Այս համարը բազմիցս տեսել եմ իմ կյանքում. երբ մտորել, խորհրդածել եմ Աստծո Խոսքի շուրջ, Նրա ողորմության և գործերի մասին, կրակ է բռնկվել սրտիս մեջ, ու բացվել է լեզուս` Նրան փառաբանելու: Հոգևոր խորհրդածությունը սիրտը պատրաստում է աղոթքի համար: Աղոթքս կլինի միայն բառերի շարան, եթե սիրտս չխորհրդածի Աստծո Խոսքի գեղեցկության, իմաստության, խորության, Նրա սիրո անսահմանության, աննման սրբության մասին: Դավիթը սկսեց աղոթել, երբ մտորելու ժամանակ կրակ բռնկվեց սրտում: Երբ մտածում եմ Աստծո Խոսքի մասին, աղոթքը լինում է ինքնաբուխ, հաղթական կյանքը` հեշտ, նեղության մեջ մխիթարություն եմ ստանում:
Հոգևոր խորհրդածությանը խանգարում է ոչ միայն ծուլությունը, այլև չափազանց զբաղվածությունը: Մարդը կարող է այնքան զբաղված լինել հոգևոր ծառայությամբ, որ ժամանակ չգտնի Տիրոջ ներկայության մեջ լուռ խորհրդածելու: Անթիվ օրհնություններ է բերում խորհրդածությունը: Եթե մշտապես մտածեմ Աստծո հավիտենական սիրո մասին, չեմ տխրի, երբ մարդկանց սերն այնքան փոփոխվող է, եթե մտածեմ մեղքի վտանգների մասին, այն մասին, որ դա խզում է Տիրոջս հետ հաղորդակցությունը, կկարողանամ հաղթել մեղքին, եթե մտածեմ ժամանակի կարճության մասին, ժամանակս չեմ վատնի, եթե խորհրդածեմ դժոխքի և երկնքի մասին, գոհությամբ կլցվի սիրտս, որ Տերն ինձ ազատել է առաջինից ու դարձրել երկրորդի քաղաքացի, եթե խորհրդածեմ կարդացածս սուրբգրային հատվածների մասին, Աստծո Խոսքը սրտիս մեջ կբնակվի ու կնորոգի միտքս, եթե խորհրդածեմ Աստծո իմաստության մասին, ապագայիս համար չեմ անհանգստանա, եթե խորհրդածեմ Աստծո զորության մասին, խնդիրներս ինձ չեն մտահոգի ու ապահով կզգամ, եթե խորհրդածեմ Աստծո սրբության մասին, սուրբ լինելու փափագս կենդանի կմնա: Եթե միտքս զբաղված լինի այսպիսի խորհրդածություններով, սխալ մտքերի համար ժամանակ և տեղ չի մնա: Ուրեմն ողջ օրը առօրյա գործերիս ժամանակ միտքս լցնեմ հոգևոր խորհրդածություններով, նաև ամեն առավոտ և երեկո լուռ վայրում Տիրոջ ներկայության մեջ խորհրդածելու ժամանակ գտնեմ: Այնժամ կրակ կբռնկվի սրտումս ու կբացվի լեզուս` Նրան փառաբանելու:
Комментариев нет:
Отправить комментарий