вторник, 9 апреля 2013 г.

Իմ մասին մտածող կա




«Սակայն Տերը մտածում է իմ մասին» (Սաղմոս 40:17):
Ահա մի համար, որի մասին կարող էի ասել՝ չափազանց զարմանալի ու հրաշալի է իրական լինելու համար: Մտքիս մեջ չի տեղավորվում, որ ինձ պես աննշան մեկը Ամենակարողի, տիեզերքի Արարչի ու  թագավորաց Թագավորի մտքի մեջ է:  Զարմանալի է, բայց իրական:  Սաղմոսերգուն ասում է. «Ես աղքատ ու կարիքավոր եմ, սակայն Տերը մտածում է իմ մասին»:  «Սակայն» -ից առաջ ինչ նախադասություն էլ դնեմ,  «սակայն»-ից հետո մխիթարող միտք կա՝ Տերը մտածում է իմ մասին: Ես տկար ու անզոր եմ, սակայն Տերը մտածում է իմ մասին, ես ենթակա եմ փորձությունների, սակայն Տերը մտածում է իմ մասին, հաճախ ընկնում եմ թշնամու ծուղակի մեջ,  սակայն Տերը մտածում է իմ մասին, հաճախ սուզվում եմ տխրության մեջ, սակայն Տերը մտածում է իմ մասին, երբեմն կորցնում եմ խաղաղությունս, սակայն Տերը մտածում է իմ մասին, հաճախ մտահոգություններս շատանում են իմ մեջ, սակայն Տերը մտածում է իմ մասին, հաճախ մտածում եմ, որ ոչ ոք չի մտածում իմ մասին, սակայն Տերը մտածում է իմ մասին:
Այն միտքը, որ Տերը մտածում է իմ մասին, ուրիշ մտքերի համար տեղ չի թողնում. տխուր մտքերի, միայնության զգացման,  տագնապի, մտահոգության համար տեղ չի թողնում: Կարո՞ղ եմ մտածել այն մասին, որ Տերը մտածում է իմ մասին և չուրախանալ,  կարո՞ղ եմ մտածել, որ Նրա մտքի մեջ եմ, ու մտքիս մեջ տագնապներ լինեն, կարո՞ղ եմ հավատալ, որ Տերը մտածում է իմ մասին ու չհավատալ, որ իմ կյանքում ամեն բան Նրա իմաստուն ծրագրով է ու իմ բարիքի համար: Այս բոլոր հարցերի պատասխանն է «ոչ»:  Ուրեմն խնդիրներիս, հոգսերիս, նեղություններիս մասին մտածելու փոխարեն մտածեմ իմ մասին մտածողի մասին:
«Նրա մասին իմ խորհրդածությունները քաղցր են լինելու, ես Տիրոջով եմ ուրախանալու» (Սաղմոս 104:34):