среда, 24 июня 2020 г.

Երկու հրավեր


«Ով միամիտ է, թող այստեղ դառնա»: Պակասամիտին էլ ասում  է.... (Առակաց  9:4, 16):

Առակաց 9-րդ գլխում ուշադրությունս գրավեց այն, որ նույն բառերով նույն հրավերն ուղարկում են Իմաստությունը և իմաստությունից զուրկ, հիմար կինը:  Երկուսն էլ տուն ունեն, երկուսն էլ քաղաքի բարձր տեղերից կանչում են, երկուսն էլ ճաշի են հրավիրում նույն  բառերով:  Բայց Իմաստության հրավերն ընդունողները կյանք են ստանում՝ քայլելով խոհեմության ճանապարհի մեջ (Առակաց  9:6),  իսկ անմիտ կնոջ հրավերին արձագանքողները դժոխքի ճանապարհի վրա են (Առակաց  9:18):

Իմաստությունը հրավիրում է ճաշակելու Աստծո Խոսքի սեղանից, իսկ հիմար կինը  հյուրասիրում է գողացած կերակուրով  (Առակաց  9:17):

Երկու օր առաջ տեսա, որ Աստծո Խոսքը պատվիրում է  Իմաստությանը քույր անվանել: Այս հրաշալի քույրը հեռու է պահում մեղքից,սովորեցնում է Աստծո վախի մեջ լինել, Աստծո պատվիրանները պահել: Այսօրվա կարդացածս հատվածում նա իր հրավերի մեջ ասում է.  «Թողեք հիմարությունը, որպեսզի ապրեք ու խոհեմության ճանապարհով ընթացեք» (Առակաց  9:6):  Քույր Իմաստությունը հրավիրում է ճաշակել Աստծո Խոսքը, իսկ իմաստությունից զուրկ կինը գովազդում է գողացած հացն ու ջուրը՝ հավատացնելով, որ համեղ են:

Երանի Իմաստության հրավերն ընդունողներին. նրանք կյանք ունեն:

 

Իմ օրագրից. օգոստոսի 3, 2012

пятница, 19 июня 2020 г.

Աստված սիրում է բոլորի՞ն, ատում է մեղքը, սիրում է մեղավորի՞ն


«Նրա անձն ատում է ամբարիշտին ու անիրավություն սիրողին» (Սաղմոս 11:5):
Նրանք, ովքեր միշտ լսել են ու ասել. ՙԱստված ատում է մեղքը, բայց սիրում է մեղավորին: Աստված բոլորին սիրում է, ոչ ոքի չի ատում՚, կզարմանան, երբ կարդան այս համարը: Էլ ավելի կզարմանան, եթե իմանան, որ կան մարդիկ, որոնցից Աստված զզվում է:
Իսկ ես այդպես էլ չգտա մի սուրբգրային համար, որն ասում է, թե Աստված սիրում է բոլորին, սիրում է մեղքը սիրողներին:  
 «Քանի որ այլասերված մարդը Տիրոջ առաջ նողկանք է...՚ (Առակաց 3:32):
«Տերը զզվում է ամբարիշտի ճանապարհից, բայց սիրում է նրան, ով արդարության հետևից է գնում՚ (Առակաց 15:9):
«Ծուռ սիրտն ունեցողները Տիրոջ առջև գարշելի են, բայց շիտակ ճամփով ընթացողները Նրա հաճույքն են՚ (Առակաց 11:20):
ՙԲոլոր հպարտ սիրտ ունեցողները Տիրոջ առաջ զզվելի են, ու եթե անգամ  ձեռք ձեռքի տան, անմեղ չեն համարվելու՚ (Առակաց 16:5):
«Ամբարիշտին արդարացնողը և արդարին դատապարտողը՝ երկուսն էլ Տիրոջ առաջ գարշելի են՚ (Առակաց 17:15):
 ՙԱնմիտները Քո աչքերի առջև չեն մնալու, բոլոր անօրենություն գործողներին Դու ատում ես՚  (Սաղմոս 5:5):
ՙՍուտ խոսողներին կործանում ես: Տերը զզվում է արյունահեղ ու նենգ մարդուց՚: (Սաղմոս 5:6):
Ինչպես գրված է. ՙՀակոբին սիրեցի, բայց Եսավին ատեցի՚ (Հռոմ. 9:13):
Իսկ  Տիրոջ համար ատելի բաների ցուցակում նշված են ոչ միայն մեղքերը, այլև մեղքը գործողը, ոչ միայն սուտը, ստախոս լեզուն, այլև սուտ խոսող անիրավ վկան (Առակաց 6:16-19): Եթե ճիշտ լինեին այս խոսքերը՝  ՙԱստված ատում է մեղքը, բայց սիրում է մեղավորին՚, այս համարում պիտի գրված լիներ. ՙԱստված ատում է սուտը, բայց սիրում է ստախոսին՚: Մինչդեռ գրված է, որ ստախոսին նույնպես ատում է:
Եվ Աստծո Խոսքն ասում է, թե ում է Աստված սիրում. ՙՈվ Իմ պատվիրաններն ունի և պահում է դրանք, նա է Ինձ սիրողը, և նա, ով Ինձ սիրում է, պիտի սիրվի Իմ Հոր կողմից, և Ես պիտի սիրեմ նրան և Ինձ պիտի հայտնեմ Նրան՚ (Հովհ. 14:21):
Այս համարները պարզ ցույց են տալիս, որ Աստված սիրում է ոչ թե բոլորին այլ Իր պատվիրանները պահողներին,  և  կան մարդիկ, որոնց  Տերն ատում է: Աստծո համար ատելի մարդիկ  զղջացող մեղավորները չեն, որոնք մաքսավորի նման ասում են. ՙՈ՜վ Աստված, ողորմիր ինձ՝ մեղավորիս՚ (Ղուկաս 18:13): Դրանք մեղքի դեմ պայքարողները չեն, որոնք ասում են. ՙԻ՛նչ խղճալի մարդ եմ ես, ո՞վ կազատի ինձ այս մահվան մարմնից՚ (Հռոմ. 7:24):  Այլ Աստված ատում է ամբարիշտներին, որոնք սիրում են մեղքը, անիրավությունը, դիտմամբ մեղք են գործում ու չեն զղջում: Եթե մարդը չի ատում մեղքը, նրան ատում է սուրբ Տերը: Մեղքն ատողին Աստված սիրում է:
Ուզում եմ լինել մեղքն ատող, սրբությունը սիրող ու Տիրոջ համար սիրելի:
Իմ օրագրից.  փետրվարի 21, հունիսի 18, 2015

понедельник, 15 июня 2020 г.

Շշալցված են երկնքում


«Արցունքներս դիր քո շշի մեջ, մի՞թե դրանք քո գրքում չեն»: Սաղմոս 56:8

Դավիթը գիտեր, որ Աստված չի անտեսում Իր ժողովրդի վիշտը, տառապանքները, արցունքները:  Զարմանալի է, բայց մեր Տերը հավաքածու ունի՝ Իր ժողովրդի արցունքները: Նա հավաքում է արցունքները, որոնք թափվում  են մեղքերի համար զղջումից, մեղքի դեմ պայքարից  (Ի՜նչ խղճալի մարդ եմ ես. ո՞վ ինձ կազատի այս մահկանացու մարմնից) և ուրիշների մեղքերը տեսնելիս:
Մեր Տերը օրագիր ունի, որտեղ գրում է Իր զավակների վշտերի, արցունքների մասին: Աստծո զավակների արցունքները մոռացված չեն. դրանք շշալցված են երկնքում, գրված են Աստծո գրքում:

Իմ օրագրից, մարտի 11, 2015

Իրենց անձերը Քրիստոսի համար վտանգի ենթարկածները ձեր հոգիները վտանգի մեջ չեն թողնի


«Մարդիկ, որոնք իրենց անձերը վտանգի են ենթարկել մեր Տեր Հիսուս Քրիստոսի Անվան համար» (Գործք 15:26): 

Ավելի կարևոր բան չէր կարող ասվել Պողոսի և Բառնաբասի մասին՝ ցույց տալու համար Անտիոքի նորադարձ քրիստոնյաներին, որ կարելի է նրանց վստահել այն հարցում, որն իրենց մտահոգում էր:
Առաքյալներն ու երեցները նամակում չգրեցին, որ Պողոսն ու Բառնաբասը գիտուն են, կրթված, ճանաչված: Նույնիսկ նրանց հոգևոր պարգևները չնշեցին,  այլ ասացին ամենակարևորը՝  այս մարդիկ իրենց անձերը վտանգի են ենթարկել մեր Տեր Հիսուս Քրիստոսի Անվան համար: Մի՞թե այդպիսի մարդիկ ճշմարտությունից բացի այլ բան կսովորեցնեն, մի՞թե անտարբեր կլինեն ձեր մտահոգության հանդեպ: Իրենց  անձերը վտանգի են ենթարկել մեր Տեր Հիսուս Քրիստոսի Անվան համար, Քրիստոսի փրկածների հոգին կեղծ ուսմունքի վտանգի մեջ չեն թողնի: 

                                                                                                                      
Իմ օրագրից, հունիսի 14, 2020

понедельник, 1 июня 2020 г.

Անուններ որոնք Կյանքի Գրքի մեջ են



 «Քեզ էլ եմ խնդրում  իմ ճշմարիտ լծակից, օգնիր այս կանանց, որ ինձ հետ աշխատեցին Ավետարանի մեջ՝ Կղեմեսի և այլ գործակիցների հետ, որոնց անունները Կյանքի Գրքի մեջ են՚ (Փիլիպեցիս 4:3):

Պողոս առաքյալը նշում է իր երեք գործընկերներին՝ Եվոդիա և Սյունտիք քույրերին (հ.2) և Կղեմես եղբորը, որոնք իր հետ աշխատել են Ավետարանի մեջ, ու թեև չի նշում մյուս աշխատողների անունները, գնահատում է նրանց աշխատանքը և ասում է, որ նրանց անունները գրված են ավելի կարևոր Գրքում՝ Կյանքի Գրքում:
Կարևոր չէ, որ նրանց անունները առաքյալի նամակում գրվեն. Կյանքի Գրքում են գրված: Գրված են, որովհետև նրանք Գրքի Հեղինակի կողմից քաղաքացիություն են ստացել, գրանցում ունեն որպես ամենափառավոր ժառանգության ժառանգորդներ:
Տիրոջ համար գործելը մեծ պատիվ է, եթե երբեք երկրի վրա անունները չհիշատակվեն, գրված են այն փառավոր Գրքում՝ հավիտենական կյանք ստացածների Գրքում:

Իմ օրագրից, մայիսի 3, 2020