вторник, 5 октября 2010 г.

Հովտի ամենահարուստ մարդը երեկ գիշեր մեռավ


Կարլը շատ հարուստ մարդ էր, և մեծ կալվածք ուներ: Նա շատ էր սիրում ձիով շրջել հովտում, նայել իր ունեցվածքին և ուրախանալ դրանով:
Մի անգամ Կարլը բարձրացել էր բլուրի վրա և հեռվից նկատեց իր ֆերմայում աշխատողներից մեկին՝ Հանս անունով մի ծերունու: Նախաճաշի ժամն էր, և Հանսը ծառի ստվերում մի սեղան էր դրել և պատրաստվում էր ուտել: Բայց մինչև ուտելը խոնարհեց գլուխը, միացրեց ձեռքերը աղոթքի համար, որպեսզի գոհանա Աստծուց իր կերակուրի համար: Կարլը նայեց աղոթող մարդուն, հետո՝ ուտելիքին: Մի կտոր հաց և պանիր էր: Կարլը քմծիծաղով ասաց.
---- Եթե դա լիներ իմ ողջ ուտելիքը, ես նեղություն չէի քաշի աղոթելու:
Հանսը խոնարհությամբ պատասխանեց.
---- Դա ինձ բավական է, և ես շնորհակալ եմ Աստծուց Իր տվածի համար:
Ծերունու պատասխանից զարմացած՝ Կարլը նստեց ձին՝ պատրաստվելով գնալ: Բայց մինչև կգնար, Հանսը նրան ասաց.
---- Սպասեք մի րոպե: Ես ձեզ մի բան պետք է պատմեմ: Անցած գիշեր մի երազ տեսա: Երազում տեսա մի շատ գեղեցիկ տեսարան և լսեցի մի ձայն, որն ասում էր. «Այս գիշեր հովտի ամենահարուստ մարդը կմեռնի, այս գիշեր հովտի ամենահարուստ մարդը կմեռնի»:
---- Հիմարություն,--- ասում էր Կարլը տուն վերադառնալով: Բայց ճանապարհին ծերուկ Հանսի խոսքերը անհանգստացնում էին իրեն. «Այս գիշեր հովտի ամենահարուստ մարդը կմեռնի»: Մինչև հիմա իրեն շատ լավ էր զգացել, բայց հիմա սկսեց ցավեր զգալ որովայնում: Նա սկսեց ինքն իրեն հարցնել. «Արդյո՞ք դա ճիշտ է, մի՞թե այս գիշեր պետք է մեռնեմ»:
Տուն վերադառնալով՝ կանչեց բժշկին և պատմեց ծերուկ Հանսի երազի և իր ունեցած ցավերի մասին: Բժիշկն ասաց. «Կարծում եմ, անհանգստանալու բան չկա, բայց ձեզ հանգստացնելու համար կքննեմ»:
Քննելուց հետո բժիշկն ասաց.
---- Կարլ, դուք ձիու պես ուժեղ եք, ոչ մի պատճառ չկա, որ այս գիշեր մեռնեք:
---- Դե, ես շատ հիմար եմ եղել, որ ուշադրություն եմ դարձրել այդ ծեր մարդու երազին, ով ասում էր, որ այս գիշեր հովտի ամենահարուստ մարդը կմեռնի: Բայց ուզում էի վստահ լինել:
Այդպես հանգստանալով՝ Կարլը անկողին մտավ: Առավոտյան նրա դուռը թակեցին, և լուր բերողն ասաց.
----- Կարլ, ծերուկ Հանսը մեռավ երեկ գիշեր:
Դա ճիշտ էր: Հովտի ամենահարուստ մարդը մեռավ երեկ գիշեր:

Ֆրանսերենից թարգմանեց Հռիփսիմե Մկրտչյանը

Комментариев нет:

Отправить комментарий