вторник, 26 мая 2009 г.

Օրհնվա՞ծ ես արդյոք

Եթե ունես գոնե մեկ Աստվածաշունչ, ուրեմն մեծապես օրհնված ես: Աշխարհի բնակչության 1/3-ը ոչ մի հատ չունի:
Եթե այսօր արթնացար ավելի առողջ, քան հիվանդ, ուրեմն ավելի օրհնված ես, քան այն մեկ միլիոն մարդիկ, որոնք չեն ապրի մինչև այս շաբաթվա վերջը:
Եթե երբեք չես ապրել պատերազմի սարսափը, բանտի մենությունը, սովամահության վտանգը, դու ավելի երջանիկ ես աշխարհում ապրող 500 միլիոն մարդուց:
Եթե կարող ես եկեղեցի գնալ առանց վախի, առանց մահվան սպառնալիքի, ձերբակալվելու վտանգի, դու ավելի երջանիկ ես, քան աշխարհում ապրող 3 բիլիոն մարդիկ:
Եթե հագիդ շոր ունես, սառնարանումդ՝ ուտելիք և տանիք՝ գլխիդ վերևում, ավելի հարուստ ես, քան աշխարհի բնակչության 75%-ը:
Եթե աղոթել ես երեկ և այսօր, ուրեմն դու այն հազվադեպ երջանիկներից ես, որոնք հավատում են, որ Աստված պատասխանում է աղոթքներին:
Եթե կարողացար կարդալ այս պատգամը, կրկնակի օրհնված ես. նախ որովհետև ինչ-որ մեկը մտածել է քո մասին, և հետո, ավելի երջանիկ ես աշխարհում ապրող 2 բիլիոն մարդկանցից, ովքեր ընդհանրապես կարդալ չգիտեն:
Եթե դու հավատում ես Հիսուսին որպես Աստծո Որդու և քո Փրկչի, դու օրհնված ես, որովհետև պատկանում ես աշխարհում ապրող մի աննշան փոքրամասնությանը:

                                                                                          Անգլերենից թարգմանեց Հռիփսիմե Մկրտչյանը

Ձեր բոլոր հոգսերը Նրան հանձնեք


(1 Պետր.5:7):

Ինչ լավ է, սիրելի Հիսուս,
Որ չես պատվիրել Դու
Հոգսերս հանձնել որևէ մարդու,
Ինչ ուրախություն,
Որ ինձ համար ինքդ ես հոգ տանում,
Ինչ պատիվ, որ կարող եմ բերել հենց Քեզ
Հոգսերս ու խնդիրներս ամեն:
Քեզ, որ ունես ամեն իշխանություն
Ողջ երկրի վրա ու երկնքում (Մատթ.28:18,)
Որ անհնարը հնարավոր ես դարձնում (Մարկ.10:17),
Չեղած բանն արդեն կատարված համարում (Հռոմ.4:17):
Ուրեմն ունենալով այսպիսի առանձնաշնորհում,
Որ շատերը չունեն,
Ինչու՞ անհանգստանամ ու մտահոգվեմ,
Ինչքան տագնապներից զերծ կլինեի,
Եթե 1Պետր.5:7-ում գրվածը երբեք չմոռանայի:

Հռիփսիմե Մկրտչյան                                              

понедельник, 25 мая 2009 г.

Հավատքի ասպարեզում վազել է պետք ոչ թե ... զբոսնել


Տե՛ր, Դու չես պատվիրել ասպարեզում զբոսնել,
Այլ վազել առանց առնելու դադար (1Կորնթ.9:24),
Կարո՞ղ եմ արդյոք վերջնագծին հասնել,
Առաջին մրցանակը կարո՞ղ եմ ստանալ:
Անընդհատ վազելուց մի՞թե չեմ թուլանա,
Չե՞ն լքի ուժերս կես ճանապարհին,
Ո՛չ, քանզի խոստացել ես ուժս նորոգել,
Եթե ապավինեմ Քեզ, երբեք չեմ հոգնի (Ես.40:31):

                                                                                      Հռիփսիմե Մկրտչյան

воскресенье, 17 мая 2009 г.

