понедельник, 18 января 2010 г.

Շնորհակալություն Տիրոջս, ում Խոսքն ու սերն են ներշնչում գրելու



Անցած տարի աղոթում էի, որ Տերն օգներ տպագրելու բանաստեղծություններս: Համարյա ամեն օր սուրբգրային խորհրդածության ու աղոթքի ժամանակ Նրա թանկագին Խոսքը ու զարմանալի սերը ներշնչում էին ինձ գրելու: Ես հավատում էի, որ իմ աղոթքը Նրա կամքի համաձայն է, որովհետև սաղմոսերգուի նման կարող էի ասել. «Շարադրածս Թագավորի համար է» (Սաղմոս 45:1): Հիմա գոհանում եմ Տիրոջից, որ տարվա վերջում պատասխանեց աղոթքիս ու Աստծո զավակները կարող են քաջալերվել կարդալով իմ շարադրանքը, որը Թագավորի փառքի ու Նրա զավակների օրհնության համար է»:

среда, 6 января 2010 г.

Հիսուսի նամակը

Ողջույն, սիրելի բարեկամ: Ինչպես գիտես, նորից Իմ ծննդյան օրն է: Անցած տարի իրոք մեծ խնջույք կազմակերպեցին ինձ համար և, որքան գիտեմ, այս տարի էլ են կազմակերպում: Նրանք գնումներ էին կատարում և պատրաստվում ամիսներ առաջ, անընդհատ գովազդում և հայտարարում, որ Սուրբ Ծնունդը մոտենում է: Համենայն դեպս տարվա մեջ մի օր ոմանք հիշում են իմ մասին: Գիտես, երկար տարիներ են անցել այն օրվանից երբ նրանք սկսեցին տոնել Իմ ծնունդը: Նրանք մտածեցին, որ դա շատ ուրախություն կպատճառի փոքրիկ երեխաներին: Շատերը ընդհանրապես չգիտեն այդ տոնի իմաստը: Օրինակ, անցած տարվա նման. Երբ Իմ ծննդյան օրը եկավ, նրանք կազմակերպեցին մի մեծ երեկույթ, և կհավատա՞ս… Ես նույնիսկ հրավիրված չէի: Պատկերացրու, Իմ ծննդյան օրը նրանք չեն հիշում Ինձ: Նրանք երկու ամիս առաջ սկսեցին պատրաստվել այդ տոնակատարությանը, բայց երբ այդ օրը եկավ, ինձ թողեցին դրսում: Վերջին տարիներին դա այնքան հաճախ էր պատահել, որ Ես նույնիսկ չզարմացա: Թեև Ես հրավիրված չէի, որոշեցի կամաց ներս մտնել: Ներս մտա և կանգնեցի մի անկյունում: Բոլորը խմում էին, ծիծաղում, զվարճանում, երբ հանկարծ վառ կարմիր հագուստով, սպիտակ մորուք հագած այն գիրուկ մարդը ներս մտավ: Երևում էր, որ չափազանց շատ էր խմել, բայց մի կերպ առաջ եկավ զվարթ բացականչությունների ուղեկցությամբ: Երբ նա տեղավորվեց մեծ բազկաթոռի մեջ, բոլոր երեխաները հավաքվեցին նրա շուրջը` գոռալով. «Ձմեռ պապիկ, ձմեռ պապիկ»: Հուսով եմ, հասկացար, որ նա պատվավոր հյուրն էր և ողջ տոնակատարությունը նրա պատվին էր: Հետո նա սկսեց պատմել ծիծաղելի պատմություններ այն մասին, թե իբր ինքն ապրում է հյուսիսային բևեռում, մի խումբ թզուկների հետ և ամեն տարի Իմ ծննդյան օրը նստում է թռչող եղջերուներով իր սայլակը և նվերներ բերում աշխարհի բոլոր երեխաներին: Այսինքն, նրա ասածների մեջ ոչ մի ճիշտ բան չկար: Պատկերացնու՞մ ես, խեղճ, փոքրիկ զգայուն երեխաներին այդպիսի հեքիաթներ պատմել: Վերջապես եկավ Իմ գնալու ժամանակը: Երբ դուրս եկա, այնքան էլ զարմանալի չէր, որ ոչ ոք չնկատեց, որ Ես գնացել եմ: Ես երբեք ինձ այդքան միայնակ չէի զգացել, գուցե չհավատաս, որ Ես լաց եղա…
