Показаны сообщения с ярлыком Իմ սուրբգրային խորհրդածությունները (2013). Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Իմ սուրբգրային խորհրդածությունները (2013). Показать все сообщения

суббота, 5 декабря 2020 г.

Իր ժողովրդի բարիքն էր փնտրում


 

«… իր ժողովրդի բարիքն էր որոնում» (Եսթեր 10:3):

Ահա մի մարդ, որը երբեք իշխանություն չէր փնտրել, բայց հասավ իշխանության: Իշխանության  հասնելուց հետո էլ երբեք փառք չփնտրեց, շահ չփնտրեց, այլ իր ժողովրդի՝ Աստծո ժողովրդի բարիքը:

Ամեն ճշմարիտ քրիստոնյա Մուրթքեի նման է, շահ չի փնտրում, այլ Աստծո ժողովրդի բարիքը: Նա իր ունեցած հնարավորությունները, գիտելիքները, տաղանդները, ժամանակը օգտագործում է Աստծո ժողովրդի բարիքի համար:

Թող Մուրթքեներ շատ լինեն Քրիստոսի Եկեղեցում, նրանցից մեկն էլ ես լինեմ՝ միշտ փնտրեմ հոգևոր Իսրայելի՝ Աստծո ժողովրդի բարիքը:

Իմ օրագրից, դեկտեմբերի 1, 2013


четверг, 6 августа 2020 г.

Վաղ առավոտը զրույցի ժամ է


ՙՈ՜վ Տեր, առավոտյան կլսես իմ ձայնը, առավոտյան աղոթքս Քեզ կուղղեմ ու դեպի վեր կնայեմ՚ (Սաղմոս 5:3):

Այս համարի մասին շատ եմ խորհրդածել, բայց, ցավոք, բոլոր առավոտներս նման չեն սաղմոսերգուի առավոտին:
Անմտություն է իմանալ առավոտյան պաշտամունքի օրհնությունը և այն չդարձնել ամեն օրվա առաջնահերթություն: Երբ Տերն առաջինն  է լսում ձայնս  ամեն առավոտ, օրվա ընթացքում  թշնամու բանակից եկող ձայները չեն հասնում ինձ, երբ Տերն առաջինն  է լսում ձայնս, ավելի հեշտությամբ եմ լսում Նրա ձայնը Խոսքը կարդալիս և ամենօրյա գործերում:
Երբ Տերն առաջինն  է լսում ձայնս, մյուսները, որոնք Նրանից  հետո ձայնս կլսեն, կստանան շինություն, օրհնություն, մխիթարություն:
Վաղ առավոտը զրույցի ժամ է, Հիսուսի՜ հետ զրույցի:

Իմ օրագրից, Հուլիսի 24, 2013

суббота, 29 сентября 2018 г.

Լավ բան չենք անում, երբ լռում ենք


«Լավ բան չենք անում, այսօր ավետյաց օր է, ու մենք լուռ ենք մնում... » (4 Թագ. 7:9):

Չորս բորոտները, որոնք առաջինը հայտնաբերեցին, որ ասորական զորքերը փախել էին՝ թողնելով իրենց ողջ ունեցվածքը, սկզբում վայելեցին իրենց գտած գանձերն ու կերակուրը: Հետո հասկացան, որ լավ բան չէ բարի լուրը ուրիշներին չհայտնելը: Գնացին, տարածեցին բարի լուրը՝ ասորական բանակը չկա, իսկ նրանց բոլոր գանձերը Սամարիայում են: Նրանք հասկացան, որ մեղք է կշտանալը և սովածներին առատ կերակուրի մասին չհայտնելը: Եղիսեի արած մարգարեությունն իրականացավ, որ չորս բորոտներն առաջին վկաներն էին: Եթե նրանք լռեին, շատ մարդիկ սովից կմեռնեին, և իրենք մեղավոր կլինեին:
Կա լռություն, որը մեղք է: Երբ բարի լուրը գիտես ու լռում ես,  երբ գիտես, թե որտեղ է հոգևոր կերակուրը  և սովածներին չես ասում, երբ գիտես, որ Փրկիչը Հիսուսն է, բայց կորսվածներին չես պատմում, մեղք ես գործում: Ինչպիսի ավետարանչություն կլիներ, եթե բոլոր քրիստոնյաներն ասեին. ՙԼավ բան չենք անում, այսօր ավետյաց օր է, ու մենք լուռ ենք մնում՚:

Իմ օրագրից,  Սեպտեմբերի 29, 2013 թ.

пятница, 31 августа 2018 г.

Ասածիդ պես արա



«...ասածիդ պես արա» (2 Թագ. 7:25):

Բոլոր քրիստոնյաները գիտեն, որ որոշ աղոթքներ դրական պատասխան չեն ստանում, որովհետև Աստծո կամքի համաձայն չեն: Բայց կան աղոթքներ, որոնց մասին համոզված կարող ենք ասել, որ կպատասխանվեն: Դրանք այն աղոթքներն են, որոնցում խնդրում ես այն, ինչ Նա արդեն խոստացել է: Ոչ թե աղոթեմ.  «Արա այն, ինչ ես երազում եմ», «Արա այն, ինչ ասել եմ Քեզ», այլ՝ «Արա այն, ինչ Դու՛ ես ասել»: Եթե Նա ասել է, որ իր մեղքերը խոստովանողի ու զղջացողի մեղքերը կների և կմաքրի նրան ամեն մեղքից, ուրեմն կարող եմ գնալ Նրա մոտ և ասել. «Ասածիդ պես արա»: Եթե Նա ասել է, որ, որ Իրենով հրճվեմ, և Նա կտա ինձ սրտիս փափագները, կարող եմ գնալ Նրա մոտ ստանալո Իր խոստացածը, ասելու. «Ասածիդ պես արա»: Հավատքը չի ասում. «Սա չափազանց անհավանական խոստում է, ես արժանի չեմ այն ստանալու», այլ գնում է Տիրոջ մոտ և ասում. «Ասածիդ պես արա»: Դրա համար կարևոր է իմանալ, թե Նա ինչ է խոստացել, ինչ է ասել: Անհրաժեշտ է սերտել Աստծո Խոսքը, իմանալ Նրա խոստումները: Նրա ասածներն իմանալուց հետո պետք է հավատալ դրանց: Հավատք ունեցողը չի ուզում այն, ինչ խելքին փչի, այլ այն, ինչ Տերը խոստացել է: Հավատքը հիմնված է Աստծո Խոսքի վրա, չի ասում. «Կստանամ, որովհետև շատ եմ ուզում», այլ՝ «Կստանամ, որովհետև իմ հավատարիմ Տերն է խոստացել, Նա միշտ կատարում է Իր խոստումները»: Հավատալուց հետո պետք է խոստումը տանել Տիրոջ մոտ և ստանալ դրա իրականացումը: Խոստումը Տիրոջ մոտ տանելը վստահություն է Տիրոջ հավատարմության հանդեպ, հավատք է Նրա զորության հանդեպ: Ուրեմն Տիրոջս թանկագին խոստումներն իմանալով այդ խոստումներով գնամ Իր շնորհաց գահի մոտ և խնդրեմ. «Ասածիդ պես արա»:
Իմ օրագրից, օգոստոսի 31, 2013