пятница, 19 июня 2020 г.

Աստված սիրում է բոլորի՞ն, ատում է մեղքը, սիրում է մեղավորի՞ն


«Նրա անձն ատում է ամբարիշտին ու անիրավություն սիրողին» (Սաղմոս 11:5):
Նրանք, ովքեր միշտ լսել են ու ասել. ՙԱստված ատում է մեղքը, բայց սիրում է մեղավորին: Աստված բոլորին սիրում է, ոչ ոքի չի ատում՚, կզարմանան, երբ կարդան այս համարը: Էլ ավելի կզարմանան, եթե իմանան, որ կան մարդիկ, որոնցից Աստված զզվում է:
Իսկ ես այդպես էլ չգտա մի սուրբգրային համար, որն ասում է, թե Աստված սիրում է բոլորին, սիրում է մեղքը սիրողներին:  
 «Քանի որ այլասերված մարդը Տիրոջ առաջ նողկանք է...՚ (Առակաց 3:32):
«Տերը զզվում է ամբարիշտի ճանապարհից, բայց սիրում է նրան, ով արդարության հետևից է գնում՚ (Առակաց 15:9):
«Ծուռ սիրտն ունեցողները Տիրոջ առջև գարշելի են, բայց շիտակ ճամփով ընթացողները Նրա հաճույքն են՚ (Առակաց 11:20):
ՙԲոլոր հպարտ սիրտ ունեցողները Տիրոջ առաջ զզվելի են, ու եթե անգամ  ձեռք ձեռքի տան, անմեղ չեն համարվելու՚ (Առակաց 16:5):
«Ամբարիշտին արդարացնողը և արդարին դատապարտողը՝ երկուսն էլ Տիրոջ առաջ գարշելի են՚ (Առակաց 17:15):
 ՙԱնմիտները Քո աչքերի առջև չեն մնալու, բոլոր անօրենություն գործողներին Դու ատում ես՚  (Սաղմոս 5:5):
ՙՍուտ խոսողներին կործանում ես: Տերը զզվում է արյունահեղ ու նենգ մարդուց՚: (Սաղմոս 5:6):
Ինչպես գրված է. ՙՀակոբին սիրեցի, բայց Եսավին ատեցի՚ (Հռոմ. 9:13):
Իսկ  Տիրոջ համար ատելի բաների ցուցակում նշված են ոչ միայն մեղքերը, այլև մեղքը գործողը, ոչ միայն սուտը, ստախոս լեզուն, այլև սուտ խոսող անիրավ վկան (Առակաց 6:16-19): Եթե ճիշտ լինեին այս խոսքերը՝  ՙԱստված ատում է մեղքը, բայց սիրում է մեղավորին՚, այս համարում պիտի գրված լիներ. ՙԱստված ատում է սուտը, բայց սիրում է ստախոսին՚: Մինչդեռ գրված է, որ ստախոսին նույնպես ատում է:
Եվ Աստծո Խոսքն ասում է, թե ում է Աստված սիրում. ՙՈվ Իմ պատվիրաններն ունի և պահում է դրանք, նա է Ինձ սիրողը, և նա, ով Ինձ սիրում է, պիտի սիրվի Իմ Հոր կողմից, և Ես պիտի սիրեմ նրան և Ինձ պիտի հայտնեմ Նրան՚ (Հովհ. 14:21):
Այս համարները պարզ ցույց են տալիս, որ Աստված սիրում է ոչ թե բոլորին այլ Իր պատվիրանները պահողներին,  և  կան մարդիկ, որոնց  Տերն ատում է: Աստծո համար ատելի մարդիկ  զղջացող մեղավորները չեն, որոնք մաքսավորի նման ասում են. ՙՈ՜վ Աստված, ողորմիր ինձ՝ մեղավորիս՚ (Ղուկաս 18:13): Դրանք մեղքի դեմ պայքարողները չեն, որոնք ասում են. ՙԻ՛նչ խղճալի մարդ եմ ես, ո՞վ կազատի ինձ այս մահվան մարմնից՚ (Հռոմ. 7:24):  Այլ Աստված ատում է ամբարիշտներին, որոնք սիրում են մեղքը, անիրավությունը, դիտմամբ մեղք են գործում ու չեն զղջում: Եթե մարդը չի ատում մեղքը, նրան ատում է սուրբ Տերը: Մեղքն ատողին Աստված սիրում է:
Ուզում եմ լինել մեղքն ատող, սրբությունը սիրող ու Տիրոջ համար սիրելի:
Իմ օրագրից.  փետրվարի 21, հունիսի 18, 2015

Комментариев нет:

Отправить комментарий