вторник, 7 января 2014 г.

Իմ վերջին ավետարանական թերթիկը



Ամեն կիրակի, կեսօրից հետո իրենց եկեղեցում տեղի ունեցող պաշտամունքից հետո հովիվը և իր տասնմեկամյա որդին  շրջում են իրենց քաղաքում  և բաժանում ավետարանական թերթիկներ: Այդ կիրակի կեսօրից հետո, երբ եկավ ժամանակը փողոցներում թերթիկներ բաժանելու, դրսում շատ ցուրտ էր և տեղատարափ անձրև էր գալիս: Որդին հագավ իր ամենատաք հագուստները և ասաց.
--- Հայրիկ, ես պատրաստ  եմ:
Նրա հովիվ հայրը հարցրեց.
--- Ինչի՞ն ես պատրաստ:
--- Հայրիկ, ժամանակն է  վերցնելու ավետարանական թերթիկները  և  դուրս գալու:
Հայրը պատասխանեց.
--- Որդիս, դրսում շատ ցուրտ է և անձրև է գալիս:
Որդին զարմացած նայեց հորը և հարցրեց.
--- Բայց, հայրիկ, մի՞թե մարդիկ դժոխք չեն գնում, եթե նույնիսկ անձրև է գալիս:
   Հայրը պատասխանեց.
--- Որդիս, ես այս եղանակին դուրս չեմ գալիս:
   Տղան վհատված հարցրեց.
--- Հայրիկ, կարո՞ղ եմ ես գնալ, խնդրում եմ:
   Հայրը մի պահ վարանեց և ասաց.
--- Որդիս, դու կարող ես գնալ: Ահա թերթիկները: Զգույշ եղիր, տղաս:
--- Շնորհակալություն, հայրիկ:
Այդ ասելով՝ տղան դուրս եկավ անձրևի տակ:   Այս տասնմեկամյա տղան քայլում էր քաղաքի փողոցներով, գնում տնից տուն և ամեն մարդու, որ հանդիպում էր փողոցում,  ավետարանական թերթիկ էր  տալիս:
    Երկու ժամ անձրևի տակ քայլելուց հետո մինչև ոսկորները թրջված էր, իսկ իր մոտ մնացել  էր միայն մեկ  ավետարանական  թերթիկ: Նա կանգնեց փողոցի անկյունում՝ փնտրելով որևէ մեկին՝ ավետարանական թերթիկը տալու համար, բայց փողոցները լիովին ամայացել էին: Այդ ժամանակ նա շրջվեց դեպի առաջին պատահած տունը, մայթով քայլելով գնաց դեպի  դուռը և զանգը տվեց: Նա զանգը տվեց, բայց ոչ ոք չպատասխանեց: Նա նորից  ու նորից զանգը տվեց, բայց դարձյալ ոչ ոք չպատասխանեց: Նա սպասեց, բայց կրկին  պատասխան  չեղավ: Վերջապես այս տասնմեկամյա զինվորը շրջվեց գնալու համար, բայց ինչ-որ բան կանգնեցրեց նրան: Նորից գնաց դռան մոտ և սկսեց բռունցքով ուժեղ հարվածել դռանը: Նա սպասեց, ինչ-որ բան նրան պահում էր այդ մուտքի մոտ: Նա նորից զանգ տվեց, և այս անգամ դուռը կամացուկ բացվեց: Դռան մոտ կանգնած էր շատ տխուր դեմքով մի տարեց կին: Նա մեղմորեն հարցրեց.
--- Ի՞նչ կարող եմ անել քեզ համար, տղաս:
Փայլող աչքերով և մի այնպիսի ժպիտով, որը լուսավորեց ծեր կնոջ հոգին, փոքրիկ տղան ասաց.
--- Տատիկ, ներեցեք ինձ, եթե անհանգստացրի ձեզ, պարզապես ուզում եմ ասել, որ Հիսուսը իսկապես ձեզ շատ է սիրում, և ես եկել եմ ձեզ տալու իմ վերջին ավետարանական թերթիկը, որը ձեզ ամեն բան կպատմի Հիսուսի և Իր  սիրո մասին:
Այդ ասելով՝ նա կնոջը տվեց իր վերջին թերթիկը և շրջվեց, գնաց: Երբ տղան հեռանում էր, կինը ձայն տվեց.
--- Շնորհակալ եմ, տղաս, Աստված օրհնի քեզ:
    Հաջորդ կիրակի առավոտյան եկեղեցում հովիվ հայրիկը կանգնել էր ամբիոնի մոտ, և երբ հավաքույթը սկսվում էր, հարցրեց.
--- Ինչ-որ մեկը վկայություն կամ ասելու բան ունի՞:
Եկեղեցու վերջին շարքում նստած մի տարեց կին դանդաղորեն ոտքի կանգնեց: Երբ նա  խոսում էր,  մի փառավոր լույս էր ճառագում նրա դեմքից: Նա ասաց.
--- Այս եկեղեցում ձեզանից ոչ ոք ինձ չի ճանաչում: Ես երբեք այստեղ չեմ եղել:  Գիտեք, մինչև անցած կիրակի ես քրիստոնյա չէի: Ամուսինս վերջերս մահացավ՝ թողնելով ինձ լիովին միայնակ այս աշխարհում: Անցած կիրակի շատ ցուրտ և անձրևոտ օր էր, իսկ իմ սրտում  էլ ավելի ցուրտ և մռայլ էր: Ես հասել էի մի պահի, երբ ապրելու ոչ հույս ունեի, ոչ ցանկություն: Ուստի վերցրեցի մի պարան և մի աթոռ և աստիճաններով բարձրացա իմ տան ձեղնահարկը: Ես պարանի մի ծայրը ամրացրեցի տանիքի գերաններից մեկին, իսկ մյուսը՝ պարանոցիս շուրջը: Այդ աթոռին կանգնած ես այնքան միայնակ և վհատված էի: Ես պատրաստվում էի ցատկել, երբ ներքևից իմ դռան զանգի բարձր ձայնը ցնցեց ինձ: Ես մտածեցի. «Մի րոպե կսպասեմ, ով էլ որ լինի, կհեռանա»: Ես սպասեցի, սպասեցի, բայց զանգի ձայնը գնալով  ավելի բարձր ու համառ էր դառնում, իսկ զանգ տվողը սկսեց ուժեղ թակել դուռը: Նորից ինքս ինձ մտածեցի. «Ո՞վ կարող է  լինել: Ոչ ոք իմ դուռը չի թակում, ոչ էլ այցելում են ինձ»: Ես թուլացրեցի պարանը և ուղղվեցի դեպի դուռը, իսկ այդ ժամանակ զանգի ձայնը ավելի ու ավելի բարձր էր դառնում: Երբ դուռը բացեցի և նայեցի, հազիվ կարողացա հավատալ աչքերիս. դռան մոտ կանգնած էր մի պայծառ և հրեշտակային տղա, որի նմանը դեռ չէի տեսել իմ կյանքում: Նրա ժպիտըոհ, ես չեմ կարող նկարագրել այն: Իսկ նրա խոսքերը իմ վաղուց մեռած սրտի մեջ ապրելու փափագ դրեցին: Նա իր հրեշտակային ձայնով ասաց. «Տատիկ, ես եկել եմ պարզապես ասելու, որ Հիսուսը ձեզ շատ է սիրում»: Հետո ինձ տվեց այս ավետարանական թերթիկը, որ հիմա իմ ձեռքում է: Երբ այս փոքրիկ հրեշտակը հեռացավ ցրտի և անձրևի տակ, ես փակեցի դուռը և շատ դանդաղ կարդացի թերթիկում գրված ամեն բառը: Հետո գնացի ձեղնահարկ՝ բերելու իմ աթոռը և պարանը: Այլևս ես դրանց կարիքը չեմ ունենա: Այժմ ես Թագավորի երջանիկ զավակն եմ: Եվ քանի որ ավետարանական թերթիկի  ետևում գրված էր ձեր եկեղեցու հասցեն, ես եկա անձամբ շնորհակալություն  ասելու Աստծո փոքրիկ հրեշտակին, որը ճիշտ ժամանակին եկավ և դրանով իմ հոգին  ազատեց հավիտենական դժոխքից:
   Եկեղեցում ոչ մի չոր աչք չկար: Երբ Արքային ուղղված փառաբանության և մեծարանքի աղաղակը լցրեց ողջ դահլիճը, հովիվ հայրիկը ամբիոնից իջավ  դեպի առաջին շարքը, որտեղ նստած էր փոքրիկ հրեշտակը: Նա նրան գրկեց և սկսեց անզուսպ  հեկեկալ: Հավանաբար եկեղեցին ավելի փառավոր պահ չէր ունեցել: Եվ հավանաբար տիեզերքը չէր տեսել մի հոր, որ ավելի սիրով և պարծանքով լցված լիներ իր որդու հանդեպ, բացի Մեկից. այս Հայրը նույնպես թույլ տվեց Իր  Որդուն գնալ ցուրտ և մութ աշխարհ: Նա  Իր Որդուն դիմավորեց աննկարագրելի ուրախությամբ, և երբ ողջ երկինքը աղաղակում էր փառաբանություն և մեծարանք Արքային, Իր Հոր կողքին նստած էր Իր սիրելի Որդին՝ ամեն զորությունից և իշխանությունից բարձր գահի վրա:
Հեղինակն անհայտ է

 Անգլերենից թարգմանեց Հռիփսիմե Մկրտչյանը

Комментариев нет:

Отправить комментарий