вторник, 9 июня 2009 г.

Նրան հանձնեք բոլոր հոգսերը

 


«Նրան թողեք ձեր բոլոր հոգսերը, քանի որ Նա ձեր մասին հոգում է» (1 Պետր.5:7):

 Այս սուրբգրային համարը անգիր գիտեմ, շատ անգամ կրկնել եմ, ուրիշներին էլ՝ հիշեցրել այն: Բայց հերթական անգամ Սուրբ Գիրքը կարդալիս այստեղ ուշադրությունս գրավեց մի բառ՝ «բոլոր»: Աստծո Խոսքը չի ասում, որ Աստծուն պիտի հանձնենք մեր հոգսերի մեծ մասը կամ կեսը, այլ բոլոր հոգսերը: Իսկ ես սովորություն ունեմ հոգսերը «տեսակավորելու»՝ մի քանիսը հանձնում եմ Հիսուսին, մնացածներով ինքս եմ փորձում զբաղվել, կամ մտածում եմ, թե դժվար խնդիրները Տիրոջ համար են, հեշտերը ինքս էլ կարող եմ լուծել: Մինչդեռ համաձայն այս համարի՝ Իրեն պիտի հանձնեմ բոլոր հոգսերս առանց բացառության: Նա բարի է, ուրեմն ուզում է իմ խնդիրները լուծել, Նա Ամենակարող է, ուրեմն կարող է դրանք լուծել, Նա իմաստուն է, ուրեմն գիտի դրանց լուծման լավագույն եղանակը: Իսկ ես ի՞նչ անեմ: Վստահեմ Նրան, հավատամ, որ Նա կանի շատ ավելին, քան խնդրում եմ կամ նույնիսկ մտածում (Եփես.3:20):

понедельник, 8 июня 2009 г.

Աղանդի առաջնո՞րդ

«Մենք այս մարդուն գտանք, որ ապականիչ ու խռովարար է բոլոր հրեաների համար, որ ամբողջ աշխարհում կան և նազովրեցիների աղանդի առաջնորդն է» (Գործք 24:5):

Պատմությունը միշտ կրկնվում է: Մարդիկ, որոնք Աստծո Խոսքից նույնքան հեռու են, որքան երկիրը՝ երկնքից, աղանդավոր են անվանում նրանց, ովքեր մարդկանց ուսմունքին հետևելու փոխարեն հետևում են Աստծո Խոսքին: Այդպես է եղել նորկտակարանյան եկեղեցու ծառայության սկզբում, այդպես է նաև հիմա, երբ ավարտին է մոտենում Շնորհքի ժամանակաշրջանը: Ո՞վ է վերոհիշյալ սուրբգրային համարի «աղանդի առաջնորդը»: Սուրբ Գիրքը կարդացողները գիտեն, որ ճարտարախոս մի կրոնավոր՝այն ժամանակվա իշխող կրոնի ներկայացուցիչներից մեկը, այդպես անվանեց Աստծո կողմից ուղարկված, Նոր Կտակարանի մեծ մասը գրած Պողոս առաքյալին, ով աշխարհով մեկ քարոզեց Քրիստոսի Ավետարանը: Դրա համար ուզում եմ դիմել նրանց, ովքեր Աստծո Խոսքին են հավատում և պարզապես քրիստոնյա են, ոչ թե ինչ-որ ..... ական: Դուք, որ հետևում եք «աղանդի առաջնորդ» անվանված Քրիստոսի առաքյալի ուսմունքին, մի զարմացեք, երբ ձեզ աղանդավոր են անվանում: Եթե աղանդի առաջնորդ է Քրիստոսի առաքյալը, ուրեմն Քրիստոսի հետևորդներն էլ պիտի «աղանդավոր» համարվեն: Շատերը զարմանում և անհավանական են համարում, երբ ասում եմ, որ պարզապես քրիստոնյա եմ, և մեր եկեղեցին որևէ ուղղության չի պատկանում, որևէ անուն չունի, երբ «մեր եկեղեցին այսպես է ասում» ասելու փոխարեն ասում եմ .«Սուրբ Գիրքն այսպես է ասում»: Նման դեպքերում միշտ հետաքրքրվում եմ, թե ինչ անուն է ունեցել, օրինակ, Կորնթոսում գտնվող եկեղեցին, կամ ինչ ուղղության առաջնորդ էր Պողոս առաքյալը, կամ որ եկեղեցուց էր Տիմոթեոսը՝ լուսավորչակա՞ն, կաթոլի՞կ, մկրտակա՞ն, հոգեգալստակա՞ն... Իսկ Ակյուղասի ու Պրիսկիղայի տանը հավաքվող եկեղեցին ո՞ր հարանվանությանն էր պատկանում: Քննեք Նոր Կտակարանի 27 գրքերը և ցույց տվեք, թե երբ և որտեղ Տերը պատվիրեց կրոնական ուղղություն հիմնել և եկեղեցին վերածել կազմակերպության: Իշխող կրոնի կողմից «աղանդի առաջնորդ» համարվող Պողոս առաքյալը պարզապես քրիստոնյա էր և առաջնորդում էր ոչ թե որևէ .... ական եկեղեցի, այլ Քրիստոսի Եկեղեցին: «Աղանդը իշխող եկեղեցու ուսմունքից շեղվող կրոնական ուսմունքն է»: Իսկ ի՞նչ է կոչվում Քրիստոսի ողջամիտ վարդապետությունից շեղվող, Աստվածաշնչի 66 գրքերում չնշված ուսմունքներ քարոզող, ինքնահնար, ոչ սուրբգրային սովորույթներ ունեցող «եկեղեցին»: Քրիստոսի երկրային կյանքի ժամանակ ո՞րն էր իշխող կրոնական դավանանքը: Փարիսեցիությունը: Ովքե՞ր սպանեցին Հակոբոսին, բանտարկեցին Պետրոսին, սարսափում էին, երբ Քրիստոսի Անունով քարոզում և գործում էին: Դարձյալ իշխող կրոնի ներկայացուցիչները: Իսկ նրանց չհետևողները բնականաբար կոչվում էին «աղանդավոր»: Բայց նրանք համարձակություն ունեին ասելու. «Առավել Աստծուն է պետք հնազանդվել քան մարդկանց» (Գործք 5:29): Սիրելիներ, աղոթում եմ, որ դուք էլ կարողանաք նույնն ասել, որ Աստծո Խոսքը լինի ձեզ համար միակ Հեղինակությունը: Իսկ նրանց, ովքեր իմ բլոգում կրոնական քարոզչություն են փնտրում, պետք է հիասթափեցնեմ. այս բլոգը որևէ կրոնական ուղղության քարոզչության համար չի ստեղծված, այլ Աստծո փառքի և Իր զավակների հոգևոր շինության համար: Իմ բանաստեղծություններում չեն քարոզվում հարանվանական ուսմունքներ, այլ դրանք քաջալերում են Աստծո Խոսքը սիրողներին, հատկապես երիտասարդներին, որոնք իրենց կյանքը Տիրոջն են նվիրել: Ես կարող եմ սաղմոսերգուի հետ կրկնել. «Շարադրածս Թագավորի համար է» (Սաղմոս 45:1):
Քրիստոսի Եկեղեցու մի մասնիկ՝
Հռիփսիմե Մկրտչյան


понедельник, 1 июня 2009 г.

Արտասովոր Գրադարանը


Մի հրաշալի Գրադարան ունեմ.
Թագավորաց Թագավորից նվեր է ինձ տրվել,
Ուր որ գնամ, կարող եմ հետս տանել,
Ամեն ժամանակ կարող եմ դրանից օգտվել:
66 գիրք կա իմ գրադարանում,
Որոնք գրվել են հազարամյակների ընթացքում,
Ամեն հարցի պատասխանը կա այդ գրքերում,
Այդ զարմանահրաշ գրադարանը միշտ ինձ մոտ եմ պահում:
Գրադարանն ունի երկու մեծ դարակ,
Առաջին դարակում կա 39 գիրք՝
Թագավորի Օրենսգրքի հնգահատորյակը,
Հավաստի և գեղեցիկ պատմությունների 12 գրքեր,
Ընտիր պոեզիայի հինգ հատորները,
Ապագայի կանխատեսումով 17 գրքեր:
27 գիրք կա երկրորդ դարակում՝
Թագավորի արտասովոր կյանքի քառահատորյակը,
Մի գիրք էլ Նրա զավակների գործերի մասին,
Կան նաև 21 հրաշալի նամակներ,
Մի Գիրք էլ, որ պատմում է ճշգրիտ կերպով,
Թե ինչեր են լինելու շուտով:
Այս Գրադարանում ամեն բան կարող եմ գտնել՝
Ասույթներ իմաստուն, բարի խորհուրդներ,
Ամեն ինչի մասին տեղեկատու գրքեր,
Թագավորի պալատի վարվելակերպի կանոնները
Ու նաև ուղեցույց հայրենիքս գնալու:
Արտասովոր ու հրաշալի այս Գրադարանը
Դնում եմ սեղանիս վրա, պայուսակիս մեջ,
Իսկ գրքերում գրված խոսքերը դնում եմ
Դրանց համար նախատեսված պահեստում՝ սրտիս մեջ:

Հռիփսիմե Մկրտչյան