմ:

    Հռիփսիմե Մկրտչյան

Տիրոջ ներկայության մշտական բնակչուհի

«...ուղիղները բնակվելու են Քո ներկայության մեջ» (Սաղմոս 140:13)

Ահա այն բնակավայրը, ուր ուզում եմ բնակվել, այն վայրը, ուր կարող եմ գտնել խաղաղություն և հրճվել իմ Տիրոջ Խոսքի գանձերով. այդ հրաշալի վայրը իմ Տիրոջ ներկայությունն է: Գիտեմ, որ ամեն մեկին տրված չի տեղ ունենալ այդ հրաշալի Բնակավայրում. իմ Տիրոջ ներկայության երջանիկ բնակիչներն են միայն ուղիղները:
Տե՛ր, դարձրու ինձ ուղիղ. թող ուղիղ լինեմ մտքով, սրտով, խոսքով ու գործով: Քո Խոսքով նորոգիր միտքս, և այն ուղիղ կլինի, Քո Խոսքով լցրու սիրտս, և ուղիղ կլինի: Այդպիսով ուղիղ կդառնան նաև խոսքերս ու գործերս: Պաշտելի Տեր, ուզում եմ լինել Քո ներկայության մշտական բնակչուհի: