понедельник, 8 июня 2009 г.

Աղանդի առաջնո՞րդ

«Մենք այս մարդուն գտանք, որ ապականիչ ու խռովարար է բոլոր հրեաների համար, որ ամբողջ աշխարհում կան և նազովրեցիների աղանդի առաջնորդն է» (Գործք 24:5):

Պատմությունը միշտ կրկնվում է: Մարդիկ, որոնք Աստծո Խոսքից նույնքան հեռու են, որքան երկիրը՝ երկնքից, աղանդավոր են անվանում նրանց, ովքեր մարդկանց ուսմունքին հետևելու փոխարեն հետևում են Աստծո Խոսքին: Այդպես է եղել նորկտակարանյան եկեղեցու ծառայության սկզբում, այդպես է նաև հիմա, երբ ավարտին է մոտենում Շնորհքի ժամանակաշրջանը: Ո՞վ է վերոհիշյալ սուրբգրային համարի «աղանդի առաջնորդը»: Սուրբ Գիրքը կարդացողները գիտեն, որ ճարտարախոս մի կրոնավոր՝այն ժամանակվա իշխող կրոնի ներկայացուցիչներից մեկը, այդպես անվանեց Աստծո կողմից ուղարկված, Նոր Կտակարանի մեծ մասը գրած Պողոս առաքյալին, ով աշխարհով մեկ քարոզեց Քրիստոսի Ավետարանը: Դրա համար ուզում եմ դիմել նրանց, ովքեր Աստծո Խոսքին են հավատում և պարզապես քրիստոնյա են, ոչ թե ինչ-որ ..... ական: Դուք, որ հետևում եք «աղանդի առաջնորդ» անվանված Քրիստոսի առաքյալի ուսմունքին, մի զարմացեք, երբ ձեզ աղանդավոր են անվանում: Եթե աղանդի առաջնորդ է Քրիստոսի առաքյալը, ուրեմն Քրիստոսի հետևորդներն էլ պիտի «աղանդավոր» համարվեն: Շատերը զարմանում և անհավանական են համարում, երբ ասում եմ, որ պարզապես քրիստոնյա եմ, և մեր եկեղեցին որևէ ուղղության չի պատկանում, որևէ անուն չունի, երբ «մեր եկեղեցին այսպես է ասում» ասելու փոխարեն ասում եմ .«Սուրբ Գիրքն այսպես է ասում»: Նման դեպքերում միշտ հետաքրքրվում եմ, թե ինչ անուն է ունեցել, օրինակ, Կորնթոսում գտնվող եկեղեցին, կամ ինչ ուղղության առաջնորդ էր Պողոս առաքյալը, կամ որ եկեղեցուց էր Տիմոթեոսը՝ լուսավորչակա՞ն, կաթոլի՞կ, մկրտակա՞ն, հոգեգալստակա՞ն... Իսկ Ակյուղասի ու Պրիսկիղայի տանը հավաքվող եկեղեցին ո՞ր հարանվանությանն էր պատկանում: Քննեք Նոր Կտակարանի 27 գրքերը և ցույց տվեք, թե երբ և որտեղ Տերը պատվիրեց կրոնական ուղղություն հիմնել և եկեղեցին վերածել կազմակերպության: Իշխող կրոնի կողմից «աղանդի առաջնորդ» համարվող Պողոս առաքյալը պարզապես քրիստոնյա էր և առաջնորդում էր ոչ թե որևէ .... ական եկեղեցի, այլ Քրիստոսի Եկեղեցին: «Աղանդը իշխող եկեղեցու ուսմունքից շեղվող կրոնական ուսմունքն է»: Իսկ ի՞նչ է կոչվում Քրիստոսի ողջամիտ վարդապետությունից շեղվող, Աստվածաշնչի 66 գրքերում չնշված ուսմունքներ քարոզող, ինքնահնար, ոչ սուրբգրային սովորույթներ ունեցող «եկեղեցին»: Քրիստոսի երկրային կյանքի ժամանակ ո՞րն էր իշխող կրոնական դավանանքը: Փարիսեցիությունը: Ովքե՞ր սպանեցին Հակոբոսին, բանտարկեցին Պետրոսին, սարսափում էին, երբ Քրիստոսի Անունով քարոզում և գործում էին: Դարձյալ իշխող կրոնի ներկայացուցիչները: Իսկ նրանց չհետևողները բնականաբար կոչվում էին «աղանդավոր»: Բայց նրանք համարձակություն ունեին ասելու. «Առավել Աստծուն է պետք հնազանդվել քան մարդկանց» (Գործք 5:29): Սիրելիներ, աղոթում եմ, որ դուք էլ կարողանաք նույնն ասել, որ Աստծո Խոսքը լինի ձեզ համար միակ Հեղինակությունը: Իսկ նրանց, ովքեր իմ բլոգում կրոնական քարոզչություն են փնտրում, պետք է հիասթափեցնեմ. այս բլոգը որևէ կրոնական ուղղության քարոզչության համար չի ստեղծված, այլ Աստծո փառքի և Իր զավակների հոգևոր շինության համար: Իմ բանաստեղծություններում չեն քարոզվում հարանվանական ուսմունքներ, այլ դրանք քաջալերում են Աստծո Խոսքը սիրողներին, հատկապես երիտասարդներին, որոնք իրենց կյանքը Տիրոջն են նվիրել: Ես կարող եմ սաղմոսերգուի հետ կրկնել. «Շարադրածս Թագավորի համար է» (Սաղմոս 45:1):
Քրիստոսի Եկեղեցու մի մասնիկ՝
Հռիփսիմե Մկրտչյան


1 комментарий:

  1. Շնորհակալություն, Աստված օրհնի Քեզ, սիրելի Հռիփսիմե, այս ամենի համար և այս հոդված համար, ես էլ եմ կարծում, որ բոլոր եկեղեցիներում կան իսկական և կեղծ հավատացյալներ, կան իսկական և շատ լավ հավատացյալներ մեր պետական առաքելական եկեղեցում նաև, և ես դրա համար շատ ուրախ եմ:Շատ ուրախ կլինեմ, որ պետական ազգային եկեղեցին պատմի Աստծո ձրի պարգևին արժանանալու ավետիսի մասին, Քրիստոսի տված սուրբ կյանքով ապրելու անհրաժեշտության մասին, որ ավելի մեծ քանակությամբ մարդիկ լսեն և հնազանդվեն: Հավատացյալ և աստվածավախ է այն մարդը, ով իր ճրագը լցնում է յուղով` կարդալով Աստծո խոսքը, աղոթելով, պատմելով դրա մասին, տարածելով Ճշմարիտ Խոսքը և ԿԱՏԱՐԵԼՈՎ այն...Չէ որ շատ լուրջ հարց կա մեր առջև` հավիտենական կյանք և հավիտենական տանջանք...
    Թող Աստված մեզ բոլորիս տա ուժ և շնորհք` կատարելու իր կամքը, փնտրել միայն Իրեն, չլինել խաբված, ԻՄԱՆԱԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, որի մասին պարտավոր են պատմել քահանաները, և չկորցնել հավիտենական կյանքը...Աստված օրհնի բոլորին քո այս գեղեցիկ անկյունի միջոցով և ամենուրեք...

    ОтветитьУдалить