суббота, 4 апреля 2015 г.

Դատարկ գերեզմանը


Դատարկ է  իմ Փրկչի  գերեզմանը,
Դրա համար սիրտս  ուրախությամբ  է լցված,
Նա, ով Կյանքն է, հաղթել է  մահվանը,
Գլորված է քարը, հոգիս՝ նորոգված:

Գերեզմանը  չկարողացավ Նրան պահել.
Երկնքում ինձ համար տեղ կա պահված.
Գրքերի համաձայն հարություն է առել,
Հարուցյալ Փրկչի մեջ է կյանքս թաքնված:

Հրեշտակն ասաց. «Այստեղ չէ Նա,
Ինչպես ասել էր, հարություն է առել »,
Հենց դրա համար այստեղ՝ իմ մեջ է Նա հիմա,
Իմ մեջ բնակվող Հոգով է ինձ կենդանացրել:

Իմ մեղքերի համար  Հիսուսը մեռավ,
Արդարացնելու համար  հարություն առավ,
Ողջ է Փրկիչս, հավիտյան  կապրեմ,
Մեղքի համար մեկընդմիշտ մեռած եմ:

Նա հարություն առավ Հոր փառքով,
Կյանքի նորոգության մեջ կքայլեմ,
Կմեծարեմ Նրան իմ ամբողջ կյանքով,
Նրա զորությամբ  չարին կհաղթեմ:

Երբ գա փառավոր օրն Իր գալստյան,
Չգիտեմ՝ կփոխվե՞մ,  թե՞ գերեզմանից կելնեմ,
Բայց  գիտեմ՝  Նրան, ով ապրում է հավիտյան
Այն օրը օդերում պիտի դիմավորեմ:

Հռիփսիմե Մկրտչյան