Մյուս բանը, որ ինձ զարմացնում է, այն է, որ Իմ ծննդյան օրը ինձ նվերներ տալու փոխարեն նվերներ տալիս են միմյանց: Եվ ամենատարօրինակն այն է, որ նվիրում են այն, ինչ իրենց պետք չի: Ինչպե՞ս կզգայիր, եթե Քո ծննդյան օրը ընկերներդ որոշեին այն տոնել իրար նվերներ տալով, իսկ քեզ ոչինչ չտային: Մի օր Մեկն ինձ ասաց. «Դե, քանի որ Դու տեսանելի չես մյուս մարդկանց նման, ինչպես կարող ենք Քեզ նվեր տալ»: Դու գիտես Իմ պատասխանը` ուտելիք և հագուստ տուր աղքատներին, օգնիր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, այցելիր միայնակներին»: Ես ասացի. «Լսիր, ամեն նվեր, որ դու տալիս ես կարիքավորներին, Ես համարում եմ, որ անձամբ ինձ ես տվել» (Մատթ.25:34-40):
Հիշեցի Իմ բարեկամներից մեկի մասին. Նա շատ բարի ծերուկ է: Նա ամենաաղքատ մարդկանց թաղամասից է և երկար տարիներ ապարդյուն փորձում է միանալ եկեղեցուն: Բայց այդ եկեղեցին անմատչելի է այդպիսի մարդկանց համար: Նրանք կարծում են , որ նա արժանի չէ իրենց եկեղեցու անդամ դառնալու: Մի օր տեսա, որ նա տխուր նստած է եկեղեցու աստիճաններին: Ես հարցրեցի, թե ինչ է պատահել, և Նա ինձ ամեն ինչ պատմեց: Ես ձեռքս դրեցի Նրա ուսին և ասացի, որ գիտեմ, թե ինչ է Նա զգում: Ես էլ արդեն քսան տարի է` փորձում եմ մտնել այդ եկեղեցին և Ինձ էլ ներս չեն թողնում:
Բայց իմ համբերությանն էլ վերջ կա: Ես քեզ կասեմ որպես գաղտնիք… Ես վաղուց եմ այն ծրագրել, հիմա որոշել եմ իրականացնել: Որոշել եմ կազմակերպել Իմ սեփական խնջույքը: Ի՞նչ կասես այդ մասին: Դա կլինի ամենամեծ, ամենաճոխ խնջույքը, որ հնարավոր է պատկերացնել: Կարող է դա այս տարի չլինի: Բայց հրավիրատոմսերը ուղարկում եմ հիմա և գիտեմ, որ դու կուզենաս գալ: Տեղ կա բոլոր ցանկացողների համար: Շատ հայտնի մարդիկ են ներկա լինելու այդ խնջույքին և Ես քեզ պատվավոր տեղ եմ տալու հենց նրանց կողքին (Մատթ.8:11):
Երբ ամեն բան պատրաստ կլինի, Ես բոլորին մեծ անակնկալ կմատուցեմ: Շատերը կմնան դուրսը, որովհետև չպատասխանեցին Ւմ հրավերին: Հենց հիմա տեղյակ պահիր ինձ եթե գալու ես, որպեսզի տեղ պահեմ քեզ համար և անունդ մեծ, ոսկյա տառերով գրեմ Իմ հյուրերի գրքում:

Անսահման սիրով`
Հիսուս


                                                               Անգլերենից թարգմանեց Հռիփսիմե Մկրտչյանը