воскресенье, 16 августа 2015 г.

Առակ նոր օճառի մասին

Փառք Աստծուն որ վերջապես ժամանակ գտա թարգմանելու այս գեղեցիկ առակը: Համոզված եմ, որ այն օրհնություն կլինի Աստծո ամեն զավակի համար:

Հ. Մ.


Մի անգամ մի հեռավոր երկում Հեսու անունով մի երիտասարդ հայտարարեց, որ գտել է նոր տեսակի մի հրաշալի օճառ:
Մարդիկ սկզբում կասկածամտությամբ էին լսում, բայց հետո հայտնաբերեցին, որ այդ նոր օճառը բոլորին երջանկացնում է, որովհետև մաքրում է իրենց: Քանի որ շատ արդյունավետ էր, մաքրում էր տարիներ շարունակ եղած կեղտն ու բծերը:
Քանի որ Հեսուի օճառը այդքան արդյունավետ էր, տղամարդիկ նկատեցին, որ ավելի շատ ժամանակ ունեն իրենց կանանց և երեխաների հետ անցկացնելու համար:  Ընտանիքներն ավելի ամուր էին դառնում, մարդիկ՝ ավելի երջանիկ, ու բոլորը հիանում էին այդ երիտասարդով, որ իրենց տվել էր այդ օճառը: Հեսուն թույլ չէր տալիս, որ օճառի համար վճարեն և բոլոր խնդրողներին ձրի տալիս էր: Դա վրդովում էր որոշ հարուստ մարդկանց, բայց աղքատներին դուր էր գալիս: Զարմանալի չէ, որ օճառ արտադրող մրցակիցները շատ բարկացան, որովհետև դա վնասում էր իրենց գործին:
Կարճ ժամանակ անց Հեսուն ուներ հետևորդներ, որոնք ճանապարհորդում էին երկրով մեկ և բոլոր խնդրողներին տալիս նոր օճառը: Անկասկած, նոր օճառը կարճ ժամանակում հաջողություն ունեցավ, որովհետև Հեսուի երկրի մարդիկ տարիներ շարունակ իզուր փորձել էին մաքուր դառնալ իրենց պատրաստած օճառներով: Հազարավոր մարդիկ դարձան նոր օճառի համախոհները և փոքր խմբակներ  կազմեցին դրա գործածությունը տարածելու համար: Մյուս օճառ արտադրողները հուսահատվեցին և փորձեցին Հեսուին ստիպել, որ վաճառի իր օճառը, բայց նա մերժեց: Ասաց. «Ես նախընտրում եմ այն ձրի տալ, որովհետև չկա մի գին, որ արժանի լինի այսքան կատարյալ օճառին»:
Երբ օճառ արտադրողները տեսան, որ իրենց ռազմավարությունը անօգուտ է, հակաքարոզչական արշավ սկսեցին Հեսուի և նրա հետևորդների դեմ: Նրանք ասացին, որ այդ օճառը շատ հեշտ է դարձնում մաքրությունը, մինչդեռ մաքրության համար պետք է շատ ջանքեր թափել: Նաև ասացին, որ Հեսուն և իր հետևորդները անբարոյական են, որովհետև շփվում են աշխարհի ամենակեղտոտ մարդկանց հետ:  Հեսուն ժպտաց, երբ լսեց այդ մեղադրանքները և ասաց. «Թեև բոլորը  օճառի կարիք ունեն, ամենաշատը դրա կարիքն ունեն կեղտոտ մարդիկ«: Այս զրպարտություններն էլ ապարդյուն եղան, որովհետև հասարակ մարդիկ հասկանում էին, որ Հեսուն սիրում էր իրենց, դրա համար նրա օճառը ձրի էր:  Քանի որ նրանց մյուս հնարքներն էլ ձախողվեցին, օճառ արտադրող մրցակիցները դավադրություն կազմակերպեցին երիտասարդին սպանելու համար: Նրանք վճարեցին մի մատնիչի, որ մատնի Հեսուին և ձերբակալեցին նրան: Նրանք վճարեցին վկաներին, որ սուտ վկայություն տան դատարանում և ի վերջո կարողացան այնպես անել, որ Հեսուին մեղադրեն հնարված «հանցանքների» մեջ և մահապատժի ենթարկեն: Օճառ արտադրողները վստահ էին, որ դա կլուծեր խնդիրը, բայց ի հիասթափություն իրենց՝ Հեսուի հետևորդները շարունակեցին բաժանել օճառը: Հետևորդների հալածանքն էլ ապարդյուն եղավ, որովհետև Հեսուի հետևորդները շարունակում էին նոր շրջաններ գնալ և բաժանել օճառը:
Շատ տարիներ հետո մրցակից արտադրողները որոշեցին փորձել «Եթե չես կարող հաղթել նրանց, միացիր նրանց» քաղաքականությունը: Նրանք վերլուծեցին Հեսուի օճառի բաղադրությունը և ստեղծեցին դրա փոխարինիչը, որը տեսքով շատ նման էր, բայց, իհարկե, արդյունավետ չէր: Նրանք օճառին տվեցին նույն անունը, որ Հեսուն էր տվել, և քարոզարշավ կազմակերպեցին շուկան նվաճելու համար: Իրենց կազմակերպության ու մշտական գովազդների միջոցով մեծ առաջընթաց ունեցան, նույնիսկ կարողացան այնպես անել, որ Հեսուի հետևորդներից ոմանք միանան իրենց որոշ ժամանակով:
Բայց շուտով  այդ գործակալները սկսեցին վճար պահանջել կեղծ օճառի համար, և քանի որ նրանց առաքիչները փոխարինել էին Հեսուի հետևորդներից շատերին, շատերը հիմա ստիպված էին օճառը գնել, բայց նրանց ստեղծած փոխարինիչը իրականում չէր մաքրում:  Այնուամենայնիվ ոմանք սկսեցին կարդալ Հեսուի հրահանգները և օճառի հնագույն օգտագործողների ցուցումները և բացահայտեցին, թե ինչպես կարող են այն ձրի ձեռք բերել: Հարյուրամյակներ առաջ Հեսուի գրած հրահանգների շնորհիվ միշտ եղան խմբեր, որոնք Հեսուի իսկական օճառը ձրի բաժանում էին:
Մի քանի հարյուրամյակ հետո առաջատար օճառ արտադրողները որոշեցին, որ իրենց պետք է խորամանկ գովազդային արշավ՝ խթանելու համար իրենց կեղծ օճառի հանդեպ հետաքրքրությունը: Ուստի Օճառի արշավանքներ սկսեցին վերադառնալու համար Հեսուի ծննդավայր և վերադարձնելու առաջին, բնօրինակ դույլը, որի մեջ նա առաջին անգամ պատրաստել է օճառը: Հզոր զորքեր հանեցին, որովհետև հիմա Հեսուի ծննդավայրը այնպիսի մարդկանց ձեռքում էր, որոնք չէին հավատում Հեսուի օճառին: Օճառի արշավանքները բերեցին պատերազմներ, հազարավոր մարդկանց մահ և վիշտ: Հեսուի ճշմարիտ հետևորդներից շատերը բողոքեցին այդ արշավների դեմ, բայց սպանվեցին իրենց ջանքերի համար: Վերջապես Օճառի արշավանքները դադարեցին, բայց շատ մեծ հետաքրքրություն առաջացրին, և մեծ քանակությամբ կեղծ օճառ վաճառվեց:
Հարյուրամյակներ հետո, երբ օճառի վաճառքը նորից վատացել էր, արտադրողները որոշեցին ուժ գործադրել և ստիպել մարդկանց գնելու իրենց օճառը: Նրանք ստեղծեցին լրտեսների մի համակարգ, որ տեղեկություն ունենան այն մարդկանց մասին, ովքեր «Ճիշտ» օճառ չէին օգտագործում: Նաև ստեղծեցին դաժան խոշտանգողների մի խումբ, որոնք իրենք իրենց կոչում էին «Հետաքննություն» և խոշտանգում էին այն մարդկանց, որոնց կասկածում էին արտադրողների օճառը չօգտագործելու մեջ: Շատերը «Հետաքննության» կողմից սպանվեցին Հեսուի օճառն օգտագործելու համար, բայց, չնայած դրան, Հեսուի օճառը շարունակվում էր ձրի բաժանվել բոլոր խնդրողներին:
Եվս մի քանի հարյուրամյակ հետո նոր հարձակում սկսվեց Հեսուի օճառի դեմ:   Այս անգամ պնդում էին, որ Հեսուի գրավոր հրահանգները վստահելի չեն: Հարձակումը եղավ երկու ուղղությամբ:
Գրոհողների առաջին խումբն ասում էր, որ հրահանգներում որոշ կարևոր մասեր պակասում են, և հարյուրամյակներ առաջ մրցակից արտադրողներն են հանել դրանք: Զանազան գրոհողներ պնդում էին, որ Հեսուն անձամբ հայտնվել է իրենց և հատուկ իշխանություն տվել «վերականգնելու» կորած հրահանգները: Իհարկե ամեն գրոհող «վերականգնված հրահանգի» իր սեփական տարբերակն ուներ, և դրանք բոլորովին չէին համապատասխանում իրար: Շատ դեպքերում դրանք նույնիսկ չէին համապատասխանում Հեսուի հրահանգներին: Չնայած դրան՝ նրանք կարողացան խաբել Հեսուի իսկական օճառն օգտագործողներից ոմանց:
Գրոհողների երկրորդ խումբ կիրառեց ավելի «ինտելելտուալ» հարձակման ձև: Նրանք իրենք իրենց անվանում էին «վեհ քննադատներ» և ասում էին, որ հրահանգները ուրիշ նշանակություն ունեն և մաքրվելու համար վերջնական հեղինակություն չեն: Նրանք մարդկանց ասում էին,  որ Հեսուն լավ մարդ էր և բարձր իդեալներ ուներ, բայց իր ստեղծած օճառը միակ օճառը չէ: Այդպիսով նրանք հանեցին Հեսուի հրահանգների հոգին և թողեցին դատարկ պատյանը, որն ինքնին ոչ ոքի չէր կարող մաքրել:
Այն ժամանակվանից մոտ երկու հազար տարի է անցել, և Հեսուի օճառը դեռ հասանելի է, ձրի է, մարդիկ դեռևս մաքրվում են ու երջանիկ դառնում: Եվ դեռևս կան մարդիկ, որոնք փորձում են վաճառել դրան շատ նման, բայց կեղծ օճառը, որը ոչ մի օգուտ չի  տալիս: Կան նաև մարդիկ, ովքեր ասում են, որ դու իրականում չես կարող մաքրվել, բայց մի քիչ օճառը լավ բան է, և բոլորը պետք է ունենան դրանից, միայն թե շատ չտարվեք դրանով: Ուրիշներն էլ երկրպագում են իսկական օճառի մասին գրքերը: Կան նաև մարդիկ որոնք ունեն Հեսուի իսկական օճառը և բացահայտել են, որ միայն դրա միջոցով կարող են մաքուր լինել:
Հեղինակն անհայտ է

 Անգլերենից թարգմանեց Հռիփսիմե Մկրտչյանը

Комментариев нет:

Отправить комментарий