«Եվ անհամաձայնությունն այնքան սուր էր, որ բաժանվեցին միմյանցից»
(Գործք 15:39):
Նոր Կտակարանի երեք ամենասիրելի հերոսներիցս երկուսը՝ երկու հրաշալի
եղբայրներ, Աստծո գործը հավատարմությամբ անող Աստծո մարդիկ, ունեցել են մեծ տարաձայնություն
և դրա արդյունքում՝ բաժանում: Այդ բաժանումը նման չէր մեր ժամանակներում իմ տեսած շատ
բաժանումներին: Նրանք բաժանման
հիմքում չի եղել մեղքը, երկուսից ոչ մեկը անազնիվ վարմունք չի ունեցել, շահ չի փնտրել,
երկուսն էլ անկեղծորեն Տիրոջն էին ծառայում: Նրանք բաժանումը վարդապետական տարաձայնության
արդյունք չէր, երկուսից ոչ մեկը հակասուրբգրային բան չէր քարոզել և Աստծո Խոսքին հակառակ
բան չէր արել: Նրանց բաժանումը սեփական հարանվանություն ստեղծելու պատճառ չդարձավ:
Երկուսից ոչ մեկը չլքեց Աստծո գործը: Բառնաբասը Մարկոս Հովհաննեսի հետ գնաց իր ծննդավայրը,
իսկ Պողոսը Շիղայի հետ գնաց տարբեր վայրեր՝ ավետարանչություն անելու:
Հիշեմ,
որ սկզբում նրանք որոշել էին գնալ այն նույն վայրերը, որտեղ արդեն քարոզել էին և տեսնել,
թե ինչպես էին քրիստոնյաները, պետք է գնային արդեն ապաշխարած մարդկանց քաջալերելու,
հաստատելու, ոչ թե նոր միսիոներական ճամփորդության: Բայց բաժանման արդյունքում Պողոսը
նոր միսիոներական ճամփորդություն սկսեց Շիղայի հետ: Սա մի բաժանում էր, որ բերեց բազմապատկում: Այսօր կարդալիս մտածում էի, թե ով էր երկուսից իրավացին: Պողոսը նախանձախնդիր էր Աստծո գործի հանդեպ, չէր
ուզում գործը լքած մարդուն իրենց հետ տանել ծառայության: Բառնաբասը՝ Մխիթարության որդին,
քաջալերող էր և ուզում էր Մարկոսին հնարավորություն տալ իր սխալն ուղղելու: Գուցե յուրաքանչյուրն
իր տեսանկյունից իրավացի էր: Անկասկած, նրանք
հետագայում հաշտվեցին, որովհետև Պողոսը իր նամակներում հիշատակում է երկուսին էլ, իսկ
Մարկոսի մասին նույնիսկ ասում է, որ պետք է իրեն ծառայության համար և Տիմոթեոսին խնդրում
է նրան էլ բերել իր հետ: Գուցե մի կողմից Պողոսի խստությունը սթափեցրեց Մարկոսին, մյուս
կողմից իր քեռու ներողամտությունը քաջալերեց
իրեն, և նա հավատարմորեն ծառայեց Աստծո գործին:
Իմ օրագրից. դեկտեմբերի 19,
2019
Комментариев нет:
Отправить комментарий