Զարթուցիչը չեմ անջատելու


«Հիմա ճիշտ ժամանակն է քնից զարթնելու» (Հռոմ.13:11)

Սա նախազգուշացում է ինձ համար. տեսնում եմ, որ մեր ժամանակներում թմրությունը նկատելի է շատ քրիստոնյաների մեջ (Փեսայի գալստից առաջ քնած են թե՛ իմաստուն, թե՛ հիմար կույսերը): Ինձ պատվիրված է արթնանալ, ոչ թե քննարկել, թե ինչու են ուրիշները քնած: Արթուն պետք է լինեմ մտքով, արթուն լինեմ աղոթքներում, որ թշնամին չմտնի Տիրոջ տաճարը և գողություն անի: Հիմա ճիշտ ժամանակն է քնից արթնանալու: Էվալդ Ֆրանկ եղբայրը գրել է իր շրջաբերական նամակներից մեկում. «Երբ լսում եք կեսգիշերային աղաղակը՝ արթնանալու կոչը, չպետք է շրջվեք մյուս կողքի վրա և շարունակեք քնել»: Մարմնավոր կյանքում հաճախ եմ այդպես արել. անջատել եմ հեռախոսի զարթուցիչը ու նորից քնել: Դա վատ է, բայց ավելի վատ է, եթե այդ անեմ հոգևոր կյանքում: Այժմ Սուրբ Գրքի «զարթուցիչը» հնչում է. չեմ անջատելու, ուզում եմ արթնանալ և կարգի բերել իմ ճրագը:

суббота, 2 мая 2009 г.

Կյանքս՝ Սաղմոսաց գիրք ու հիմա 55-րդ գլխում եմ


«Երանի թե աղավնու թևեր ունենայի...» (Սաղմոս 55:6):

Ուզում եմ, որ բոլոր խոսքերս լինեն սաղմոսներ, ու կյանքս լինի Սաղմոսաց գիրք, ուր Տերն է գրում ամեն գլուխն ու համարը: Եթե կյանքս Սաղմոսաց գիրքն է, ուրեմն ես հիմա 55-րդ գլխում եմ: Դավթի նման ասում եմ. «Երանի թե աղավնու թևեր ունենայի, որ թռչեի ու հանգիստ լինեի»: Ու՞ր փախչեմ, որտե՞ղ ապաստան գտնեմ սաստիկ փոթորիկներից: Ու սաղմոսերգուի հառաչանքն է դուրս գալիս իմ սրտից. «Թշնամին չի ինձ նախատողը, ու ինձ ատողը չէ հպարտացողը, այլ... դու՝ իմ բարեկամ ու իմ սրտակից. քեզ հետ քաղցր զրույցներ ենք ունեցել ու միասին Աստծո տուն ենք գնացել»: Ոչ, պետք չեն ինձ աղավնու թևեր, երկնային Աղավնին մխիթարություն ու խաղաղություն կբերի իմ սրտին, չեմ ուզում անապատ փախչել. անապատի փորձությանը հաղթողը հաղթություն կտա ինձ, Նա կթաքցնի ինձ Իր ներկայության մեջ: 55-րդ սաղմոսի հուսահատությունն ու ցավը ապրելուց հետո հիմա ժամանակն է կայացնելու վերջին համարում գրված որոշումը. «Սակայն ես Քեզ պիտի հուսամ»:

пятница, 1 мая 2009 г.

Աստծո Խոսքը հիշելու համար լավ հիշողություն պետք չէ





(Սաղմոս 119:9-16)
Աստծո Խոսքը հիշելու համար
Պետք չէ լավ հիշողություն,
Իմանալու համար, թե ինչ է պետք
Նորից կանգ եմ առնում իմ սիրած սաղմոսում:
Սաղմոսերգուն Աստծո Խոսքը չի մոռանում,
Որովհետև այդ Խոսքը սրտի մեջ է պահում,
Այդ Խոսքերի մասին է անընդհատ պատմում,
Տիրոջ կանոնների շուրջ խորհրդածում,
Նրա հրամաններով է միշտ ուրախանում:
Ուզում եմ Աստծո Խոսքը իմ սրտում պահել,
Այդ Խոսքը թող միշտ շուրթերիս հնչի,
Այդ Խոսքի մասին անընդհատ մտածել,
Այդ Խոսքը մեծագույն ուրախությունս լինի:
Այդպես Նրա Խոսքերը երբեք չեմ մոռանա,
Եթե նույնիսկ ամենավատ հիշողությունն ունեմ,
Նրա կանոններից ես չեմ հեռանա.
Այդ Խոսքերը հավիտյան իմ սրտի ցնծությունն են:
Կարդալով իմ սիրած սաղմոսը՝ նորից եմ համոզվում.
Աստծո Խոսքը հիշելու համար պետք չէ լավ հիշողություն,
Պարզապես պետք է Աստծո Խոսքը սիրել,
Թանկագին գանձի պես սրտում թաքցնել: 

Հռիփսիմե Մկրտչյան