суббота, 29 сентября 2018 г.

Լավ բան չենք անում, երբ լռում ենք


«Լավ բան չենք անում, այսօր ավետյաց օր է, ու մենք լուռ ենք մնում... » (4 Թագ. 7:9):

Չորս բորոտները, որոնք առաջինը հայտնաբերեցին, որ ասորական զորքերը փախել էին՝ թողնելով իրենց ողջ ունեցվածքը, սկզբում վայելեցին իրենց գտած գանձերն ու կերակուրը: Հետո հասկացան, որ լավ բան չէ բարի լուրը ուրիշներին չհայտնելը: Գնացին, տարածեցին բարի լուրը՝ ասորական բանակը չկա, իսկ նրանց բոլոր գանձերը Սամարիայում են: Նրանք հասկացան, որ մեղք է կշտանալը և սովածներին առատ կերակուրի մասին չհայտնելը: Եղիսեի արած մարգարեությունն իրականացավ, որ չորս բորոտներն առաջին վկաներն էին: Եթե նրանք լռեին, շատ մարդիկ սովից կմեռնեին, և իրենք մեղավոր կլինեին:
Կա լռություն, որը մեղք է: Երբ բարի լուրը գիտես ու լռում ես,  երբ գիտես, թե որտեղ է հոգևոր կերակուրը  և սովածներին չես ասում, երբ գիտես, որ Փրկիչը Հիսուսն է, բայց կորսվածներին չես պատմում, մեղք ես գործում: Ինչպիսի ավետարանչություն կլիներ, եթե բոլոր քրիստոնյաներն ասեին. ՙԼավ բան չենք անում, այսօր ավետյաց օր է, ու մենք լուռ ենք մնում՚:

Իմ օրագրից,  Սեպտեմբերի 29, 2013 թ.

среда, 19 сентября 2018 г.

Աղոթքի սիրտ




«Թագավորն ինձ ասաց. «Ի՞նչ է քո խնդրանքը»: Ես աղոթեցի երկնքի Աստծուն» (Նեեմիա 2:4):

Երկրային թագավորին իր խնդրանքը հայտնելուց առաջ Նեեմիան երկնքի Թագավորին խնդրանք մատուցեց: Նա լռությամբ կարճ աղոթք արեց: Աղոթքի ձայնը ոչ ոք չլսեց, բայց բայց երկնքում աղոթքը լսվեց: Գուցե այդ աղոթքը վայրկյաններ տևեց, այնպես որ Արտաշես թագավորը չնկատեց, որ Նեեմիան անմիջապես չպատասխանեց, բայց այդ կարճ աղոթքը անմիջապես պատասխանվեց: Նա ամիսներ էր աղոթել Երուսաղեմի վերականգնման համար, ու թագավորի հարցը իր աղոթքի պատասխանն էր, բայց նա ավելորդ չհամարեց ևս մեկ կարճ աղոթքով դիմելու Աստծուն: Այդ պահին նա չէր կարող առանձնանալ աղոթքի համար, բայց նա հենց գործը կատարելիս՝ գինին մատուցելիս, լուռ աղոթեց: Աղոթքի տեղ և ժամանակ չուներ, բայց աղոթքի սիրտ ուներ: Ես էլ եմ ուզում այդպիսի աղոթքի կյանք: Աղոթքի համար նախատեսված ժամերից բացի նաև օրվա ընթացքում, գործերս անելիս լուռ, կարճ աղոթքներով դիմեմ Տիրոջս: Թագավորաց Թագավորի հետ զրուցելու համար տեղ և ժամանակ ունենալը պարտադիր չէ,  այլ աղոթքի հոգի: Սենյակումս ծնկաչոք  արված աղոթքս պատասխանվում է ճիշտ այնպես, ինչպես ծնկաչոք հատակը լվանալիս արված աղոթքը: Կարևորը աղոթքի սիրտ ունենալն է:
Իմ օրագրից, Սեպտեմբերի 19, 2012

вторник, 4 сентября 2018 г.

