четверг, 23 сентября 2010 г.

Մեր եկեղեցու ամենահարուստ ընտանիքը

Երբեք չեմ մոռանա 1946 թվականի Զատիկը: Ես 14 տարեկան էի, փոքր քույրս՝ Օսին՝ 12, իսկ մեծ քույրս՝ Դարլինը՝ 16 տարեկան: Մենք ապրում էինք մեր մոր հետ, և չորսս էլ գիտեինք, թե ինչ բան է նյութական պակասությունը: Հայրս մահացել էր 5 տարի առաջ՝ մորս թողնելով յոթ դպրոցահասակ երեխաների հետ և առանց փողի: 1946 թվականին մեծ քույրերս ամուսնացան, իսկ եղբայրներս առանձին էին ապրում:
Զատկից մեկ ամիս առաջ եկեղեցու հովիվը հայտարարեց, որ Զատկի առթիվ պետք է ընծաներ հավաքվեն մի աղքատ ընտանիքի օգնելու համար: Նա խնդրեց բոլորին փող խնայել և որպես զոհաբերություն նվիրել: Երբ տուն վերադարձանք, խոսեցինք այն մասին, թե ինչ է պետք անել: Մենք որոշեցինք գնել 50 ֆունտ կարտոֆիլ և մեկ ամիս դրանով ապրել: Դա մեզ հնարավորություն կտար ուտելիքի վրա ծախսվող գումարից 20$ խնայել: Հետո մտածեցինք, որ եթե հնարավորին չափ շատ անջատված պահենք էլեկտրական լույսերը և ռադիո չլսենք, էլեկտրականության համար նախատեսված փողից նույնպես կխնայենք: Դարլինը կարողացածի չափ տները և բակերը մաքրելու աշխատանք էր վերցնում, իսկ մենք հնարավորին չափ շատ փոքրիկների էինք խնամում: Բռնիչներ էինք պատրաստում և 3 հատը 1 դոլարով վաճառում: 20 $ ստացանք բռնիչներ պատրաստելով: Դա մեր կյանքի ամենալավ ամիսն էր: Ամեն օր հաշվումէինք փողը՝ իմանալու համար, թե ինչքան ենք խնայել: Գիշերները նստում էինք մթության մեջ և խոսում այն մասին, թե ինչքան կուրախանա աղքատ ընտանիքը եկեղեցու տված փողի համար: Ամեն կիրակի հովիվը հիշեցնում էր, որ պետք է փող խնայել զոհաբերության համար:
Զատկի նախորդ օրը ես և Օսին գնացինք մթերային խանութ և խնդրեցինք վաճառողին մեր հավաքած մանր դրամը դարձնել 3 հատ 20 դոլարանոց և մեկ հատ 10 դոլարանոց թղթադրամ: Մենք վազելով եկանք տուն՝ մայրիկին և Դարլինին ցույց տալու համար: Երբեք այդքան փող չէինք ունեցել: Այդ գիշեր այնքան ուրախ էինք, որ չէինք կարողանում քնել: Մեզ չէր մտահոգում այն, որ Զատկին հին հագուստով ենք գնալու, մենք 70 $ ունեինք ընծայի համար: Մենք անհամբերությամբ սպասում էինք եկեղեցի գնալուն:
Կիրակի առավոտյան տեղատարափ անձրև էր գալիս: Մենք անձրևանոց չունեինք, իսկ եկեղեցին մեր տանից մեկ մղոն հեռավորության վրա էր գտնվում, բայց մենք չէինք մտածում թրջվելու մասին: Դարլինը ստվարաթուղթ էր դրել իր կոշիկների մեջ՝ ծակերը փակելու համար: Ստվարաթուղթը դուրս եկավ, և նրա ոտքերը թրջվեցին: Բայց մենք հպարտ նստած էինք եկեղեցում: Ես լսեցի, որ պատանիներից մի քանիսը խոսում էին այն մասին, որ Սմիթ ընտանիքի աղջիկները հին հագուստով են եկել: Ես նայում էի նրանց նոր զգեստներին և ինձ այնքան հարուստ զգում: Երբ հավաքում էին ընծայի համար նախատեսված փողը, մենք երկրորդ շարքում էինք: Մայրիկը դրեց 10 դոլարանոց, իսկ աղջիկներիցս յուրաքանչյուրը՝ 20: Եկեղեցուց տուն վերադառնալիս ողջ ճանապարհին երգում էինք: Ճաշին մայրիկը անակնկալ էր պատրաստել մեզ համար. նա 12 ձու էր գնել, և մենք կերանք Զատկի ձվերը տապակած կարտոֆիլի հետ:
Կեսօրվա ուշ ժամին հովիվը մեքենայով եկավ մեր տուն: Մայրիկը գնաց դուռը բացելու, մի պահ խոսեց նրա հետ և հետո վերադարձավ ծրարը ձեռքին: Մենք հարցրինք, թե ինչ է եղել, բայց նա ոչ մի բառ չասաց: Նա բացեց ծրարը, և դրա միջից փողերը թափվեցին: Այնտեղ կային 3 հատ 20 դոլարանոց, 1 հատ 10 դոլարանոց և 17 հատ մեկ դոլարանոց թղթադրամներ: Մայրիկը փողը նորից դրեց ծրարի մեջ: Մենք չէինք խոսում, այլ նստել և նայում էինք հատակին: Մենք մեզ միլիոնատեր էինք զգացել, իսկ հիմա այնպիսի զգացողություն ունեինք, կարծես լրիվ սնանկացել էինք: Մենք՝ երեխաներս, այնքան երջանիկ կյանք ենք ունեցել, և միշտ կարեկցել ենք նրանց, ովքեր չունեն մեր մայրիկի և հայրիկի նման ծնողներ և եղբայրներով ու քույրերով լեցուն մի տուն: Մենք երկու դանակ ունեինք և ճաշի ժամանակ փոխանցում էինք իրար: Ես գիտեի, որ մենք չունենք շատ բաներ, որ ունեին ուրիշ մարդիկ, բայց երբեք չեմ մտածել, որ մենք աղքատ ենք: Զատկի օրը պարզվեց, որ մենք աղքատ էինք: Հովիվն աղքատ ընտանիքի համար հավաքած փողը մեզ էր բերել, ուրեմն մենք աղքատ էինք: Ես չէի ուզում աղքատ լինել: Ես նայեցի իմ շրջազգեստին և մաշված կոշիկներին, և այնպես ամաչեցի, որ չէի ուզում եկեղեցի վերադառնալ: Երևի եկեղեցում բոլորը գիտեին արդեն, որ մենք աղքատ ենք: Ես սովորում էի յոթերորդ դասարանում և 100 աշակերտից բաղկացած դասարանի ամենալավ սովորող աշակերտուհին էի: Ես մտածում էի, թե արդյոք դպրոցի երեխաները գիտեին, որ մենք աղքատ ենք: Ես մտածեցի դուրս գալ դպրոցից ութերորդ դասարանն ավարտելուց հետո: Այն ժամանակ այդքան էր պարտադիր ուսուցումը:
Երկար ժամանակ լուռ նստած էինք: Հետո մթնեց, գնացինք քնելու: Ողջ շաբաթ մենք՝աղջիկներս, գնում էինք դպրոց, գալիս, և ոչ մեկս շատ չէինք խոսում: Վերջապես շաբաթ օրը մայրիկը հարցրեց, թե ինչ ենք ուզում անել այդ փողով: Ի՞նչ են աղքատները անում փողով: Մենք չգիտեինք: Մենք երբեք չենք իմացել, որ աղքատ ենք:
Կիրակի օրը չէինք ուզում գնալ եկեղեցի, բայց մայրիկն ասաց, որ պետք է գնանք: Թեև արևոտ օր էր, ճանապարհին չէինք խոսում: Մայրիկը սկսեց երգել, բայց ոչ ոք չմիացավ նրան, և նա միայն մեկ տուն երգեց: Եկեղեցում մի միսիոներ էր հյուր եկել: Նա պատմեց, որ Աֆրիկայի եկեղեցիները կառուցում էին աղյուսից, բայց տանիքը դնելու համար փողի կարիք ունեին: Նա ասաց, որ 100 դոլարով կարելի է տանիք դնել եկեղեցու վրա: Միսիոներն ասաց. «Կարո՞ղ ենք մենք բոլորս զոհաբերել խեղճ մարդկանց օգնելու համար»: Մենք նայեցինք իրար և այդ շաբաթվա ընթացքում առաջին անգամ ժպտացինք: Մայրիկը բացեց դրամապանակը և այնտեղից հանեց ծրարը: Նա այն փոխանցեց Դարլինին, Դարլինը՝ ինձ, ես՝ Օսիին, իսկ Օսին այն դրեց ընծաների տուփի մեջ: Երբ հավաքված գումարը հաշվեցին, միսիոներն ասաց, որ հարյուր դոլարից մի քիչ ավելի է: Միսիոները շատ հուզված էր. նա չէր սպասում, որ այդքան մեծ գումար կհավաքվեր այդքան փոքր եկեղեցուց: Նա ասաց. «Երևի մի քանի հարուստ մարդիկ ունեք եկեղեցում»: Հանկարծ դա ցնցեց մեզ. «հարյուր դոլարից մի քիչ ավելի գումարից » 87 $-ը մենք էինք տվել: Մենք եկեղեցու ամենահարուստ ընտանիքն էինք: Մի՞թե այդպես չասաց միսիոները: Այդ օրվանից երբեք աղքատ չեմ եղել: Միշտ հիշել եմ, թե ինչքան հարուստ եմ, որովհետև ունեմ Հիսուսին:

Անգլերենից թարգմանեց Հռիփսիմե Մկրտչյանը

Комментариев нет:

Отправить комментарий