Показаны сообщения с ярлыком Իմ բանաստեղծությունները (մարտ). Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Իմ բանաստեղծությունները (մարտ). Показать все сообщения

воскресенье, 29 марта 2009 г.

Երբ աչքերդ բացվեն



(Հովհ. 6:42,38, Ղուկաս 2:47, Հովհ.1:14, Մատթ.16:14-19, Մատթ.14:26, Հովհ.4:10, Հովհ.20:15-16, Ղուկաս 24:13-32, Հովհ.18:36, Հովհ. 21:4,11, Գործք 9:15, 22:8)
Եթե մի օր աչքերդ բացվեն,
Դու կտեսնես, որ մանուկը մսուրում պառկած
Որդին չէ հյուսնի,
Այլ երկնից իջած Արքան ողջ երկրի:
Եթե մի օր աչքերդ բացվեն,
Դու կտեսնես, որ տաճարում խոսող պատանին
Ոչ թե գիտակ է Աստծո Խոսքի,
Այլ Աստծո Խոսքն Ինքն է,
Որ մարմին դարձավ, մեր մեջ բնակվեց:
Եթե մի օր աչքերդ բացվեն,
Դու կտեսնես, որ ամենուր հրաշքներ գործողը
Մարգարե չէ միայն,
Այլ կենդանի Աստծո Որդին,
Ով քեզ հանձնել է երկնի բանալին:
Եթե մի օր աչքերդ բացվեն,
Դու կտեսնես, որ ալիքների վրայով Քեզ մոտ եկողը
Ուրվական չէ, այլ Արքան տիեզերքի,
Ում հնազանդվում են ծովն ու հովերը:
Եթե մի օր աչքերդ բացվեն,
Դու կտեսնես, որ ջրհորի մոտ նստածը
Կարիք չունի քո տված ջրի,
Այլ ուզում է քեզ պարգևել ջուրը Կյանքի,
Որը խմողը էլ չի ծարավի:
Եթե մի օր աչքերդ բացվեն,
Դու կտեսնես, որ խաչի վրա գամվածը
Անզոր չէ բնավ ու կարոտ չէ օգնության,
Այլ դու Իր կարիքն ունես ամեն ժամ:
Եթե մի օր աչքերդ բացվեն,
Դու կտեսնես, որ գերեզմանի մոտ կանգնած է
Ոչ թե պարտիզպանը,
Այլ հարուցյալ Արքան ու Փրկիչը քո,
Ում առաջ նահանջում են մահն ու դժոխքը:
Եթե մի օր աչքերդ բացվեն,
Դու կտեսնես, որ Էմմաուսի ճանապարհով
Քայլում է ոչ թե ճամփորդ պատահական,
Այլ հարուցյալ Արքան, այնքան սպասված Մեսիան,
Ում Թագավորությունը այս աշխարհից չէ:
Եթե մի օր աչքերդ բացվեն,
Դու կտեսնես, որ ծովեզերքին կանգնածը
Անծանոթ չէ քեզ, այլ Բարեկամն է քո հարազատ,
Որ հոգում է կարիքներդ Իր փառավոր ճոխության համեմատ:
Եթե մի օր աչքերդ բացվեն,
Դու կտեսնես, որ Նազովրեցին, ում հալածում ես
Մեռած չէ, ապրում է հավիտյան
Եվ ուզում է, որ Դու լինես Իր վկան,
Իր Անվան զորությունը հայտնես
Բոլոր ազգերին, նրանք արքաներին:
Եթե մի օր աչքերդ բացվեն,
Դու կտեսնես, որ դեռ չես տեսել
Հրաշքները Իր Խոսքի,
Երբ աչքերդ բացվեն,
Կտեսնես փառքը Իր սքանչելի
Ու Իր գահի առջև ընկած
Կերկրպագես Արքային: 

Հռիփսիմե Մկրտչյան

четверг, 26 марта 2009 г.

Օտար կրակ, չպատվիրված զոհաբերություն, իզուր պաշտամունք


(Ղեւտ. 10:1, 1Թագ. 13:14, Մարկ.7:6-8)
Տե՛ր, թող երբեք չպատահի,
Որ օտար կրակ մատուցեմ Քո առջև,
Չեմ ուզում Ահարոնի որդիների պես
Քո շնորհած սքանչելի կյանքը կորցնել:
Տե՛ր, թող երբեք չպատահի,
Որ բերեմ զոհաբերություն, որ չես պատվիրել,
Չեմ ուզում, որ մի օր ինձ համար էլ հնչի
Սավուղին տրված դատավճիռն ահեղ:
Տե՛ր, թող երբեք չպատահի,
Որ երկրպագությունս իզուր լինի,
Չեմ ուզում, որ այն օրը Դու ինձ ասես.
«Հեռացիր, բնավ չեմ ճանաչել քեզ»:
Թող որ Քեզ բերեմ ոչ թե կրակ օտար,
Այլ այրվեմ Սուրբ Հոգուդ հրով սրբարար,
Թող չպատվիրված զոհեր չմատուցեմ,
Այլ Քեզ հաճելի պատարագը՝
Կոտրած սիրտս բերեմ,
Թող երկրպագությունս չլինի ապարդյուն,
Այլ երկրպագեմ Քեզ Հոգով ու Ճշմարտությամբ:
Թող չլինեն երբեք իմ կյանքում
Կրակ օտար,
Զոհեր չպատվիրված,
Երկրպագություն իզուր:

Հռիփսիմե Մկրտչյան

Տիրոջը զարմացնող երկու բաները

(Մարկ.6:6, Ղուկաս 7:9)
Տե՛ր, ես շատ բաների վրա եմ զարմանում,
Իսկ Քեզ միայն երկու բան զարմացրեց.
Անհավատությունը Քո ժողովրդի,
Երբ Դու բազում հրաշքներ էիր գործում
Եվ հավատքը մի հեթանոսի,

Որ Խոսքիդ զորությանն էր սրտանց հավատում:
Ցավում եմ, որ այնքան հաճախ եմ
Առաջինների նման զարմացրել Քեզ,
Օգնիր ինձ հիմա Քեզ զարմացնել
Հավատքով լեցուն հեթանոսի պես,
Ասա միայն Խոսքդ ամենակարող,
Եվ հոգիս կբժշկվի անմիջապես:

Հռիփսիմե Մկրտչյան

среда, 25 марта 2009 г.

Դու շուտով կգաս


Քանի որ միայն մի քիչ էլ,
Եվ Դու, որ խոստացել ես գալ,
Կգաս ու չես ուշանա:
Քո գալստի հույսը , պաշտելի Հիսուս,
Օգնում է դիմանալ և համբերել,
Սրբության մեջ հարատևել և հանդարտվել,
Արցունքներս սրբել ու վերև նայել:
Թող Քո գալուստը լինի մեծագույն ուրախությունս,
Գալստիդ պատրաստվելը` մեծագույն գործս,
Գալստիդ ժամանակ մեկնելը` մեծագույն փափագս,
Իսկ Դու, շուտով վերադարձող Արքա,
Եղիր միակ Սերս:

Հռիփսիմե Մկրտչյան

Քո սահմանած հերթականությունը

Հաճախ Քո սահմանած հերթականությունը
Մոռանում եմ, Տեր.
Ուզում եմ նախ տեսնել, հետո` հավատալ,
Ուզում եմ նախ սրտիս փափագները ստանալ,
Հետո` Քեզնով ցնծալ, ուրախանալ:
Դու ուզում ես, որ ամենից առաջ Խոսքիդ հավատամ,
Հավատալուց հետո միայն Քո փառքը տեսնեմ,
Դու ուզում ես, որ սրտիս փափագները ստանամ,
Եթե բերկրանք գտնեմ Քո մեջ ու Քեզնով երջանիկ լինեմ:
Հիշեցրու, որ առանց աղաղակելու պարիսպները չեն քանդվի,
Առանց փնտրելու չեմ կարող գտնել,
Առանց թակելու չպետք է սպասեմ, որ դուռը բացվի,
Օգնիր Քո սահմանած հերթականությունը երբեք չշփոթել:

Հռիփսիմե Մկրտչյան

вторник, 24 марта 2009 г.

Քննիր մտքերս

Տեր, ուզում եմ, որ սիրտս ու մտքերս քննես,
Ամեն օր ուզում եմ քննություն հանձնել
Եվ երբ վերջին քննությանն ինձ կանչես,

Ուզում եմ «գերազանց» ես գնահատվել:
Հաճախ մտքերը թշնամու բանակից
Քողարկված ու ծպտված են գալիս,
Ուստի դժվարանում եմ դրանք ճանաչել.
Նրանց դու քողազերծիր ու հետ ուղարկիր,
Միտքս լիովին վերանորոգիր,
Իմ մտքի վրա ցուցանակ Դու դիր.
«Սուրբ Գրքին օտար մտքերի մուտքը արգելվում է խստիվ»:

Հռիփսիմե Մկրտչյան

воскресенье, 15 марта 2009 г.

Միայն Քեզ եմ փափագում


Սիրում եմ այն տունը, ուր ներկա ես Դու,
Այն վայրը, ուր Քո փառքն է բնակվում,
Արդ, միայն մեկ բան եմ Քեզանից խնդրում,
Մեկ բան եմ միայն սրտանց փափագում.
Կուզեմ բնակվել Քո սրահներում
Իմ կյանքի բոլոր, բոլոր օրերում:
Խորանիդ մեջ կապրեմ հավիտյան,
Թևերիդ հովանու տակ ես պիտի ցնծամ,
Քաղցր է մեկ օրը Քո սրահներում
Քան հազար օրերն ուրիշ վայրերում,
Միակն ես Դու ինձ համար երկնքում,
Երկրի վրա էլ միայն Քեզ եմ փափագում,
Իմ սիրտն ու մարմինը թեև մաշեն,
«Սրտիս զորությունն ես, Տեր» պիտի երգեմ:

Հռիփսիմե Մկրտչյան

Ես շատ տարիներ առաջ եմ գրել այս բանաստեղծությունը և միշտ ցանկացել եմ, որ այն դառնա գեղեցիկ երկրպագության երգ: Շնորհակալ եմ Տիրոջից և Սառա քույրիկիցս, ով գեղեցիկ մեղեդի գրեց այս բանաստեղծության համար:

четверг, 12 марта 2009 г.

Զգուշացեք փարիսեցիների խմորից


«Նայեցեք, զգույշ եղեք փարիսեցիների ու սադուկեցիների խմորից» (Մատթ. 16:6)
Հիսուս, Քո աշակերտներին Դու զգուշացրիր
Հեռու մնալ խմորից փարիսեցիների,
Ուրեմն, այդ վտանգը կա, ու դրանից զերծ չեն
Նույնիսկ ճշմարիտ աշակերտները Քո:
Տեր, որոշել եմ ես էլ զգուշանալ.
Փարիսեցիության նշանները ցույց տուր Դու իմ մեջ,
Ուզում եմ անհետ ջնջես դրանք ու ոչնչացնես,
Չեմ ուզում այն սարսափազդու «Վայ քեզ»-ն ինձ ասես:
Թող երբեք չլինի որ մի բան ասեմ ու անեմ այլ բան,
Ուզում եմ, որ բոլոր խոսքերիս ու գործերիս միջև
Միշտ լինի միայն հավասարման նշան:
Աղոթելիս հրապարակների անկյունը չեմ ընտրի,
Այլ գաղտնի վայրում Քեզ կհանդիպեմ,
Աղքատներին տալիս փող չեմ հնչեցնի,
Ծոմ պահելիս զվարթ տեսք կընդունեմ:
Ինձ տիտղոսներ ու գովեստներ պետք չեն,
Ուզում եմ Քո շուրթերից «ապրես»-ը լսել,
Պատվավոր տեղերում նստել չեմ ուզում,
Ոտքերիդ մոտ նստած երջանիկ կլինեմ:
Տե՛ր, թեև սիրում եմ մժղուկը քամել,
Թույլ չտաս երբեք, որ ուղտը կուլ տամ,
Հիշեցրու ամանի ներսը միշտ սրբել,
Որ դուրսն էլ փայլի այդ նույն մաքրությամբ:
Աչքիս մեջ գերան ունենալով՝
Ինձ ակնաբույժի տեղ երբեք չեմ դնի,
Քո տված փրկության մեջ մնալու համար
Իմ գործերին չեմ ապավինի:
Ինձ մաքսավորի հետ չեմ համեմատի,
Այլ նրա պես ուզում եմ ես աղաղակել,
«Տե՛ր, ողորմիր ինձ, որ մեղավոր եմ»,
Քո շնորհած ներումը պիտի վայելեմ:
Տե՛ր. քննիր ինձ միշտ ու հայտնաբերիր
Բոլոր ախտանիշները փարիսեցիության,
Այս սարսափելի ախտից պետք է զգուշանամ,
Որ չտանի ինձ հոգևոր մահվան:

Հռիփսիմե Մկրտչյան

суббота, 7 марта 2009 г.

Ոչնչացնող կրակը չեմ խնդրում ուրիշների համար, ինձ ուրիշ կրակ ուղարկիր


«Տեր, ուզու՞մ ես, որ ասենք՝ երկնքից կրակ իջնի
Ու նրանց ոչնչացնի» (Ղուկաս 9:56).
Հիսուս, ինչ լավ է, որ Դու մեզ նման չես մտածում,
Ի՞նչ կլիներ, եթե պատժեիր կրակով
Բոլոր նրանց, ովքեր Քեզ չեն ընդունում:
Մինչ մտածում ենք, թե ճիշտ կլիներ,
Եթե երկնքից կրակ իջներ, չարերին ոչնչացներ,
Քո հանդիմանությունը հիշեցնում է մեզ,
Թե ինչ նպատակով ես Դու աշխարհ եկել.
Չես եկել կորստյան մատնելու, այլ փրկելու:
Փոխանակ ցանկանամ, որ երկնքից կրակ իջնի, նրանց ոչնչացնի,
Պետք է խնդրեմ, որ երկնքից ինձ ուղարկես
Կրակը... Քո Հոգու,
Որ ոչնչացնի իմ մեջ ոչնչացնող կրակը խնդրող հոգին,
Որ հասկանամ՝ Քո գործը փրկելն է,
Իմը՝ Քո փրկության մասին պատմելը,
Որ անհանգստանամ կորսվածների փրկության համար
Եվ ճշմարիտ վկա դառնամ Քեզ համար: 

Հռիփսիմե Մկրտչյան

пятница, 6 марта 2009 г.

Աղոթում եմ, որ ինձ աղոթող դարձնես


Այս երեկո, երբ նորից էի կարդում
Կողոսացիներին ուղղված նամակը Պողոսի,
Կանգ առա վերջին գլխի 12-րդ համարում.
Ինչպես կուզեի Եպափրասի նման եղբայր ունենալ,
Ով կպատերազմեր ինձ համար իր աղոթքներում,
Որ անթերի ու կատարյալ լինեմ ամեն ինչում:
Բայց հետո հասկացա, որ կարող եմ ավելի լավ բան ուզել`
Ոչ թե Եպափրասի նման աղոթող մեկն ունեալ,
Այլ նրա նման աղոթող մեկը լինել:
Տեր, շնորհիր ինձ լինել աղոթքի զինվոր,
Երբ աղոթքիս օրագրում գրում եմ սիրելի անուններ,
Անունները Քո զավակների,
Որպեսզի ոչ մեկի համար աղոթել չմոռանամ,
Այդ անունները գրիր իմ սրտում,
Որ յուրաքանչյուրի համար աղոթեմ
Քրոջական հոգատարությամբ ու սիրով,
Որ ամեն մեկի համար պատերազմեմ աղոթքով:
Տեր , բազում թեմաներ կան նշված աղոթքիս օրագրում,
Բայց որպեսզի բոլորի համար սրտանց աղոթեմ,
Ամենակարևոր աղոթքն եմ հիմա բերում Քեզ.
Աղոթում եմ, որ ինձ աղոթող դարձնես:

Հռիփսիմե Մկրտչյան 

Հանդիպում Հիսուսի հետ


Հիսուս, մինչ փակում եմ դուռն իմ սենյակի
Գաղտնի վայրում հանդիպելու Քեզ,
Խնդրում եմ, որ բացես դուռը իմ սրտի,
Որ այնտեղ պահեմ այն, ինչ ինձ պետք է ասես:

Մինչ փակում եմ աչքերս, որ ոչինչ ինձ չշեղի
Այն ժամանակ, երբ կանչում եմ Քեզ,
Խնդրում եմ, որ հոգուս աչքերը բացես,
Որ տեսնեմ սքանչելիքները Քո անգին Խոսքի:

Մինչ հեռանում եմ ամենքից ու ամեն ինչից,
Խնդրում եմ, պաշտելի Տեր, որ ինձ մոտ լինես,
Երբ անջատում եմ բոլոր ձայները մտքերիս,
Խնդրում եմ, որ Քո մեղմ ձայնով սրտիս հետ խոսես:

