понедельник, 30 июня 2014 г.

Հովել 2:25-ի խոստումը

Շնորհակալ եմ, Տեր
Այս խոստումիդ համար`
Վերականգնել ծառը,
Որ ավերել էին
Խառնիճը, մորեխը,
Ջորյակն ու գրվիճը:
Նախ խառնիճը եկավ,
Այդ օրհնյալ ծառի պտուղները կերավ,
Մորեխը շարունակեց նրա գործը չար,
Զրկեց ծառը ուժից  կենարար`
Տերևները կերավ:
Նրա թողածն էլ ջորյակն էր կերել`
Կեղևը կրծել,
Գրվիճն ավարտեց գործն այդ ավերիչ`
Զրկեց ծառը  իր կենսահյութից:
Բայց ուրախացնում է սիրտս
Պատգամն այս ցնծալից.
Դու  խոստացել ես մեզ տալ նորից
Այն պտուղները, որոնք կերել էին
Խառնիճը, մորեխը,
 Ջորյակն ու գրվիճը:
Ու նորից տեսնելու եմ Ծառը`
Քո Հոգու պտուղներով լեցուն,
«Գործք առաքելոցի »  Եկեղեցին Քո Հոգով օծուն,
Հենց այնպիսին, ինչպիսին եղել է սկզբում:
Ու թեև հիմա չենք տեսնում դեռ
Այն Հարսին, որ սուրբ է ու անարատ,
Չենք տեսնում ծառը պտուղներով առատ
Գիտեմ, որ խոստումներդ ուժի մեջ են հավիտյան
Հովել 2:25-ում գրվածն էլ կկատարվի անպայման:

Հռիփսիմե Մկրտչյան

воскресенье, 20 апреля 2014 г.

Մեծ է Նրա ողորմությունը


Մեծ է Նրա ողորմությունը

«Քանի որ մեծ էր Քո ողորմությունն իմ հանդեպ, Դու փրկեցիր իմ անձը ամենախորը դժոխքից» (Սաղմոս 86:13):

Ամեն մարդ, ով գիտի, որ ինքն արժանի էր ամենախորը դժոխքին, բայց փրկվել է դրանից, կարող է վկայել Դավթի պես.  «Մեծ է Քո ողորմությունն իմ հանդեպ»:
Մեծ է Նրա ողորմությունը, դրա համար ազատվեցի մեծ գերությունից, մեծ դատապարտությունից, մեծ կործանումից:
Մեծ է Նրա ողորմությունը, դրա համար մեծ  է իմ ուրախությունը, խաղաղությունը, մխիթարությունը:
Մեծ է Նրա ողորմությունը, դրա համար մեծ  է գոհությունը սրտիս մեջ Նրա զարմանալի  գթության համար:
Մեծ է Նրա ողորմությունը, դրա համար մեծ  է փափագս այդ ողորմության մեջ մնալու, այդ ողորմության մասին պատմելու, երգելու:
Մեծ է Նրա ողորմությունը, դրա համար  մեծ  է պատրաստակամությունս իմ կյանքով փառք բերելու ողորմություն շնորհողին:
Այսօր մեծ տոն ենք նշում՝ մեր Փրկչի հարությունը, որովհետև հավիտյան մեծ է Նրա ողորմությունը:
20.04.2014

суббота, 1 марта 2014 г.

Գարուն Եկեղեցու համար



Գարնան առաջին օրը օրագիրս թերթելով գտա  այս տարվա հունվարի 4-ի գրառումս: Նորից ուրախացա և գոհացա՝  հիշելով  Աստծո Խոսքում խոստացված արթնության, Իր Եկեղեցու  վերականգնման ու վերջին անձրևի մասին:  


«Քանի որ ահա ձմեռն անցավ, անձրևներն անցան ու գնացին: Գետնին ծաղիկներ են երևում, թռչունների երգի ժամանակն է հասել, ու մեր երկրի վրա տատրակի ձայնն է լսվում» ( Երգ երգոց  2:11, 12):


Ձմռան այս ցուրտ օրը ուշադրությունս գրավեց գարնան գեղեցիկ նկարագրությամբ այս համարը:

Գարունը հարության ժամանակ է, վերականգնման ժամանակ, լույսի և ջերմության,  գեղեցկության, երգի, աշխատանքի ժամանակ:

Հոգևոր արթնությունները միշտ հաջորդել են հոգևոր սառնության և անտարբերության ժամանակին: Ինչքան էլ մռայլ ու ցուրտ լինի ձմեռը,  հավիտենական չի, վերջանալու է, ու անպայման գարուն է գալու: Ինչքան էլ երկար տևի ձմեռը Քրիստոսի Եկեղեցու համար, հոգևոր գարունը գալու է անպայման:  Արդարության Արեգակի լույսը փայլելու է,  ջերմությունը հալեցնելու է սառած սրտերը, Սուրբ Հոգու պտուղների այգին ծաղկելու է, գալու է երգի ժամանակը, լինելու է կատարյալ գեղեցկություն, արթնություն Քրիստոսի Եկեղեցու համար: 

Իմ օրագրից

04.01.2014


 

суббота, 25 января 2014 г.

«Կակուղ բաների» պահանջարկը քարոզչության մեջ




«Որովհետև դա մի ապստամբ ժողովուրդ է՝ ստախոս որդիք, որ չեն ուզում լսել Տիրոջ օրենքը, որ ասում են տեսանողներին. «Մի տեսնեք» և մարգարեներին՝ թե մեզ համար ուղիղ բաներ մի մարգարեացեք, մեզ կակուղ բաներ ասեցեք, խաբեություններ մարգարեացեք» (Եսայի 30:9,10):
Ոչ միայն Եսայի մարգարեի ժամանակներում, այլև բոլոր ժամանակներում ու հիմա էլ նույնն են ասում մեղքը սիրողները, Աստծո Խոսքը չլսողները:  Հիմա էլ չեն ուզում լսել ճշմարտությունը, այլ կակուղ, փափուկ, հաճելի խոսքեր, նախընտրում են սուտը: Պողոս առաքյալը մարգարեացել է մեր ժամանակների համար. «Որովհետև կգա ժամանակ, երբ ողջամիտ վարդապետությանը չպիտի  անսան, այլ իրենց ցանկությունների համաձայն վարդապետներ պիտի հավաքեն իրենց շուրջը՝ իրենց ուզածը լսելու մարմաջով, և ճշմարտությունից պիտի ականջ դարձնեն և առասպելների ետևից գնան»:
Մեղքը սիրողները ատում են լույսը և չեն գալիս լույսի մոտ, որ իրենց գործերը չհանդիմանվեն (Հովհ. 3:20): Նրանք չեն ուզում լսել սթափեցնող, զգուշացնող, մեղքը հանդիմանող քարոզներ, սուտը քողազերծող,  ճշմարտությունը  սովորեցնող քարոզներ:  Նրանք ուզում են լսել, որ իրենց մոտ ամեն բան կարգին է, որ առանց սրբության հնարավոր է երկինք գնալ, որ ամեն հարցում Աստծո Խոսքին հետևելը ֆանատիզմ է, օրինապաշտություն, որ մանրուքները կարևոր չեն, նեղ ճանապարհով քայլելը, անձն ուրանալը, աշխարհից զատվելը պարտադիր չեն:  Նրանք ուզում են լսել, որ աշխարհի մեջ ենք ապրում, անհնար է մեղք չգործել: Նրանք ուզում են մարդկանց կողմից հնարված, Սուրբ Գրքում գոյություն չունեցող ուսմունքներին հետևել, որ իրենց «աղանդավոր» չանվանեն, միանալ հակասուրբգրային հավատամքներին, միայն թե չհալածվեն:
Նրանք մերժում են սուրբգրային ճշմարտությունը, որովհետև մարդկանց փառքը ավելի շատ սիրեցին, քան Աստծո փառքը (Հովհ. 12:43):  Նրանք տանել չեն կարող, երբ իրենց ցույց են տալիս սուրբգրային ճշմարտությունը:
Կակուղ բաներ քարոզողները կործանվում են, լսողներին էլ տանում են կործանման: Ինչպես Սպըրջընն էր ասում այդպիսիների մասին՝ նրանք ոչ թե կերակրում են գառներին, այլ զվարճացնում՝ այծերին:
Անկեղծ սիրտը չի ցանկանում կակուղ բաներ լսել, այլ ճշմարտությունը, որը հանդիմանում է իր մեղքերը և ազատում դրանցից, նա չի ուզում լսել խաբեության մարգարեությունը: Անկեղծ սիրտը  Բերիայի հավատացյալների նման քննում է իր բոլոր լսածներն ու կարդացածները, համեմատում Սուրբ Գրքի հետ և մերժում այն, ինչ չի համապատասխանում Աստվածաշնչին, նա քննում է իր անձը Դավթի նման և Տիրոջն էլ խնդրում է քննել իր սիրտը, տեսնել թե արդյոք չար ճանապարհի վրա չէ ինքը (Սաղմոս 139):
Կակուղ բաներ քարոզողներն էլ են շատ,  լսողներն էլ: Աստծո Խոսքը առանց փոխզիջման քարոզողները քիչ են, նրանց լսողներն էլ քիչ են, Հիսուսի ասած փոքր հոտին պատկանողներն են, որոնք ընտրել են նեղ դուռը և նեղ ճանապարհը:
400 հոգի Աքաաբ թագավորին միաբերան ասում էին այն, ինչ նա ցանկանում էր լսել, բայց Միքիան՝ ճշմարիտ մարգարեն միակն էր, որ նրան ասաց  Աստծո Խոսքը, որը դուր չեկավ թագավորին: Նա նախընտրեց լսել այն, ինչ սուտ էր և իրեն հաճելի ու կործանվեց: (3 Թագավորաց 22:1-37,  2 Մնացորդաց 18: 1-34):
Փառք Տիրոջը, որ ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ հիմա կան ճշմարտությունը քարոզողներ, որոնք թեև գիտեն, որ  քարոզչության  մեջ  մեծ է  կակուղ բաների պահանջարկը, հավատարիմ են մնում Աստծո Խոսքին:  
Իմ օրագրից
25.01.2014