пятница, 8 ноября 2013 г.

Երեխաները Տիրոջ ժառանգությունն են





 Այսօր աղոթքիս օրագրում  «պատասխանված աղոթքների» մեջ  կարդացի ուղիղ մեկ տարի առաջ արված մի գրառում, որում  գրել էի հինգ տարվա աղոթքի պատասխանի մասին:

Քույրս, իր ամուսինը և մենք բոլորս երկար էինք աղոթել,  որ Տերն  ուղարկի  իրենց  կապարճի առաջին նետը  (Սաղմոս 127:4): Մինչ բժիշկն ասում էր՝ «անհնար է»,  Աստված արդեն պատասխանել էր մեր աղոթքին՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ այն, ինչ մարդկանց համար անհնար է, հնարավոր է Իր համար:
Հունիսի 19-ին ծնվեց անուշիկ զարմուհիս՝ Եսթեր-Սառան, ով նոր ուրախությամբ լցրեց քրոջս տունը:
«Ահա երեխաները Տիրոջ ժառանգությունն են. որովայնի պտուղը Նրա պարգևն է» (Սաղմոս 127:3):
Շնորհակալ ենք, Տեր:

четверг, 7 ноября 2013 г.

Նվաղու՞մ է անձդ Տիրոջ սրահների համար



Որքան սիրելի են Քո բնակարանները, ով զորաց Տեր:  Իմ անձը փափագում է, անգամ  նվաղում է Տիրոջ սրահների համար: (Սաղմոս 84:1, 2)


Սաղմոս 84-ի հերոսը պարզապես չէր այցելում Աստծո տուն, այլ ամբողջ սրտով փափագում էր Տիրոջ ներկայությանը, նվաղում էր Տիրոջ սրահների համար: Տիրոջը ամեն ճշմարիտ երկրպագող ապրում է նույնը:
Եթե եկեղեցի գնալու համար քրիստոնյային խանգարում են անձրևը, վատ եղանակը, հեռավորությունը, գործերը, զվարճությունները, Սաղմոս 84:1,2-ում գրվածը արձագանք չի գտնի նրա սրտում: Բայց նա, ում համար Հիսուսն առաջինն է, իսկ եկեղեցի գնալը՝ ամենամեծ տոնը, նա,  ով ամեն բանից առաջ փնտրում է Աստծո թագավորությունը, նա ում մնացած գործերը կախված են հավաքույթի ժամերից, նա, ում կիրակի առավոտյան չեն զանգում, որովհետև գիտեն, որ հեռախոսն անջատված է, նա, ում կիրակի օրը ոչ մի տեղ չեն հրավիրում, որովհետև գիտեն, որ չի գա. կարևոր հանդիպում ունի, որը ոչնչի հետ չի փոխի, նա, ում հյուր չեն գնում պաշտամունքի օրերին, որովհետև գիտեն, որ տանը չի,  նա կարող է կրկնել սաղմոսերգուի խոսքերը.  «Իմ անձը փափագում է, անգամ  նվաղում է Տիրոջ սրահների համար»: