Անցած սեպտեմբեր ամսին շատ տխուր էի: Անընդհատ մռայլ բաների մասին էի մտածում, կարծում էի, որ նեղություններս ու հոգսերս չափազանց շատ են: Վախեցա, որ դա կարող է տրտնջացող հոգի հաստատել իմ մեջ: Հետո հիշեցի հայտնի օրհներգը՝ «Հաշվիր օրհնություններդ»: Որոշեցի, որ տխուր բաների վրա չկենտրոնանալու համար այսուհետ պետք է հաշվեմ օրհնություններս, ամեն օր գրանցեմ դրանք մի տետրում: Այդ ժամանակ հիվանդ էի, և Տիրոջն ասացի. «Հիսուս, որոշել եմ հաշվել Քո տված բարիքներն ու օրհնությունները: Հենց լավանամ, կգնամ գրախանութ, կգնեմ մի նոթատետր հատուկ օրհնությունները գրանցելու համար»: Մինչ այդ մասին մտածում էի, հարսիս քույրը վերադարձավ Ռուսաստանից. նա ինձ համար բերել էր... մի գեղեցիկ նոթատետր: Այն, որ նոթատետր ինձ նվիրեց, ես չզարմացա, բոլոր ինձ ճանաչողները գիտեն, որ սիրում եմ նման բաներ, բայց զարմանալին այն էր, որ կազմի վրա անգլերեն գրված էր. «Յուրաքանչյուր օրվա գեղեցկությունը գալիս է, երբ հաշվում ես օրհնություններդ»: Ես կարդացի, և ուրախությանս չափ չկար: Կարինան անգլերեն չի կարդում և չգիտեր, թե ինչ է գրված կազմին, ինձ էլ ասաց. «Շատ կային սիրուն նոթատետրեր, չգիտեմ, թե ինչու հենց այս մեկն ընտրեցի»: Իսկ ես գիտե՛մ. դա իմ Տիրոջ ընտրությունն էր, ես վստահ եմ, որ դրանով Տերն ինձ ցույց տվեց, որ օրհնություններս հաշվելու իմ որոշումն Իրեն հաճելի էր: Այդ օրվանից ամեն օր գրում եմ այն ամենը, ինչ իմ սքանչելի Տերն է ինձ տալիս, այն ամենը, ինչ ինձ մղում է գոհանալու Նրանից: Այս փորձառությունն էլ ինձ ներշնչեց գրելու «Տրտնջացող հոգի» կոչվող հիվանդությունը» առակը և «Օրհնությունների հաշվապահ» բանաստեղծությունը: Եթե դու էլ ունես շատ նեղություններ ու շատ են տխրելու պատճառներդ, գուցե սկսե՞ս այդ օրհնաբեր թվաբանությունը, գուցե դառնա՞ս օրհնությունների հաշվապահ:
Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը, եւ մի մոռանար նորա բոլոր բարիքները.
ОтветитьУдалить