вторник, 9 февраля 2010 г.

1 Տիմ. 2:9` Թագավորաց Թագավորի պալատի դրես-կոդը



«Քանզի մարդը երեւցածին կը նայի, բայց Տէրը սրտին կը նայի» (1 Թագ.16:7):


Սուրբգրային այս համարը հաճախ մեջբերվում է աղավաղված և համատեքստից անջատված: Այն հաճախ հնչում է այսպես. «Աստված հագուստին չի նայում, այլ միայն սրտին»: Ճիշտ է, որ Աստված սրտին է նայում, բայց ճիշտ չէ, որ Նրան չի հետաքրքրում, թե ինչ ենք հագնում: Վերոհիշյալ համարում գրված խոսքն ասել է մեր Տերն Ինքը, բայց Նա չէր խոսում հագուստի մասին, այլ արտաքին գեղեցկության: Այդ խոսքերը Տերն ասաց Սամվել մարգարեին, ով ենթադրեց, թե Տիրոջ օծյալը Եղիաբն է, որովհետև բարձրահասակ էր և գեղեցիկ: Այստեղ Աստված ասաց մարգարեին, որ իրեն արտաքին գեղեցկությունը չի հետաքրքրում, այլ սիրտը: Իսկ հագուստի մասին մեր Տերը խոսել է սուրբգրային այլ հատվածներում: Այս աշխարհի, այս ժամանակաշրջանի հոգին, որ իր կնիքն է դրել այսօրվա նորաձևության, գեղեցկության այսօրվա չափանիշների վրա, փորձում է ազդել նույնիսկ քրիստոնյա աղջիկների վրա: Ինձ հաճախ հարցրել են. «Ինչու՞ մինի-շրջազգեստ չես հագնում, ինչու՞ է դեկոլտեն անընդունելի» : Որովհետև Թագավորաց Թագավորի՝ իմ Հոր արքունիքում կա դրես-կոդ և այն սահմանել է Թագավորն Ինքը, որին պիտի հետևեն Իր բոլոր դուստրերը անկախ տարիքից: Նա այն չի սահմանել միայն Աստծո Թագավորությունում գտնվող ծեր կանանց համար, այլ բոլորի: Ու երբ Նա ասաց, որ կանայք պիտի զարդարվեն վայելուչ հագուստով, ամոթխածությամբ ու պարկեշտությամբ (1 Տիմ.2:9), չնշեց բացառությունների մասին, չասաց. «Շոգ եղանակին Իմ պատվիրանն ուժի մեջ չէ, կամ՝ հարսանիքի գնալիս կարող եք մոռանալ ամոթխածության ու վայելուչ հագուստի մասին»:
Սիրով դիմում եմ քույրերիս. Աստծո դուստրերին վայել չէ հագնվել նրանց նման, ովքեր Աստծուն չեն ճանաչում: Արքայադուստրերը կարիք չունեն այդ էժանագին հնարքներով, անվայել հագուստով ուշադրություն հրավիրել իրենց վրա: Նրանք ավելի գեղեցիկ են 1 Տիմ.2:9-ին հետևելով: Հագուստը ամեն տեղեկություն տալիս է հագնողի մասին: Ես ուրախ եմ, որ իմ զգեստները չեն ասում, որ դրանք հագնողը գեղեցկուհի է, ժամանակակից, նորաձև, այլ ճիշտ տեղեկություն են հաղորդում. «Այս հասարակ, հնաոճ աղջիկը Տիեզերքի Արարչի դուստրերից մեկն է»:
Ես քույրերիս չեմ առաջարկում հետևել ինձ և հագնել գետին հասնող շրջազգեստներ, բայց ուզում եմ, որ հագնվեն այնպես, որ երևա, թե ովքեր են իրենք, երևա, որ սիրում են Աստծուն և իրենց եղբայրներին: Ու հիշելով, թե ինչ է գրված Մատթ. 5:28 համարում, միայն սեր չունեցող աղջիկը կհագնվի այնպես, որ փորձության առաջ կանգնեցնի Քրիստոսով եղբայրներին և կասի. «Թող իրենք իշխանություն ունենան իրենց մտքերի վրա, ես հագնվում եմ այնպես, ինչպես ուզում եմ, և մեղավոր չեմ որ իրենք բավականաչափ հոգևոր զորություն չունեն»: Այդ խոսքերը շատ նման են Կայենի ասածին. «Մի՞թե իմ եղբոր պահապանն եմ»: Այո, քույրեր, մենք մեր եղբայրների ու քույրերի պահապանն ենք: Մենք Աստծուց իմաստուն չենք, եթե Նա տվել է 1 Տիմ.2:9-ի պատվերը, ուրեմն գիտի, որ անհրաժեշտ էր:
«Դրա համար նրանց միջից դուրս գնացեք ու զատվեցեք,--- ասում է Տերը,---- և պիղծ բաների մի դիպչեք: Եվ ես ձեզ կընդունեմ ու ձեզ Հայր կլինեմ, և դուք ինձ որդիներ ու դուստրեր կլինեք»,--- ասում է Ամենակալ Տերը»: (2 Կորնթ.6:17,18) : Ամենակալ Տիրոջ դուստր լինելը այնպիսի պատիվ է, որը ոչնչի հետ չեմ փոխի: Թող ինձ անվանեն հետամնաց, օրենքի տակ գտնվող, բայց Ամենակալ Տերն ինձ անվանում է Իր դուստրը: Ի՜նչ պատիվ, ի՜նչ երջանկություն:
Ես ուզում եմ մշտապես հետևել Թագավորաց Թագավորի պալատի դրես-կոդին: Իսկ դու՞ք: