пятница, 10 апреля 2020 г.

Թագավորի անքնությունը և Իսրայելի անքուն Պահապանը



«Այդ գիշեր թագավորի քունը փախել էր, և նա հրամայեց որ բերեն ժամանակագրության հուշամատյանը, և այն կարդացվեց թագավորի առաջ » (Եսթեր 6:1):
Անքուն գիշեր, հուշամատյանի ընթերցում, մոռացված բարի գործի մտաբերում, անակնկալ տեղեկություն և անքուն գիշերվան հաջորդող անակնկալների օր:
Թագավորի անքնության պատճառը հիվանդությունը չէր , մտահոգությունն ու վիշտը չէր, նրա անքնությունը  հրամայված էր Թագավորների Թագավորի՝ երբեք չքնող Իսրայելի պահապանի կողմից: Հուշամատյանը հիշեցրեց այն, ինչ Մուրթքեն արել էր անշահախնդիր կերպով, և ոչ ոք նրան շնորհակալություն չէր հայտնել: Երբ ստորագրվեց հրեաներին ոչնչացնելու հրամանագիրը, Մուրթքեն չբողոքեց, չմեղադրեց թագավորին ապերախտության մեջ, չասաց. ՙԵս փրկել եմ քո կյանքը, դու ուզում ես ոչնչացնել իմ ազգը՚:
Ասուերոս թագավորի անքուն գիշերվան հաջորդեց անակնկալների օրը: Անհավանական անակնկալ Մուրթքեի համար, ով երբեք պատիվ չէր փնտրել, բայց  ստացավ: Տհաճ անակնկալ Համանի համար, ով ստիպված եղավ պատիվ տալ մեկին, ում ատում էր, պատիվ, որ ինքն իր համար էր նախատեսել:
Մուրթքեի արածը մոռացել էր թագավորը, բայց  ոչ Աստված: Նա երբեք չի մոռանում Իր անվան համար արված ամենափոքր ծառայությունը: Բոլոր հուշամատյանները Նրա աչքերի առաջ են, և Նա վարձահատույց է լինելու:
Այս պատմության մեջ տեսա այն, ինչ դարեր հետո գրվելու էր Հռոմ. 8:28-ում: Ամեն բան բարու գործակից դարձավ Աստծուն պաշտող հավատարիմ մարդու համար, Աստծո ժողովրդի համար: Ամե՜ն բան, նույնիսկ չար մարդու փառասիրությունը, նրա չար ծրագիրը:
Այն պահին, երբ թագավորը խորհրդատու էր փնտրում, եկավ Համանը: Երկուսն էլ մտածում էին նույն մարդու մասին: Թագավորը շտապում էր վարձահատույց լինել այն մարդուն, ում շտապում էր սպանել Համանը:
Աստված երբեք չի ուշանում. Եսթերի խնջույքը, Համանի չար ծրագիրը, թագավորի անքնությունը, հուշամատյանի ընթերցումը եղան ճիշտ ժամանակին: Սխալ մտքերով, սխալ ցանկություններով մարդը ճիշտ ժամանակին ճիշտ վայրում հայտնվեց, ու նրա չար ծրագիրը խափանվեց: Աստված ծիծաղում է ամբարիշտների վրա (Սաղմոս 37:13, Սաղմոս 59:8, Առակաց 1:26, Սաղմոս 2:4, Առակաց 3:34): Նա ծիծաղեց Համանի վրա, որն ուզում էր Մուրթքեին կախաղան բարձրացնել բայց ստիպված եղավ բարձրացնել արքայական նժույգին:
Աստված ինքնիշխան է, Նա կարող է օգտագործել մարդու չար ծրագրերը՝ իրականացնելու համար Իր բարի ծրագիրը:
 Իմ օրագրից, ապրիլի 10, 2020