Մի օր սատանան հրավիրեց համաշխարհային համաժողով և իր բացման խոսքով դիմեց իր չար հրեշտակներին.
Անգլերենից թարգմանեց Հռիփսիմե Մկրտչյանը
----- Մենք չենք կարող ետ պահել քրիստոնյաներին եկեղեցու հավաքույթներին մասնակցելուց: Չենք կարող ետ պահել նրանց Աստվածաշունչը կարդալուց և ճշմարտությունը իմանալուց: Բայց կարող ենք այնպես անել, որ նրանք մտերիմ, հարատև հաղորդակցություն չունենան Քրիստոսի հետ: Սա մեզ համար ամենակարևորն է, որովհետև եթե նրանք մշտական հաղորդակցության մեջ լինեն Քրիստոսի հետ, մենք այլևս նրանց վրա իշխանություն չենք ունենա: Այդ պատճառով, իմ չար ընկերներ, առաջարկում եմ շեղել նրանց ուշադրությունը երկնային բաներից:
----- Բայց ինչպե՞ս կարող ենք անել այդ, ---- բացականչեց դևերից մեկը:
----- Նրանց զբաղված պահենք կյանքի ոչ կարևոր բաներով: Հնարեք անթիվ ծրագրեր նրանց մտքերը զբաղեցնելու համար: Ստիպեք նրանց աշխատել շաբաթը 7 օր, օրական 10-12 ժամ՝ իրենց համար շքեղ ապրելակերպ ստեղծելու համար: Այնպես արեք, որ իրենց երեխաների հետ ժամանակ չանցկացնեն: Թող CD-ները, տեսաերիզները, համակարգչային խաղերը զբաղեցնեն իրենց երեխաներին: Այս ռազմավարությամբ կկարողանանք քանդել ընտանիքները: Լցրեք նրանց միտքը զվարճություններով, որպեսզի չկարողանան լսել մեր ամենամեծ թշնամու՝ Սուրբ Հոգու ձայնը: Նրանց մղեք նայելու այնպիսի հաղորդումներ և լսելու երգեր (նույնիսկ կրոնական), որոնք կլցնեն նրանց մտքերը մեր փիլիսոփայությամբ: Նրանք դյուրահավատ են այդպիսի ռազմավարությունների հանդեպ, քանի որ «դրանց մեջ վատ բան չկա»: Օրական 24 ժամ նրանց մտքերը ողողեք նորություններով, եղանակի տեսություններով: Ամեն տեսակ զվարճություններով լցրեք նրանց մտքերը: Այդպիսով, իմ խավար բարեկամներ, մենք կգրավենք նրանց մտքերը և ետ կպահենք նրանց Քրիստոսի հետ հաղորդակցվելուց:
Լցրեք եկեղեցական գրաֆիկը տարբեր սպորտային և ժամանցային ծրագրերով: Այնպես ուժասպառ արեք նրանց, որ չկարողանան լրջորեն սերտել Սուրբ Գիրքը և աղոթել: Այնպես արեք, որ քրիստոնեական հյուրընկալության համար ժամանակ չունենան: Այնպես արեք, որ սիրտ չունենան կորսվածներին փրկության բերելու համար: Ով չարեր, մեր ծրագիրը կմոռացնի նրանց, որ կորսվածները կորսված են: Մղեք նրանց գնալու զվարճանքի վայրեր, համերգների, կինո, թատրոն, ծանրաբեռնեք նրանց այս աշխարհի հոգսերով: Եվ երբ նրանք կհանդիպեն իրար, հոգևոր հաղորդակցության փոխարեն մղեք նրանց բամբասանքի և խաղաթղթերով խաղալու: Եվ մի մոռացեք լցնել նրանց կյանքը այնպիսի իրադարձություններով, որոնք «լավ և ընդունելի են»: Նորից ու նորից մեր ռազմավարությունն է այնպես անել, որ իրենց հոգին սնելու ժամանակ չունենան: Սրանով զորություն չեն ունենա հաղթելու փորձություններին, վատ սովորույթներին: Այդպիսով նրանք գնալով ավելի ու ավելի քիչ կզանազանեն ճիշտը սխալից, չարը բարուց: Նրանք նույնիսկ չեն կասկածի մեզ:
Ինչպես տեսաք, սա իսկապես համաժողով էր: Եվ դևերը հոժարությամբ անցան իրենց գործին:
Ի՞նչ եք կարծում, հաջողություն ունեցա՞վ այդ համաժողովը: Այո: Պարզապես անկեղծորեն պատասխանեք այս հարցին. ճանաչու՞մ եք զբաղված, ուժասպառ քրիստոնյաների, որոնք միշտ այս ու այն կողմ են վազում և շատ բաների համար են հոգում, բայց ժամանակ չունեն Քրիստոսի ոտքերի մոտ նստելու, որոնք շատ արագ կորցնում են իրենց խաղաղությունը, սերը, սրբությունը, ներողամտությունը, որոնք ավելի ու ավելի քիչ ժամանակ ունեն հավիտենական բաների և ուրիշների հոգիների համար (նույնիսկ սեփական երեխաների) միայն այն պատճառով, որ շատ են զբաղված աշխարհի հոգսերով:
Անգլերենից թարգմանեց Հռիփսիմե Մկրտչյանը
Комментариев нет:
Отправить комментарий