суббота, 14 декабря 2013 г.

Երուսաղեմի պարիսպների վերանորոգման պատմությունը նորոգեց իմ մեջ եռանդն ու փափագը Աստծո գործի համար



Նեեմիայի 3-րդ գլուխը Աստվածաշնչի այն գլուխներից է, որը սովորաբար կարդում ենք «թռչելով», բաց թողնելով, ձանձրանում ենք դժվար արտասանվող ու դժվար հիշվող անունների երկար շարան կարդալուց: Բայց այսօր այդպես չկարդացի, և ինձ ուրախացրեց այսօրվա ընթերցանությունը: Մեր Տերը սիրում է ցուցակներ գրել. Սուրբ Գրքում երկար ցուցակներով շատ անուններ կան: Դրանցից է Նեեմիայի 3-րդ գլուխը:  Դա քաջալերող է:  Նշանակում է, որ Տերը չի անտեսում ու չի մոռանում ոչ մեկին, անկարևոր ու աննշան չի համարում ոչ մեկի աշխատանքը: Տերը հոգ է տարել, որ բոլորի անունները, ովքեր մասնակցել են Աստծո գործին, մեկ առ մեկ գրվեն: Այս գլխում տեսնում ենք Երուսաղեմի պարսպի վերականգնման ընթացքը. կար կարգուկանոն, աշխատանքի բաժանում, եռանդ, միաբանություն, փափագ մասնակցելու Աստծո գործին:  Աշխատանքին մասնակցեցին տարբեր մասնագիտության ու կարգավիճակի մարդիկ՝ քահանաներ, ղևտացիներ, վաճառականներ, ոսկերիչներ, իշխաններ: 12-րդ համարում նշված է մի իշխան իր աղջիկների հետ:  Աշխատում էին մարդիկ տարբեր վայրերից,՝ ոչ միայն մայրաքաղաքի բնակիչները, այլև երիքովցիներ, թեկուացիներ և ուրիշներ: Այստեղ ամեն մարդ շարունակում էր ուրիշի գործը, ոչ ոք չէր մտածում, որ իր կարիքը չունեն, ոչ էլ մտածում էր, որ ինքն ուրիշների կարիքը չունի: Այս գլխում անընդհատ կարդում ենք այսպիսի խոսքեր՝ «նրանց կողքին վերակառուցում էին… նրանց մոտ նորոգեցին… նրանց մոտ նորոգեց… մյուս մասը նորոգեցին… նրանից հետո նորոգեց»:  Աշխատողները տարբեր էին, նպատակը մեկն էր՝ վերակառուցված տեսնել Աստծո քաղաքի պարիսպները: Նրանք ոչ թե ծրագրում էին, որոշում, երազում վերանորոգել,  այլ  աշխատում էին:
Աստծո ամեն զավակ պետք է մասնակցի Քրիստոսի Եկեղեցու վերականգնման գործին: Ոչ թե պետք է երազեմ, որ եկեղեցին լինի առաջին դարի եկեղեցու նման՝ առաքյալների ուսմունքին հետևող, այլ անեմ ինձ բաժին ընկած գործը, չմտածեմ, որ իմ կարիքը չունեն, քանի որ ես փոքր գործ եմ անում, ոչ էլ մտածեմ, որ կարող եմ գործել առանց Աստծո մյուս զավակների: Աստծո եկեղեցում ամեն մեկն անում է իր աշխատանքը՝ իր ստացած պարգևի համաձայն: Բոլորս տարբեր գործեր ենք անում, բայց մասնակցում ենք նույն գործին՝ Քրիստոսի Եկեղեցու շինությանը:
Վստահ լինեմ, որ Տերս նկատում է Իր փառքի համար արվող ամեն փոքր աշխատանք, Իր Թագավորության տարածման համար արված ամեն անկեղծ ջանք և անունների երկար ցուցակ ունի երկնքում, որտեղ գրանցում է ամեն աշխատողի անուն, ով գործում է Իր Եկեղեցու շինության համար: Ի՞նչ կգրի իմ մասին:
Անեմ ինձ բաժին հասած աշխատանքը ջանասիրությամբ, խոնարհությամբ, հավատքով, սրտանց, առանց հոգնելու ու ձանձրանալու:
                                                                                                                Նոյեմբերի 23, 2013

Комментариев нет:

Отправить комментарий