среда, 6 мая 2020 г.

Լացի պատճառ, որն իրականում ուրախության պատճառ էր


 «Հիսուսը նրան ասաց. «Ո՛վ կին, ինչու՞ ես լալիս: Ու՞մ ես որոնում» (Հովհ. 20:15):

Հրեշտակներն ու Հիսուսը  Մարիամին նույն հարցը տվին. «Ինչու՞ ես լալիս»: Հարությունից հետո Հիսուսի առաջին խոսքը հարց է եղել՝ կարեկցությամբ լի հարց ուղղված մեկին, ով այնքան շատ էր սիրում Հիսուսին, որ չէր ուզում հեռանալ գերեզմանից, մինչդեռ Պետրոսն ու Հովհաննեսը տուն էին գնացել:
Այն, ինչի համար Մարիամը լացում էր, իրականում ուրախության պատճառ էր: Նա լացում էր մեռած և կորած, բացակա Փրկչի համար, մինչդեռ Նա ողջ էր ու ներկա: Նա լաց էր լինում, որովհետև գերեզմանը դատարկ էր, մինչդեռ դատարկ գերեզմանը ուրախության պատճառ էր: Մարիամի կարծիքով գերեզմանը դատարկ էր, որովհետև ինչ-որ մեկը տարել էր Հիսուսին, բայց այն դատարկ էր, որովհետև Նա հարություն էր առել:
Մենք հաճախ վշտանում ենք այնպիսի բաների համար, որոնք իրականում ուրախանալու բաներ են, կարծում ենք, որ Հիսուսը հեռու է, բայց  Նա ներկա է, հենց մեր կողքին: Ու Նա ոչ միայն հարցնում է. «Ինչու՞ ես լալիս», այլև լացն ուրախության է փոխում:

Իմ օրագրից, մայիսի 6, 2020