понедельник, 1 июня 2020 г.

Անուններ որոնք Կյանքի Գրքի մեջ են



 «Քեզ էլ եմ խնդրում  իմ ճշմարիտ լծակից, օգնիր այս կանանց, որ ինձ հետ աշխատեցին Ավետարանի մեջ՝ Կղեմեսի և այլ գործակիցների հետ, որոնց անունները Կյանքի Գրքի մեջ են՚ (Փիլիպեցիս 4:3):

Պողոս առաքյալը նշում է իր երեք գործընկերներին՝ Եվոդիա և Սյունտիք քույրերին (հ.2) և Կղեմես եղբորը, որոնք իր հետ աշխատել են Ավետարանի մեջ, ու թեև չի նշում մյուս աշխատողների անունները, գնահատում է նրանց աշխատանքը և ասում է, որ նրանց անունները գրված են ավելի կարևոր Գրքում՝ Կյանքի Գրքում:
Կարևոր չէ, որ նրանց անունները առաքյալի նամակում գրվեն. Կյանքի Գրքում են գրված: Գրված են, որովհետև նրանք Գրքի Հեղինակի կողմից քաղաքացիություն են ստացել, գրանցում ունեն որպես ամենափառավոր ժառանգության ժառանգորդներ:
Տիրոջ համար գործելը մեծ պատիվ է, եթե երբեք երկրի վրա անունները չհիշատակվեն, գրված են այն փառավոր Գրքում՝ հավիտենական կյանք ստացածների Գրքում:

Իմ օրագրից, մայիսի 3, 2020

среда, 6 мая 2020 г.

Լացի պատճառ, որն իրականում ուրախության պատճառ էր


 «Հիսուսը նրան ասաց. «Ո՛վ կին, ինչու՞ ես լալիս: Ու՞մ ես որոնում» (Հովհ. 20:15):

Հրեշտակներն ու Հիսուսը  Մարիամին նույն հարցը տվին. «Ինչու՞ ես լալիս»: Հարությունից հետո Հիսուսի առաջին խոսքը հարց է եղել՝ կարեկցությամբ լի հարց ուղղված մեկին, ով այնքան շատ էր սիրում Հիսուսին, որ չէր ուզում հեռանալ գերեզմանից, մինչդեռ Պետրոսն ու Հովհաննեսը տուն էին գնացել:
Այն, ինչի համար Մարիամը լացում էր, իրականում ուրախության պատճառ էր: Նա լացում էր մեռած և կորած, բացակա Փրկչի համար, մինչդեռ Նա ողջ էր ու ներկա: Նա լաց էր լինում, որովհետև գերեզմանը դատարկ էր, մինչդեռ դատարկ գերեզմանը ուրախության պատճառ էր: Մարիամի կարծիքով գերեզմանը դատարկ էր, որովհետև ինչ-որ մեկը տարել էր Հիսուսին, բայց այն դատարկ էր, որովհետև Նա հարություն էր առել:
Մենք հաճախ վշտանում ենք այնպիսի բաների համար, որոնք իրականում ուրախանալու բաներ են, կարծում ենք, որ Հիսուսը հեռու է, բայց  Նա ներկա է, հենց մեր կողքին: Ու Նա ոչ միայն հարցնում է. «Ինչու՞ ես լալիս», այլև լացն ուրախության է փոխում:

Իմ օրագրից, մայիսի 6, 2020

пятница, 10 апреля 2020 г.