Ներիր, որ երբեմն չեմ գալիս հանդիպման,
Իսկ դու շարունակում ես անընդհատ ինձ սպասել,
Ներիր, որ մոռանում եմ Քեզնից խնդրել այն,
Ինչ Դու փափագում ես Քո սիրով ինձ շնորհել:

Ներիր, որ անընդհատ վազքի մեջ եմ եղել
Ու մոռացել եմ ոտքերիդ մոտ նստել,
Հիմա գալիս եմ մեր հանդիպման վայրը,
Էլ չեմ ուզում Քեզ սպասեցնել:

Հռիփսիմե Մկրտչյան

Շնորհակալ եմ անպատասխան աղոթքների համար


Անպատասխան աղոթքներն էլ
Բարու գործակից են,
Որովհետև փափագներս
Կամքիցդ կարևոր չեն,
Որովհետև պատասխաններդ
Խնդրանքներիցս իմաստուն են,
Որովհետև մերժումներդ
Սիրուդ ապացույցն են:
Որովհետև Քո կամքը բարի ու կատարյալ է,
Ու երբ Դու «ոչ» ես ասում,
Բարիքիս համար է:
Ով աղոթքի լսող,
Անպատասխան աղոթքների համար
Շնորհակալ եմ Քեզ,
Իսկ չպատասխանելու պատճառները
Մի օր կհասկանամ ես:

Հռիփսիմե Մկրտչյան 

Ուզում եմ աղոթքներիս պատասխանը լինել


Տեր, աղոթում եմ, որ օրհնես Քո զավակներին,
Ուրեմն նրանց համար ինձ օրհնություն դարձրու,
Աղոթում եմ, որ մխիթարես վշտացածներին,
Ուրեմն մխիթարել ինձ սովորեցրու:
Աղոթում եմ, որ մարդիկ Քո փառքը տեսնեն,
Ուրեմն իմ կյանքով թող Քո փառքը ցույց տամ,
Աղոթում եմ, որ խավարում մարդիկ լույս գտնեն,
Ուրեմն օգնիր, որ ես լույս դառնամ:
Աղոթում եմ, որ մարդիկ Քո սերը ճանաչեն,
Ուրեմն շնորհիր, որ Քո նման սիրեմ,
Քաղցած սրտերը Քո Խոսքը ճաշակեն,
Ուրեմն օգնիր, որ կերակուր բաժանեմ:
Տեր, պատասխանիր իմ աղոթքներին
Եվ շնորհիր, որ աղոթքներիս պատասխանը լինեմ:

Հռիփսիմե Մկրտչյան

четверг, 5 марта 2009 г.

Մեղրախորիսխը բաժանելու եմ, թեկուզ չստանամ

(Առակաց 16:24, Սաղմոս 119:103)

Տեր, գիտես, որ սիրում եմ
Բաժանել զավակներիդ և ոչ միայն նրանց
Այն մեղրախոսրիսխը, որ քաղցր է հոգուն
Եվ բերում է բժշկություն:
«Օրհնվել եմ ձեր քարոզից».
Ինձ համար դժվար չէ խոսքերն այս ասել
Որդիներիդ, որոնք Խոսքդ են քարոզում,
Իսկ դուստրերիդ, որոնք Քեզ երգում են օրհնություն,
Չեմ կարող չասել. «Ինչ գեղեցիկ ես, քույրս , դու երգում»:
Հաճելի խոսքերը սրտիցս են բխում.
«Քեզ համար աղոթում եմ» ,
«Տիրոջ անհուն սիրով քեզ սիրում եմ»,
«Կարոտել եմ քեզ»,
«Ինձ համար դու օրհնություն ես»,
«Քեզ համար Տիրոջից գոհանում եմ ես»:
Հիսուս, ներիր, որ երբեմն տխրում եմ,
Որ մեղրախորիսխը հաճախ եմ բաժանում,
Բայց շատ հազվադեպ եմ ինքս ստանում:
Տեր, Դու ինձ չես պատվիրել ստանալ, այլ... բաժանել,
Որովհետև իմ մեղրախորիսխը ստանում եմ Քեզանից,
Ամենաքաղցր խոսքերը, որ երբևէ լսել եմ
Հնչել են միշտ Քո շուրթերից:
Խոսքերդ ավելի քաղցր են մեղրից,
Քաղցրացնում են կյանքս, բժշկում հոգիս:
Օգնիր ինձ այլևս չտխրել,
Որ հաճելի խոսքեր հաճախ եմ ասում,
Բայց այնքան հազվադեպ լսում:

