среда, 4 августа 2021 г.

Բաբելոնին մի՛ միացիր, Բաբելոնից հեռացի՛ր


 

Երկուսը միասին կքայլե՞ն,

Եթե համաձայն  չլինեն.  (Ամովս 3:3)

Հնարավոր չէ միասին քայլել ու տարբեր տեղեր հասնել:

Եթե նեղ ճանապարհն ես ընտրել, կորստի լայն ճամփով քայլողը քո ուղեկիցը չէ, (Մատթ. 7:13)

Աստված բաժանել է լույսը խավարից, դրանք միացնելը Նրա կամքով չէ, հնարավոր էլ չէ: ( Ծննդոց 1:4, 2 Կորնթ. 6:14,)

Լույսի որդին մասնակից չէ խավարի անպտուղ գործերին, (Եփեսացիս 5:11)

Ուղիղների ժողովը սիրողը  ներկա չէ չարերի ժողովում, (Սաղմոս 26:5)

Հիսուսը ներկա է, երբ երկու-երեք հոգի Իր անունով են հավաքվում. (Մատթ. 18:20)

Նա չի գա այն հավաքույթին, որտեղ հեթանոսները քրիստոնյաների հետ «Հիանալի Շնորհք» են երգում:

Արդար Ղովտը չպետք է իր վրանը Սոդոմի մոտ բացեր,

Հովսափատը Աքաաբի հետ չպետք է պատերազմի գնար, (2 Մնացորդաց 19:2)

Ոքոզիայի հետ չպետք է նավեր կառուցեր, (2 Մնացորդաց 20:37)

Ամբարիշտի հետ չպետք է բարեկամանար:

 Բենիամինի թշնամիները չեն կարող Զորաբաբելի հետ կառուցել, (Եզրաս 4:3)

Աշխարհից զատվածը աշխարհը սիրողին չի քաջալերում,

Քրիստոսի Հարսը չի կարող Բաբելոնի դուստրերի հետ քայլել,

Երկնքի քաղաքացին նույն հասցեով գնացողի հետ է ընկերություն անում:

Եթե Առակաց 31-ի կին ես, Առակաց 7-ի կինը չի կարող լինել քո ընկերուհին,

Եթե Հիսուսի ոտքերի մոտ ես նստել, Մարիամ բեթանացին է նստած քո կողքին, (Ղուկաս 10:39)

Նեեմիան Սանաբաղատի հետ հանդիպման չի գնա,

Մեծ գործով է զբաղված, աշխատանքը չի թողնի, (Նեեմիա 6:3)

Եղիան Բահաղի մարգարեների հետ չի միանա,

Նրանց աստվածներին համարձակ կծաղրի: (3 Թագավորաց 18:27)

Եթե Տիրոջ պատվիրաններն ես ընտրել, ընկեր կընտրես Նրա պատվիրանները պահողին, (Սաղմոս 119:63)

Հիսուսի Խոսքի սեղանի մոտ ես նստել,  չես մասնակցի դևերի սեղանին:

Վերին բաների մասին մտածողը չարություն մտածողից սովորելու բան չունի,

Աստծուն փառաբանողը աշխարհի փառքը փնտրողի հետ գործ չունի:

Աստծո շավիղներում քայլողը ամբարիշտների խորհրդի մեջ չի քայլում,

Հիսուսի ոտքերի մոտ նստածը ծաղրողների աթոռին չի նստում, (Սաղմոս 1:1)

Երկնքին նայողը աչքերի առջև չար բան չի դնում, (Սաղմոս 101:3)   

Աստծո խրատը լսողը Նրա գիտության խոսքերից շեղող խրատը չի լսում: (Առակաց 19:27)

Ամեն պարագայում գոհացողի համար  անվերջ տրտնջացողը  զրուցակից չէ,

Տիրոջ ողորմությունը խնդրողի համար հպարտ փարիսեցին աղոթակից չէ: (Ղուկաս 18:11-13)

Աստծո Խոսքը սիրողը չի լսի նրան, ով ուրիշ Ավետարան է քարոզում,

Թեև հրեշտակ էլ գա երկնքից, նզովյալի  խոսքերը երբեք չի ընդունի, (Գաղատ. 1:8)

Նա, ով ասում է. «Տեր, որքան եմ Քո օրենքը սիրում», (Սաղմոս 119:97)

Նաև կասի. «Կեղծիքն ու ունայն մտքերն եմ ատում»:  (Սաղմոս 119:104,113, 128,163)

Միքիան չորս  հարյուր մարգարեների ասածը չի կրկնի, (2 Մնացորդաց 18:13)

Թեև չար արքան բանտարկի նրան, նա Աստծո Խոսքն է ասում,

 Առաքյալները քահանայապետին չեն հնազանդվի, (Գործք 5:29)

Քրիստոսի Ավետարանն են անդադար  քարոզում:

Հնձի ժամանակ որոմն ու ցորենը միասին չեն մնալու.

Նախ որոմն է կապվելու այրվելու համար,

Հետո Աստծո շտեմարանում ցորենն են հավաքելու, (Մատթ. 13:30),

Արդարի և ամբարշտի տարբերությունն է շուտով երևալու (Մաղաքիա 3:18):

Հովհաննեսը Դիոտրեփեսի հետ չի ծառայի,

Նրա գործընկերը սիրելի Գայոսն է,  (3 Հովհ.)

Դեմասն այլևս Պողոսի գործընկերը չի լինի,

Նա Աստծո Խոսքը լքեց ու աշխարհը սիրեց: (2 Տիմոթեոս 4:10)

Պողոսի ճարտասանական հարցերն եմ հիշում՝

Արդարությունն անօրինության հետ ի՞նչ հաղորդակցություն ունի,

Ի՞նչ հաղորդություն ունի լույսը խավարի հետ,

Քրիստոսը Բելիարի հետ ի՞նչ միաբանություն ունի,

Ի՞նչ համաձայնություն ունի Աստծո տաճարը կուռքերի հետ: (2 Կորնթացիս 6:14-16)

Աստված խառնուրդը չի հանդուրժում,

Էկումենիզմը միաբանության նմանակումն է,

Նա Իր Խոսքով միաբանվել է կանչում,

Հոգով միաբանվելու պայմանը վերստին ծնունդն է:

Ուրեմն մի ջանա Բաբելոնը փոխել, այլ Բաբելոնից փախիր,

Եգիպտոսի վարունգն ու սեխը մի հիշիր,  խոստումի երկիրը շտապիր,

Սոդոմում բնակություն մի հաստատիր, առանց հետ նայելու հեռացիր,

Երրորդ Ելիցին մասնակցիր, խոստումին հավատալով առաջ շարժվիր:   

Հռիփսիմե Մկրտչյան

Հուլիսի 30, 2021