Թագավորի անքնությունը և Իսրայելի անքուն Պահապանը



«Այդ գիշեր թագավորի քունը փախել էր, և նա հրամայեց որ բերեն ժամանակագրության հուշամատյանը, և այն կարդացվեց թագավորի առաջ » (Եսթեր 6:1):
Անքուն գիշեր, հուշամատյանի ընթերցում, մոռացված բարի գործի մտաբերում, անակնկալ տեղեկություն և անքուն գիշերվան հաջորդող անակնկալների օր:
Թագավորի անքնության պատճառը հիվանդությունը չէր , մտահոգությունն ու վիշտը չէր, նրա անքնությունը  հրամայված էր Թագավորների Թագավորի՝ երբեք չքնող Իսրայելի պահապանի կողմից: Հուշամատյանը հիշեցրեց այն, ինչ Մուրթքեն արել էր անշահախնդիր կերպով, և ոչ ոք նրան շնորհակալություն չէր հայտնել: Երբ ստորագրվեց հրեաներին ոչնչացնելու հրամանագիրը, Մուրթքեն չբողոքեց, չմեղադրեց թագավորին ապերախտության մեջ, չասաց. ՙԵս փրկել եմ քո կյանքը, դու ուզում ես ոչնչացնել իմ ազգը՚:
Ասուերոս թագավորի անքուն գիշերվան հաջորդեց անակնկալների օրը: Անհավանական անակնկալ Մուրթքեի համար, ով երբեք պատիվ չէր փնտրել, բայց  ստացավ: Տհաճ անակնկալ Համանի համար, ով ստիպված եղավ պատիվ տալ մեկին, ում ատում էր, պատիվ, որ ինքն իր համար էր նախատեսել:
Մուրթքեի արածը մոռացել էր թագավորը, բայց  ոչ Աստված: Նա երբեք չի մոռանում Իր անվան համար արված ամենափոքր ծառայությունը: Բոլոր հուշամատյանները Նրա աչքերի առաջ են, և Նա վարձահատույց է լինելու:
Այս պատմության մեջ տեսա այն, ինչ դարեր հետո գրվելու էր Հռոմ. 8:28-ում: Ամեն բան բարու գործակից դարձավ Աստծուն պաշտող հավատարիմ մարդու համար, Աստծո ժողովրդի համար: Ամե՜ն բան, նույնիսկ չար մարդու փառասիրությունը, նրա չար ծրագիրը:
Այն պահին, երբ թագավորը խորհրդատու էր փնտրում, եկավ Համանը: Երկուսն էլ մտածում էին նույն մարդու մասին: Թագավորը շտապում էր վարձահատույց լինել այն մարդուն, ում շտապում էր սպանել Համանը:
Աստված երբեք չի ուշանում. Եսթերի խնջույքը, Համանի չար ծրագիրը, թագավորի անքնությունը, հուշամատյանի ընթերցումը եղան ճիշտ ժամանակին: Սխալ մտքերով, սխալ ցանկություններով մարդը ճիշտ ժամանակին ճիշտ վայրում հայտնվեց, ու նրա չար ծրագիրը խափանվեց: Աստված ծիծաղում է ամբարիշտների վրա (Սաղմոս 37:13, Սաղմոս 59:8, Առակաց 1:26, Սաղմոս 2:4, Առակաց 3:34): Նա ծիծաղեց Համանի վրա, որն ուզում էր Մուրթքեին կախաղան բարձրացնել բայց ստիպված եղավ բարձրացնել արքայական նժույգին:
Աստված ինքնիշխան է, Նա կարող է օգտագործել մարդու չար ծրագրերը՝ իրականացնելու համար Իր բարի ծրագիրը:
 Իմ օրագրից, ապրիլի 10, 2020

среда, 25 марта 2020 г.

Ավետարանի մուտքը Եվրոպա. բաց ճանապարհ, բաց սիրտ, բաց տուն



«Եվ երբ նա այդ տեսիլքը տեսավ, ցանկացանք իսկույն Մակեդոնիա գնալ, վստահ լինելով, որ Տերը մեզ կանչում է, որ ավետարանը քարոզենք նրանց»  (Գործք 16:10):

Ավետարանի մուտքը Եվրոպա եղավ գերբնական փորձառության միջոցով: Սուրբ Հոգին թույլ չտվեց Խոսքը Ասիայում քարոզել, որովհետև եկել էր ժամանակը, երբ Ավետարանը պետք է հասներ Եվրոպա: Աստծո ծրագիրն էր, որ ապաշխարի Լիդիան իր ընտանիքով, բանտապետն՝ իր ընտանիքով: Տեսիլքը կար, Աստծո ծառաների մեջ հնազանդվելու հոժարություն կար, վստահություն կար, որ Մակեդոնիա գնալն Աստծո կամքով էր:
Տերը բացեց ճանապարհը, նաև բացեց առաջին նորադարձի սիրտը, որն անմիջապես ընդունեց Տիրոջը և իր տան դուռը բացեց Աստծո ծառաների համար:
Եղավ հակառակություն, բանտարկեցին Պողոսին և Շիղային, բայց արդյունքում մեղքի բանտարկությունից ազատվեց մի ընտանիք:
Երբ կա հոժարություն Աստծո համար գործելու, Աստված բացում է ճանապարհը, ամեն բան գործակից է դարձնում Իրեն սիրողների բարու համար, Իր կամքի, Իր ծրագրի իրականացման համար:

Իմ օրագրից, մարտի 25, 2019