Մեղքը մերժելու ճիշտ պատճառ, հաղթելու վստահելի միջոց



«... ինչ ուզում ես , արա նրան» (1 Թագ. 24:4):
«Աստված չանի, որ Տիրոջ օծյալին՝ իմ տիրոջն անեմ այս բանը՝ ձեռքս նրա վրա երկարացնելով, քանի որ նա Տիրոջ օծյալն է» (1 Թագ. 24:6):

Դավիթը փորձության առաջ էր կանգնած՝ վրեժ լուծել Սավուղից, բայց նա հաղթական դուրս եկավ: Դավթի մարդիկ առաջարկեցին նրան վրեժ լուծել Սավուղից: Դավիթը Սավուղին կարող էր սպանել, բայց չսպանեց, այլ վրեժ լուծելու ցանկությունը սպանեց իր մեջ: Նա այս փորձության մեջ հաղթեց, որովհետև Աստված առաջինն էր իր կյանքում: Նա  Սավուղի կյանքը խնայեց ոչ թե նրա համար, որ իր լավագույն ընկերոջ հայրն է, իր աներն է, երկրի ամենամեծ իշխանությունն է, այլ որովհետև նա Տիրոջ օծյալն է: Սավուղն ատում էր Դավթին, բայց Դավիթը սիրում էր Սավուղին թագավոր նշանակողին: Աստված է նրան թագավոր նշանակել, Աստված էլ կարող էր նրան թագավորությունից զրկել: Ցանկացած մեղքի փորձության ժամանակ հնարավոր է այդպես հաղթել. անպայման կհաղթես, եթե կյանքիդ կենտրոնում Աստված է, եթե Նրան հաճելի լինելը ամենակարևոր բանն է: Հիշեցի Հովսեփին. նա էլ Պետափրեսի կնոջ փորձության ժամանակ մեղք չգործելու համար ճիշտ պատճառ բերեց. «Ինչպե՞ս գործեմ այս մեծ չարիքը և մեղանչեմ Աստծո դեմ»: Նա անհավատարիմ կնոջ չար առաջարկը մերժելիս չասաց. «Ամուսինդ կիմանա, աշխատանքս կկորցնեմ, ազատությունս կկորցնեմ»: Նա մերժեց, որովհետև չէր ուզում Աստծո դեմ մեղք գործել: Երբ մեր հոգու թշնամին մեղքի փորձություն է բերում, նրա առաջարկը մերժելու հիմքում Տերը պետք է լինի. «Ինչպե՞ս կարող եմ իմ Տիրոջ Խոսքին չհնազանդվել, ինչպե՞ս կարող եմ Սուրբ Հոգուն վշտացնել, ինչպե՞ս կարող եմ ինձ սիրող Տիրոջ ատելի բանն անել, ինչպե՞ս կարող եմ Աստծո զավակին ատել, ինչպե՞ս կարող եմ չներել եղբորս, եթե Աստված ներել է ինձ...՚: Աստծո հանդեպ ակնածանքը զորավոր մեղքասպան է: Երբ մերժում ենք մեղքը, որովհետև չենք ուզում մերժել Աստծո Խոսքը, ամեն փորձության ժամանակ հաստատ հաղթելու ենք:

Իմ օրագրից, Սեպտեմբերի 2, 2018

воскресенье, 2 сентября 2018 г.

«Արդարի» չպատասխանված «աղոթքը», մեղավորի պատասխանված աղոթքը



«Աստված, շնորհակալ եմ Քեզնից...»:
ՙՈվ Աստված, ողորմիր ինձ՝ մեղավորիս»:
«Ասում եմ ձեզ, որ սա արդարացած գնաց իր տուն և ոչ թե փարիսեցին...» (Ղուկաս 18:11, 13, 14):


Փարիսեցին չարդարացավ ու չէր էլ կարող, որովհետև նա արդարացում չխնդրեց: Նրա «աղոթքը» իրականում աղոթք էլ չէր, որովհետև ընդհանրապես ոչինչ չխնդրեց: Իսկ շնորհակալություն հայտնելիս Տիրոջը չգովեց, այլ ինքն իրեն:
Մաքսավորը շատ կարճ աղոթեց, խնդրեց այն, ինչի կարիքն իսկապես ուներ, խնդրեց ողորմություն՝ դրանով ցույց տալով, որ ինքը մեղավոր է, իսկ Աստված մեղավորի հանդեպ՝ ողորմած:
Ողորմությունը մի բան է, որը չենք վաստակել, որին արժանի չենք, որը պահանջելու իրավունք չունենք: Այն ստանալը լիովին կախված է միայն տվողից: Նրա աղոթքը կարճ էր, բայց դրա մեջ նա ասաց, թե ով է ինքը՝ մեղավոր, որն է իր կարիքը՝ ողորմություն, ումի՞ց է դա ակնկալում՝ ողորմած Աստծուց:  Եվ Հիսուսը հաստատեց, որ մաքսավորը ստացավ իր խնդրածը:

Իմ օրագրից, սեպտեմբերի 2, 2017