среда, 28 июля 2021 г.

Իմաստունների հետ քայլողը իմաստուն կլինի. Առակաց 13:20-ի շուրջ խորհրդածություններս տարբեր տարիներին

 Այսօր կարդում էի անցած 13 տարիների՝ այս ամսաթվի բոլոր խորհդածություններս: Երբ կարդացի 2015 թվականի հուլիսի 28-ի խորհրդածությունը, տեսա, որ նույն համարի շուրջ խորհրդածություններ կան օրագրումս նաև այլ տարիներին: Միշտ հետաքրքիր և հաճելի է կարդալ հին գրառումները: Եթե ուզում եք, եկեք  միասին կարդանք:  

«Իմաստունների հետ քայլողն իմաստուն կլինի, իսկ անմիտներին ընկերացողը կկործանվի» (Առակաց 13:20):


Ահա նորից հաստատվում է, թե ինչքան կարևոր է, թե ում հետ ես հաղորդակցվում, բարեկամություն անում: Ընկերներին պետք է իմաստությամբ ընտրել, եթե ուզում ես իմաստուն լինել: Եթե  բարեկամություն եմ անում Աստծուն սիրողների, սրբությունը գնահատողների հետ, առաջին հերթին դա վկայում է այն մասին, որ ես էլ սիրում եմ Աստծուն և գնահատում եմ սրբությունը, երկրորդ՝ դա ինձ կօգնի էլ ավելի առաջ գնալ սրբացման մեջ: Իմ լավագույն ընկերուհուն երբեք չեմ տեսել, բայց նա Աստծո Խոսքը սիրող, սուրբ կյանքով ապրող, Տիրոջով ուրախացող քույրիկ է, ով ինձ համար օրհնություն է և իր կյանքով ու խոսքերով քաջալերում է ինձ ապրել Տիրոջս համար; Շատ եմ գոհանում Տիրոջից Սառա Աննայի համար:

Եթե սուրբերի հետ բարեկամությունն օգտակար է, որքան ավելի՝ Ամենասուրբի հետ բարեկամությունը, եթե իմաստունների հետ քայլելն իմաստուն է դարձնում, որքան ավելի, երբ քայլում ես Նրա հետ, ով Իմաստությունն է:

Ուրեմն ավելի շատ ժամանակ տրամադրեմ աղոթքին և սուրգրային խորհրդածությանը:

Իմ օրագրից. Փետրվարի 15, 2009 



Հայտնի ասույթը՝ ՙԱսա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու՚, ճիշտ է, որովհետև համապատասխանում է այս սուրբգրային համարին: Նա, ով ուզում է իմաստություն ունենալ, պետք է իմաստուն ընկերներ ունենա: Իմաստուն ընկերը կարող է բարձրագույն կրթություն չունենալ, բայց կրթված է Աստծո Խոսքով: Նա ունի ամենակարևոր բանը՝ Աստծո վախը, որն էլ հեռու է պահում մեղքից:

Իմաստունը խոնարհ է, իմաստուն խրատ տվող և ընդունող, Աստծո Խոսքը սիրող, մեղքն ատող, Աստծո պատվիրաններին հնազանդվող, Աստծո փառքի համար ուրախությամբ ծառայող:

Եթե ունեմ ընկերուհի, որն Աստծո Խոսքի շուրջ է խոսում, իր կյանքով բարի օրինակ է ցույց տալիս, իմաստուն խորհուրդներ է տալիս, ես էլ նրա  նման կլինեմ:

Անվայել բառերով խոսող, քննադատող, ծաղրող ընկերուհի ունեցողը չի սովորի Աստծուն հաճելի ձևով խոսել: Սրբությունը սիրողի հետ ընկերություն անողը ինքն էլ առաջ կգնա սրբացման մեջ:

Հնարավոր չէ հոգևոր կյանքում աճել, եթե քեզ շրջապատում ես աշխարհասեր մարդկանցով: Աստծո Խոսքը պահողը ընկեր է ընտրում Աստծո Խոսքը պահողներին. այդպես էր իր ընկերներին ընտրում իմ սիրած սաղմոսի հեղինակը. ՙԸնկերություն արեցի բոլոր նրանց հետ, ովքեր ակնածում են Քեզնից ու պահում են Քո պատվիրանները՚ (Սաղմոս 119:63): Ուրեմն ընկերուհիներս պետք է լինեն Աստծո աղջիկները:

Անմիտի հետ չպետք է ընկերանալ: Անմիտը Աստծո վախը չունի, խրատ չի ընդունում, լավ օրինակ չի կարող ցույց տալ, իմաստուն խորհուրդ չի տալիս: Այդպիսի մարդու հետ ընկերացողը կկործանվի:

Բացի իմաստուն ընկերներից, ընտրել եմ նաև ամենաիմաստուն Ընկերոջը՝ իմ Տեր Հիսուսին, ում հետ քայլելով իմաստուն կդառնամ:

Իմ օրագրից. Հուլիսի 28, 2015,



Կարևոր հիշեցում այն մասին, թե ինչքան կարևոր է ճիշտ ընտրությունը, երբ ընկերներ ես ընտրում: Եթե իմաստությունն ես ընտրել, իմաստուն ընկերներ կընտրես: Եթե չես ուզում կործանվել, անմիտների հետ չես ընկերանա: Գրված չէ՝ կրթվածների հետ ընկերացողը կրթված կդառնա, գրված չէ՝ կկործանվի կրթություն չունեցողների հետ ընկերացողը:

Իմաստունն ունի Աստծո վախը, խոնարհ է իմաստուն խրատ տվող և ընդունող, սրբություն սիրող, Աստծո Խոսքին հնազանդվող:

Եթե ուզում եմ ավելի լավ աղոթքի կյանք ունենալ, բացի աղոթքի սովորություն ձեռք բերելուց և աղոթքի հոգի խնդրելուց, նաև փնտրեմ աղոթող ընկերուհիներ:

Տիրոջից գոհանում եմ իմ կյանքում ներկա Աստծո դուստրերի համար:

Իմաստունների հետ ընկերությունը Տիրոջից տրված թանկ նվեր է:

Իմ օրագրից. Մարտի 2, 2019



 Եթե քայլում ես մեկի հետ, կհասնես նույն տեղը, ուր նա է  գնում: Հնարավոր չէ, որ երկու հոգի միասին քայլեն, բայց մեկը մի տեղ հասնի, մյուսը՝ այլ տեղ: Անմիտը Աստծո վախը չունեցող, Աստծո Խոսքին չհնազանդվող մարդ է, նա գնում է դեպի կործանում, նրա հետ քայլողը նույնպես կգնա դեպի կործանում: Իմաստունները գնում են դեպի կատարյալ սրբություն, նրանց հետ քայլողը նույնպես այնտեղ կգնա: Ուրախ եմ և Տիրոջից շնորհակալ իմ կյանքում եղած իմաստուն քույրերի համար:

Իմ օրագրից. Հունիսի 29, 2020


Սիրելի Աստծո դուստր, եթե դու փափագում ես պատրաստ լինել Քրիստոսի գալստին, ամեն օր Աստծո Խոսքի գանձերն ես փնտրում, ջանում ես ունենալ ավելի լավ աղոթքի կյանք, փափագում ես առաջ գնալ սրբացման մեջ, ավելի շատ առիթ ունենալ Նրան ծառայելու, և կուզեիր ունենալ ևս մեկ ընկերուհի, որը նույն փափագներն ունի, գրիր մեկնաբանություն կամ նամակ գրիր  իմ էլ. փոստին՝ sisterhripsime@mail.ru 

Ես ուրախ կլինեմ իմ ընկերուհիների մեջ ունենալ ևս մեկ «Մարիամ Բեթանացի» քույրիկ: ☺


Комментариев нет:

Отправить комментарий