суббота, 4 сентября 2010 г.

Տիրոջ ձայնը

Մի երիտասարդ տղա չորեքշաբթի երեկոյան գնաց Աստվածաշնչի սերտողության: Հովիվը խոսեց Աստծո ձայնը լսելու և Նրա ձայնին հնազանդվելու մասին: Երիտասարդը շատ էր զարմացել.«Մի՞թե մեր ժամանակներում էլ Աստված խոսում է մարդկանց հետ»: Հավաքույթից հետո ընկերների հետ գնաց սուրճ խմելու և նրանք քննարկեցին այդ թեման: Մի քանիսը պատմեցին, թե ինչպես էր Աստված առաջնորդել իրենց տարբեր ձևերով: Ժամը տասն էր, երբ երիտասարդ տղան նստեց մեքենան տուն գնալու համար: Նստելով մեքենայի մեջ՝ սկսեց աղոթել «Տեր, եթե Դու դեռ խոսում ես մարդկանց հետ, խնդրում եմ, խոսիր ինձ հետ: Ես կլսեմ, ամեն կերպ կհնազանդվեմ»: Երբ անցնում էր իր քաղաքի գլխավոր փողոցով, տարօրինակ միտք ունեցավ՝ կանգ առնել և գնել մեկ գալոն կաթ: Նա բարձրաձայն ասաց. «Տեր, այդ Դու՞ ես»: Նա պատասխան չստացավ և շարունակեց ճանապարհը դեպի տուն: Բայց նորից այդ միտքը՝ գնիր մեկ գալոն կաթ: Երիտասարդը հիշեց Սամվելին, որը չճանաչեց Աստծո ձայնը և վազեց Հեղի քահանայի մոտ: Նա ասաց. «Լավ, Տեր, եթե Դու ես ասում, ես կաթը կգնեմ»: Հնազանդության այս քննությունը դժվար չէր թվում. նա միշտ էլ կարող էր օգտագործել այդ կաթը: Նա կանգ առավ, գնեց կաթը և շարունակեց ճանապարհը: Երբ անցնում էր յոթերորդ փողոցով, զգաց անհրաժեշտություն. «Մտիր այդ փողոցը»: «Սա խենթություն է», -- մտածեց նա և անցավ խաչմերուկը: Նորից զգաց, որ պետք է մտնի յոթերորդ փողոցը: Հաջորդ խաչմերուկին շրջադարձ կատարեց և շարժվեց դեպի յոթերորդ փողոցը: Բարձրաձայն ասաց. «Եղավ, Տեր, կգնամ»: Մի քանի տնաշարք անցնելուց հետո զգաց, որ պետք է կանգ առնի: Նորից ինչ-որ անսովոր բան զգաց. «Գնա և կաթը տուր փողոցի այն կողմում գտնվող տանն ապրող մարդկանց»: Երիտասարդը նայեց տանը: Այն մութ էր, և թվում էր, որ տան անդամները կամ գնացել էին կամ արդեն քնած էին: Նա ուզում էր բացել մեքենայի դուռը, բայց նորից նստեց իր տեղում: «Տեր, սա խենթություն է, այդ մարդիկ քնած են, և եթե ես նրանց արթնացնեմ, կբարկանան, և ես հիմարի տպավորություն կթողնեմ»: Նորից զգաց, որ պետք է գնա և տա կաթը: Վերջապես դուռը բացեց. «Լավ, Տեր, եթե սա Դու ես, ես կգնամ այդ դռան մոտ և կտամ կաթը: Եթե ուզում ես, որ խենթի տպավորություն թողնեմ, համաձայն եմ: Ես ուզում եմ հնազանդ լինել: Բայց եթե նրանք անմիջապես չպատասխանեն, ես կգնամ այստեղից»: Նա անցավ փողոցի մյուս կողմը և զանգը տվեց: Ներսում ինչ-որ աղմուկ էր լսվում: Տղամարդու մի ձայն գոռում էր. «Ո՞վ է, ի՞նչ եք ուզում»: Մինչ երիտասարդը կհասցներ հեռանալ, դուռը բացվեց: Դուռը բացողը մի տղամարդ էր, և թվում էր, որ նոր է վեր կացել անկողնուց: Նա տարօրինակ հայացքով էր նայում և երևում էր, որ ուրախ չէր իր դռան շեմին տեսնել մի անծանոթի: Երիտասարդը նրան մեկնեց կաթի գալոնը.
----- Ահա, ես սա ձեզ համար եմ բերել:
Մարդը վերցրեց կաթը և վազեց ճաշասենյակի կողմը: Հետո այնտեղից դուրս եկավ մի կին, որը կաթը տանում էր խոհանոց: Տղամարդը, մի փոքրիկ երեխայի գրկած, հետևում էր կնոջը: Երեխան լաց էր լինում: Տղամարդու աչքերից արցունքներ էին թափվում: Նա սկսեց լաց լինելով պատմել.
---- Քիչ առաջ մենք աղոթում էինք: Անցած ամիս շատ ծախսեր ենք ունեցել, և մեր փողը վերջացել էր: Մենք կաթ չունեինք մեր փոքրիկի համար: Ես աղոթեցի և խնդրեցի Տիրոջը ցույց տալ, թե որտեղից կարող ենք կաթ ճարել:
Նրա կինը խոհանոցից ձայն տվեց.
---- Ես խնդրեցի Տիրոջը հրեշտակի հետ կաթ ուղարկել: Դուք հրեշտա՞կ եք:
Երիտասարդը հանեց դրամապանակը և իր ունեցած ողջ դրամը դրեց տղամարդու ձեռքի մեջ: Հետո շրջվեց և գնաց դեպի իր մեքենան, իսկ աչքերից արցունքներ էին թափվում:


 Անգլերենից թարգմանեց Հռիփսիմե Մկրտչյանը

2 комментария: