четверг, 5 августа 2010 г.

Փոքրիկ աղջկա աղոթքը


Մի գիշեր ես շատ տանջվեցի՝ օգնելով ծննդաբերական բաժանմունքում գտնվող մի կնոջ: Չնայած մեր բոլոր ջանքերին նա մահացավ՝ թողնելով վաղաժամ ծնված մանկիկին և երկու տարեկան դստերը, որն անընդհատ լաց էր լինում:
ՄԵզ համար շատ դժվար էր պահպանել փոքրիկի կյանքը, քանի որ չունեինք ակվարիում (չունեինք էլեկտրականություն այն աշխատեցնելու համար) և կերակրելու հարմարանքներ:
Թեև ապրում էինք հասարակածի վրա, գիշերները հաճախ ցուրտ էին միջանցուկ քամիների պատճառով: Մի ուսանող մանկաբարձուհի գնաց բերելու մի արկղիկ, որն օգտագործում էինք այդպիսի մանկիկների համար և հնդավոր բամբակ, որի մեջ պետք է փաթաթեինք փոքրիկին: Մեկ ուրիշը գնաց կրակ վառելու և լցնելու ռետինե ջեռակը: Քիչ անց նա վերադարձավ և հուսահատությամբ ասաց, որ ջուրը լցնելիս ջեռակը պայթել է: Արևադարձային կլիմայի պայմաններում ռետինը հեշտությամբ է փչանում:
---- Իսկ դա մեր վերջին ջեռակն էր, ---- բացականչեց նա:
---- Շատ լավ,--- ասացի ես,---- որքան հնարավոր է մանկիկին կրակին մոտ պահեք, քնեք դռան և մանկիկի մեջտեղում՝ նրան միջանցուկ քամուց պաշտպանելու համար: Ձեզանից պահանջվում է փոքրիկին տաք պահել:
Հաջորդ օրը կեսօրին, իմ սովորության համաձայն գնացի աղոթելու որբանոցի երեխաների հետ: Երեխաներին առաջարկեցի աղոթքի տարբեր թեմաներ և պատմեցի մանկիկի մասին: Ասացի, թե ինչքան դժվար է նրան տաք պահել և պատմեցի ջեռակի մասին: Փոքրիկը հեշտությամբ կարող է մահանալ, եթե մրսի: Պատմեցի նաև նրա երկու տարեկան քույրիկի մասին, որը լաց էր լինում, որովհետև մայրը մահացել էր: Աղոթքի ժամանակ մի տասնամյա աղջնակ՝ Հռութը, աղոթեց աֆրիկացի երեխաներին հատուկ պարզությամբ. «Խնդրում եմ, Տեր, ուղարկիր մեզ մի ջեռակ: Վաղը ուշ կլինի, որովհետև փոքրիկը կարող է մահանալ: Ուրեմն ուղարկիր հենց այսօր»: Մինչ ես ներքուստ հառաչում էի՝ լսելով այս համարձակ աղոթքը, նա վերջում ավելացրեց. «Խնդրում եմ, Տեր, կուղարկե՞ս նաև մի տիկնիկ փոքրիկ աղջկա համար, որ նա իմանա, որ Դու իրոք սիրում ես իրեն»:
Ինչպես հաճախ է պատահում երեխաների աղոթքներից հետո, ես հանկարծակիի էի եկել: Կարո՞ղ էի անկեղծորեն ասել «ամեն»: Ես պարզապես չէի հավատում, որ Աստված կարող է այդ անել: Այո, ես գիտեի, որ Աստված կարող է ամեն ինչ անել: Այդպես է ասում Աստվածաշունչը: Բայց մի՞թե սահմանափակումներ չկան: Միակ միջոցը, որով Աստված կարող է պատասխանել այս առանձնահատուկ աղոթքին, կլինի այն, եթե ինձ ծանրոց ուղարկեն իմ հայրենիքից: Չորս տարի էր, որ Աֆրիկայում էի և երբեք, երբեք ծանրոց չէի ստացել տանից: Եթե նույնիսկ մեկը ինձ ծանրոց ուղարկեր, մի՞թե ջեռակ կդներ: Չէ՞ որ ես հասարակածում էի ապրում:
Կեսօրից հետո, երբ ես դասավանդում էի բուժքույրական դպրոցում, ինձ հայտնեցին, որ իմ տան դիմաց մի մեքենա է կանգնած: Մինչև տուն հասա, մեքենան արդեն գնացել էր, բայց պատշգամբում դրված էր մի մեծ ծանրոց: Արցունքները ողողեցին աչքերս: Ես մենակ չէի կարող բացել ծանրոցը, ուստի կանչել տվեցի որբանոցի երեխաներին: Միասին հանեցինք թելերը՝ խնամքով քանդելով ամեն հանգույց: Հուզմունքը գնալով աճում էր: 30-40 զույգ աչքեր ուղղված էին ստվարաթղթե տուփին:
Նախ հանեցի գունավոր, գործած ժակետներ: Բոլորի աչքերը փայլեցին, երբ ես հանեցի դրանք: Կային գործած վիրակապեր բորոտությամբ վարակված հիվանդների համար, և երեխաները մի քիչ ձանձրույթով էին նայում: Հետո գտանք չամիչով և քիշմիշով լեցուն մի տուփ: Հետո, երբ նորից ձեռքս մտցրեցի տուփի մեջ, զգացի, որ … մի՞թե հնարավոր է… այո, բոլորովին նոր, ռետինե ջեռակ: Ես լաց եղա. ես չէի խնդրել Աստծուն ուղարկել այն, նույնիսկ չէի հավատացել, որ Նա կարող է այդ անել:
Հռութը երեխաների առաջին շարքում էր: Նա առաջ վազեց՝ բացականչելով.«Եթե Աստված ուղարկել է ջեռակը, պետք է, որ տիկնիկն էլ ուղարկած լինի»: Տակնուվրա անելով տուփը՝ նա հանեց գեղեցիկ զգեստներով մի փոքրիկ տիկնիկ: Նրա աչքերը փայլում էին. նա երբեք չէր կասկածել: Նայելով ինձ՝ նա ասաց.
----Կարո՞ղ եմ գալ քեզ հետ և տալ այս տիկնիկը այդ փոքրիկ աղջկան,որ նա իմանա, որ Հիսուսն իրոք շատ է սիրում իրեն:
Ծանրոցը ուղարկվել էր 5 ամիս առաջ: Այն փաթեթավորել էին կիրակնօրյա դպրոցի իմ նախկին աշակերտները, որոնց առաջնորդը լսել և հնազանդվել էր Աստծո պատվերին՝ հասարակած ուղարկել մի ջեռակ: Եվ աղջիկներից մեկը տիկնիկ էր դրել որևէ աֆրիկացի երեխայի համար… հինգ ամիս առաջ, որպես պատասխան փոքրիկ աղջկա հավատքով լեցուն աղոթքին, ով խնդրում էր ուղարկել դրանք ՙհենց այսօր՚:
«Անոնք դեռ չկանչած՝ պատասխան պիտի տամ, մինչ կը խօսին՝ պիտի լսեմ» (Ես.65:24):

 Անգլերենից թարգմանեց Հռիփսիմե Մկրտչյանը

Комментариев нет:

Отправить комментарий