суббота, 5 декабря 2020 г.

Իր ժողովրդի բարիքն էր փնտրում


 

«… իր ժողովրդի բարիքն էր որոնում» (Եսթեր 10:3):

Ահա մի մարդ, որը երբեք իշխանություն չէր փնտրել, բայց հասավ իշխանության: Իշխանության  հասնելուց հետո էլ երբեք փառք չփնտրեց, շահ չփնտրեց, այլ իր ժողովրդի՝ Աստծո ժողովրդի բարիքը:

Ամեն ճշմարիտ քրիստոնյա Մուրթքեի նման է, շահ չի փնտրում, այլ Աստծո ժողովրդի բարիքը: Նա իր ունեցած հնարավորությունները, գիտելիքները, տաղանդները, ժամանակը օգտագործում է Աստծո ժողովրդի բարիքի համար:

Թող Մուրթքեներ շատ լինեն Քրիստոսի Եկեղեցում, նրանցից մեկն էլ ես լինեմ՝ միշտ փնտրեմ հոգևոր Իսրայելի՝ Աստծո ժողովրդի բարիքը:

Իմ օրագրից, դեկտեմբերի 1, 2013


Հավատքի խոսքեր են թվում, բայց չեն


 

«Եվ դեռ Տիրոջ վրա են հենվում՝ ասելով՝ «Մի՞թե Տերը մեր մեջ չէ, մեզ վրա ոչ մի չարիք չի գա» (Միքիա 3:11):

Առաջին հայացքից այս խոսքերը կարող են թվալ հավատքի խոսքեր, Տիրոջ հանդեպ վստահության, Տիրոջը փառաբանող խոսքեր: Այդպես կարող է թվալ, քանի դեռ չգիտես, թե ովքեր են ասում այդ խոսքերը: Տիրոջը հնազանդվող, Նրա Խոսքը սիրող, Նրա երկյուղն ունեցող մարդկանց խոսքերը չեն սրանք: Այս խոսքերն ասացին երեք տարբեր պաշտոններ ունեցող մարդիկ, բայց երեքի մեջ մի բան նույնն է՝ հանուն փողի անարդարություն են անում: Դատելու համար պատասխանատու գլխավորները կաշառքով են դատում, ոչ թե արդարությամբ, քահանաները վարձով են սովորեցնում, հետևաբար ոչ թե Աստծո Խոսքն են սովորեցնում, այլ վարձ տվողների ուզածը, մարգարեները փողով են մարգարեանում, ուստի ոչ թե Աստծո Խոսքն են փոխանցում, այլ փող տվողների ուզած բաներն են մարգարեանում: Ամեն չարիքի արմատը արծաթասիրությունն է, իսկ այս փողի գերիները հայտարարում են, որ իրենց վրա չարիք չի գալու: Նրանք արհամարհում են Աստծո Խոսքը և համարձակվում են ասել, որ Տերն իրենց մեջ է:

Եթե դատավորները արդար դատեին, քահանաները անշահախնդիր Աստծո Խոսքը սովորեցնեին, մարգարեները հավատարմորեն Աստծո Խոսքը փոխանցեին, այդ ժամանակ կարող էին համարձակ ասել հավատքով. «Տերը մեր մեջ է, մեզ վրա ոչ մի չարիք չի գա»:

Իմ օրագրից, հոկտեմբերի 1, 2020