воскресенье, 29 ноября 2020 г.

Ուրիշ կրակ երկնքից


 

«Իսկ երբ Երուսաղեմում գտնվող առաքյալները լսեցին, թե սամարացիներն ընդունել են Աստծո Խոսքը, Պետրոսին և Հովհաննեսին ուղարկեցին նրանց մոտ, որոնք գնալով աղոթեցին նրանց համար, որ Սուրբ Հոգին ստանան՚ (Գործք 8:14, 15):

Տեսնես՝ Հովհաննես առաքյալը Սամարիա գնալիս հիշե՞ց, որ մի ժամանակ ուզում էր աղոթեր, որ երկնքից կրակ իջներ ու սամարացիներին ոչնչացներ: Հիմա գալիս է մեկ ուրիշ աղոթք անելու՝ որ սամարացիները ստանան Սուրբ Հոգին: Նա ուրախացել էր նրանց ապաշխարության լուրով, լսել էր, որ նրանք ընդունել են Աստծո Խոսքը, Պետրոսի հետ եկավ աղոթելու, որ ստանան Սուրբ Հոգին: Առանց Սուրբ Հոգու չկա սրբացում, հաղթական կյանք, արդյունավետ ծառայություն: Նրանք չաղոթեցին, որ երկնքից կրակ գա, սամարացիներին ոչնչացնի, այլ որ երկնքից Սուրբ Հոգու կրակը գա, նրանց մեղքերը ոչնչացնի:

Այն ժամանակ Հիսուսը նրանց հանդիմանեց և ասաց, որ սխալ հոգուց մղված են այդպիսի ցանկություն հայտնում, իսկ հիմա իրենք էլ լցված էին ճիշտ Հոգով՝ Սուրբ Հոգով և ունեին ճիշտ ցանկություն, արեցին ճիշտ աղոթք՝ որ սամարացիներն էլ նույն Հոգով լցվեն:  Նրանց աղոթքը պատասխանվեց՝ սամարացիները Սուրբ Հոգին ստացան:

Պատկերացնում եմ, թե  Հովհաննեսը ինչքան ուրախացավ, որ տարիներ առաջ իր և Հակոբոսի արտահայտած սխալ ցանկությունը չիրականացավ:

Իմ օրագրից, հոկտեմբերի 5, 2020


вторник, 24 ноября 2020 г.

Ես էլ եմ գալիս


 «Եկեք գնանք Տիրոջ առաջ աղոթք անելու և Զորաց Տիրոջը խնդրելու. ես էլ եմ գալիս» (Զաքարիա  8:21):

Ամեն մարդ, որ նախասահմանված է փրկության համար, երբ տեսնում է Հիսուսի մոտ գնացողներին, լսում է փրկության հրավերը, ասում է. «Ես էլ եմ գալիս»: Ամեն մարդ, որ փափագում է Տիրոջը ծառայել, երբ տեսնում է Նրա այգում աշխատողներին, ասում է. «Ես էլ եմ գալիս»: Ամեն Աստծո զավակ, որ փափագում է Աստծո ներկայությունը, երբ տեսնում է աղոթողներին, ասում է. «Ես էլ եմ գալիս»: Ամեն մարդ որ ծարավ է Աստծո Խոսքին, Նրա Խոսքը կարդացողներին տեսնելով, ասում է. «Ես էլ եմ գալիս»:

Տեր, ինձ պատրաստիր Քո գալստին: Երբ գաս տանելու Քո ժողովրդին, ես էլ եմ գալիս:

Իմ օրագրից, նոյեմբերի 23, 2016