Հռիփսիմե Մկրտչյան

Քաղցր նորություն Սաղմոս 149:4 համարից


Միշտ ինձ համար քաղցր ու հաճելի է
Քեզ հետ անցկացրած ամեն վայրկյանը,
Քո ներկայությունը այնքան զմայլելի է,
Բերկրություն է ամեն հանդիպումը Քեզ հետ:
Բայց անգին իմ Տեր, սքանչելի Հիսուս,
Սաղմոս 149:4 համարում
Ինձ հայտնեցիր մի քաղցր նորություն՝
Որ Դու էլ հաճույք ես ստանում Քո ժողովրդից.
Ինչ քաղցր է մտածել պաշտելի իմ Տեր,
Որ քաղցր է Քեզ համար հանդիպումն ինձ հետ.
Որ Դու էլ ես սպասում այն հանդարտ պահերին,
Երբ սիրտս բացում եմ Քո Խոսքի առջև,
Որ քեզ համար բերկրանք է ու երջանկություն
Խոսքերիդ լույսը իմ սրտում սփռել,
Իմ սրտում հնչող երգերը լսել,
Իմ Ուրախությունն ես, ես սիրում եմ Քեզ,
Ինչ հրաշք, որ Քո ուրախությունն եմ ես:

Հռիփսիմե Մկրտչյան 

среда, 4 марта 2009 г.

Նմանվել սուրբգրային հերոսուհիներին


Տեր, ինձ Ռեբեկայի ջանասիրությունը տուր
Ու թեև կարիք չկա, որ ջրհորից ջուր հանեմ ուղտերի համար,
Կյանքի ջրի աղբյուրի տեղը պիտի ցույց տամ մարդկանց:

Ինձ Հռութի եռանդն ու խոնարհությունը տուր
Ու թեև կարիք չունեմ  հավաքելոի հասկերը մնացած,
Ուզում եմ խոնարհությամբ Քո արտում գործել:

Ուզում եմ ինձ դարձնես Եսթերի նման,
Թեև թագուհի չեմ, ոչ էլ գեղեցկուհի,
Ուզում եմ նրա նման անձնազոհ լինել:

Ինձ Աբիգիայի պես խորագետ դարձրու
Եվ այնքան դժվար իրավիճակներում
Օգնիր նրա պես խաղաղարար լինել:

Ինձ երկրպագող սիրտ ու Խոսքիդ հանդեպ ծարավ տուր
Ուզում եմ բեթանացի Մարիամի նման ոտքերիդ մոտ նստել,
Ինձ համար ամենաթանկագինը Քեզ ընծայել:

Ինձ դարձրու Այծեմնիկի նման,
Թեև նրա արհեստից ոչինչ չեմ հասկանում,
Ուզում եմ նրա նման միշտ օգնել մարդկանց:

Շատ եմ ուզում Պրիսկիղային նմանվել,
Թեև չկա Ակյուղաս իմ կյանքում,
Ուզում եմ նրա պես Քեզ սրտանց ծառայել:

Տեր, դարձրու ինձ այնպիսին, ինչպիսին ուզում ես, որ լինեմ,
Թեև շատ բան չգիտեմ ու չեմ հասկանում,
Այնքան երջանիկ եմ, որ Քո դուստրն եմ: 

Հռիփսիմե Մկրտչյան

вторник, 3 марта 2009 г.

Օրհնությունների հաշվապահ


Տեր, ինչ սքանչելի է լինել հաշվապահ Քո օրհնությունների,
Մեկ առ մեկ գրանցել Քո շնորհած բարիքները
Ոչ միայն իմ տետրում, այլև իմ սրտում.
Սիրում եմ երգել Քեզ օրհնություն,
Ինչ բերկրանք է Քեզ միշտ մատուցել գոհություն,
Հաշվել օրհնություններս, ոչ թե նեղություններս,
Մոռանալ վշտերս, հիշելով, որ բազում են ուրախություններս:
Ուզում եմ տրտունջը հեռացնել իմ շուրթերից՝
Հիշելով, որ սրբելու ես արցունքն իմ աչքերից,
Խնդիրներս ձեռքերիդ մեջ եմ հանձնում ես,
Վստահելով դրանց լուծումը միայն Քեզ:
Շատ բան չգիտեմ.
Անցյալում կատարված շատ բաներ չեմ հասկանում,
Հաճախ չգիտեմ նույնիսկ, թե հիմա ինչ ես անում,
Ապագայի անակնկալները հայտնի չեն ինձ,
Բայց այն, ինչ պետք է իմանայի, չես ծածկել ինձնից.
Գիտեմ, որ չես սխալվում,
Ուրեմն գիտես, թե որն է բարի ինձ համար,
Սերդ չի փոխվում,
Ուրեմն կամենում ես բարին ինձ համար,
Զորությունդ չի պակասում,
Ուրեմն կարող ես կատարել իմ կյանքում
Այն, ինչ Քո իմաստությամբ բարի ես համարում,
Այն, ինչ Քո սիրով շնորհել ես կամենում.
Իսկ ես օրհնություններդ թվարկել եմ ուզում.
Այսօրվանից մինչև օրը փառավոր գալստիդ
Թող լինեմ հաշվապահ օրհնություններիդ բազում:

Հռիփսիմե Մկրտչյան 

понедельник, 2 марта 2009 г.

Երեք պաշտամունք


Իմ անգին Հիսուս,
Մեկ օրը Քո տան մեջ, Քո սրահներում
Թանկ է ավելի, քան հազար օրերն ուրիշ վայրերում,
Քեզ հետ անցկացրած մեկ ժամն է երանավետ,
Քաղցր ավելի, քան հազար օրերն ուրիշների հետ:
Նախընտրում եմ հավիտենության մեջ Քեզ հետ լինել,
Քան հարյուր տարի երկրի վրա ապրել:
Սքանչելի է Քո եկեղեցում լինել,
Լսել Խոսքերդ զավակներիդ հետ,
Քո ներկայությունը աղոթքով փնտրել,
Ինչ բերկրություն է Քո փառքը երգել:
Սքանչելի է լինել Քեզ հետ առանձին,
Քո Գիրքը բացել մեծ ակնածությամբ,
Սիրտս Քո առջև բացել անկեղծությամբ,
Անուշ խոսքերիդ մասին խորհրդածել,
Քաղցր մտերմությամբ Քեզ հետ զրուցել:
Սքանչելի կլինի հավիտենության մեջ
Մասնակցել երկրպագությանն անդադար,
Քեզ դեմ առ դեմ տեսնել վերջապես,
‘’Սուրբ ես, Տեր’’ երգել, փառաբանել Քեզ:
Այս երեք պաշտամունքներին շնորհիր մասնակցել`
Ամեն շաբաթ երկրպագել Քեզ
Քո Եկեղեցում,Ամեն օր հանդիպել Քեզ իմ սենյակում,Հավիտենության մեջ պաշտել երկնքում:
Հռիփսիմե Մկրտչյան

воскресенье, 1 марта 2009 г.

Աստծո դստեր աղոթքը


Հիսուս, ոչ միայն ուզում եմ հագնվել
Համաձայն 1Տիմ.2:9-ի,
Այլև ուզում եմ Կողոսացիս 3:12-ի հանդերձները ամեն օր հագնել,
Եվ Քո վերադարձի փառավոր օրը լուսափայլ բեհեզին արժանանալ:
Թող մաքրությամբ փայլի ոչ միայն իմ տունը,
Այլև Քոնը` իմ սիրտը, ուր ուզում եմ միակ Տանտերը լինես:
Ոչ միայն սիրում եմ սպասքը լվանալ,
Այլև սիրում եմ, երբ Դու ես լվանում այն հողե անոթը,
Որը լցնում ես հոգևոր գանձով:
Ոչ միայն ուզում եմ սիրով կերակուր պատրաստել,
Այլև ամեն օր կերակրվել Քո անուշ Խոսքերով:
Ուզում եմ ոչ միայն ճրագս գիշերը չմարի,
Այլև Քո Խոսքը ամեն օր ինձ ճրագ լինի:
Ուզում եմ ունայն գեղեցկության համար չմտահոգվել,
Այլ հեզ ու հանդարտ հոգու անեղծությամբ զարդարվել,
Ուզում եմ ապրել Թագավորի դստերը վայել կերպով
Ու Քեզ փառք բերել իմ ամբողջ կյանքով: 

Հռիփսիմե Մկրտչյան