среда, 8 июля 2020 г.

Օձի խորագիտություն, ոչ թե աղվեսի խորամանկություն


«Ահա, Ես ձեզ ուղարկում եմ որպես գառներ՝ գայլերի մեջ, ուրեմն օձերի նման խորագետ եղեք և աղավնիների պես՝ անվնաս» (Մատթ. 10:16):

Հիսուսն Իր աշակերտներին ծառայության ուղարկելուց առաջ զգուշացրեց, որ հանդիպելու են գայլերի՝ դաժան, գիշատիչ, գառներին թշնամի: Դրա համար անհրաժեշտ  է, որ նրանք լինեն օձի պես խորագետ և, աղավնու պես՝ անմեղ, անվնաս: Օձի խորագիտություն, իմաստություն է պետք, ոչ թե աղվեսի խորամանկություն, ով ուրիշներին խաբում է սեփական օգտի համար: 
Օձի խորագիտությունը զգուշությունն է, վտանգներից ու թակարդներից խուսափելը: Առակաց 27:12-ում ասվում է, որ խորագետը տեսնում է չարիքը և խույս է տալիս: Հիսուսը խորագիտությամբ էր պատասխանում, երբ փարիսեցիները փորձում էին Իր իսկ խոսքով Նրան բռնել իրենց հարցերով՝ «Կայսրին տուրք տալը օրինավոր է, թե՞ ոչ», «Ի՞նչ իշխանությամբ ես անում այդ բաները», և այլն:
Պողոսը նույնպես խորագիտություն է ցույց տվել շատ իրավիճակներում:  Նա լավ գիտեր օրենքը և գիտեր դրանով իրեն պաշտպանել՝ անհրաժեշտության դեպքում հիշեցնում էր, որ ինքը Հռոմի քաղաքացի է (Գործք 16:37, 22:25), բողոքում էր կայսրին: Աթենքում քարոզի ժամանակ ներկաների ուշադրությունը գրավելու համար մեջբերում արեց հույն բանաստեղծներից, «Անծանոթ Աստծուն» խորանը տեսնելով առիթից օգտվեց և Հիսուսի մասին քարոզեց:  Օձի խորագիտությունը իմաստությամբ և զգուշությամբ վարվելն է, ոչ թե աղվեսի խորամանկությամբ  շահ հետապնդելը:
Իմ օրագրից. հունվարի 22, 2020

вторник, 7 июля 2020 г.

Անմիտ խնդրանք, պատասխանված աղոթք



«Խնդրում եմ քեզ, ինձ հրաժարված համարիր» (Ղուկաս 14:18):
Ավելի անմիտ խնդրանք չէր կարող լինել: Աստծո հրավերը մերժողը ոչ միայն անհարգալից վերաբերմունք է ցույց տալիս Նրա՝ մեծ խնջույքը պատրաստողի հանղեպ, այլև վնասում է ինքն իրեն և ցույց է տալիս իր հիմարությունը:
Ինձ հրաժարված համարիր. ի՛նչ ահավոր է այդ խոսքերն ասել Աստծուն և ստանալ դրական պատասխան: Այս խոսքերն ասողները չեն գիտակցում, թե ինչ պատիվ է հրավիրվել Թագավորաց Թագավորի խնջույքին, և ինչ մեծ հիմարություն է այդ հրավերը մերժելը:
Ինձ հրաժարված համարիր. վա՛յ այս աղոթքն անողին. ցավոք սրտի դա պատասխանված աղոթք է:  Եթե հասկանար, թե ինչից է հրաժարվում, այդ խոսքերը չէր ասի:
Թագավորի խնջույքին հրավիրվածները կարիք չունեն հետները ինչ-որ բան բերելու, սեղանին դնելու, վճարելու, ուղղակի պետք է հրավերն ընդունեն և դատարկ ձեռքով գան:
Իմ օրագրից. փետրվարի 10, 2020

воскресенье, 5 июля 2020 г.

Մարգարեների սխալ խոսքերը, քահանաների սխալ գործերը, ժողովրդի սխալ վերաբերմունքը


«Զարմանալի ու ահավոր մի բան է կատարվում երկրում. մարգարեները սուտ մարգարեություն են անում, քահանաներն իշխում են նրանց միջոցով, և Իմ ժողովուրդը սիրում է դա» (Երեմիա 5:30,31):

Իրոք, ահավոր բան է: Այստեղ երեք խումբ կա՝ մարգարեներ, քահանաներ, Աստծո ժողովուրդ: Մարգարեների ասածը սխալ է,՝ սուտ մարգարեություն են անում, ասում են այն, ինչ Աստված չի պատվիրել, քահանաների արածը սխալ է՝ իշխում են սուտ մարգարեությունների միջոցով, Աստծո ժողովրդի վերաբերմունքը այդ ամենի հանդեպ սխալ է՝ նա սիրում է դա: Հենց դա քաջալերում է մարգարեներին, որ սուտ մարգարեություն անեն,  քահանաներին՝ որ իշխեն:  Եթե նրանք քննեին և տեսնեին, որ  «Այսպես է ասում Տերը»  խոսքի տակ իրենց օտար խոսք են մատուցում, եթե նրանք մերժեին քահանաների իշխանությունը, մարգարեներն ու քահանաները չէին կարողանա շարունակել իրենց սուտ մարգարեություններն ու իշխանությունը:

Աստծո ժողովուրդը պետք է հակառակվի կեղծիքին, ոչ թե սիրի:

Իմ օրագրից. հուլիսի 5, 2020

пятница, 3 июля 2020 г.

Երբ բաժանումը բերեց բազմապատկում

«Եվ անհամաձայնությունն այնքան սուր էր, որ բաժանվեցին միմյանցից» (Գործք 15:39):

Նոր Կտակարանի երեք ամենասիրելի հերոսներիցս երկուսը՝ երկու հրաշալի եղբայրներ, Աստծո գործը հավատարմությամբ անող Աստծո մարդիկ, ունեցել են մեծ տարաձայնություն և դրա արդյունքում՝ բաժանում: Այդ բաժանումը նման չէր մեր ժամանակներում իմ տեսած շատ բաժանումներին: Նրանք բաժանման հիմքում չի եղել մեղքը, երկուսից ոչ մեկը անազնիվ վարմունք չի ունեցել, շահ չի փնտրել, երկուսն էլ անկեղծորեն Տիրոջն էին ծառայում: Նրանք բաժանումը վարդապետական տարաձայնության արդյունք չէր, երկուսից ոչ մեկը հակասուրբգրային բան չէր քարոզել և Աստծո Խոսքին հակառակ բան չէր արել: Նրանց բաժանումը սեփական հարանվանություն ստեղծելու պատճառ չդարձավ: Երկուսից ոչ մեկը չլքեց Աստծո գործը: Բառնաբասը Մարկոս Հովհաննեսի հետ գնաց իր ծննդավայրը, իսկ Պողոսը Շիղայի հետ գնաց տարբեր վայրեր՝ ավետարանչություն անելու:

Հիշեմ, որ սկզբում նրանք որոշել էին գնալ այն նույն վայրերը, որտեղ արդեն քարոզել էին և տեսնել, թե ինչպես էին քրիստոնյաները, պետք է գնային արդեն ապաշխարած մարդկանց քաջալերելու, հաստատելու, ոչ թե նոր միսիոներական ճամփորդության: Բայց բաժանման արդյունքում Պողոսը նոր միսիոներական ճամփորդություն սկսեց Շիղայի հետ: Սա մի բաժանում էր, որ բերեց բազմապատկում:  Այսօր կարդալիս մտածում էի, թե ով էր երկուսից իրավացին:  Պողոսը նախանձախնդիր էր Աստծո գործի հանդեպ, չէր ուզում գործը լքած մարդուն իրենց հետ տանել ծառայության: Բառնաբասը՝ Մխիթարության որդին, քաջալերող էր և ուզում էր Մարկոսին հնարավորություն տալ իր սխալն ուղղելու: Գուցե յուրաքանչյուրն իր տեսանկյունից  իրավացի էր: Անկասկած, նրանք հետագայում հաշտվեցին, որովհետև Պողոսը իր նամակներում հիշատակում է երկուսին էլ, իսկ Մարկոսի մասին նույնիսկ ասում է, որ պետք է իրեն ծառայության համար և Տիմոթեոսին խնդրում է նրան էլ բերել իր հետ: Գուցե մի կողմից Պողոսի խստությունը սթափեցրեց Մարկոսին, մյուս կողմից իր քեռու ներողամտությունը քաջալերեց  իրեն, և նա հավատարմորեն ծառայեց Աստծո գործին:

Իմ օրագրից. դեկտեմբերի 19, 2019