«Որովհետև դա մի ապստամբ ժողովուրդ է՝ ստախոս որդիք, որ չեն ուզում
լսել Տիրոջ օրենքը, որ ասում են տեսանողներին. «Մի տեսնեք»
և մարգարեներին՝ թե մեզ համար ուղիղ բաներ մի մարգարեացեք, մեզ կակուղ բաներ ասեցեք,
խաբեություններ մարգարեացեք» (Եսայի 30:9,10):
Ոչ
միայն Եսայի մարգարեի ժամանակներում, այլև բոլոր ժամանակներում ու հիմա էլ նույնն են
ասում մեղքը սիրողները, Աստծո Խոսքը չլսողները:
Հիմա էլ չեն ուզում լսել ճշմարտությունը, այլ կակուղ, փափուկ, հաճելի խոսքեր,
նախընտրում են սուտը: Պողոս առաքյալը մարգարեացել է մեր ժամանակների համար. «Որովհետև կգա ժամանակ, երբ ողջամիտ վարդապետությանը
չպիտի անսան, այլ իրենց ցանկությունների համաձայն
վարդապետներ պիտի հավաքեն իրենց շուրջը՝ իրենց ուզածը լսելու մարմաջով, և ճշմարտությունից
պիտի ականջ դարձնեն և առասպելների ետևից գնան»:
Մեղքը
սիրողները ատում են լույսը և չեն գալիս լույսի մոտ, որ իրենց գործերը չհանդիմանվեն
(Հովհ. 3:20): Նրանք չեն ուզում լսել սթափեցնող, զգուշացնող, մեղքը հանդիմանող քարոզներ,
սուտը քողազերծող, ճշմարտությունը սովորեցնող քարոզներ: Նրանք ուզում են լսել, որ իրենց մոտ ամեն բան կարգին
է, որ առանց սրբության հնարավոր է երկինք գնալ, որ ամեն հարցում Աստծո Խոսքին հետևելը
ֆանատիզմ է, օրինապաշտություն, որ մանրուքները կարևոր չեն, նեղ ճանապարհով քայլելը,
անձն ուրանալը, աշխարհից զատվելը պարտադիր չեն:
Նրանք ուզում են լսել, որ աշխարհի մեջ ենք ապրում, անհնար է մեղք չգործել: Նրանք
ուզում են մարդկանց կողմից հնարված, Սուրբ Գրքում գոյություն չունեցող ուսմունքներին
հետևել, որ իրենց «աղանդավոր» չանվանեն, միանալ հակասուրբգրային հավատամքներին,
միայն թե չհալածվեն:
Նրանք
մերժում են սուրբգրային ճշմարտությունը, որովհետև մարդկանց փառքը ավելի շատ սիրեցին,
քան Աստծո փառքը (Հովհ. 12:43): Նրանք տանել
չեն կարող, երբ իրենց ցույց են տալիս սուրբգրային ճշմարտությունը:
Կակուղ
բաներ քարոզողները կործանվում են, լսողներին էլ տանում են կործանման: Ինչպես Սպըրջընն
էր ասում այդպիսիների մասին՝ նրանք ոչ թե կերակրում են գառներին, այլ զվարճացնում՝
այծերին:
Անկեղծ
սիրտը չի ցանկանում կակուղ բաներ լսել, այլ ճշմարտությունը, որը հանդիմանում է իր մեղքերը
և ազատում դրանցից, նա չի ուզում լսել խաբեության մարգարեությունը: Անկեղծ սիրտը Բերիայի հավատացյալների նման քննում է իր բոլոր
լսածներն ու կարդացածները, համեմատում Սուրբ Գրքի հետ և մերժում այն, ինչ չի համապատասխանում
Աստվածաշնչին, նա քննում է իր անձը Դավթի նման և Տիրոջն էլ խնդրում է քննել իր սիրտը,
տեսնել թե արդյոք չար ճանապարհի վրա չէ ինքը (Սաղմոս 139):
Կակուղ
բաներ քարոզողներն էլ են շատ, լսողներն էլ:
Աստծո Խոսքը առանց փոխզիջման քարոզողները քիչ են, նրանց լսողներն էլ քիչ են, Հիսուսի
ասած փոքր հոտին պատկանողներն են, որոնք ընտրել են նեղ դուռը և նեղ ճանապարհը:
400
հոգի Աքաաբ թագավորին միաբերան ասում էին այն, ինչ նա ցանկանում էր լսել, բայց Միքիան՝
ճշմարիտ մարգարեն միակն էր, որ նրան ասաց Աստծո
Խոսքը, որը դուր չեկավ թագավորին: Նա նախընտրեց լսել այն, ինչ սուտ էր և իրեն հաճելի
ու կործանվեց: (3 Թագավորաց 22:1-37, 2 Մնացորդաց
18: 1-34):
Փառք
Տիրոջը, որ ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ հիմա կան ճշմարտությունը քարոզողներ,
որոնք թեև գիտեն, որ քարոզչության մեջ մեծ
է կակուղ բաների պահանջարկը, հավատարիմ են
մնում Աստծո Խոսքին:
Իմ օրագրից
25.01.2014
Комментариев нет:
Отправить комментарий